Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարտահրավե՞ր, թե՞ ողբերգություն

Մարտահրավե՞ր, թե՞ ողբերգություն
12.12.2008 | 00:00

«Հա՛յ երիտասարդ, դու պիտի սպանես կեղծիք հրեշը, որ սպառնում է մեր ազգի նյութական և բարոյական գոյությանը։ Վաղուց է, ինչ այդ եռագլխանի հրեշը, հենված մեր հասարակական կյանքի գռեհկությանը, չաստվածաբար պաշտվում ու իշխում է մեր ժողովրդի որոշ տարրերի հոգու և մտքի վրա։ Նա մեհյաններ ունի ցցված ամեն տեղ, ուր կսողա տկար, անարի, անանձ հայը։ Նա անսուրբ բագիններ ունի, որոնք դո՛ւ Ավարայրի հերոսի սրբազան կատաղությամբ պիտի խորտակես»։
Գարեգին Նժդեհ
Մենք` հայերս, որպես ժամանակակից քաղաքակրթության ներկայացուցիչներ, կտրվելով ցեղային ոգու վեհությունից, հաճախ հայտնվում ենք խիստ բարոյական թվացող մի ակնհայտ կեղծ իրավիճակում։ Մենք միշտ մեր քարոզած կեղծ ճշմարտությունների գերին ենք դառնում և դրանից բխող նյութական ու կենսական պահանջների պատանդը։ Հաճախ, ունենալով նման ինքնամփոփ, սահմանափակ աշխարհայացք, մենք մեր տարօրինակ տրամաբանությամբ աստվածացնում ենք այն, ինչը մեզ կործանում է, հույս ենք փնտրում այնտեղ, որտեղ հուսահատության ենք մատնվում։ Մինչդեռ ճիշտ որոշում կայացնելու առաջին նախապայմանը սխալ որոշման ճանաչումն է։ Տրամաբանության առաջնահերթ խնդիրը ճշմարիտը կեղծից զանազանելն է։ Մենք մեր ողջ պատմության ընթացքում միշտ էլ ճիշտ ճանապարհը գտել ենք, սակայն հաճախ քայլել ենք միայն այն ճանապարհով, որին արդեն իսկ վարժված ենք եղել։ Հենց իրենց իսկ պարզության պատճառով էլ այս պարադոքսները դարձել են անժխտելի իրողություն և մեր ճակատագրի անբաժան մասնիկը։
Արժանապատվության վեհությունը հայաստանյան այն իշխանության համար, որը քաջաբար հանդգնում է դրան արժանի լինել, դրանով իսկ նպաստում է պատիժների զարգացմանն ու շատացմանը։ Ավելի քան ճանաչումն ու հաջողությունն ազգի ու ժողովրդի մեջ, որքան ավելի են հռչակում իշխանությունը, է՛լ ավելի վտանգավոր են դարձնում նրան։ Մինչդեռ, մյուս կողմից, եթե պետությունը չի հանդիսանում ժողովրդի, մարդու իր ցեղային տեսակի մարմնի և հոգու ամբողջությունը, որոնք խնդիր են դրել բազմացնելու իրենց արարիչ տեսակն ու հասնել նախախնամությունից տրված նպատակներին, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, սակայն ոչ երբեք ազգային պետություն։
Որքան էլ իշխանությունը դրական առումով իրականացնի իր ընդունելի առաքելությունը ժամանակակից ու լոյալ ժողովրդի մեջ, միևնույն է, տեղ չի զբաղեցնի պատմական ազգի ցեղային ոգում, քանզի սովորաբար ոչինչ այնքան ամբարտավան չի դարձնում իշխանությանը, որքան ամբոխից ստացած փառքը։ Կարողանալ է պետք արժանապատվորեն տանել ժողովրդի այն զանգվածի անհանդուրժողականությունը, որը մերժում է իշխանությանը և անթաքույց ըմբոստանում նրա դեմ, նույնպես էլ մեծահոգություն և ոգեղեն կամք է պահանջվում դառնալ նրա ըմբոստ մարմնի և ցեղային ոգու մեկ ամբողջականությունը և չմեծամտանալ։ Իշխանությունը երբեք չպիտի ընդունի իրեն ուղղված կուսակցությունների ու անհատների այն գովեստներն ու փառաբանումը, որոնք առատորեն շռայլվում են` ի հետևանք վախի, կախվածության ու շողոքորթության։ Մերկացնել է պետք նրանցից յուրաքանչյուրի խիղճն ու հոգին, և այնտեղ կհայտնաբերվեն հազարավոր մեղադրողներ, որոնք հոգեպես ապստամբում են իշխանության դեմ, խորշում են իշխանությունից և ատում անմնացորդ։ Բացասական փոփոխությունները միշտ էլ պատռում են ազգի մեջ ներմուծված շողոքորթների դիմակները, մերկացնում երեսպաշտների ամբոխն ու նրանց կեղծ առաքելությունները։ Մինչդեռ ցեղի առողջ, արթուն և ազնիվ ոգեղեն շունչն արտացոլվում է իր բարեպաշտությամբ ոչ միայն կայուն, այլև ապակայուն ու դժվար ժամանակաշրջաններում։
