ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Եբրայական սրբազան բնագրում պատմական գրքերից առաջինը խորագրված է Հեսու, քանզի պատմում է Մովսես մարգարեին փոխարինած Հեսու Նավեի գլխավորությամբ Քանանը նվաճելու և Իսրայելի 12 ցեղերի միջև երկիրը բաժանելու մասին։ Մովսեսը փոխում է նրա Օսես անունը Հեսուի, որ թարգմանաբար նշանակում է` «Տերը փրկում է», որպեսզի ցույց տա նրա առաքելությունը։ Նորկտակարանյան ժամանակաշրջանում հունախոս հրեաների մոտ այս անունը հնչյունափոխվեց և դարձավ Հիսուս, ինչը քրիստոնյաներին պատեհություն է ընձեռում համեմատելու Փրկչի առաքելությունը դեպի Ավետյաց երկիր Իսրայելի ժողովրդին առաջնորդող Հեսուի գործի հետ։ Ստորև արծարծելու ենք երկու թեմա. առաջին` Աստծուց Իսրայելին հատկացրած երկիրը և նրա բազմաթիվ անունները, երկրորդ` ովքե՞ր էին այդ տարածքում բնակություն հաստատած ժողովուրդները, որոնցից հարկավոր էր այն ազատագրել։
Ծննդոց գրքում պատմվում է, որ ՈՒր քաղաքում բնակվող Աբրահամին Աստված պատվիրում է թողնել իր հայրենիքը և գալ հաստատվել սույն երկրում` խոստանալով նրա ժառանգներին հավիտենապես շնորհել այդ տարածքները։ Ըստ այդմ, Ավետյաց նշանակում է խոստացյալ` վերը նշված իմաստով։ Իսկ յոթանասունամյա բաբելոնյան գերությունից հետո ցայսօր նախ հրեաները, ապա և քրիստոնյաները, այս երկիրը կոչում են «Սուրբ երկիր»։ Սակայն, ի սկզբանե, այս տարածքները կոչվել են Քանան` ի պատիվ Նոյի թոռան` Քամի որդու, ով իրապես դարձավ այս և Ասորիքի (Սիրիա) տարածքներում բնակություն հաստատած 11 ցեղերի նախահայրը։ Ավելի ուշ շրջանում Քանան երկրի անվան տեղը բռնեց Պաղեստինը, որը ծագում է եբրայական «պելիշտիմից»` փղշտացիներից։ Փղշտացիները` «ծովի ժողովուրդները», հնագույն ժամանակներում եկել էին Էգեյան ծովի կողմերից` զբաղեցնելով երկրի հարավ-արևմտյան ծովեզրը։ Ըստ Ամոս մարգարեի` նրանք Կրետեից (Գամիրք) էին գաղթել։
Այս երկիրը կոչվում է նաև «Եբրայեցիների երկիր» (Ծննդ. 40.15) և «Երկիր Իսրայելի»` ի պատիվ Հակոբ Նահապետի, ում Աստված կնքեց Իսրայել անվամբ, և ով դարձավ 12 ցեղերի նախահայրը։ Սողոմոնից հետո, երբ երկիրը պառակտվեց, առաջին մասը` հյուսիսային թագավորությունը, տասը ցեղերի միությամբ և Սամարիա մայրաքաղաքով, կոչվեց Իսրայել, իսկ Հուդա և Բենիամին ցեղերի միության երկիրը` հարավային թագավորությունը, Հուդա` Երուսաղեմ մայրաքաղաքով։ Հայկական սրբազան բնագրերում Հուդան կոչվում է նաև Հրեաստան։
Աշխարհագրորեն Ավետյաց երկիրը մեծ չէ. հյուսիսից հարավ, ինչպես ասվում է Աստվածաշնչում, «Դանից Բերսաբե», 230 կմ երկարություն ունի, իսկ Մեռյալ ծովի հյուսիսից մինչև Միջերկրական ծովը, այսինքն` արևելքից մինչև արևմուտք` 80 կմ։ Հյուսիսում երկիրը եզերվում է Լիբանանի և Հերմոնի լեռներով (շուրջ 3000 մետր), որտեղից բխում են Հորդանան գետի ակունքները։ Միջերկրական ծովի արևելյան ափին զուգահեռ անցնում են երկու լեռնաշղթաներ` իրարից բաժանված հովիտներով։ Իսրայելը լեռնային երկիր է։ Եթե մի կողմից` եզերող լեռները, մյուս կողմից` Միջերկրական ծովը, արևելքից` Սիրիական անապատը, հարավից` Արաբական անապատն ապահովում էին ընտրյալ ժողովրդի