ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-3

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-3
30.09.2024 | 08:01

(սկիզբը` այստեղ)

Երեկ՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան, Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Լիբանանյան «Հըզբոլահ» շիա խմբավորման առաջնորդ Հասան Նասրալային: «Հըզբոլահ»- ն համարվում է կամ գուցե արդեն պետք է ասել՝ համարվում էր արաբների իրավունքների համար հրեական պետության դեմ հանդես եկող և Իրանի կողմից հաճախ նշվող դիմադրության շարժման առանցքային ուժը:

Իսրայելական ավիացիան Նասրալային ոչնչացնելու նպատակով, իրանամետ խմբավորման առաջնորդի ստորգետնյա կենտրոնական շտաբի վրա ավելի քան 80 ռումբ է նետել, որոնցից յուրաքանչյուրը կշռել է 1 տոննա: Ինչպես հաղորդել է «Ynet»- ը, դրանց թվում եղել են նաև հակաբունկերային ռումբեր: «Al Jazeera»- ն, վկայակոչելով իսրայելցի զինվորականներին, գրել է, որ կիրառվել է մոտ 85 ռումբ։

Գործողությունը գլխավորել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 69- րդ էսկադրիլիան F-15I կործանիչ- ռմբակոծիչներով։ Նասրալայի ոչնչացման մասին հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ), որն իրականում ոչ թե պաշտպանության բանակ է, այլ հարձակողական գործողություններ ու նույնիսկ պետական ահաբեկչություն իրականացնող աշխարհի ամենաագրեսիվ բանակներից մեկը, հրապարակել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարի և 69- րդ էսկադրիլիայի հրամանատարի բանակցությունների ձայնագրությունը։

Գեներալը շնորհավորել է օդաչուներին հարձակումներից հետո հնարավոր հաղթանակի կապակցությամբ։ Ի պատասխան, էսկադրիլիայի հրամանատարն ասել է. «Մենք կհասնենք ցանկացած մեկին և ցանկացած տեղ, և ամեն ինչ կանենք, որպեսզի պատանդներին և Հյուսիսի բնակիչներին տուն վերադարձնենք»:

Հարվածը հասցվել Է խմբավորման ստորգետնյա կենտրոնական շտաբին, որը գտնվում է Բեյրութում բնակելի շենքի տակ։ Տվյալ շենքը և հարակից բարձրահարկերից ևս երեքն ամբողջությամբ փլվել, հիմնահատակ ավերվել են: ՑԱՀԱԼ- ում նշել են, որ հարվածներից առաջ կապվել են Բեյրութի արվարձանում գտնվող երեք շենքերի բնակիչների հետ ու կոչ արել տարհանվել, քանի որ այդ շենքերը գտնվել են «Հըզբոլահ»- ի ռազմավարական օբյեկտների անմիջապես վերևում:

Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հայտնել է հականավային հրթիռներով «Հըզբոլահ»- ի ստորգետնյա պահեստներին հարվածելու մասին, որոնք գտնվում էին Բեյրութի Դահիե արվարձանի վեց շենքերի տակ: Ըստ իսրայելցի զինվորականների տվյալների, այդ հրթիռների հեռահարությունը հասել է հարյուրավոր կիլոմետրերի։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27- ի երեկոյից մինչև այսօր Երևանի ժամանակով ժամը 14: 00- ն իսրայելական ուժերը հարձակվել են լիբանանյան խմբավորման ավելի քան 140 օբյեկտների վրա, ներառյալ՝ հրթիռների արձակման կայանքները:

ՑԱՀԱԼ- ի հավաստմամբ, Բեյրութին հարվածելիս սպանվել է նաև «Հըզբոլահ»- ի Հարավային հրամանատարության ղեկավար Ալի Քարակին: «Channel 12»- ը հաղորդել Է, որ մահացել է նաև Նասրալայի դուստրը՝ Զեյնաբը։ Իրանական «Մեհր» գործակալությունը հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ- մայոր Աբբաս Նիլֆորուշանի մահվան մասին, որի անունը ՑԱՀԱԼ- ի ամփոփագրում նշված չէ:

«Հըզբոլահը» հաստատել է իր առաջնորդի մահը՝ խոստանալով «շարունակել ջիհադը»՝ ի աջակցություն Գազայի հատվածի, Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի: Իրենց ցավակցություններն են հայտնել, մասնավորապես, Իրանը, պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը, Իրաքը եռօրյա սուգ է հայտարարել: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «դիմադրության բոլոր ուժերն» աջակցում են «Հըզբոլահ»- ին և հենց նրանք են որոշելու տարածաշրջանի ճակատագիրը:

«Reuters»- ը հայտնել է, որ Նասրալայի մահվան մասին լուրից հետո Խամենեին, որը համարվում է «Հըզբոլահ»- ի համար բարձրագույն ատյանը, տեղափոխվել է անվտանգ վայր: Ըստ РБК- ի, Խամենեին խոստացել է, որ Լիբանանը կստիպի Իսրայելին զղջալ իր արածի համար:

Նասրալլան 64 տարեկան էր։ Կյանքի ուղիղ կեսը նա ղեկավարել է «Հըզբոլահը»՝ խմբավորումը գլխավորելով 1992 թվականից, երբ իսրայելական բանակը Լիբանանի հարավային մասում ոչնչացրեց խմբավորման նախորդ առաջնորդ Աբբաս ալ Մուսավիին: Վերջինս զոհվել է իրեն տեղափոխող ավտոմեքենային և ողջ ավտոշարասյանն Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների հասցրած հրթիռային հարվածի հետևանքով։

Թեև համարվում է, որ «Հըզբոլահ»- ի ներկայիս առաջնորդի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված էին ուժեղացված միջոցառումներ, սակայն դա առնվազն պետք է նշանակեր, որ Նասրալան ընդհանրապես չպետք է լիներ խմբավորման գլխավոր շտաբում, որի տեղն Իսրայելին վաղուց հայտնի էր: Հասկանալի է «Հըզբոլահ»- ի առաջնորդը և նրա անվտանգության պատասխանատուներն իրենց հույսը դրել էին ստորգետնյա բունկերի ամրության և այն հանգամանքի վրա, որ բունկերը բարձրահարկ շենքի տակ է, թերագնահատելով, սակայն, թիրախի վրա միանգամից մի քանի տասնյակ ռումբեր նետելու թշնամու հնարավորությունը, ինչպես նաև հակաբունկերային ռումբեր ունենալու հանգամանքը:

Բացի վերոնշյալից, հնարավոր է, որ հիմնովին ավերված բարձրահարկերից յուրաքանչյուրի տակ միմյանց ստորգետնյա թունելներով կապված բունկերներ են եղել, և Նասրալան հաճախակի փոխել է իր տեղը, որպեսզի թշնամին չիմանա, թե որոշակի որ պահին դրանցից որում է գտնվում, սակայն հաշվի չի առնվել, որ Իսրայելի ՌՕՈւ- ն կարող է դրանք միաժամանակ ավերել:

Ինչևէ, կատարվածն արդեն կատարված է, և 4 օր առաջ հոդվածաշարի նախորդած մասում մեր այն կանխատեսումը, որ Իսրայելի մեկը մյուսին հաջորդող ավիահարվածների հետևանքով «Հըզբոլահ»- ն, ի վերջո, կարող է գրեթե ամբողջությամբ կորցնել է իր ռազմական ներուժը և ղեկավարներին, հրամանատարներին, աստիճանաբար դառնում է իրականություն:

Իրադարձությունների ներկայիս ընթացքը հուշում է, որ Իսրայելը շարունակելու է իր ավիահարվածները խմբավորմանը, հատկապես, զինապահեստներին և հրամանատարական կազմին, հետևաբար ոչ հեռավոր ապագայում «Հըզբոլահ»- ն Լիբանանում կդադարի գոյություն ունենալ: Եթե ողջախոհությունը «Հըզբոլահ»- ի ղեկավար կազմի դեռ ողջ մնացած անդամներին, հրամանատարներին չի լքել, ապա գոնե հիմա իրենց հրթիռներից դեռ չոչնչացվածները պետք է միանգամից արձակեն իսրայելական համապատասխան թիրախների ուղղությամբ, քանի դեռ դրա հնարավորությունն ունեն…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