ԽԱՂԱՐԿՎԱԾ ԳԱՄԲԻՏ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Հմայակ Հովհաննիսյանն առաջինը բարձրաձայնեց հայտնի օլիգարխների և նրանց թիկնապահների գլխավորությամբ փողոցներ հանված ավազակախմբերի` արյունոտ այդ իրադարձություններում ունեցած վճռորոշ դերակատարության մասին։ Քաղաքագետի տեսակետը, իհարկե, բոլորը չէ, որ կիսեցին սկզբից ևեթ։ Այսօր թե՛ մեզանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պայմանավորվածությունը կլանա-օլիգարխիկ համակարգի պահպանման նպատակով որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Դրա վկայությունն է Սուրեն Հարությունյանի գրքից «Իրավունքը de facto»-ի ընթերցողներին թարգմանաբար ներկայացվող այն գլուխը (տե՛ս էջ 4), որը հատուկ նվիրված է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գնահատականին։
-Այո՛, իսկապես, դեռ 2008-ի հուլիսի 9-ին, երբ Հայաստանի քաղաքագետների միության վարչության նախաձեռնությամբ գործող «Մարտի 1-ի ողբերգության հանրային հետաքննության հիմնահարցը» կլոր սեղանի շրջանակներում ես խոսեցի հայրենական օլիգարխների և նրանց թիկնազորի չարանենգ դերակատարության մասին, «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակեց Վանո Սիրադեղյանի ձեռքի տակ ժամանակին ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող, իսկ ներկայումս իրավապաշտպան մի ընկերոջ մեկնաբանությունը։ Երկարաշունչ այդ մեկնաբանության ողջ իմաստը կարելի էր արտահայտել մեկ նախադասությամբ. դա Հմայակ Հովհաննիսյանի, այլ ոչ թե ժողովրդական շարժման տեսակետն է,- նշեց քաղաքագետը։- Կարծես ժողովրդական շարժումն առաջին հերթին նրանց շարժումը չէ, ովքեր 90-ականներից սկսած տառապել և առայսօր տառապում են իշխող թալանչիների կամայականություններից, այլ հին ՀՀՇ-ական նոմենկլատուրայի բացառիկ սեփականությունն է` իշխանության վերադառնալու հուսալի միջոց։
Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին, ապա նրանք նախապատրաստվում էին հարմար պահի շրջանառության մեջ դնել Մոսկվայից իբր հատուկ Երևան ժամանած ռուս «Ֆանտոմասի»` ոմն գեներալ Երյոմինի` մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և ուղղորդման ստահոդ վարկածը։ Հասկանալի է, որ դրա համար նպատակահարմար չէր սլաքն ուղղել ճիշտ հասցեով` հայրենական օլիգարխների ուղղությամբ, ովքեր առանց հատուկ առիթի կամ ինչ-որ երևակայական երյոմինների օգնության էլ երևանյան փողոցներում սիստեմատիկորեն և անպատիժ խոշտանգում ու գնդակահարում են մեր հայրենակիցներին։ Եթե «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության աշխատակիցներն օրերից մի օր Վանո Սիրադեղյանի «արշալույսգեյթյան» օրինակով հիշոցներ հնչեցնեն Քլինթոնի և նրա ազգականների հասցեին, այդքան մեծ վնաս չեն հասցնի ռադիոկայանը ֆինանսավորող ամերիկյան Կոնգրեսի հեղինակությանը, որքան այսօր հասցնում են այդպիսի «լրատվական քաղաքականությամբ»։ Այն կարծես հատուկ կոչված է կենդանի պահելու «քաղաքական նպատակահարմարությունը ճշմարտությունից վեր է» խորհրդային պրոպագանդայի հայտնի սկզբունքը։ Նրանք, ովքեր հրաժարվում են այդ սկզբունքին հետևելուց, ենթարկվում են լրատվական բոյկոտի` ամբողջատիրական պրոպագանդայի վատթարագույն ավանդույթների ոգով։
