ԲԱՆԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՄԻ անգամ հանգուցյալ Կարեն Սերոբի Դեմիրճյանն ինձ հետ զրույցում ասաց. «Ամենավատն այն է, որ դուք «հրացանավոր մարդ» ստեղծեցիք, և դա շատ վտանգավոր է»։ Դուք ասելով նա նկատի ուներ այն ամենը, ինչ կոչվում էր «ղարաբաղյան շարժում», իսկ «հրացանավոր մարդու» դեպքում ենթադրվում էին «երևանյան բակերի տղաները», որ զենք վերցրին։ «Հրացանավոր մարդը» 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանում բոլորին չէր, որ դուր էր գալիս, քանզի իր հետ շատերի համար լուրջ պրոբլեմներ բերեց։ Այդ թվում` ունևոր խավի, որ հարստություն էր կուտակել խորհրդային շրջանում։ «Հրացանավոր մարդը» ոչ միայն կասկածի տակ էր դնում հասարակության բարեկեցիկ շերտերի կոմֆորտ գոյությունը, այլև հասարակական արժեքների ու առաջնահերթությունների ամբողջ համակարգը։ Բոլորը հիշում են, որ երբեմն «ինքնահռչակ» ֆիդայիները տրանսֆորմացիայի էին ենթարկվում, սակայն կենցաղային Հայաստանի համար այդ նոր էթիկայի հիմքի վրա էլ կառուցվեց հայկական պետականությունը։
Ցանկացած իշխանություն ձգտում է ազատվել պարտիզանական շարժման ֆենոմենից` որպես հասարակության գիտակցության ու պահվածքի ձևից։ Հայաստանում բավականին արագ լուծեցին պարտիզանական ջոկատների հարցերը, իսկ այնուհետև, ղարաբաղյան պատերազմից հետո, արվեց ամեն ինչ, որպեսզի այդ գաղափարի կրողները վարկաբեկվեն, ներկայացվեն իբրև վնասակար տարրեր։ Իսկ պատերազմի մասնակիցների ինստիտուտը, ի դեմս «Երկրապահի», վերաձևավորվեց ու դարձավ մանր «ռազբորկաներով» զբաղված սպառողների հիերարխիա։ Դրանով իսկ լուծվեց «հրացանավոր մարդու» դերի զրոյացման հարցը քաղաքական գործընթացներում և, առհասարակ, հասարակական-քաղաքական բանավեճի մեջ։ Հիմա Հայաստանն ունի ժամանակակից ու մարտունակ զինված ուժեր, երկրի պաշտպանությամբ զբաղված են ոչ վատ ռազմական կրթություն ստացած սպաների երկրորդ ու երրորդ սերունդները։ Տարածված կարծիքի համաձայն, հայկական հասարակության զինվորական «ցեխը» իր կազմակերպվածությամբ ու սոցիալական գործառույթների համարժեքությամբ գերազանցում է մյուս պրոֆեսիոնալ ու հասարակական խմբերին։ Թեպետ Հայաստանն այս առումով այդքան էլ ինքնատիպ չէ, ռազմական խավի և հասարակության անհամապատասխանությունը բնութագրական է շատ պետությունների համար։ Յուրաքանչյուր պետության համար դժբախտություն է, եթե պաշտպանական համակարգը հետ է մնում ընդհանուր զարգացումից, իսկ հայերը տառապանքով կերտեցին իրենց բանակը, հպարտանում են նրանով, զինվորականները մեծ հեղինակություն ունեն, և ժողովուրդը միաբան է նրանց հետ։ Անկախ նրանից, որ որոշ գեներալներ իրենց պահում են գինետների տերերի նման։ Հայաստանում հեղինակավոր է համարվում ծառայությունը ոչ միայն բանակում, այլև ազգային անվտանգության ծառայությունում։
Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե որքանով զինված ուժերը կարող են և պետք է մասնակցություն ունենան հասարակական երկխոսության մեջ, ազդեն ճակատագրական քաղաքական որոշումների ընդունման վրա։ Կա երկու այդպիսի հնարավորություն. առաջինը զինվորականների մասնակցությունն է նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Երկրորդը` պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների մասնակցությունը կառավարության և ազգային անվտանգության խորհրդի աշխատանքներին։ Զինված ուժերի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա` ընտրություններին նրանց մասնակցելու ձևով, խիստ կասկածելի է։ Թե ինչպես են քվեարկում Հայաստանում շարքային զինծառայողներն ու սպաները, հայտնի է բոլորին։ Մնում է Ազգային անվտանգության խորհուրդը, որի դերը քաղաքական որոշումներում նույնպես խիստ կասկածելի է։ Այդ կառույցը ղեկավարող ԱԽ ներկա քարտուղարն արդեն հռչակել է իր դիրքորոշումը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված, ինչը բացարձակապես հույս չի ներշնչում, թե այդ պրոբլեմը լուրջ քննարկման կարժանանա հայկական քաղաքականության մեջ այնքան կարևոր այդ կառույցում։ Ղարաբաղյան հիմնախնդրի երկար ամիսներ տևած հասարակական քննարկումների ընթացքում զինվորականներից առայժմ միայն ԼՂՀ պաշտպանության նախարարն է տեսակետ հայտնել։ Միաժամանակ բանակի լռությունը բոլորովին էլ չի նշանակում, թե նա կարծիք ու դիրքորոշում չունի։ Հայաստանի և ԼՂՀ-ի զինված ուժերի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ լավ հայտնի է։ Եվ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ մի շարք հայ քաղաքական գործիչներ ու քաղաքական փորձագետներ առաջարկում են այս առումով մշակել հավասարակշռված դիրքորոշում ու առաջարկություններ։ Առանց զինված ուժերի կարծիքը հաշվի առնելու, ինչպես «թուրքական», այնպես էլ «ղարաբաղյան» թեմայով կայացված ցանկացած որոշում կլինի ոչ լեգիտիմ, կիսատ-պռատ ու անհամոզիչ հասարակության և ժողովրդի համար։
Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` «պաշտոնապես» հայտարարված բանավեճում նույնիսկ ակնարկ չկա, որ զինվորականները կարող են այդտեղ մասնակցել։ Մինչդեռ եթե «թուրքական» թեմայով շատ կարևոր են ազգային անվտանգության ծառայության սպայակազմի դիրքորոշումն ու գնահատականները, ապա «ղարաբաղյան» հարցում ավելի բովանդակային պետք է լինի բանակի կարծիքը։ Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնելու մեր բանակը, եթե իշխանությունը Ներքին Ղարաբաղի տարածքները հանձնի ազերիներին։ Դրանից հետո Հայաստանի ինչի՞ն է պետք բանակը, մի՞թե հզոր զինված ուժեր ունենալու բոլոր երազանքներից մնալու են ընդամենը բանակի և ազգային անվտանգության ծառայության սպայակազմի հիշողությունները, որ նրանք պատմելու են իրենց երեխաներին ու թոռներին քսան տարի հետո` բացատրելով, թե ինչպես հանձնեցին հայրենիքի մի մասը։
Պետք է դադարել ձևացնելուց, թե զինված ուժերի մասնակցությունը քաղաքական որոշումների քննարկմանն ու կայացմանը, այսպես ասած, նուրբ հարց է և չի համապատասխանում սահմանադրությանը։ Դա բացարձակ տխմարություն է, և միայն անհամարժեք որոշում ընդունելու ցանկությունը կարող է հիմք լինել այդպիսի որոշումներից զինված ուժերին հետ պահելու համար։ Հայ քաղաքական դասակարգն ու հասարակությունը պետք է հասկանան, որ զինված ուժերին այդպիսի որոշումներից հեռու պահելու փորձերը կհանգեցնեն քաղաքական աղետի, բանակի ու պետականության քայքայման։ Տվյալ պարագայում բացարձակապես անտեղի է բերել այլ պետություններից օրինակներ, որտեղ զինված ուժերի քաղաքական պատասխանատվությունն ամրագրված է սահմանադրությամբ և պետական կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկն է։ Եթե անգամ ենթադրենք, որ այդպիսի խաղի կանոնները պետականության անլիարժեքության և խոցելիության արտահայտություն են, մենք պետք է ընդունենք, որ մեր պետությունն այնպիսի վիճակում չէ, որ արհամարհի այնպիսի իրավիճակների առաջացման հնարավորությունը, երբ զինված ուժերի միջամտությունը քաղաքական գործընթացին ուղղակի անհրաժեշտ է։ Հայաստանը գտնվում է և դեռ երկար ժամանակ գտնվելու է արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և կարիք ունի տարաբնույթ, բայց իմպերատիվ խաղի կանոնների` խնդիրների դիտարկման և որոշումների կայացման առումով, երբ գերակայում են