մեկուսացվածությունը հեթանոս աշխարհի ազդեցություններից, ապա իր աշխարհագրական դիրքով (Եվրոպան` ծովի կողմից, Ասիայի և Աֆրիկայի խաչմերուկում գտնվելը) չափազանց բարենպաստ էր աշխարհի չորս ծագերով մեկ աստվածաշնչյան ճշմարտություններ տարածելու և Իսրայելի` բոլոր ժողովուրդների մեջ Աստծո վկան դառնալու համար։ Այս, ինչպես և մեզ համար անիմանալի ինչ պատճառներով էլ Աստված Իսրայելին ժառանգություն տար այդ երկիրը, այդտեղ բնակվում էին հիմնականում քանանացիներ, որոնց բնաջնջումն ու արտաքսումը դարեր շարունակ շատ մարդկանց գայթակղվելու տեղիք է տվել։
Սակայն սուրբգրային հնագիտությունը և, ի մասնավորի, 1928 թ. Ռաս Շամրայում (ՈՒգարիթ) հայտնաբերված բազմաթիվ սեպագիր կավե սալիկները հարուստ տեղեկություններ տվեցին այս ցեղերի կրոնի, կենցաղի, մշակույթի, բարքերի մասին և օգնեցին հասկանալու Աստվածաշնչի կարճամփոփ ակնարկները նրանց մասին։ «Եթե մտնես Տեր Աստծու քեզ տված երկիրը, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները։ Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից» (Բ Օր. 18.09-14)։ «Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին Ես ձեր առջևից պիտի վանեմ։ Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, Ես վեր հանեցի նրա անօրենությունները, երկիրը զզվեց իր բնակիչներից։ Խուսափեցե՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից» (Ղև. 18. 24, 25, 28)։
Այսպես. քանանական դիցարանի երեք կարևորագույն դիցուհիները` Աստարտը (նույն ինքը` Իշտարը, Վեներան), Անաթը և Աշերան պտղաբերության և պատերազմի դիցուհիներն էին` Բահաղ գերագույն դիքի կանայք և քույրերը, որի հետ կենակցում էին` չկորցնելով կուսությունը, բեղմնավորվելով, բայց և երբեք երեխա չունենալով։ Հնագետների բացած Աստարտի մեհյանի որմնանկարների վրա պատկերված են դիցուհու` կոպտորեն մեծացրած սեռական օրգանները` մարմնական կրքեր բորբոքելու համար։ Առհասարակ, քանանական կրոնը օրգիաստիկ էր` ուղեկցվում էր արբեցությամբ և պոռնկությամբ։ Իրենք` դիցուհիները, համարվում էին սրբազան պոռնիկներ և, իբրև այդպիսիք, «սուրբ» էին։ Հայտնաբերված կուռքերը հիմնականում մերկ էին` ընդգծված սեռական անդամներով։ Իսկ տաճարական պոռնկությանը, որը և նրանց սրբազան ծեսն էր, մասնակցում էին տաճարական պոռնիկները և տաճարական արվամոլները։ Փաստորեն, նրանց մեհյանները հասարակաց տներ էին, ուր իշխում էր գարշելի անառակությունը։ Եվ թեև քանանացիները առևտրի, ճարտարապետության, արվեստների, նավագնացության ոլորտներում մեծ բարձունքների էին հասել, նրանց բարքերն աչքի էին ընկնում աներևակայելի ցածր մակարդակով։ Սակայն նրանց ծիսական ամենապիղծ սովորությունը մարդկանց և իրենց իսկ առաջնեկ մանուկների զոհաբերությունն էր կուռքերի առաջ։ Մարդկային զոհաբերությունը, առհասարակ, փոքրիկ բացառությամբ, բոլոր հեթանոսական կրոնների առանցքն է կազմել, սակայն ազգից ազգ տարբերվել է իր ծավալներով և չափերով։ Հայաստանում էլ են իրենց երեխաներին զոհել։ Մանուկ Աբեղյանը գրում է. «Քարանձավներում ապրող օձերին հին հայերը կույսեր և անմեղ երիտասարդներ էին զոհաբերում»։ Բայց, բարեբախտաբար, այս պիղծ սովորությունն այնքան էլ տարածված չի եղել մեզանում, ինչպես Քանանում և նախակոլումբոսյան Ամերիկայում` ինկերի, ացտեկների, մայաների մոտ։