-Մեծ քաղաքականություն վերադառնալու սեփական մտադրություններն արձանագրող իր անդրանիկ ելույթում, որը նա հնչեցրեց 2007-ին` անկախության հերթական տարեդարձի առիթով, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե տնտեսական մենաշնորհներին տիրապետող մերօրյա մեծահարուստներին չի կարելի բնութագրել ռուսաստանյան քաղաքական բառապաշարից փոխառնված «օլիգարխներ» տերմինով, թե մեզանում օլիգարխներն իրականում ոչ այլ ոք են, եթե ոչ գործող մաֆիոզ համակարգի զոհերը, որ նրանք պատրաստ են ոչ թե կաշառքներ բաժանել չինովնիկներին, այլ օրինական եղանակով հարկեր վճարել պետությանը։
-Իսկ Դուք չգիտե՞ք, որ Հայաստանում օլիգարխները կարիք չունեն հարկերի վճարումից խույս տալու համար կաշառքներ բաժանելու չինովնիկներին. այս երկրում բոլոր բարձրագույն պետական պաշտոնները զբաղեցնում են կա՛մ օլիգարխներն անձամբ, կա՛մ էլ նրանց մերձավոր ազգականները` զավակները, ծնողները, խնամիները, փեսաները, եղբայրները, զարմիկները, աներները, քավորները, սանիկները։ Այնպես որ, հարկեր չվճարելու և պետական բյուջեն դատարկելու համար նրանք որևէ պրոբլեմ չունեն` պետության բյուջեն նրանց երկրորդ և ոչ ամենամեծ գրպանն է։
Չեմ կարծում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտեր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում օլիգարխները սեփական ձեռքերում կենտրոնացրել են ոչ միայն կարևորագույն տնտեսական, այլ նաև հանգուցային քաղաքական լծակները` անձամբ զբաղեցնելով ճյուղային նախարարների, մարզպետների, քաղաքապետերի, թաղապետերի, ինչպես նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների կարևորագույն քաղաքական պաշտոնները։ Լինելով խորագիտակ պատմաբան ու բանասեր` Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ «օլիգարխիա» տերմինը ո՛չ թե ռուսաստանյան ծագում ունի, այլ դեռ մեր թվարկությունից առաջ` հին Հունաստանում, նշանակել է տնտեսական և քաղաքական իշխանությունների այնպիսի սերտաճում, որի շնորհիվ միևնույն մարդկանց` օլիգարխների ձեռքում ամբողջապես կենտրոնանում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական իշխանությունը։ Այլ հարց է, որ ՀՀ առաջին նախագահը սեփական ծրագրերի իրականացման համար ցանկանում էր իր կողմը գրավել Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ոչ միայն տնտեսության, այլ նաև քաղաքականության մեջ ամենակարող դարձած փողատերերին։ Այդ իսկ պատճառով նա պետք է ինչ-որ ձևով հասկացներ, որ իշխանության վերադառնալու դեպքում թույլ չի տա սեփականության վերաբաժանում։
Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկը պարզ էր և հիմնվում էր հայտնի փաստի վրա. իրենց առաջին բախտորոշ միլիոններն այսօրվա օլիգարխները հաջողացրել են 90-ական թվականներին` իր նախագահության օրոք, կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ էր, որ պատերազմի և տնտեսական ճգնաժամի թոհ ու բոհի մեջ ստեղծվել էին ակնհայտորեն անհավասար պայմաններ. ժողովրդի ճնշող մեծամասնությունն ամեն ինչ արեց հանուն հաղթանակի, իսկ մի քանի ճարպիկներ այդ ընթացքում ցինիկաբար յուրացրին ազգային հարստությունները` կանխորոշելով ինչպես այսօրվա Հայաստանի բնույթը, այնպես էլ երկրում սեփական կլանա-օլիգարխիկ տիրապետության հաստատումը։
Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին հակադրվում էր նորաթուխ մեծահարուստների ներխուժմանը քաղաքական ասպարեզ, փորձում էր ինչ-որ չափով զսպել նրանց արթնացող քաղաքական հավակնությունները։ Դրա ապացույցն է թեկուզ այն փաստը, որ 1995-ի խորհրդարանական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանին և Վանո Սիրադեղյանին մոտ կանգնած Խաչատուր Սուքիասյանի մտքով անգամ չէր անցնում զուգորդել խոշորագույն ձեռնարկատերի իր գործունեությունը խորհրդարանական կամ ինչ-որ այլ կարգի քաղաքական դերակատարության հետ։ Այն ժամանակ ո՛չ միայն Խաչատուր Սուքիասյանի, այլև մեծահարուստներից և ոչ մեկի մտքով չէր անցնում փողը կուսակցական դաշտի վերաձևման միջոց դարձնելու անպատկառ գործելակերպը, քանզի երկրի ղեկավարը դա չէր խրախուսում, հիմնականում գիտակցում էր տնտեսական կարողությունների և քաղաքական իշխանության սերտաճման վտանգավորությունը։
Այս հանգամանքն արդեն մեր օրերում ունեցավ իր վճռորոշ նշանակությունն այն առումով, որ օլիգարխներին սիրաշահելու և իր կողմը գրավելու Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված էին։ Փողը քաղաքական հեգեմոնիայի լծակ դարձրած, հասարակությունը սեփական բռում սեղմած օլիգարխները, որքան էլ հոգու խորքում շնորհակալ են իրենց տատմորը, նրա գիրկը վերադառնալու և նորից քչով բավարարվելու, սեփական կլանա-օլիգարխիկ ախորժակը չափավորելու ցանկություն չունեն։ Մենք դեռ ականատես ենք դառնալու հայտնի օլիգարխների առաջնորդությամբ նորանոր քվազիքաղաքական կուսակցությունների ստեղծման տխուր տեսարաններին, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկավարը խրախուսում է քաղաքական գործունեության իմաստազրկման այս կործանարար գործընթացը, վճռական քայլեր չի ձեռնարկում կլանա-օլիգարխիկ հրեշի վնասազերծման ուղղությամբ։
-Դուք չե՞ք գերագնահատում առաջին դեմքի հնարավորություններն այն դեպքում, երբ արդեն ձևավորվել է արատավոր համակարգ, որն ունի մեծ իներցիոն ուժ և վերարտադրվելու ունակություն։
-Իր էությամբ օլիգարխիան հակահասարակական և հակապետական ուժ է, որը ձգտում է պետությունը դարձնել խամաճիկ` լիովին ենթարկելով սեփական տիրապետությանը։ Այդ նպատակին հասնելու համար օլիգարխիան օբյեկտիվորեն շահագրգռված է պետության ու հասարակության միջև ավելի շեշտակի խզում, իսկ հնարավորության դեպքում` անընդհատ խորացող անդունդ առաջացնելու մեջ։ Միայն այդ դեպքում, երբ ժողովուրդը լցվում է ատելությամբ և վերջնականապես երես է թեքում պետության ղեկավարից, օլիգարխիան կարող է հասնել իր բաղձալի նպատակին` դառնալով պետության առաջնորդի միակ ռեալ հենարանը, նրա իշխանության պահպանման միակ երաշխավորը։ Եվ, ընդհակառակը, եթե պետության ու հասարակության միջև առաջանում է փոխվստահություն, եթե պետության ղեկավարը կարողանում է ձևավորել հասարակության համակրանքը վայելող քաղաքական թիմ, օլիգարխիան, ինչպես սառույցն արևի շողերից, հետզհետե հալվում է։ Խորացնելով այս անալոգիան, պետք է ասեմ, որ, ինչպես սառույցն է արևի շողերի տակ նորից վերածվում ջրի, այնպես էլ օլիգարխիան «հալվելով», ի վերջո, կարող է վերադառնալ զուտ տնտեսական գործոնի իր սկզբնական կարգավիճակին` հրաժարվելով քաղաքական հավակնություններից և, ըստ էության, դադարելով օլիգարխիա լինելուց։