պետական ու քաղաքական առաջնահերթությունները։ Ներկա իրավիճակում եթե նկատի ունենանք, թե ինչ են իրենցից ներկայացնում ներկայիս Ազգային ժողովն ու կառավարությունը, պարզապես ծիծաղելի է պնդել, թե այդ երկու ինստիտուտն իրավասու են քաղաքական որոշումներ կայացնելու, իսկ բանակը` ոչ։ Եթե բանակը մասնակցություն չունենա սահմանադրության և հասարակական բանավեճի շրջանակներում քաղաքական որոշումների քննարկմանն ու ընդունմանը, նա այդ մասնակցությունը վաղ թե ուշ կունենա սահմանադրության շրջանակներից դուրս։ Այս առումով կասկածներ չունեն նույնիսկ ամենաինքնավստահ «քաղաքական գործիչները»։ Ժամանակին գերմանացի իրավաբան և աշխարհաքաղաքականության մասնագետ Կարլ Շմիդտն ասել է. «Ավելի կարևոր է, թե ինչպիսի որոշում է ընդունված, քան այն, թե ինչպիսի պայմաններում է այն ընդունվել»։
Պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ զինվորականների միջամտությունը քաղաքականությանը ոչ միայն որոշիչ է եղել պետության պարտությունը և ոչնչացումը թույլ չտալու, այլև ժողովրդավարության պաշտպանության առումով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան փրկեցին երեք գեներալներ` Ֆոշը, Կլեմանսոն և Ժոֆֆը, որոնք գործնականում երկրի նախագահին ու խորհրդարանին զրկեցին որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Չեխոսլովակիայի Հանրապետության զինվորական հրամանատարությունն այդպես էլ վճռականություն չունեցավ միջամտելու քաղաքականությանը և դրանով իսկ երկիրը դատապարտեց գերմանական օկուպացիային` 1930-ականների վերջին։ Միևնույն ժամանակ հենց զինվորականները թույլ չտվեցին, որպեսզի Բուլղարիան գերմանական բլոկի կազմում պատերազմի մեջ մտնի ԽՍՀՄ-ի դեմ Երկրորդ համաշխարհայինի տարիներին։ ՈՒինսթոն Չերչիլի իշխանության գալն Անգլիայում Երկրորդ համաշխարհայինի ամենաթեժ շրջանում արդյունք էր այն ճնշման, որ գործադրեցին բրիտանական զինվորականները, այսինքն` «թավշյա» ռազմական հեղաշրջում էր։ Հակառակ տարածված կարծիքի` Լատինական Ամերիկայի որոշ երկրների ճակատագիրն ավելի ողբալի կլիներ, եթե զինվորականները դեր չունենային քաղաքական որոշումներ կայացնելիս։ Թուրքիայի զինվորականներն առնվազն երեք անգամ հանրապետության պատմության մեջ կանխեցին երկրի հեռացումը քեմալիզմի սկզբունքներից, այսինքն` ներկա սահմանադրական հիմքերից։ Եթե ուշադիր դիտարկենք քաղաքական գործընթացներն ԱՄՆ-ում վերջին տարիներին, ապա կարելի է հստակ տեսնել, որ հենց Պենտագոնի քաղաքականության շնորհիվ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ տեղի չունեցան ավելի անտրամաբանական իրադարձություններ։ Մինչդեռ Իսրայելի բանակի զգույշ պահվածքն ու քաղաքականությունից հեռու մնալը վերջին տարիներին դարձան որոշիչ գործոն այդ երկրում խոր քաղաքական ու սոցիալական ճգնաժամի համար։ Լիբանանի բանակի թուլությունը և անհամարժեքությունն այդպես էլ թույլ չտվեցին այդ երկրում ապահովել ամուր կայունություն։ Միլիտարիստական և, առհասարակ, քաղաքական նպատակների ու հավակնությունների բացակայությունը վրացական զինվորականության շրջանում անխուսափելի դարձրեց վրացական պետականության ճգնաժամը, արկածախնդիրների և ոչ կոմպետենտ էլիտայի իշխանության գլուխ գտնվելու հանգամանքը։ Մինչդեռ լեհական զինվորականության և նրա առաջնորդ Վոյցեխ Յարուզելսկու սկզբունքային դիրքորոշումը 1981-ին փրկեց Լեհաստանը խորհրդային զորքերի օկուպացիայից։ Այն հանգամանքը, որ աշխարհի խոշորագույն ժողովրդավարական պետությունում` Հնդկաստանում, զինվորականներն ունեն կարևոր դիրքեր, պայմանավորում է այդ երկրի նոր քաղաքական ռազմավարության մշակումն ու