ՆՈՏԱՐԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ճիշտ է, ժամանակացույցի առումով կուսակցությունը շատ շուտ դեֆոլտի ենթարկվեց: «Պրոյեկտի» բոլոր տերերին կառույցն իր «անեղծ-նախաստեղծ» վիճակով դեռ շատ պետք էր, ներուժն էլ կար, սակայն հայ-թուրքական սպասվող զարգացումներն այդ հնարավորությունը չտվեցին:
Ի՞նչ կատարվեց։
Ա. Րաֆֆին այս փուլում խաղից հանվեց մի կողմից` հայոց իշխանությունների, մյուս կողմից` դրսի «նապարնիկների» կողմից: Սակայն սա այն դեպքն էր, երբ կույսի ու հաճույքի «պարագաները» համամասնորեն համադրվեցին: Խաղից դուրս գալն անչափ ձեռնտու էր նաև Րաֆֆիին` ֆինանսական և քաղաքական տեսանկյունից: Իսկ ընդհանրապես, սա Րաֆֆիին հատուկ ձեռագիր է. նա այդպես վարվեց նաև 2003-ին: Իսկ այս անգամ «Ժառանգության» առաջնորդն ընտրություն կատարեց վատի ու վատագույնի միջև, որպեսզի կարողանա, որպես «պրոյեկտ» (չմոռանանք, որ Արևմուտքն անչափ մեծ ջանք ու ֆինանսներ է ներդրել այս պրոյեկտի վրա։ Ճիշտ է, որպես օրինաչափություն, Րաֆֆին մշտապես ֆիասկոներ է արձանագրել, «սակայն» արևմտյան քաղտեխնոլոգիան նման «մանրուքների» վրա ժամանակ չի կորցնում և լավ է տիրապետում հոգեդարձի տեխնիկային ու կպահի Րաֆֆիին խաղի մեջ) ապագայում դեռ անհանգստություններ պատճառել իշխանություններին` որպես արևմտյան դաշտի հավերժ չկայացած այլընտրանք:
Բ. «Ժառանգությունը» հիմնավոր դեֆոլտացվեց` ցույց տալու, թե ինչ արժե իրականում Րաֆֆին` յուր քաղաքական և կուսակցական գործունեությամբ: Ընդ որում, ցուցանումը հավասարապես թե՛ արտաքին, թե՛ ներքին սպառման էր: «Սպառողներին» խիստ հանրամատչելի բացատրվեց. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողանում մի կուսակցություն պահել, 2013-ին ո՞նց է կարենալու նախագահի հայտ ներկայացնել, էլ առավել` նախագահ դառնալ:
Գ. Հաջորդ «ցուցանքն» այլ հասցեատեր ուներ: Գաղտնիք չէ` «Ժառանգությունը» տասը տիրոջ ծառա էր, և կոնգլոմերատային հետաքրքրություններն այնտեղ անչափ շատ էին: Պայթեցնելով «Ժառանգությունը»` կուսակցական դեֆոլտից հասկացող կորիֆեյները հասան նրան, որ կուսակցության մյուս տերերը չկարողանան շատ թպրտացնել իրենց գերակտիվության ձեռը կրակն ընկած ժառանգյալներին` հայ-թուրքականի խորհրդարանական քննարկումների ու առ Սերժ Սարգսյան` արդեն սկսած հանրաքվեի հաշվով: Այո՛, «Ժառանգության» հետ կատարվածի ողջ հմայքը, գերագույն արժեքը նրա դիդակտիկ նշանակությունն է: Բոլոր «ըմբոստները», մեծ-մեծ հույսեր փայփայողներն այս փուլում «դիտելով» «Ժառանգությանը»` պետք է հասկանան, թե, որպես կուլա, ինչ ասվեց իրենց, ինչ չի ուզում իշխանությունը, և ինչ չի կարելի անել:
Ե. Ընդ որում, «Ժառանգության» հետ տեղի ունեցող երկրորդ` անտեսանելի շերտը շատ ավելի հետաքրքիր էր, քան տեսանելին` Րաֆֆիի հեռացումը:
«Ժառանգության» բանկրոտի զանգերը ղողանջեցին գրեթե բոլորի համար. նախ` դաշտը բացվեց հայ-թուրքականում իրեն բավականին ճիշտ պահող ՀԱԿ-ի համար:
