ՀՈԳՈՒ ՀԱՑԸ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻՆ
Պատարագիչ քահանայի պարտավորությունն է մաքրել իր խիղճը, միտքը և սիրտը կատարյալ զղջմամբ, ճշմարիտ խոստովանությամբ և ապաշխարությամբ, ինչպես նաև երեք օր պատարագից առաջ ու նույնքան էլ պատարագից հետո ամուսնական անկողնուց հեռու մնալով։
Եթե անգամ քահանան անարժան լինի և ամեն տեսակ մեղքերով շաղախված, նույնիսկ այս դեպքում էլ նրա մատուցած պատարագն իրական պատարագ է, և հացն ու գինին ստուգապես փոխակերպվում են մեր Տիրոջ Մարմնի և Արյան, որովհետև քահանայական շնորհն անբաժանելի է քահանայից։ Չնայած այդ դեպքում նա արդարադատ Տիրոջից դատապարտության է արժանանալու։
Հրաշալի ու փրկարար է, երբ մենք՝ աշխարհայիններս, նույնպես պահանջված նախապատրաստությամբ ու երկյուղով ենք մոտենում սրբությանը։ Այդ պատճառով Պողոս առաքյալը սուրբ Հաղորդության խորհրդին ի միջի այլոց մոտեցողներին զգուշացրել է. «Ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ Մարմնին և Արյանը: Թող մարդ նախ ինքն իրեն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև նա, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի» (Ա Կորնթ. 11. 27)։
Ընդունված է, որ կարողության դեպքում քրիստոնյան երեքօրյա պահեցողությամբ մոտենա սուրբ Հաղորդությանը, իսկ եթե ոչ, գոնե սուրբ Պատարագի օրը ծոմ բերանով գնա, մանավանդ ծխողներն աշխատեն զերծ մնալ ծխախոտից և Աստծո տաճարը, այսինքն` մեր մարմինը, ծխախեղդ անելուց։ Ամուսնացածները զերծ մնան սեռական հարաբերությունից՝ երեք օր սուրբ Հաղորդությունից առաջ և երեք օր դրանից հետո, իսկ կանայք իրենց ամենամսյա անմաքրության օրերին նույնպես հեռու մնան սուրբ խորհրդից։
Հիվանդներին, տկար մեծահասակներին ու հղիներին, որոնք չեն կարող առանց մի բան ուտելու դիմանալ, թույլատրվում է մի քիչ սնունդ ընդունել, որպես դեղամիջոց։ Այս ամենը` մարմնավոր պատրաստության մասին։ Բայց առավել կարևոր է հոգևոր պատրաստությունը, որի մասին նաև Տերն է զգուշացրել. «Երբ աղոթքի կանգնեք, ներեցե՛ք, եթե մեկի դեմ բան ունեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեր հանցանքները։ Իսկ եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, պիտի չների ձեր հանցանքները» (Մարկոս 11.25-26)։
Ասել կուզե` ոխ, անհաշտություն կամ թշնամություն ու աններողամտություն չունենանք միմյանց հանդեպ, որպեսզի անդատապարտությամբ մոտենանք սուրբ ու ահավոր խորհրդին, այսինքն` ապաշխարության, ներողամտության ու սիրո հոգով գնանք Տիրոջն ընդառաջ։
Սուրբ Օգոստինոսն ասում է, թե մեղքի գիտակցությունը փրկության սկիզբն է, իսկ ավարտը՝ դրա խոստովանությունը։
ՈՒրեմն անդատապարտ հաղորդության հիմքը զղջումով ի սրտե մեղքերի խոստովանությունն է, ինչպես Նարեկացին է աղոթում. «Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի։ ՈՒ պատժապարտի կասկածոտությամբ՝ հայացքս Քեզ եմ ուղղել, Բարերար։ Որպեսզի կյանքի այս անհույս վիհից դուրս բերես դեպ լույսը անձկալի»։
Եվ ավելացնում է.
«Անասնական կերակուր, գարու փոխարեն՝ Կենաց Հացիդ բազմահամբար ցորեան պտուղը պարգևեցիր.
Հիմարար և թմրեցնող գինու փոխարեն՝ բաժակն Արարչիդ Արյան»:
Ապա շարունակում է.
«Մեղա՜ Քո անճառ Կյանքի ճաշակմանը, բազմիցս մեղա՜, մեղա՜ շնորհներիդ պարգևներին, հանապազ մեղա՜, մեղա՜ գովյալ Մարմնիդ Աստծու, մահու չափ մեղա՜, մեղա՜ պաշտելի Արյանն Արարչիդ, իսկապես մեղա՜»։
Եվ ավարտում է աղոթելով.