Հայկական իրականությունում առկա է այն իրողությունը, որ հազարամյակներ ի վեր հայ ժողովուրդը, կորցրած լինելով հայկական պետական ինքնիշխանությունը, սեփական երկրում գոյատևելով մշտապես օտար կայսրությունների հովանու ներքո, մի զգալի զանգված էլ սփռված լինելով աշխարհի տարբեր երկրներում, որպես ազգային ինքնություն, ենթակա է եղել ոչնչացման վտանգին։ Այդ իսկ պատճառով, հայկական տրադիցիոնալիզմի մեջ առաջացել են հակասական, միևնույն ժամանակ բնական երկակի ստանդարտներ։
Մի կողմից, առաջացել են հանդուրժողականությունը, հպատակությունն ու համակերպումը սեփական երկիրը նվաճած օտար պետություններին` անտարբերության ու հաճախ էլ սեփական ժողովրդին կեղեքող դասակարգերի ցինիզմի դրսևորումներով։ Մյուս կողմից` միշտ էլ եղել են ազգային արժանապատվության ու սեփական զոհաբերությունների դրսևորումներ` հանուն ինքնիշխան պետականության վերստեղծման ու ազգի բարեկեցության։ Եվ այսպիսին էր նա, ով Տղմուտ գետի մոտ դարերին ու սերունդներին իմացյալ մահով անմահանալու ճանապարհը մատնանշեց, ով արյունով մեկ անգամ ևս հաստատեց, թե չի կարելի մարել էությամբ անմարելի հայկական ցեղի ոգին։ Ցեղային ոգու կրողներին է միայն տրված սեփական գոյությունը զոհաբերելու պատրաստակամությունը` ապահովելու համար իր տեսակի պահպանումն ու հավերժությունը, որպես ի վերուստ տրված աստվածային առաքելություն։ Այն արցախյան ազատամարտում նույնպես դրսևորվեց անձնական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ` հանուն տեսակի պահպանման։ Անդավաճան մնալով ցեղային ոգու խորհրդին` նրանք անմնացորդ նվիրումով մասնակցեցին ազատամարտի պայքարին` մաքառեցին, կորցրին սեփականն ու նվիրականը, հալածվեցին ու դատապարտվեցին, շատերն էլ ինքնակամ նահատակվեցին ազատամարտի զոհասեղանին` «Յուրաքանչյուր հայի մահ պիտի մի քանի անգամ ճշմարիտ լինի իր կյանքից», սակայն անմռունչ ու անտրտունջ, հավաքական մեկ կամքի դրսևորմամբ կերտեցին մեր ազգի ճակատագիրը։
Նրանք գիտակցում էին, որ սերում են արարչաստեղծ ազգից, և հպարտ էին, որ ներկայացուցիչներն են այդ ցեղի բնարմատի ու ակունքի։ Հավատում էին, որ ազատամարտը հայ ժողովրդի համար նոր իրողություններ կստեղծի ազգային միասնականության, ոգեղեն արժեքների տիրույթում և վերադարձ կարձանագրի դեպի իր ազգային ակունքներն ու գաղափարախոսությունը։ Նրանցից շատերն այսօր բացակայում են ձեր` ազատ ապրողներիդ շարքերից, շատերը ճարահատ հեռացել են իրենց իսկ ազատագրած հայրենիքից, իսկ շատերն էլ լքված են, արհամարհված ու բանտված։ Մինչդեռ այս դառը ճշմարտությունն այլևս պատմական օրինաչափություն և ընդունելի իրողություն է դարձել պայքարող բոլոր ժողովուրդների ու բոլոր ժամանակների համար։
