ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ոչ մի ուժ «50+1» ձայն չի հավաքի»

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ոչ մի  ուժ «50+1» ձայն չի հավաքի»
17.07.2018 | 01:09

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո երեկ՝ հուլիսի 16-ին, Երևանի ավագանու նիստ էր գումարվելու՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով: Երեք խմբակցություններից միայն «Երկիր ծիրանին» էր թեկնածու առաջադրել՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, «Հանրապետականն» ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել ու չէին ներկայացել նիստին: Նիստը չկայացավ: Դեպքերի նման զարգացումը, ըստ երևույթին, կհանգեցնի նրան, որ Երևանի ավագանու նոր՝ արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Թե որ ուժերը կմասնակցեն ընտրություններին, ու ինչ պատկեր կլինի ընտրություններից առաջ ու հետո, «Իրատեսը» փորձել է պարզել քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ զրույցում:

-Այս պահին, գոնե Ձեզ համար, նշմարելի՞ է, թե ինչ ուժեր մրցապայքարի մեջ կմտնեն:
-Կարծում եմ, հանրապետական կուսակցությունը դժվար թե մասնակցի, ես այն տեսակետին եմ, որ ապրիլյան իշխանափոխության օրերին ՀՀԿ-ի ղեկավարությունը որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերել նոր իշխանությունների հետ, համաձայն որի, իրենք կամավոր ինքնամեկուսացման ուղիով կգնան ու ինքնապասիվացման քաղաքականություն կվարեն: Ասածիս ապացույցը նաև այն է, որ հանրապետական կուսակցությունն այդպես էլ քաղաքապետի թեկնածու չառաջադրեց, չնայած այն հանգամանքին, որ թե՛ համապատասխան ձայներ, թե՛ հավանական թեկնածուներ ուներ: Բացի այդ, նոր իշխանություններն իրենց քննադատելու բազում առիթներ են տալիս, բայց հանրապետականներն այդ առիթները չեն օգտագործում ու մատնացույց չեն անում նոր կառավարիչների բացթողումները կամ թերացումները: Եվ այստեղ կասկածներ են առաջանում, թե, գուցե, անդրկուլիսյան բանակցություններ ու ինչ-որ անորոշ գործընթացներ են եղել ու կան: Այս ամենը վերլուծելով է, որ ես կասկածի տակ եմ դնում հանրապետականի մասնակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
Ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը»: Բնականաբար, կմասնակցի նաև «Ելքը» կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ու կհատի անցողիկ շեմը: Չեմ կարող ասել՝ քանի տոկոսով, բայց որ կհատի, հաստատ է: Կանցնի նաև «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը» նույնպես կարող է անցնել, եթե գտնի իր դեմքը: ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը ու, հավանաբար, նույնպես կարող է անցողիկ շեմը հաղթահարել: Մյուս կուսակցությունները՝ ՕԵԿ, «Երկիր ծիրանի» և այլն, դժվար է ասել՝ կանցնե՞ն, թե՞ ոչ: Այս ուժերից որ մեկն ինչքան ձայն կհավաքի, չեմ կարող ասել, դա, թերևս, սոցիոլոգները կասեն: Ենթադրելի է, որ առաջին կամ երկրորդ տեղերը կզբաղեցնեն ԲՀԿ-ն ու «Ելքը», բայց խիստ կասկածելի է, որ որևէ ուժ կարող է «50+1» ձայն հավաքել ու հավակնել մեծամասնություն դառնալու:
-Փաստորեն, Ընտրական նոր օրենսգիրքը չի գործի այս ընտրություններում:
-Ըստ երևույթին՝ ոչ, որովհետև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, հավանաբար, սեպտեմբերին կլինեն, երբ դեռ ԸՕ-ն պատրաստ չի լինի: Բայց լավ կլիներ, որ վերանայվեին որոշ օրենքներ, որովհետև այստեղ նույնպես խնդիր կա՝ կապված «բոնուսային համակարգի» հետ: Բայց, կարծում եմ, դժվար թե ինչ-որ բան փոխեն օրենքում, ու հենց գործող Ընտրական օրենսգրքով էլ կանցկացվեն ընտրությունները:
-Կարծիք կա, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ստուգատես են լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Համակարծի՞ք եք:
-Ոչ, բնավ այդ տեսակետին չեմ: Հետհեղափոխական էյֆորիան երկուսից վեց ամիս է տևում, ու, բնականաբար, այս քարոզարշավի ժամանակ մեծ դեր է խաղալու նաև հետհեղափոխական էյֆորիան ու իշխող ուժին լրացուցիչ տոկոսներ է բերելու: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու գարնանը, ու այդ 9 ամսում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, էյֆորիան նահանջելու է: Մյուս կողմից էլ, այն նույն ուժերը, որ այսօր իրենց աջակցությունն են հայտնում իշխող ուժին, սկսելու են քննադատել ու դառնալու են մրցակիցներ միմյանց:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ է լինելու նաև Արևմուտքի ու Ռուսաստանի դերակատարումը, քանի որ երկու կողմերն էլ ցանկանալու են ՀՀ խորհրդարանում ներկայացվածություն ունենալ: Այս ամենը հաշվի առնելով եմ ասում, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պատկերը չի կարելի ասոցացնել խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե այդ ընտրություններն անցկացվեին մեկ-երկու ամսվա տարբերությամբ, գուցե կարող էինք նման բան ենթադրել, բայց այս պարագայում՝ ոչ:
-Ըստ Ձեզ՝ ակտի՞վ, թե՞ պասիվ քարոզարշավի ականատես կլինենք:
-Արտահերթ ընտրությունների քարոզարշավն անցկացվելու է օգոստոս ամսին, ինչը բավական դժվար է լինելու մի շարք պատճառներով: Նախ՝ տեխնիկապես անհարմար է լինելու ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելը, մեծ մասն արձակուրդում է լինելու, բացի այդ, շոգի ժամանակ բակային հանդիպումներ կազմակերպելը բարդ է, մարդիկ չեն ցանկանալու կամ ալարելու են տնից դուրս գալ: Մյուս կողմից էլ, շոգ եղանակին մարդկանց ընկալունակությունը նվազում է, հետևաբար քաղաքական ուժերի մատուցած նյութը մարդիկ կիսատ են հասկանալու կամ չեն հասկանալու ընդհանրապես: Դա հոգեբանական պատնեշ է, որը հաղթահարելը դժվար է: Իսկ քարոզարշավը, ուզես թե չուզես, պետք է լինի անկախ շոգից և մյուս հանգամանքներից:

Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