Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Բոլոր քրիստոնյա ժողովուրդները ժամանակին մեզ դավաճանել են»

«Բոլոր քրիստոնյա ժողովուրդները ժամանակին մեզ դավաճանել են»
12.12.2008 | 00:00

«ԵՍ ԷՍ ՀՈՂԻ ԲՈՒՅՍՆ ԵՄ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ՈՒՐԻՇ ՏԵՂ ԱՊՐԵԼ»
Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայի դերասան ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ համաձայն չէ այն տարածված կարծիքին, թե հայ թատրոնը մահացել է։
-Կարո՞ղ եք, հայ լինելով, ապրել արտերկրում ու Ձեզ լավ զգալ:
-Իհարկե, կարող եմ:
-Ինչո՞ւ չեք ապրում, գնալու հնարավորությո՞ւն չկա:
-Հնարավորություն շատ կա: Աստծուն փառք, Մալյանի թատրոնը շրջել է աշխարհով մեկ: Հայաստանում ոչ մի թատրոն այդքան չի շրջագայել: Եվ առաջարկներ էլ եղել են, որոնք ընդունելով՝ կարող էի մնալ ու ապրել ինձ դուր եկած որևէ երկրում: Բայց իմը սա է: Ես էս հողի բույսն եմ, չեմ կարող ուրիշ տեղ ապրել: Կարող եմ իմ երեխային ուղարկել, բայց ինքս չեմ գնա:
-Ինչպե՞ս եք վերաբերվում միստիկային: Ձեզ համար որևէ նշանակություն ունի՞ ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահի ընտրության և Halloween-ի (Սարսափ-դդմատոնի) գիշերվա զուգադիպության հանգամանքը:
-Միստիկան հետաքրքիր բան է, բայց երբեմն վերածվում է ծրագրերի և առևտրի: Ես կողմնակից եմ ազնիվ միստիկային: Այո՛, միստիկայի մեջ էլ է պետք ազնիվ լինել: Երբ ինչ-որ միստիկ երևույթի եմ հանդիպում, փորձում եմ այն անցկացնել իմ միջով, հասկանալ՝ սա էն ազնի՞վ միստիկան է, թե՞ ընդամենը խաղ է, որ հազար տարի խաղում են մարդկանց գլխին:
-Հայ և հույն հոգևորականների՝ ծեծկռտուքի վերաճած հակադրությունն ընդամենը հայի և հույնի կռի՞վ է, թե՞ որոշակի կառույցների կողմից քրիստոնեության հիմքերը խարխլելու ծրագրավորված փորձ:
-Վաղուց եմ հետաքրքվում այդ խնդրով, ընկերներ էլ ունեմ, որոնք ականատես են եղել այդ վեճերին ու պատմել ինձ մանրամասները: Կարծում եմ, որ Ձեր նշած երկու հանգամանքն էլ այս վեճի մեջ առկա են: Բայց, անկեղծ ասեմ, այս հակադրության մեջ հայերն ավելի ազնիվ են:
-Ընդհանրապես, աշխարհաքաղաքական իրողություններում կարո՞ղ եք հիշատակել մի դեպք, երբ հայերն ազնիվ չեն եղել: Ինձ թվում է, որ հայերն ավելի շատ իրենց տան ներսում են անազնիվ խաղեր խաղում:
-Շատ ճիշտ կարծիք է, միանգամայն համաձայն եմ: Ամենալավ օրինակն այն է, թե մենք ինչպես ենք դրսից հյուր ընդունում: Ինչպես որ վերաբերվում ենք մեր հյուրերին, ինչպիսի սիրով ու հարգանքով նրանց ընդունում ենք, այդպես էլ վերաբերվում ենք աշխարհին ու մեզ դրսևորում աշխարհաքաղաքական անցուդարձերի ժամանակ: Իսկ ինքներս մեզ այդպես չենք գնահատում, ինչպես հյուրերին: Տան անդամների նկատմամբ այդպիսի բարեկրթություն ու հոգատարություն չենք ցուցաբերում, ինչ հյուրերի նկատմամբ:
-Համեստ (չասենք՝ աղքատիկ) աշխատավարձով գոյատևող արվեստագետի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում ԱԺ խոսնակների երկուական օգնականներին պետբյուջեից 100 հազարական դրամ աշխատավարձ վճարելու հանգամանքը:
-Ես դեռ վաղուց եմ մտածել մեր երեսփոխանների աշխատավարձերի մասին՝ առանց մտավորականների աշխատավարձի հետ համեմատականներ անցկացնելու մտադրության: Կա ավելի վայրենի փաստ: Երբ երեսփոխանն ստանում է այդքան բարձր աշխատավարձ ու սահմանում, թե որքան պիտի ստանա իր թոշակառու ծնողը, դա վայրենություն է: Այն մարդիկ, որ նման օրենքներ են ընդունում, իրավունք չունեն երեսփոխան լինելու: Մեր պառլամենտն իրավունք չունի գոյություն ունենալու, եթե նրա անդամներն իրենց ծնողներին նման թոշակ են տալիս, իսկ իրենց համար սահմանում նման աշխատավարձեր: Սա աբսուրդ է և ուղղակի վայրենություն:
-Ինչպե՞ս եք գնահատում մայնդորֆյան հռչակագիրը: ՈՒնե՞ք որոշակի վերաբերմունք այս փաստաթղթի նկատմամբ:
-ՈՒնեմ, իհարկե: Կարծում եմ՝ մեզ պետք է պատմությունից դասեր քաղել: Ես զգում եմ, որ մենք, ցավոք սրտի, ուշադրություն չենք դարձնում պատմությանը: Ախր պատմությունը մեզ անընդհատ դասեր է տալիս, բայց մենք դրանք չենք յուրացնում: Խոսքս միայն մեր քաղաքական գործիչների, ղեկավարության մասին չէ: Ամբողջ ժողովուրդը պիտի հետևի պատմության մեջ եղած օրինակներին: Մենք շատ լուրջ վտանգի մեջ ենք, ուղղակի չենք զգում դա: Հայաստանը չորս կողմից շրջափակված է, ինչո՞ւ: Մեզ շրջափակելու իրավունք չունեն: Մենք պիտի պահանջենք, որ առաջին հերթին այդ շրջափակումը վերացնեն, հետո նոր փորձենք թուրքերի հետ ինչ-որ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել:
-Շրջափակման մեջ գտնվելը մեր սխալ դիվանագիտության հետևա՞նքն է:
-Չասենք, թե սխալ դիվանագիտության հետևանք է, ուղղակի մենք չենք կարողանում լավ պահանջել: Մենք իրավունք ունենք աշխարհից ինչ-որ բաներ պահանջելու:
-Ի՞նչ կռվաններով:
-Առաջին հերթին այն կռվանով, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք: Բոլոր քրիստոնյա ժողովուրդները ժամանակին մեզ դավաճանել են՝ իրենց շահերից ելնելով: Մենք պիտի համարձակորեն պահանջենք: Այնինչ հայկական խեղճությամբ ենք պահանջում: Երազում եմ, որ քսան տարի հետո գա մի սերունդ, որն ավելի ազատ լինի հոգեպես, ավելի խիզախ լինի, քան մենք՝ այսօր:
-Ձեր բնորոշած այսօրվա հայկական խեղճության հողի վրա կարո՞ղ է ազատ ու խիզախ սերունդ բարձրանալ:
-Ամեն դեպքում, մենք այսօր ավելի ազատ ենք շնչում, քան նախորդ սերունդները: Անկախությունը մի փոքր ավելի ազատ շնչելու հնարավորություն, այնուամենայնիվ, մեզ տվել է: Ավելի ազատ լինելու պարագաները ստեղծված են մեզ մոտ: Ինձ թվում է՝ գոնե այդչափ ազատ շնչելու հնարավորությունը թույլ կտա համարձակ սերունդ ունենալ:
-Շոուն, զվարճանքը, մատչելի արժեքները մեր օրերում շատ են տարածվել: Սա բացառապես այսօրվան ու այսօրվա հասարակությա՞նը բնորոշ երևույթ է:
-Ինչ որ կատարվեց մեզ հետ այս հեղափոխությունից հետո, ինչ որ փոխվեց մեր մտածողության մեջ արվեստի նկատմամբ վերաբերմունքում, կարելի է կոչել շրջադարձ՝ 180 աստիճանով: Ստեղծվեց մի խոր անդունդ մինչև 90-ական թվականների և դրանից հետո եկած ժամանակահատվածների միջև: Այն սերունդը, որը ձևավորվեց 90-ականներից հետո, կարծես թե կապ չունի նախորդ ժամանակվա հետ: Այսօր կան երիտասարդ արվեստագետներ, որոնց մեջ նաև իմ նախկին ուսանողներն են, որոնք կենսագրություն չունեն: Պատճառն այն է, որ նրանց մուտքն արվեստ համընկել է այդ բեկումնային շրջանին: Բայց, միևնույն է, ազգը մշակութային պոտենցիալ ունի: Մենք ուզենք, թե չուզենք, օտարը ուզի, թե չուզի, մեր ազգն իր պոտենցիալն ունի: Մենք խթանենք, թե չխթանենք, այդ պոտենցիալն ազգի հետ ծնվում է ու իրենն անելու է, մի օր պայթելու է: Ոչ ոք չի կարող ժխտել այդ պոտենցիալի գոյությունը: Այդ հարստությունը կա մեր մեջ: Մենք դրան ճանապարհ տանք, թե չտանք, զարգացնենք, թե չզարգացնենք, միևնույն է, ինքը մի օր պայթելու է: Մեր երկրում կատարված սոցիալ-քաղաքական, բարոյահոգեբանական փոփոխությունները դանդաղեցրել, խեղաթյուրել են այդ պոտենցիալի դրսևորումը, բայց արմատներին վերադառնալու ընթացքը չեն կասեցրել: Ինչպե՞ս կարող է այդ ընթացքը կասեցվել, եթե Ամերիկայի ոչ հայաբնակ մի շրջանում, ոչ հայախոս մի ընտանիքում ինչ-որ մի հայ է ծնվում, որն անգլերեն է խոսում, հայերեն չգիտի էլ, բայց հանկարծ կատարվում է այդ պայթյունը, ու մարդը գտնում է իր ազգային ինքնությունը:
-Դուք նկարահանվել եք Սիլվա Հակոբյանի «Տնից փախել եմ» երգի տեսահոլովակում, և Ձեր կերպարը շատ տպավորիչ է: Սա բացառի՞կ դեպք է, թե՞ տեսահոլովակները կարող են դառնալ շարունակական Ձեր ստեղծագործական կյանքում:
-Չեմ կարծում, թե տեսահոլովակները կդառնան շարունակական: Հազիվ թե հետագայում նկարահանվեմ տեսահոլովակներում: Իմ ստեղծագործական կյանքը թատրոնում է ու թատրոնում էլ լինելու է այսուհետ: Այժմ ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ պատրաստում ենք նոր ներկայացում՝ «Բուրատինո»: Աշխատում ենք «Mea culpa»-ի խմբով: Շատ անհամբեր ենք, մեծ սպասումներ ունենք այս ներկայացումից: Հավանաբար, այն կհանձնենք 2009-ի մարտի 1-ին: Այս տարվա սպասումները կապված էին Սարոյանի 100-ամյակին նվիրված՝ «Պատմություններ գնացքում» ներկայացման հետ, որի պրեմիերան եղավ վերջերս: Նաև հանձնեցինք Պերճ Զեյթունցյանի «Նայի՛ր հայելու մեջ» պիեսի հիման վրա Արտաշես Հովհաննիսյանի բեմադրությունը Պատանի հանդիսատեսի թատրոնում: Իմ ստեղծագործական սպասելիքները սրանք էին, որոնք կամաց-կամաց իրականանում են: Իսկ թե մյուս տարի ինչեր կլինեն, Աստված գիտե:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3228

Մեկնաբանություններ