Որպես ի վերուստ տրված բնական օրենք, ժողովրդի մի ընտրյալ մասը գիտակցորեն պիտի պայքարի ու նահատակվի հանուն ազգային գաղափարախոսության ու ազգային նպատակների իրականացման` մյուս մասին տալով հնարավորություն ազատ ապրելու, ազատ արարելու, ստեղծագործելու ու պահպանելու համար ազգային արժանապատվության միակ իրավունքը։ Մեզ համար գլխավորն այն է, որ հայ ազգը կարո՛ղ է և պիտի ունենա միայն մեկ ազգային գաղափարախոսություն, այնպես, ինչպես ունի մեկ արարչագեղ ցեղային ոգի։
Սակայն ազգային բնութագիրը կորցրած ժամանակակից հայերը, որոնք մուտք են գործել համաշխարհային քաղաքակրթություն, այնուամենայնիվ, չունեն ոչ միայն հնարավորություն ստեղծելու ինքնաբավ հասարակարգ, թեկուզ ունիվերսալ ընդհանրացմամբ, այլև պահպանելով համաշխարհային ժամանակակից հայերի տենդենցները, ոչնչացման են դատապարտում ինչպես ազգը և ազգային մշակույթը, նույնպես էլ կորցնում են հետաքրքրությունն արտաքին աշխարհի համար։ Հին ազգերի և նրանց մշակույթների մահացման միակ պատճառը, որպես կանոն, եղել է արյան խառնումը և այստեղից բխող` ցեղի մակարդակի անկումը։ Ազգային դիմագիծը կորցրած ժամանակակից հայերին ոչ մի բան այնքան անմիտ և հանցավոր չի դարձնում, որքան իշխանատենչական մոլուցքն ու նյութապաշտությունը, բարեգործի տիտղոսի և փառքի հետ կապվածությունը, և ոչինչ նրանց ավելի հարգարժան ու հաստատակամ չի կարող դարձնել, որքան արհամարհանքը դրանց նկատմամբ։ Սա ազգային ողբերգություն չէ, որպես ի վերուստ տրված պատիժ, այլ մարտահրավեր է , որին պիտի դիմակայենք ազգովի, սակայն պայքարենք միայն ընտրյալ ցեղային անհատականությունների հավաքական ու ամբողջական հանճարեղ ուժով։ Ազգերի պատմության ողջ առաջընթացն ու ազգային մշակույթը, ազատագրական պայքարներն ու արժեքների ստեղծումը միշտ էլ հենվում են բացառապես անհատների հանճարեղության և ներուժի վրա։
Մինչդեռ այսօր ճիշտ պայքարը մարտադաշտից տեղափոխվել է ներանձնական ոլորտ։ Երբ ճիշտ պայքար այլևս չեն կարողանում մղել իրենց իսկ ցեղային ոգու կորստի պատճառով, նրանք շրջվել են իրենք իրենց դեմ ու իրենք իրենց ամենաոխերիմ թշնամին են դարձել։ Նրանք սպանել են իրենց երազը, իրենց կամքն ու վճռականությունը, քանի որ չունեն այլևս ճիշտ պայքար մղելու անհրաժեշտ քաջությունն ու ցանկությունը։ Քաջությունը հերոսական ճակատամարտերում ավելի քան դյուրին էր ու հասանելի, քանի որ կային ազատագրվելիք տարածքներ և տրված հնարավորություն` փառքով վաստակել նահատակվելու իրավունքը։ Սակայն նրանք, ովքեր այսօր դադարել են կյանքն ըմբռնել որպես մի մեծ առաքելություն, սկիզբ են դրել մի նոր կեղծիքի` իրենք իրենց իմաստուն, արդար և ճշմարտացի համարելով ու կյանքից այդքան քիչ բան սպասելով։ Եվ անգամ չեն նկատել ցեղային ոգու այն մեծ զարթոնքը, որ առկայծելու է ճիշտ պայքարողի սրտում։ Եվ նրանց համար այդ պահից սկսած ոչ միայն հաղթանակը չի կարևորվում, այլև պարտությունը չի պարտադրելու նոր հաղթանակների։ Նրանք կարևորում են միայն իրենց պայքարը և կարևորում միայն հանուն իրենց պայքարի։ ՈՒ այդ պայքարի անմեղ զոհերի մահվան պատճառները փնտրում իրենցից դուրս` առանց անդրադառնալու, որ իրե՛նք են կորցրել ճիշտ պայքար մղելու ճանապարհն ու իրենց մեջ մարել էությամբ անմարելի հայկական ցեղի ոգին։
Մինչդեռ ճիշտ պայքարն է, որ պիտի օրհնի ու աճեցնի հայոց անպարտելի ազգն ու ցեղային անմարելի ոգին։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ, 2008 թ. հունիսի 5

Դիտվել է՝ 5281

Մեկնաբանություններ