Վերոշարադրյալի տեսանկյունից է անհրաժեշտ գնահատել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների շարժառիթները։ Հետընտրական զարգացումները Հայաստանում ավելի բարդ չէին, քան մինչ այդ Վրաստանում կամ մեր ընտրություններից մեկ տարի անց Մոլդովայում էին։ Ինչպես ցույց տվեց հանրային հետաքննությունը, Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններն առ այն, որ ցուցարարները դրսևորում էին չափն անցնող ագրեսիվություն, քաղաքացիների թիկունքի հետևից կրակում էին ոստիկանական ուժերի վրա, ծայրից ծայր մերկապարանոց էին։ Այսինքն` մարդկանց սպանությունները որևէ հիմնավորում, իրավիճակից բխող որևէ արդարացում չունեն։ Արդարացում չուներ նաև մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների դեմ կազմակերպված վայրագ ուժային գործողությունը։ Եթե հաշվի առնենք, որ այդ ուժային գործողությունը ղեկավարում էր անձամբ Ռ. Քոչարյանի թիկնազորի պետը, և այն կազմակերպվեց ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում ցույցը շարունակող մարդկանց հրապարակայնորեն անվանեց «քույրեր և եղբայրներ», ապա «քույրերի ու եղբայրների» ծեծ ու ջարդի պատկերը ձեռք է բերում հիրավի տրագիկագրոտեսկային իմաստ։
Ինչո՞ւ և ո՞ւմ գերագույն հրամանով էին ոստիկանական ուժերը մարդկանց ծեծելով հետապնդում օպերայի հրապարակից մինչև փակ շուկային հարող տարածքներ։ Կարծես նպատակը ոչ թե մարդկանց տուն ուղարկելն էր, այլ նորաթուխ նախագահի դեմ քաղաքացիների ատելությունը բազմապատկելն ու նրանց հավասարակշռությունից վերջնականապես հանելը։ Սա ի՞նչ էր` կենդանական սադիզմի տարերային դրսևորո՞ւմ, թե՞ հեռահար քաղաքական նպատակներով հաշվարկված գործողությունների սցենար։
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին հզորացած և այսօր նրա ստվերային իշխանության հենասյունը հանդիսացող հայրենական օլիգարխիայի դերակատարության ամրապնդումը հետմարտիմեկյան ժամանակաշրջանում տալիս է այս հարցերի ճշգրիտ պատասխանը։ Արյունալի գամբիտի խաղարկումն այս անգամ չհաջողվեց կասեցնել և ոչ մեկին։ Արդյունքում Սերժ Սարգսյանի երդմնակալությունն անցավ ոստիկանության ստվար շարքերի հետևում և համընդհանուր սգո արարողությունների ձայնակցությամբ։
-Դուք համաձա՞յն եք Սուրեն Հարությունյանի այն դիտարկմանը, թե «նորագույն հայոց պատմության մեջ «քոչարյանական» ժամանակաշրջանը չի ավարտվել, և այդ ժամանակաշրջանի լաբիրինթոսից դուրս պրծնելու համար դեռ մեծ ճիգեր կպահանջվեն»։
-Ես չեմ տրվում Ռոբերտ Քոչարյան կերպարի դիվայնացման գայթակղությանը։ Չնայած նրա նախագահության առաջին տարվա ավարտը նշանավորվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, իսկ վերջին տարին` մարտի 1-ի ողբերգական իրադարձություններով, Ռ. Քոչարյանին ներկայացնել Մինոտավրոսի կերպարով, իսկ մեզ` նրան երիտասարդ կյանքեր զոհաբերելու պարտավորություն ստանձնած Հին Աթենքի քաղաքացիների դերում, կնշանակի զգացմունքային շղարշով պարուրել հարցի էությունը։ Իսկ հարցը շատ ավելի խոր է և վերաբերում է պետական անվտանգության առանցքը կազմող իշխանության ժառանգորդության ավանդույթի ձևավորման անհրաժեշտությանը։