իրականացումը, նոր առաջնահերթությունների ու պատկերացումների որդեգրումը` տարածաշրջանային շահերից ելնելով։ 1930-ականներին զինվորականների բունտն Իսպանիայում կանխեց երկրի ներքաշումը երկարատև քաոսի ու սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ, ինչպես նաև թույլ չտվեց ներքաշել Իսպանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի հորձանուտը։ Եվ, վերջապես, ամենաինքնատիպ հայեցակետը քաղաքականության մեջ զինվորականների դերի առումով դրսևորվեց ԽՍՀՄ-ում, ուր բանակը տասնամյակներ շարունակ միակ իրական ընդդիմությունն էր, որի հետ չէր կարող հաշվի չնստել խորհրդային առաջնորդներից ոչ մեկը։ Եվ հենց զինվորականների շնորհիվ ԽՍՀՄ-ում հնարավոր դարձավ անձի պաշտամունքի բացահայտումն ու դատապարտումը։ Այսպիսի նախադեպերի օրինակներ համաշխարհային պատմությունից կարելի է բերել անվերջ։
Վերջին երկու տարիներին Հայաստանում ներքին խնդիրների շուրջ հասարակական բանավեճը հետևողականորեն վերածվեց արտաքին քաղաքական բանավեճի։ Անշուշտ, յուրաքանչյուր բանավեճ չէ, որ օգտակար է, սակայն Հայաստանն ընտրության հնարավորություն չունի, և պետք է անդրադառնալ այն բանավիճային հարցերին, որոնք արդիական են դարձել հզոր արտաքին մարտահրավերների պատճառով։ Այդ բանավեճը ոչ միայն ակտիվացրել է հասարակությունն ընդհանրապես, այլև աստիճանաբար բացահայտում է առաջնահերթությունները, միմյանցից տարաբաժանում իրական և մտացածին պրոբլեմները, չեզոքացնում սպեկուլյացիաները։ Բանավիճող կողմերն առաջ են քաշում բազմաթիվ թեմաներ ու փաստարկներ` խուսափելով, սակայն, ռազմական գործոնը հիշատակելուց։ Հնարավոր է այդ մարդիկ վստահում են ազգային զինված ուժերին, գործընկերների ու դաշնակիցների հավատարմությանը, և դա վատ չէ։ Սակայն ընթացքում զգացողություն է առաջանում, որ այդ բանավեճում ինչ-որ մեկը, ավելի կոնկրետ, զինվորականները, բացակա են, և նրանց կարծիքը հստակեցված չէ առնվազն հրապարակային առումով։ Այնուհանդերձ, զինվորական շրջանակներում շատ ակտիվ և միանգամայն պրոֆեսիոնալ քննարկումներ են տեղի ունենում արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ։ Թեպետ զինվորական շրջանակների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև շարքային կազմը, մեր ազգի զավակներին, որոնք կոչված են պաշտպանելու երկիրը։ Զինվորականները մեկուսացած չեն, նրանց վրա ներգործում են հասարակական տրամադրություններն ու եզրահանգումները, և զինվորականների դիրքորոշումը, այսպես թե այնպես, իր ազդեցությունն է ունենում երկրի քաղաքական ղեկավարության պահվածքի վրա։ Առայժմ չկա ոչ մի պատկերացում այն մեխանիզմների մասին, թե ինչպես կարող են իրագործվել տարածքային զիջումները, և Հայաստանի նախագահի այցելությունները ԼՂՀ հանգեցրին այն գիտակցության, որ այդ հարցի լուծումն ամենևին էլ հեշտ չէ, ձևական վարչական գործողությունները պարզապես անհնարին են։
Նկատի ունենալով զինված ուժերում տիրող տրամադրությունները` կարելի է ընդգծել հետևյալը. զինվորականներն ամենևին անտարբեր չեն քաղաքական իրադարձությունների նկատմամբ, ունեն իրենց գնահատականները ղարաբաղյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Զինվորականներն ավելի մեծ սպասումներ ունեին, երբ Ռոբերտ Քոչարյանը հեռանում էր իշխանությունից, ոչ մի համակրանք չունեին նրա նկատմամբ ու չէին վստահում նրան։ Կասկած չկա, որ զինվորականները երբևէ չեն էլ ենթադրել Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորությունն իշխանության` դիտարկելով նրան իբրև, ոչ ավելի, ոչ պակաս, զինված ուժերի «թշնամի»։ Միաժամանակ, զինվորականները երբեք չեն