Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան

Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան
01.07.2024 | 11:10

Կարեն Գևորգյան. ՀՀ ՆԳՆ ոստիակնության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Էլեկտրոնային փոստ՝ kumayri@police.am
Հեռախոս հերթապահ մաս +374-312-4-80-20, +374-312-4-80-22
Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի, Ղորղանյան 91/1

ՆԳՆ ոստիակնության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գևորգյանը 17.11.2023 թվականին` ժամը 11:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել, որն արձանագրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը: Քննիչը հաղորդմանն ընթացք է տվել` նախաձեռնելով քրեական վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանն ադ հաղորդմանը տվել է 18-0408-23 սերիական համարը (հետագայում՝ թիվ 18-0408-23 քրեական վարույթը,օրենքի կոպիտ խախտումով, միացվել է թիվ 18-0338-23 քրեական վարույթին. քրեական վարույթը այժմ քննվում է այլ քննչական բաժնում) և նշել է հանցանքի կատարման ամսաթիվը` 01.05.2023 թ՝ ժամը 13:00: Այս ամսաթիվը հուշագրավ է այնքանով, որ չի համընկնում դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման մեջ նշված ամսաթվին:

Պատկերացնելու համար, թե ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանը ինչ կարգի և որակի գործ է տվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությանը, մեջբերում եմ Հաղորդման տեքստից . «Լիլիթ Աղեկյանին ճանաչում եմ աշխատանքային բերումով, նրա հետ անձնական կամ այլ հարաբերություններ չունեմ, ցանկանում եմ նշել, որ վերջինս 2023 թ. մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 22 դիմումներ է ներկայացրել թիվ 32 հիմնական դպրոցի տնօրենի (…) անօրինական գործունեության հետ կապված: (…) Բաժնում ծառայողների կողմից իրականացված ՕՀՄ-ի և ստուգողական գործողությունների արդյունքում, որևէ տվյալ ձեռք չի բերվել հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ: Դիմումների ընթացքի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Աղեկյանին և սահմանված կարգով այն չի բողոքարկել, այլ իր անհամաձայնություններն է հայտնել «FACEBOOK» սոցիալական ցանքի ՝ «Llilit Aghekyan» կայքերում տեղադրված (ուղիղ եթերներում) և գրավոր հրապարակումներում (…):

Որպես ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի, իմ հասցեին վիրավորական, արատավորող և իմ իրավունքներին վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել, ինչի արդյունքում վնաս է պատճառվել իմ պատվին և բարի համբավին, ինչը խոչընդոտում է իմ գործունեությանը և այս ամբողջը վկայում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի ենթադրյալ առկայության մասին: ՈՒստի, խնդրում եմ նախաձեռնել քրեական վարույթ և Լ.Աղեկյանին ենթարկել քրեական պատասխանատվության»:

Այս հաղորդման մասին գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը տեղեկացել է 27.06.2024 թվականին, երբ առաջին անգամ ծանուցվել է, որ հրավիրվում է որպես մեղադրյալ` հարցաքննության: Նրան հարցաքննության հրավիրող քննիչը, որը, ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Արման Մինասյանն է, այնքան է շտապել, որ կազմել է թերի` օրենքի պահանջների խախտումով, ծանուցագիր: Դեռ ավելին, թերի, օրենքի խախտումով կազմված ծանուցագիրը ոստիկանները Լիլիթ Աղեկյանին են փոխանցել՝ գնալով նրա բնակարան՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ 27.06.2024 թ.՝ ժամը 17:00-ին, պարտավոր է ներկայանալ հարցաքննության: Ենթադրվում է, որ այդ կերպ ցանկացել են ահաբեկել Աղեկյանին և նրա մայրիկին: Լիլիթ Աղեկյանը հեռախոսակապ է հաստատել քննիչի հետ` հայտնելով, որ իրեն անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նա կարողանա գալ պահանջված վայր իր փաստաբանի հետ: Սակայն քննիչը նրան հայտնել է, որ այդ դեպքում նրան բերման կենթարկեն ոստիկանները: Այս ծանուցագրի հիման վրա ես՝ որպես նրա պաշտպան, ընդմիջելով իմ գործերը գնացել եմ Գյումրի քաղաքում տեղակայված ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակի մարզի քննչական բաժին՝ մասնակցելու Լիլիթ Աղեկյանի հարցաքննությանը:

Տեղում ծանոթանալով արագ ու անորակ, քաղաքական պատվերի հոտով կարված քրեական վարույթի նյութերին, պարզվեց, որ Լիլիթ Աղեկյանի «FACEBOOK» սոցիալական ցանքի «Llilit Aghekyan» էջը տարիներ շարունակ ոստիկանության կողմից գտնվում է մշտադիտարկման ներքո և այդ մշտադիտարկման արդյունքում ոստիկանները երկարատև ինչ-որ պեղումներ են իրականացրել և հայտնաբերել են Լիլիթ Աղեկյանին մեղսագրվող ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքներ: Դրանց ընթացք է տրվել ՀՀ քննչական կոմիտեի մի բաժնում՝ Շիրակի մարզային քննչական վարչություն, սակայն, անհայտ պատճառներով և անհայտ միջոցով, օրենքի կոպիտ խախտմամբ, դրանք ամբարվել են մեկ այլ՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակ քննչական բաժնում:

Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակի քննչական բաժնում ամբարված քրեական գործի նյութերի մասին շտապ հիշելու և դրանք առաջ տալու անհրաժեշտությունն առաջացել ամբարումից շուրջ 8 ամիս անց:

Ըստ Գյումրիում շրջանարվող լուրերի, Շիրակի մարզպետարանում` 26.06.2024 թվականին, տեղի է ունեցել հավաք-քննարկում Լիլիթ Աղեկյանին լռեցնելու հարցով: Տարածված լուրի իսկությունը, ամբարված նյութի հիման վրա, արտացոլվել է Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալ Մ. Մարտիրոսյանի՝ 26.06.2024 թվականի՝ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշմամբ: Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալն իր բուն ծառայողական պարտականություններն ու առաքելությունը թողած՝ զբաղվելով Լիլիթ Աղեկյանի գործով, կատարել է մեծ հայտնագործություն: Նա պարզել է, որ Լիլիթ Աղեկյանը 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հրապարակել է Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանի, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի, նույն վարչության ՀԿԳ քննիչներ Լուսինե Համբարձումյանի, Վիրաբ Սաֆարյանի, քննիչ Ռիմա Դավթյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի, նույն վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետ Կարեն Գևորգյանի, նույն բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ օպեր լիազոր Սևակ Սարգսյանի և նույն բաժանմունքի ավագ տեսուչ Լիաննա Խաչատրյանի մասին արատավորող և նրանց իրավունքներին և օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ: Բայց թե ինչու՞ է Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալին անհրաժեշտ եղել Լիլիթ Աղեկյանի ֆեյբուքյան հրապարակումներին անդրադառնալ նյութերը ոչ իրավաչափ եղանակով ամբարելուց շուրջ 8 ամիս անց, պարզ չէ:

Պարզ չէ նաև, թե որն է եղել դրանց անդրադառնալու դրդապատճառը, ինչու՞ է պարտադրվել հրատապորեն՝ Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալի նախաձեռնությամբ, ոչ թե քննիչի միջնորդության հիման վրա, լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնել:

Դատախազը անտեսել է նաև քննիչի՝ իր ձեռքի տակ առկա դիրքորոշումը, որում նշված է՝ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ ստացված նյութերում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշ, այսինքն` չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխան նախնական իրավական գնահատական:

Համադրելով փաստերը, վստահ կարող ենք պնդել, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված, ոչ իրավաչափ և ոչ համաչափ քրեական, բայց քաղաքական հետապնդում:

Իհարկե, քաղաքական այս հետապնդման պատվիրատուները և կատարողները կանչվելու են պատասխանատվության: Բայց մինչ այդ, մենք ունենք իրավունք իրավաչափ հրապարակային հարցապնդում անել գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյանին.

Հարգելի պարոն Գևորգյան,

Դուք իրավազոր չեք եղել և չեք բացահայտելու Գյումրի 32 դպրոցում տարիներ շարունակ կատարված ապօրինությունները:

Դուք դա ընդունել եք:

Բայց Լիլիթ Աղեկյանը, առանց լծակներ ունենալու՝ իր կամային և մասնագիտական հատկանիշների շնորհիվ բացահայտել է, կանխել է Գյումրու 32 դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարումը:

Դուք Ձեր հաղորդման մեջ գրել եք, որ Լիլիթ Աղեկյանը վնաս է պատճառել Ձեր պատվին և բարի համբավին, ինչը խոչընդոտում է Ձեր գործունեությանը: Չեք մանարամասնել, թե ի՞նչ վնասներ եք կրել, ո՞րն է Ձեզ պատճառված վնասի էությունը և չափը:

Հետևաբար, պետք է բացատրեք, օրինակ, թե ինչպե՞ս և ի՞նչ վնաս է Ձեզ պատճառել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը՝ Ձեր փոխարեն և Ձեր տեղը, Ձեր աշխատանքային պարտականությունները, Ձեր գործը կատարելով: Միգուցե Ձեր պատիվը և բարի համբավը արատավորվել է, երբ Ձեր փոխարեն Լիլիթ Աղեկյա՞նն է բացահայտել այն փաստը, որ Գյումրու 32 դպրոցի տնօրենի գործավարը, չունենալով համապատասխան իրավունք և կրթություն, դպրոցում դասավանդել է աշխարագրություն, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստվածություն և դասղեկական առարկաները:

Ընդ որում, Լիլիթ Աղեկյանը քրեորեն պատժելի այդ և մի շարք այլ օրինախախտումները բացահայտել է՝ չունենալով օպերատիվ-հետախուզական ծառայություն: Հնարավոր է, որ Ձեր պատիվը և բարի համբավը արատավորվել է այն փաստից, որ Լիլիթ Աղեկյանը թույլ չի տվել քրեական անցյալով (պաշտոնեական կեղծիք և խոշոր չափերի հափշտակություն) ծանրաբեռնված անձին շարունակելու պաշտոնավարել Գյումրու 32 դպրոցի տնօրենի պաշտոնում:

Պարոն Կարեն Գևորգյան, խորհուրդ ենք տալիս Ձեզ պատրաստվել, քանի որ շուտով հանդիպելու ենք հակընդդեմ հարցման քննչական գործողությունների ժամանակ: Իմ վստահորդ Լիլիթ Աղեկյանը Ձեզ մի շարք հարցեր է հղելու՝ կապված գործ տալու, Ձեր պատվի և բարի համբավի, Ձեր գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ: Բարով մնացեք, մինչ հանդիպում…

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Լիլիթ Աղեկյանի պաշտպան

29 հունիս, 2024 թվական

Դիտվել է՝ 3652

Մեկնաբանություններ