Համարյա 700 տարիների ընթացքում զրկված լինելով պետականությունից` հայ ժողովուրդը կորցրել է նաև ազգային պետության կենսագործունեության ապահովման ավանդույթները և այսօր պետք է դրանք կերտի «մաքուր էջից»։ Այստեղ է, որ մենք իրավունք չունենք, տուրք տալով տարբեր կարգի ազատականներին, հույս դնել «ժողովրդավարական տարերայնության» վրա։ Միայն կրթված, բանիմաց, խելացի և ազնիվ քաղաքական վերնախավը, որը հանդես կգա արյունարբու կլանա-օլիգարխիկ համակարգի իրական հակոտնյայի դերում, կարող է ձևավորել պետական իշխանության ժառանգականության այն որակը, որը կապահովի երկրի անցնցում և վերընթաց զարգացումը։
Այն մարդկանց, ովքեր կփորձեն ինձ մեղադրել ժողովրդավարական չափանիշների սահմանափակման հաշվին պետության կառավարման գործում մասնագիտական գիտելիքների և ունակությունների շեշտադրման մեջ, խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր ուսումնասիրել ժամանակակից զարգացած ժողովրդավարական պետությունների փորձը։ Օրինակ` ժողովրդավարության փարոս համարվող ԱՄՆ-ում սկզբում ոչ թե ժողովուրդը, այլ հենց քաղաքական վերնախավը, որը բաժանված է երկու կուսակցությունների միջև, ձևակերպում է անհրաժեշտ երկընտրանք` ժողովրդի առջև դնում է քաղաքագիտական լրջությամբ և պատասխանատվությամբ մշակված երկու նախագծեր ու դրանք ներկայացնող անձերի թեկնածություններ, իսկ ժողովրդին ընդամենը մնում է այդ երկուսից ընտրել մեկը։ Այսինքն` ժողովրդի «ազատ ու ժողովրդավարական ընտրությունը», ի վերջո, հանգում է այդ «կամ-կամ»-ով սահմանափակված ընտրությանը։ Քաղաքացիները դրանից միանգամայն գոհ են, քանզի գիտեն, որ իրենց վստահությունը վայելող քաղաքական վերնախավը պատվով է կատարել իր առաքելությունը. ձևակերպելով երկընտրանք, ժողովրդի համար հեշտացրել է գիտակցված ընտրություն կատարելու գործը։
Հիմա հարց է առաջանում. մեզանում հնարավո՞ր է գոնե տեսանելի ապագայում ձևավորել այդպիսի քաղաքական վերնախավ։ Այս հարցի պատասխանից է կախված մեր պետության լինել կամ չլինելը։ Եվ այդ հարցի արդյունավետ լուծման ճանապարհին կլանա-օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը միանգամայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է։ Հընթացս անհրաժեշտ է բարձր մտավոր կարողություններով օժտված և ազնիվ անհատականություններից ձևավորել վարչական աստղաբույլ` պետության ապագան երաշխավորող պատասխանատու քաղաքական վերնախավ։
Այդ նպատակի իրականացման ճանապարհին հասարակության առջև անհաղթահարելի պատնեշի նման միշտ ծառանալու է նախկին նախագահների և նրանց «նոմենկլատուրային ոհմակների» չեզոքացման խնդիրը։ Այսօր դրանք երկուսն են, վաղը հասարակությունը ստիպված է լինելու միաժամանակ զսպել երեքի, չորսի, գուցե նույնիսկ հինգի ախորժակները։ «Սյուզերենների» վերակենդանացման հնարավորությունը մշտապես առաջ է բերելու նրանց «նոմենկլատուրային ոհմակների» կտրուկ ակտիվացում։ Մյուս կողմից, իշխանությունից հեռանալուց հետո, նախագահի պաշտոնը նորից ձեռք գցելու հնարավորությունը միշտ գայթակղելու է գործող նախագահին պաշտոնավարության ավարտական փուլում հատուկ միջոցներ ձեռնարկելու` իր իրավահաջորդին թուլացնելու, «անգլիական թագուհի» դարձնելու, իշխանության բուրգն ու քաղաքական դաշտը սեփական անխորտակելի կադրերով ականապատելու, դրա համար մարտի 1-ի իրադարձությունների նման արյունահեղություններ կազմակերպելու նպատակով։