դիտարկել Սերժ Սարգսյանին իբրև իրենց առաջնորդի ու չեն համարել նրան իրենց ներկայացուցիչն իշխանության մեջ։ Հայաստանի քաղաքական էլիտան ատելի է զինվորական միջավայրի համար, զինվորականները սպասում են փոփոխությունների զինված ուժերում։ Անպատասխան են բազմաթիվ հարցեր ինչպես գեներալների, այնպես էլ սպաների ու շարքայինների համար։ Անկասկած է, որ հակասությունները զինված ուժերի ու քաղաքական դասակարգի միջև ընդհանուր առմամբ սրվում են` ներառյալ արդի քաղաքական ղեկավարությունը։ Ավելին, սրվում են հակասությունները ԼՂՀ-ի բանակի ու վարչակազմի միջև։ Ղարաբաղյան հիմնախնդիրը դարձել է ավելի առարկայական` դատողությունների առարկա զինվորական շրջանակներում, զինվորականներն առայժմ չեն հասկանում հեռանկարներն ու առաջացող պրոբլեմները` հայ-թուրքական հարաբերություններում սպասվող փոփոխությունների հետ կապված։ Բայց այս պրոբլեմի շուրջ էլ վաղ թե ուշ զինված ուժերի համար նոր խնդիրներ կառաջանան, ինչը չի կարող չազդել նրանց դիրքորոշման վրա։
Զինվորական շրջանակներն ազգայնական նախագահի սպասումներ ունեն և այնպիսի կառավարող կուսակցության, որը պատկերացներ ազգային շահերը և ընդունակ լիներ ոչ թե իմիտացիայի, այլ համարժեք արտաքին և սոցիալական քաղաքականության իրագործման։ Այսպիսի իրավիճակում միանգամայն սպասելի է, որ այդպիսի քաղաքական գործիչ կառաջադրվի զինվորական շրջանակներից, ու հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան։ «Քաղաքացիական հասարակությունը» Հայաստանում ի վիճակի չէ այդպիսի քաղաքական գործչի առաջադրել և պետք է վճարի իր անընդունակության դիմաց։ Բացարձակապես պարզ է, որ զինված ուժերի քաղաքական որոշումների քննարկմանը և կայացմանը մասնակցելու պրոբլեմն առնչվում է երկու խնդրի. պետք է ընդունել համապատասխան սկզբունքներ և օրենսդրորեն ամրագրել դրանք այն իրական իրադրության ու պայմանների հաշվառումով, որոնց մեջ հայտնվել են Հայաստանն ու նրա հասարակությունը։ Միանգամայն հնարավոր է, որ զինված ուժերում ձևավորված ոչ բոլոր դիրքորոշումներն ու կարծիքներն են համապատասխանում քաղաքական շրջանակների և հասարակական շերտերի պատկերացումներին։ Հավանական է, որ զինվորականների դիրքորոշումն այնպիսին չէ, ինչպիսին քաղաքացիական հասարակությանն ու քաղաքական դասակարգինը, և բանավեճի ընթացքում կպարզվի, որ քաղաքական շրջանակները բոլորովին էլ հասուն չեն և բացարձակապես չեն հասկանում այս կամ այն մտադրությունների նշանակությունը։ Բայց այն դեպքում, երբ բանակի դիրքորոշումը կհակասի քաղաքացիական հասարակության և քաղաքական դասակարգի կարծիքին, հնարավոր է, որ զինվորական շրջանակներում տեսակետները և գնահատականները դառնան ավելի կարևոր, հետաքրքիր ու բովանդակային։ Սակայն այս պրոբլեմը մեկ այլ կողմ էլ ունի. որոշումների քննարկմանն ու ընդունմանը մասնակցող զինված ուժերն ավելի պատասխանատվությամբ կգիտակցեն ոչ միայն իրենց նշանակությունն իբրև քաղաքական վերնախավի կարևորագույն մաս, այլև իրենց անմիջական դերակատարությունը։ Ինչ-որ մեկը ժամանակին հայերին կոչեց «մեծ պարտիզանական ազգ», ինչը բավական վիրավորական էր, նկատի ունենալով, որ հայերն ունեն թեկուզ ոչ մեծ ու խոցելի, բայց հայրենիք։ Սակայն առայսօր շատերը սեփական երկրում իրենց զգում են իբրև պարտիզաններ, որովհետև հասկանում են, որ «հրացանավոր մարդու» գոյությունը դեռևս անհրաժեշտ է, չնայած լիարժեք զինված ուժերի առկայությանը։ Հայկական բանակի քաղաքական խնդիրներից մեկն էլ այն է, որ ազգային ինքնագիտակցությունից դուրս մղվի «պարտիզանական ազգի» բարդույթը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