ՀՅԴ-ի մուրազը մի քանի կետով մնաց փորում: Կարելի էր կարծել, որ հայ-թուրքականի հաշվով սփյուռքից իջած բոլոր մեծ ու փոքր թեզերը, որ չէր կարողանա բարձրաձայնել-արտաբերել հանրաքվե և Սերժի հրաժական չպահանջող ՀՅԴ-ն, կբարձրաձայներ «Ժառանգությունը»: Այս դեֆոլտից հետո «Ժառանգության» շուրթերից հնչած ամեն մի խոսքի հետևից ասոցիատիվ-ենթագիտակցական մակարդակում անմիջապես զնգալու է. «Դու հլը մի հատ քեզ նայի»:
Փաստորեն, «Ժառանգության» բանկրոտով ՀՅԴ-ն նույնպես հայտնվեց գլխարկի տակ. դույզն-ինչ անկանոն շարժում, և դաշնակցության հետ կկատարվի ոչ թե այն, ինչ տեղի ունեցավ «Ժառանգության» հետ, այլ կոմպրոմատների հեղեղը մի վայրկյանում կքշի-կտանի դեռ Քաջազնունու ժամանակներից Հայաստանում անելիք չունեցող, իրեն մշտապես բիզնես-շահերին տված, երկիրն արդեն մի անգամ Թուրքիո ոտների տակ դրած հայոց դաշնակցությանը:
Դե, հիմա արժե՞ խոսել ԲՀԿ-ի մասին, որին սարսափեցրել են անգամ լուրերը, թե իր պատգամավորները «գնալ տեն» ՀՀԿ:
ԵՎ, այնուհանդերձ, վտանգներ իշխանության համար շատ կան: Հիմնականում` ոչ ներսից: Թե ինչ է ուզում անել այստեղ Ռուսաստանը հայ-թուրքական սպասվող զարգացումների առնչությամբ (պարզ է, չէ՞, որ «անելու» է պինդ, իրեն հատուկ կացնային մեթոդներով), դրան մենք կանդրադառնանք առաջիկայում: Չխոսենք նաև «ումով» անելու մասին:
Այնուհանդերձ, «Ժառանգությունն» այն հարմար միջանցք-չեզոք գոտին էր, ուր հայոց իշխանությունը կատարեց բոլոր «ումերի» նախասանձումը:
Հասկանալի չէ՞ նաև, որ ամենակարճ, գլուխ չցավեցնող ուղին Ռուսաստանի համար թավշյա հեղաշրջումը կարող է լինել: Խորհրդարանո՛ւմ: Այո՜, դրա համար է, որ որոշ մեծ ու փոքր խորհրդարանականների աչքերը վերջին շրջանում շատ են շողշողում. նրանց սպասումները շատ-շատ մեծ են:
Այո, չէր բացառվում (ու չի բացառվում), որ զարգացումների ինչ-որ մի փուլում, խիստ սահուն ձևով դաշնակցականները, ԲՀԿ-ականները, նույն ժառանգականները գումարվեն որոշ ՀՀԿ-ականների հետ (որոնց ո՛չ Սերժ Սարգսյանն է սիրում, ո՛չ էլ իրենք են Սերժին սիրում), և ունենալ այն, ինչ արդեն մի անգամ ունեցել ենք (ո՛չ, նկատի չունենք 27-ը, նկատի ունենք 98-ի փետրվարի 2-ը, իսկ 27-ը նկատի չունենք, որովհետև այն ուղղակի անհնար է` նույն ջրով երկու անգամ ուղղակիորեն և տիեզերաբանորեն անցնելու անհնարինության պատճառով)։
Այսպիսով, «Ժառանգության» միջոցով շատ հստակ ազդանշան տրվեց բոլոր թավշյա հեղափոխականներին. պարոնայք մուրազավորներ, ձեր ցանկացած քայլ կկանխվի հենց օրորոցում:
Մեսիջը «ղրկվեց» Հայաստանի բոլոր ծագեր: Եվ, իհարկե, առաջին հերթին «փարդի քամակից» առանց աչքերը թարթելու այս ամենին ուշի ուշով հետևող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին` հարգարժան Վոյինին, որին մինչ այդ էլ ուղարկվել էր մեկ այլ մեսիջ` Սուրեն Հարությունյանի գրքի «տեսքով»: Պարզ է, չէ՞, որ սիրելի Վոյինը դեռ հույսը չի կորցնում (ինչպես իշխանության վերին էշելոններում շատերը) առ այն, որ Սերժ Ազատի Սարգսյանի ֆիասկոն հայ-թուրքականի հաշվով սարերի հետևում չէ, այն ղողանջելու է շատ շուտ և հատկապես իր համար, ու «վիզկապը» կապած-պատրաստ սպասում է, թե երբ կբացվեն «դռներն հուսո»:
Զ. «Ժառանգության» շուրջ գործընթացով, փաստորեն, տեղի ունեցավ բացապարզում` «կայսրինը գնաց կայսրին», մնացածն էլ... գիտեք:
Նախ, ինչպես ասացինք, բացահայտվեց Րաֆֆիի «միֆը»: Ապա` «Ժառանգության» բոլոր ստվերային տերերը: Մենք չէ, մամուլն է գրում առ այն, որ Արմեն Մարտիրոսյանն Աղվան Հովսեփյանի «պրոտեժության» տակ է, Վարդան Խաչատրյանը` Հովիկ Աբրահամյանի (մի քիչ էլ` Ռուսաստանի), Զոյա Թադևոսյանը` ՀԱԿ-ի և այդպես շարունակ:
Հետաքրքիրն այստեղ այն է, որ տարիներ, «դարեր» շարունակ սեփական կուսակցությունն ունենալու մուրազով ապրող-տառապող հայրենյայց նկարչիստ, պարիստ դատախազն անմիջապես եկավ ու ասաց` այո, ես գնում եմ այդ կուսակցությունը, փաթաթեք այն թղթի մեջ, առաջին իսկ վայրկյանից յուր հայրենակցին վստահելով կուսակցության ղեկը, հաջորդ վայրկյանին կուսակցությունից հեռացնելով Հովհանես Ա-ի հավատարմին (վաղուց լուրեր են շրջում, որ այդ երկու բարձրաստիճան պաշտոնյաների ջրերը, մանավանդ Արտաշատի Գազի Հովոյի պատմությունից հետո, նույն առվով չեն հոսում):
ՈՒ քանի որ Գառնիկիչն ազնվորեն մասնակցեց, ինչպես կասեր Զոյա Թադևոսյանը, «աճուրդին» և գնեց այդ «ինքնաթիռը», հասկանալի է դառնում, որ «ընդդիմադիր» «Ժառանգությանը» դեռ մի պտույտի էլ կտանեն:
Ախր, բանն այն է, որ նույն այդ «Ժառանգությունում» նախագահական հայտնի թևն էլ իր «պակետն» ունի: Դե, նյութական-այլական (հե՞շտ է «Ժառանգության» ժողովրդի-պատգամավորների հետ զահլա դնելը. նրանք խորհրդարանում մի անգամ միացել են ու էլ չեն անջատվում` նոն-ստոպ տարբերակով խոսում և ցուցադրում են ամեն ինչի և ամենքի վերաբերյալ)` փոքր ծախսերն ու հոգսերը թողնելով դատախազի վրա:
Բայց դե, հասկանալի չէ՞ նաև` արդեն իսկ «պրիցելի» տակ կպահվի Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի վերջինս շատ «не увлекся» դատախազոմ». ուշադիր եղեք` ով, ինչ է ասում Արմեն Մարտիրոսյանի մասին:
Այդ նրա՜ համար է, սիրելի Կարմիր գլխարկ, որ թե՛ հայրենյայց դատախազը վերահսկողության տակ լինի, թե՛ նրա «կուսակցությունը»:
Բանն այն է, որ մայր-Ռուսաստանը (ինչպես արդեն տեղեկացրել ենք) վերջերս իր լայնարձակ գիրկն էր կանչել հայրենի ԿԳԲ-ի և ԳՌՈՒ-ի ղեկավարներին, ձևով` ԱՊՀ-ական «մերապրիյատյային» մասնակցելու, բովանդակությամբ` որոշակի ինստրուկտաժի ենթարկելու վերջիններիս` սպասվող հայ-թուրքական զարգացումների «գետնին» վրա:
Պարոն դատախազն էլ, իր հերթին, ախր, շա՜տ է սիրում ու շատ է մոտ պարոն Չայկային` ՌԴ գլխավոր դատախազին (չնայած չար լեզուներն ասում են` վերջերս նա կարողացել է նաև ֆրանսիական «օսում» տեղ գրավել), այնպես որ, ավելորդ զգուշությունը ոչ մեկին չի խանգարի:
Ահա էսպիսի ժառանգավորաց բաներ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