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի հիմնադիր այրերը պետական համակարգի հիմքում դրել են կարևորագույն ազգային քաղաքական ավանդույթ դարձած հետևյալ նորմը. ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընտրվել երկրի նախագահ մեկ կամ երկու քառամյա ժամկետով, սակայն պաշտոնավարությունից հետո այլևս չունի նախագահի պաշտոնին վերադառնալու և ոչ մի հնարավորություն։ ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ ամրագրված այս քաղաքական ավանդույթը երաշխավորում է երկրի վերընթաց զարգացումը, քանզի յուրաքանչյուր նախագահ իր պաշտոնավարության չորս կամ ութ անընդմեջ տարիների ընթացքում ունի սեփական բոլոր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հնարավորություն։ Այս ազգօգուտ պրակտիկայի շնորհիվ ամերիկյան հասարակությունն ապահովագրված է «նորից փորձեմ» արատավոր կարգախոսով կրկնվող «դեժավյուներին» դիմակայելու տխուր ճակատագրից և արդարացիորեն համարվում է արդյունավետ սոցիալական նորարարությունների համաշխարհային լաբորատորիա։
Այսօր, երբ Հայաստանի գործող ղեկավարն ավարտել է իր նախագահության ընդամենը մեկ տարին, ճիշտ ժամանակն է նրա առջև դնելու սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնման միջոցով մեր քաղաքական համակարգում համապատասխան նորմի ներդրման խնդիրը։ Այդ նորմը պետք է սահմանափակի նախագահի պաշտոնավարությունը հինգ կամ երկրորդ անգամ ընտրվելու դեպքում անընդմեջ տասը տարիներով։ Եթե գործող նախագահը երկրորդ անգամ չընտրվի, ինչպես նաև նախագահության իր երկրորդ ժամկետի ավարտից հետո, նա այլևս երբեք նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չպետք է ունենա։ Ինչպես ցույց է տալիս Հայաստանի այսօրվա վիճակը, այս սահմանադրական բարեփոխումը մեզանում այլընտրանք չունի: Լ. Տեր-Պետրոսյանը հեռացավ` անիծելով իր իրավահաջորդներին և խոստանալով «ժողովրդի խնդրանքով» վերադառնալ: Ռ. Քոչարյանը, նախօրոք հայտարարելով ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակից խուսափելու իր վճռականության մասին, իրավահաջորդին մինչև ականջները թաթախեց քաղաքացիների արյան մեջ։ Սերժ Սարգսյանը չորս կամ ինը տարի անց նույնպես տրվելու է հեռանալուց հետո ամեն գնով վերադառնալու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու` իր իրավահաջորդին «կաղացող բադիկ» դարձնելու գայթակղությանը։
Իհարկե, մի գեղեցիկ օր այս «դեժավյուների» շարքը կավարտվի, քանզի դրանք անընդհատ հեղինակազրկելու և թուլացնելու են պետության հիմքը հանդիսացող իշխանության նախագահական ինստիտուտը, մսխելու են ազգային պետականության ներուժը, որն արդեն առաջիկա տարիներին կարող է վերջնականապես սպառվել։ Մենք իրավունք ունե՞նք, անհրաժեշտ քայլեր չձեռնարկելով, սպասելու մեր ժողովրդի համար ողբերգական և ստեղծված պայմաններում անխուսափելի այդ վերջաբանին։ Եթե այդ իրավունքը չունենք, ուրեմն, ես պարտավոր եմ ձեր թերթի միջոցով հրապարակայնորեն դիմել Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` հորդորելով ամենայն լրջությամբ քննարկել իմ առաջարկությունը, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` այն անհապաղ կյանքի կոչելու ուղղությամբ։
Զրույցը` Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