1904-09 թթ. Գազերում հնագետները բացեցին Բահաղ և Աստարտ դիքերի տաճարը, որի ավերակներում բազմաթիվ կավե անոթներ հայտնաբերվեցին` զոհաբերված երեխաների աճյունով. փաստորեն այդ վայրը նորածին երեխաների գերեզմանոց էր։ Վերծանված ուգարիթյան վիպերգության մեջ Անաթ դիցուհու մասին ասվում է, որ «մինչև ծնկները, մինչև պարանոցը արյան մեջ էր ընկղմված։ Նրա ոտքերի առաջ մարդկանց գլուխներ էին թափված, իսկ շուրջը, ինչպես մորեխի տարմ, մարդկային դողդոջուն, կարկառուն ձեռքեր։ Իր զոհերի հատած գլուխները, իբրև պչրանք, կախում էր մեջքից, իսկ ձեռքերը` գոտկատեղից։ Արածից բավարարվելիս` մարդկային արյան հեղեղում լվանում էր ձեռքերը, որպեսզի վերստին դառնա իր անավարտ թողած գործերին»։ Սակայն ամենասարսափելի սովորությունը կոչվում էր «հիմնարկեքի զոհաբերություն». ամեն մի նոր տուն կառուցելիս Բահաղին զոհաբերում էին մի առաջնեկ մանուկ, որի դին զետեղվում էր պատի մեջ` տան բնակիչների երջանկության համար։ Փաստորեն, ողջ Պաղեստինը իր բոլոր ցեղերով հանդերձ, իրենից ազգային մասշտաբով Սոդոմ և Գոմոր էր ներկայացնում։ Եվ հենց այս անառակ ու արյունարբու ժողովուրդներին իրենց մեհյաններով ու կուռքերով հանդերձ իսպառ բնաջնջելու պատգամ տվեց Մովսեսը։ Այլ կերպ ասած` հարկ էր բնաջնջել թե՛ հեթանոսներին և թե՛ հեթանոսությունը, սակայն իսրայելացիներին այս հրամանները, հավանաբար, խիստ թվացին, և նրանք մինչև վերջ չկատարեցին դրանք, արդյունքում քանանական կրոնն արմատախիլ չարվեց և մեծապես տարածվեց նրանցում, իսրայելացիներն ընթացան նրանց ճանապարհներով` իրենց վրա հարուցելով Աստծո արդարացի զայրույթը։
Քանանում իրենց պեղումներն անցկացնող հնագետները զարմանում էին Աստծո երկայնամտության վրա, թե ինչպես կարելի էր այդքան երկար հանդուրժել այդ ժողովուրդներին։ Բանն այն է, որ Աստված, կանխասելով Աբրահամին օտար երկրում իր ժառանգների պանդխտության մասին, ասում է. «Չորրորդ սերունդը պիտի վերադառնա այստեղ, որովհետև ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել» (Ծննդ. 15. 13,16)։
Հեսու Նավեի գլխավորությամբ իսրայելացիների մուտքը Քանան ուղեկցվում էր հրաշքներով. Հորդանանն անցնելիս հենց այն պահին, երբ ՈՒխտի տապանակը կրող քահանաները ոտքները ջուրը դրեցին, «վերևից իջնող ջրերը կանգնեցին` միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած» (Հեսու 3. 16), և ժողովուրդն անարգել անցավ հորդառատ գետի ցամաքած հունով։ Երիքովը հրաշքով գրավելուց հետո (երբ պարիսպները շուրջանակի ընկան) Հեսուի գրքում պատմվում է Գաբավոն քաղաքի մոտ քանանական ժողովուրդների միացյալ զորքերի դեմ տեղի ունեցած մեծ ճակատամարտի մասին, որը ևս ուղեկցվեց հրաշքով. երկնքից կարկտի քարեր թափվեցին քանանացիների վրա. և այդպես «մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայելացիները պատերազմում սրով կոտորեցին» (10.11)։ Իսկ քանի որ իրիկնանում էր, Հեսուն խնդրեց Աստծուն, որ «արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը` Ելոնի