ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություննե՞ր

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություննե՞ր
17.08.2022 | 07:27

Միայն 2022 թվականի կտրվածքով ռումբերի տեղադրման վերաբերյալ արձանագրվել է առնվազն 11 ահազանգ: Մասնավորապես` Լևոն Տեր Պետրոսյանի կեցավայր (22.07, 14.08), մետրոպոլիտեն (20.06, 02.08, 14.08), «Զվարթնոց» օդանավակայան (17.03, 08.04, 21.04, 18.05, 08.06, 14.08):


Ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որի նախաքննության կատարումը վերապահված է եղել քննչական կոմիտեին և ԱԱԾ քննչական դեպարտամենտին:
Նման ահազանգեր եղել են նաև նախկին տարիներին: Յուրաքանչյուր դեպքում ԱԱԾ-ն իր ողջ ներուժով և միջոցներով ձեռնամուխ է եղել դրանց հեղինակներին ու կատարման դրդապատճառները պարզելուն:


Կարող ենք փաստել, որ այդ ահազանգերն ամբողջապես եղել են սուտ, չի եղել գեթ մեկ դեպք, որ հաստատվի ռումբի առկայությունը: Դրանք կատարվել են տարբեր դրդապատճառներով: Մասնավորապես կատարողները խնդիրներ են ունեցել բանկերի, օդանավակայանի, տարբեր առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկությունների կամ անձանց հետ ու այդ կերպ վրեժխնդիր եղել: Տեղի են ունեցել նաև դեպքեր, երբ զանգերի հեղինակները գործել են խուլիգանական դրդումներով, եղել են դեռահասներ, կամ անմեղսունակներ: Ունեցել ենք զանգեր, որոնք կատարվել են արտասահմանից, քողարկված աղբյուրից, որոնք նույնպես եղել են կենցաղային կամ խուլիգանական բնույթի:


Հայաստանում կատարված զանգերի պարագայում ԱԱԾ-ի ու ոստիկանության ջանքերով գրեթե հարյուր տոկոսով բացահայտվում էին նման դեպքերը, դրանց հեղինակները ենթարկվում էին քրեական պատասխանատվության: Անմիջապես հանրայնացվում էր տեղի ունեցածը, բացահայտված անձը, որպեսզի քաղաքացիները գիտակցեին արարքի հասարակական վտանգավորությունը, բացահայտման ու պատժի անխուսափելիությունը:
Այսօր իրավիճակն այլ է: Նման հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ բացահայտվելու դեպքում բավարար չափով չեն հանրայնացվում, ինչն արդարացիորեն առիթ է տալիս շահարկումների, խուճապային տրամադրությունների, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման:
Խուճապային տրամադրությունները կանխելու համար ևս մեկ անգամ փաստում ենք, որ այս տարիների ընթացքում ռումբերի տեղադրման մասին հնչեցված տեղեկությունները եղել են սուտ, երբեք չեն հաստատվել, հիմնականում ունեցել են կենցաղային դրդապատճառներ:
Իրավապահ մարմիններն, այդ թվում ԱԱԾ-ն պարտավոր են սպառիչ տեղեկատվություն տրամադրել հանրությանն այն մասին, թե ինչ են պարզել արձանագրված նախորդ դեպքերի հետ կապված, ովքեր են զանգերի հեղինակները և ինչ նպատակով են կատարվել: Այլապես շարունակվելու է ստահոդ լուրերի տարածումը, հասարակությունը գտնվելու է լարվածության մեջ: Ասվածի ուղիղ վկայությունն է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում կատարվածը, որը մարդիկ կապում են նախորդ օրերին ու նույն օրը հնչեցված կեղծ ահազանգերի հետ, այդ առթիվ տարբեր կասկածներ են հնչեցնում, իրականությանը մոտ կամ անարժանահավատ լուրեր տարածում: Ակնհայտորեն սա գալիս է նաև պետական կառույցների նկատմամբ վստահության, կոմպետենտության պակասից, ոչ թափանցիկ գործունեությունից:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 8594

Մեկնաբանություններ