«Ընդունի՜ր մեր պաղատանքը, ամենայն պատրաստությամբ վայելելու ճաշակումը Երկնավոր Գառիդ և առանց պատժի դատապարտության ընդունելու նոր փրկության այս անմահացուցիչ Կենաց Մանանան»։
Իսկ Հովհաննես Աստվածաբանը Տիրոջ երկյուղով առաջնորդված գրում է. «Ավելի լավ է մարմինս տամ շներին գզելու, քան Տիրոջ Մարմինն ընդունեմ անարժանաբար՝ այն իմ յոթ մահացու մեղքերով գզելով»։
Այս ամենից հետևում է, որ նախապատրաստության ամենակարևոր պայմանը զղջումից առաջնորդված մեղքերի խոստովանությունն է օծյալ քահանային, քանզի միայն նա Աստծուց իշխանություն ունի մեզ մեղքերի արձակում տալու։
Հովհաննես առաքյալն այս մասին գրում է. «Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա (Աստված) և արդար՝ մեր մեղքերը ներելու և մեզ ամեն անիրավություններից սրբելու» (Ա Հովհ. 1.8)։
Ասենք, որ խոստովանությունը լինում է անհատական՝ գաղտնապես, քահանային կամ ընդհանրական՝ Պատարագի ընթացքում։
Հովհաննես Մանդակունի հայրապետը, սուրբ Հաղորդության կարևորությունը շեշտելու համար, գրում է. «Շատերը կան, կամ չարաչար են հաղորդվում, կամ անօրենությամբ հեռանում. երկուսն էլ սատանայական են։ Քանի որ առաջինն ահեղ խորհրդի զորությունը չի հասկանում, այլ սովորություն դարձրած անմաքուր խղճով է մերձենում. ոչ թե փրկության համար, այլ դատապարտության, ոչ թե մեղքերի թողության, այլ անօրինության հավելման։ Ամեն ոք, ով հեռու է սուրբ խորհրդից, հեշտությամբ է ընդունում սատանայական ախտը և հանապազ նրա օթևանը դառնում։ Քանի որ այգին, որ չունի պարիսպ, անտառի ապականիչ գազաններն ու խոզերը մտնելով` ապականում են այն, նմանապես էլ, ովքեր սուրբ խորհրդով չեն պարսպվում, նրանց անձերը դևերի բնակարան են։ Եվ արդ տե՛ս և հիմարությունդ փարատի՛ր քեզանից, թերահավատությունդ ուղղի՛ր և փութա սրբվել մեղքերից, մեծ փափագով ձգտիր դեպի հոգևոր սուրբ Սեղանը, որպեսզի քրիստոնեական անունիցդ չզրկվես»։
Այդ պատճառով Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին իր «Խրատի թանգարան» գրքում գրում է. «Պատահում է, որ մարդ խորհուրդն ընդունում է, բայց խորհրդի շնորհը՝ ո՛չ, երբ անարժանությամբ է հաղորդվում, և սա նրա համար պատիժ է դառնում»։
Իսկ Էմանուել քահանան իր «Պարզ քարոզներ» գրքում սուրբ Հաղորդության խորհուրդը նմանեցնում է փառավոր կերակուրի, որ թագավորական ճոխ սեղանից հրամցվում է մահկանացուներիս։ Եվ ապա բացատրում է, թե ինչպես և քանի անգամ պետք է հաղորդվել.
«Մեղքերի բեռից թեթևանալու միակ միջոցը ապաշխարությունն է։ Իսկ ապաշխարությունը կատարյալ անելու համար, բացի զղջումից, կարևոր է անկեղծ խոստովանությունը։ Բայց չկարծեք, թե խոստովանությունը քեզ նորից մեղանչելու իրավունք է տալիս. ով թողություն ստանալու հույսով է մեղանչում, նա խաբեբա է։
Ահա, սիրելիս, խոստովանեցիր, հիմա եկել ես ճաշակվելու՝ սուրբ Հաղորդությունն ընդունելու։ Առաջին քրիստոնյաներն ամեն օր էին հաղորդվում, որովհետև գիտեին, որ հաղորդությունն այն հացն է, որ Հիսուսը սովորեցրեց մեզ խնդրել՝ «Զհաց մեր հանապազօրդ տուր մեզ այսօր...»