ձորի դիմաց» (10.12), մինչև որ հրեաները կատարյալ պարտության մատնեին Աստծո թշնամիներին։ Արեգակի հրաշքով կանգը միշտ էլ Սուրբ Գրքի հակառակորդներին զանազան կասկածների տեղիք է տվել, սակայն նորագույն հետազոտություններն ու հնագիտությունը հակառակն ապացուցեցին։ Ա. Գուկը` մեծ գիտնական և հնագետ, իր «Սուրբգրային հրաշքների հավաստիությունը» գրքում Հեսու Նավեի աղոթքով ցերեկը մոտ 24 ժամով երկարացնելու մասին ուշագրավ պատմական տեղեկություններ է բերում։ «Երեք հին ժողովուրդներ` հույները, եգիպտացիները և չինացիները, այդ մասին պատմական տեղեկություններ ունեն։ Բոլոր երեքի մոտ էլ խոսվում է մի արտասովոր երկար օրվա մասին։ «Պատմության հայր» հորջորջվող հույն Հերոդոտոսը Քրիստոսի ծննդից 480 տարի առաջ պատմում է, որ եգիպտացի քրմերն իրեն 24 ժամից ավելի տևած մի ցերեկվա մասին գրառում են ցույց տվել։ Հնամենի չինական գրառումներում պարզ ի պարզո ասվում է, որ դա տեղի է ունեցել Իո կայսեր գահակալության օրոք, ընդ որում չինական տոհմաբանական ցուցակներում նշվում է, որ այդ կայսրը թագավորել է Չինաստանում, Հեսու Նավեի ժամանակներում։
Լորդ Քինգսբորոուն, հետազոտելով ամերիկյան նախնադարյան հնդիկներին, հայտնաբերել է, որ իրենց զարգացման մեջ բարձր քաղաքակրթության հասած մեքսիկացիներն ավանդազրույց ունեն մի ամբողջ օր «արեգակի անշարժ մնալու» մասին, որը և տեղի է ունեցել այն տարում, որը կոչվում է «յոթ ճագարների» տարի։ Այս «յոթ ճագարների» տարին համընկնում է այն ժամանակահատվածին, երբ Հեսու Նավեն գրավում էր Պաղեստինը։ «Այսպիսով,- եզրակացնում է հեղինակը,- սուրբգրային պատումի ճշմարտացիության մասին իրարից անկախ և ամենայն կասկածից գերիվեր ապացույցներ ունենք հույներից, եգիպտացիներից, չինացիներից և մեքսիկացիներից։ Այսպիսի վկաների խմբի վկայությունները չի կարելի չընդունել իբրև բացարձակ ճշմարտացի խոսք»։
Հնգամատյանում ասվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում իսրայելացիներն իրենց թշնամիներին սպանում էին սրերով։ Սակայն, ըստ եբրայական բնագրի, նրանք թշնամիներին սպանում և կլանում էին «սրի բերանով»։ ՈՒշագրավ է, որ հնագիտական պեղումների ընթացքում գտնվեցին մեծ չափսերի դանակներ, ռազմական տապարներ, սրեր և այլ զենքեր, որոնց դաստակները մեծավ մասամբ պատրաստված էին կատաղած գազանների լայնաբաց երախների տեսքով, այնպես, որ թվում էր, թե իբր մահաբեր սայրը վայրի գազանի երախից է ելնում։ ՈՒրեմն, սուրբգրային արտահայտությունը («սպանել նրանց կամ կլանել նրանց սրի երախով») հասկանալի դարձավ շնորհիվ հնագիտության, ինչն իր հերթին հաստատում է սուրբգրային թեկուզ աննշան այս մանրամասնության հավաստիությունը։