։ Գիտեին, որ սովորական հացը մարմնի կենդանությունն է պահպանում, իսկ հաղորդության Հացը՝ հոգու կենդանությունը, և այդ գերազանց Հացն ուտելով հավիտյան կարող են ապրել։ Այո՛, առաջին քրիստոնյաներն ամեն օր էին հաղորդվում, բայց հիմա՞: «Ի՜նչ խելագարություն է,- ասում է Հովհաննես Ոսկեբերանը, - Քրիստոս Տերն այս սուրբ Հացը հանապազօրյա Հաց սահմանեց մեզ համար, բայց շատերն այն դարձրել են տարեկան հաց»։ Այդ իր ժամանակվա մարդիկ, իսկ մեր ժամանակներում կան մարդիկ, որոնք ոչ թե տարին մեկ անգամ են հաղորդվում, այլ հինգ տարին մեկ անգամ, իսկ շատերն էլ չեն հաղորդվում իսպառ։ Եթե սուրբ Հովհաննեսը տարին մեկ անգամ հաղորդվելը խելագարություն է համարում, իսկ սրան ի՞նչ ասենք։ Հնարավոր է, որ քեզ անմեղադիր անելու համար պատճառ բերես քո անարժանությունը, բայց այդպես մտածելով դու հրաժարվում ես բժշկից, ասելով, որ հիվանդ ես։ Մինչդեռ «բժիշկը ոչ թե առողջների, այլ հիվանդների համար է հարկավոր»։ Եվ եթե շուտ-շուտ հաղորդվելուն արժանի չես, ուշ-ուշ հաղորդվելուն ինչպե՞ս արժանի կլինես։ Եթե մի տարվա մեղքերիդ թիվը շատ ես համարում, ապա երկու կամ ավելի տարվա մեղքերդ մի՞թե ավելի շատ չեն լինի։ ՈՒ դեռ չի եղել մի ապաշխարող, որ իր սիրտը կոտրի Հիսուսի առաջ և չփրկվի։ Էլ ինչո՞ւ ենք ծուլանում, շտապենք մի այսպիսի ողորմած Տիրոջ մոտ, որ բազուկները տարածած՝ մեզ է սպասում։
Զարմանալի է, ինչ Աստված մեզ վնասակար համարելով՝ արգելում է, այն ենք անում, իսկ ինչ օգտակար է համարում, նրանից փախչում ենք։ Ադամին ու Եվային ասաց՝ այս պտղից չուտե՛ք՝ կերան, հիմա մեզ ասում է՝ առե՛ք, կերե՛ք Իմ Մարմինը՝ չենք ուտում։ Այդ պատճառով երկու տեսակի մարդիկ պետք է անպակաս հաղորդվեն. կատարյալները և անկատարները։ Կատարյալները՝ որ միշտ կատարելության մեջ մնան, անկատարները՝ որ կատարելության հասնեն։ Պետք է հաղորդվեն ուժեղները՝ չտկարանալու համար, տկարները՝ ուժեղանալու համար, հիվանդները՝ հոգևոր հիվանդությունից բժշկվելու համար, առողջները՝ չհիվանդանալու»։
Ապա Տիրոջ քահանան աղոթում է. «Տեր, զարթեցրո՛ւ սիրտս թմրությունից, որ հոգով ճաշակեմ քաղցրությունդ, լուսավորի՛ր աչքերս, որ լավ տեսնեմ այս մեծ խորհուրդը, ամրացրո՛ւ ինձ, որ չսասանվեմ հավատիս մեջ։
Մեղավոր եմ, Տեր, առաջին մեղավորն աշխարհիս վրա, բայց էլ չեմ ուզում մեղավոր մնալ։ Հավատում եմ Քեզ, Տեր, օգնի՜ր իմ անհավատությանը։ Չեմ փոխի Քեզ ողջ աշխարհի հետ, միայն օգնի՜ր ինձ, որ անդատապարտ հաղորդվեմ Քո սուրբ խորհրդին։ Լուսավորի՜ր միտքս, փոխի՜ր սիրտս, ուղղի՜ր կյանքս, սանձի՜ր կրքերս և իբրև Աստված թագավորիր վրաս. ամեն»։
Հաղորդվելուց հետո եկեղեցին ձայն է տալիս. «Դո՛ւք, որ հավատքով ընդունեցիք աստվածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ և անապական խորհուրդը, շնորհակալ եղեք Տիրոջը»։
Սա մի գոհանալու հրավերք է հաղորդվողներին, երախտագետ լինելու հորդոր։ Հիրավի, ով որ չի հիշում իր ստացած բարիքը, նա ոչ միայն արժանի չէ ավելի մեծ բարիք ստանալուն, այլ արժանի չէ հենց նրան, ինչ որ արդեն ստացել է»։
Մի բարեպաշտի Հիսուսն այս առիթով ասել է. «Ես ինձ մարդկանց հանձնեցի, որոնք Ինձ հետ վարվեցին ինչպես ուզեցին։ Ես դա արեցի Սիրուց դրդված։ Իսկ հիմա Ես Ինձ սուրբ Հաղորդությամբ եմ տրվում և նորից մարդիկ Ինձ հետ անում են, ինչ որ ուզում են։ Ես դարձյալ այդ Սիրուց եմ անում։ Մինչև վերջ... մինչև ժամանակների վերջը»։
Իսկ մեկ այլ պատգամում Տերն ասել է. «Սիրեցե՛ք Ինձ անկեղծորեն ու պատվե՛ք Իմ Սուրբ Հաղորդությունը։ Եթե դուք միայն լիովին հասկանայի՜ք, թե Ես ձեզ ինչ եմ տալիս, և Ում եք դուք ընդունում ձեր մեջ, դուք անդադար կօրհնեիք Ինձ։ Անգամ հրեշտակները, նայելով ձեզ վերևից, փափագում են այդ կերակուրը, որ միայն դու՛ք կարող եք ստանալ և ո՛չ նրանք։ Սուրբ Հաղորդությունը Եկեղեցու Կյանքն է»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