Եվ այսպես, Հեսու Նավեն Աստծո օգնությամբ վեց տարում ազատագրեց գրեթե բովանդակ Ավետյաց երկիրը և այն բաժանեց Իսրայելի 12 ցեղերի միջև։ Հովսեփի և Ղևիի փոխարեն Հովսեփի երկու որդիներին` Մանասեին և Եփրեմին, հողատարածքներ հատկացվեցին, քանզի Ղևիի ցեղը ծառայում էր Վկայության խորանում և ապրելու էր մյուս ցեղերից հատկացված տասանորդով։ Հորդանանի արևելյան և արևմտյան կողմերում բնակություն հաստատեցին Ռուբենի, Գադի, Եփրեմի, Բենիամինի, Շմավոնի, Իսաքարի, Դանի, Նեփթաղիմի, Հուդայի, Մանասեի (այս ցեղին երկու կալվածքներ հատկացվեցին Հորդանանի արևելյան և արևմտյան կողմերում) ցեղերը։ Եվ պետք չէ ձանձրանալ այս 12 ցեղերին շնորհված կալվածքների չոր ու ցամաք թվարկումից, քանզի դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ Աստծո հայրերին տրված խոստման իրականացումը։ Եվ բնավ զարմանալի չէ, որ ոմանք Հեսուի գիրքը կցում են Հնգամատյանին` այն Վեցամատյան կոչելով` իբրև վերջինիս անմիջական շարունակություն։ Այս երկիրը Տիրոջ` Իր ժողովրդի հանդեպ տածած հավատարմության և Իսրայելի` Աստծո հանդեպ տածած հավատարմության վայրն է` երկու կողմերի միջև կնքված ՈՒխտի առհավատչյան։
Գիրքը մեկ այլ խորհուրդ էլ ունի. այո՛, այդ երկիրը շնորհված է Իսրայելին հավիտենապես, բայց և միշտ զգացվում է Աստծո ձեռքից այն ընդունելու կարիքը` այդ երկրում ապրել արժանանալու իմաստով, ինչպես որ ամեն ժողովրդի` իր երկրում ապրելու իրավունքը վերահաստատելու պարագայում է։
Գ. ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Հավատացյալ մարդու համար Կենաց գրքին քաջատեղյակ չլինելն ամոթալի տգիտություն է։ Այն առավել ամոթալի է, եթե մարդն ավելի կրթված է, ավելի կարդացած, ավելի շատ ժամանակ է տրամադրել գիտությանը` չհասկանալով, որ Կենաց գիրքն առավել կարևոր ու հետաքրքիր է, քան մյուս բոլոր գրքերը, իսկ Աստծո արդարության հավիտենական ճշմարտության ճանաչողությունը` մյուս բոլոր գիտելիքներից գերիվեր։
Արմատացած նախապաշարումներից է այն կարծիքը, թե Աստվածաշունչը ծայրեծայր կարդալը և՛ ձանձրալի է, և՛ անօգուտ։ Այդ նախապաշարման ազդեցության ներքո մինչև 35 տարեկան դառնալս ես չէի համարձակվում ձեռնամուխ լինել Կենաց գրքի ուսումնասիրությանը, թեպետ այդ ընթացքում ընթերցել էի բազում գրքեր, որոնք, իսկապես, և՛ ձանձրալի էին, և՛ անօգտակար։ Այժմ, երբ կարդացել եմ արդեն, համոզված ասում եմ, որ Ս. Գիրքն ընթերցելը ձանձրալի չէ և ծայրաստիճան օգտակար է, որ Կենաց գրքի բովանդակության չիմացությունն ամոթալի տգիտություն է քրիստոնեական ժողովուրդների մտավորականության համար, և որ հենց այստեղ է ամփոփված մարդկային բանականությանը մատչելի ամենակուռ աշխարհայացքը, ամենավսեմ տեսլականը և ամենակատարյալ բարոյականությունը։ Բովանդակ Աստվածաշունչն ինձ համար մի կուռ ամբողջություն է, և Կենաց գրքի կենարար հոգու այդ աստվածային ներդաշնակությունը հրաշքների հրաշքն է, որը ես շոշափեցի, ինչպես երբեմնի Թովմասը, ինչը և գիտակցում եմ սիրով, բանականությամբ և զգացողության ուժով։
Աստվածաշնչի ընդհանուր աշխարհայացքը մեզ ըմբռնել է տալիս աշխարհի կեցության իմաստը, ինչպես և դրա բաղկացուցիչ մասը կազմող մարդկության` որպես համապարփակ ամբողջի մասի երկրային կյանքի իմաստը։ Ս. Գիրքը խիստ որոշակի պատասխանում է հետևյալ հարցին` ի՞նչ է ճշմարտությունը։
Աստվածաշնչի տեսլականը մեզ որոշակի հասկացություն է տալիս այս աշխարհի կյանքի վերջնական նպատակի վերաբերյալ և խիստ որոշակիորեն պատասխանում մարդկության երկրային կյանքի ողջամիտ նպատակին վերաբերող հարցին»։
Ն. ՆԵՊԼՅՈՒԵՎ
Ռուս գրող և հասարակական գործիչ