ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Միայնության պի՞կ

Միայնության պի՞կ
18.09.2017 | 02:44

Ո՞ր տարիքում ձեզ կարելի է պաշտոնապես հայտարարել ծեր և ձանձրալի: Վերջին մի քանի հետազոտությունները հաստատում են` 35 տարեկանում: Մի՞թե այդպես է: Ո՞ր տարիքն է լավագույնը: Ոմանց համար` անհոգ մանկությունը կամ ուսանողական տարիները: Բայց որպես կյանքի սահմանային պահ, երբ անձնական կյանքն ու մասնագիտական կարիերան սկսում են դանդաղ անկում ապրել, շատերը համարում են հենց 35 տարեկանը:


35 տարեկանում մենք սկսում ենք ատել մեր աշխատանքը: Ոչ միայն այն պատճառով, որ 35-ից հետո մեզ այլևս երիտասարդ չեն համարում` Քենտի համալսարանի ուսումնասիրության համաձայն, այլև հենց այդ ժամանակ է տղամարդկանց համար սկսվում միայնության պիկը, իսկ կանանց համար` տաղտուկի պիկը: Եթե դա հերիք չէ, 35-ը նաև այն տարիքն է, երբ սկսում ենք ատել մեր աշխատանքը: Հենց այդ արդյունքն է տվել Robert Half ընկերության անցկացրած` երկու հազար աշխատողների հարցումը Մեծ Բրիտանիայում: ՈՒսումնասիրությունը վկայում է, որ հենց այդ տարիքում ընտանեկան ու ֆինանսական պարտականությունների համադրումը ստեղծում է խնդիրներ, որոնց մարդը բախվում է և տանը, և աշխատատեղում: 35-ամյաներին ավելի ու ավելի շատ է տագնապում և իրենց զբաղվածության երաշխիքների հարցը: 2017-ի առաջին կիսամյակում բրիտանացի 35- 49 տարեկան աշխատողներին կրճատումը սպառնում էր կրկնակի շատ, քան 25-34 տարեկաններին (Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով): Ավելին` այդ խումբը (35-49 տարեկաններ) նվազ բավարարված էր իրենց աշխատատեղում, քան իրենց երիտասարդ գործընկերները` վկայում է Robert Half-ի հարցումը:


35 տարեկանին հասած աշխատողներին հանգիստ չի տալիս հարցը` ինչի՞ եմ հասել իմ կյանքում: Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր վեցերորդ աշխատող 35 տարեկանում դժգոհ է իր աշխատանքից, որ երկու անգամ գերազանցում է համանման ցուցանիշը 35 տարեկանից փոքրերի համար: «Դա կյանքում նոր պարտականությունների` թե ընտանեկան, թե ֆինանսական, բարդ համադրում է: Եվ ամեն ինչ հենց այն ժամանակ, երբ մասնագիտական առումով դուք սկսում եք դուրս գալ ղեկավար դիրքեր, որն առավել մեծ պատասխանատվություն է պահանջում ձեզնից»` մեկնաբանում է Էշլի ՈՒիպմենը` Robert Half UK-ի տնօրենը: Նա նշում է, որ երիտասարդ աշխատակիցները, որպես կանոն, լի են եռանդով, մինչդեռ ղեկավարությունը նրանցից դեռ մեծ սպասելիքներ չունի: Իսկ 35 տարեկանին հասած աշխատողներին հանգիստ չի տալիս հարցը` ինչի՞ եմ հասել իմ կյանքում: 35-ն այն տարիքն է, երբ ձեզ դադարում են երիտասարդ համարել և դուք պաշտոնապես հայտնվում եք այլ` ավելի տարիքով խմբում ու ձեզ սկսում են այլ պահանջներ ներկայացնել: Բայց այս սահմանագիծը բավականին կամայական է: Գլոբալ մարկետինգային ուսումնասիրություններ անցկացնող Ipsos ընկերության սոցիոլոգ Ջուլիա Կլարկն ասում է, որ արդար կլիներ ընդգծել` որոշ տարբերություններ «մինչև 35-ի» և «35-ից հետոյի» միջև հայտնվում են միայն այն պատճառով, որ մենք ինքներս ենք որոշում տարիքային սահման գծել: Սակայն տարիքային կատեգորիաների այդ բաժանումը մարկետինգային հետազոտություններում ընդունված չափանիշ է: 20-ամյաներն ու 29-ամյաները հաճախ կյանքի շատ տարբեր փուլերում են, այդ պատճառով ժողովրդագրական առաջին կատեգորիան, որպես օրենք 18-24 տարեկանն է (իսկ հաջորդը` 25- 34): Մակրոկատեգորիաները միավորում են 18-34 և 35-54 տարեկաններին, որ 35-ը դարձնում է սահմանային տարիք` բաժանում նրանց միջև, որ դեռ երիտասարդ են, նոր են սկսում մասնագիտական կարիերա կառուցել, և նրանց միջև, որ ավելի մեծ են ու արդեն առավել կամ նվազ չափով ձևավորվել են իբրև աշխատող:


Կանանց, որ պատրաստվում են երեխա ունենալ, կարող է տագնապել 35-ամյա սահմանի հատումը, թեպետ վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ տարիքից հետո ծնողունակությունը նվազում է ոչ այնքան կտրուկ, որքան կարծում էին նախկինում: Օրինակ, ԱՄՆ-ում ավելի մեծ թվով կանայք են առաջին հղիությունը հետաձգում «30-ից հետո» և ավելի ուշ, որ կարողանան կրթությունը շարունակել և կարիերա կառուցել: Վերջին տվյալներով` հետազոտությունների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ 30 տարեկանին հասած ամերիկացի կանայք ավելի շատ երեխաներ ունեն, քան նրանք, որ մինչև 20 կամ 30 տարեկան են: Երեխայի ծնունդը հետաձգելու ֆինանսական պատճառներ էլ կան: 2011-ին կատարված ուսումնասիրությունը, որ հրապարակել է Journal of Population Economics-ը, պարզել է, որ ամեն տարի, երբ կինը հետաձգում է երեխայի ծնունդը, նրա աշխատավարձը բարձրանում է 9 %-ով:


Դիլիպ Ջեստը` Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի առողջ ծերացման կենտրոնի տնօրենը, տարածված մոլորություն է համարում, որ 20-ի և 40-ի միջև են կյանքի լավագույն տարիները: Իբր 40-ից հետո կյանքը գործնականում ավարտված է, մնում է տարիները քարշ տալ: Իրականում այդ տարիները լի են սթրեսով ու տագնապներով` հենց այդ տարիներին են մարդիկ ստիպված ընդունել իրենց համար կարևորագույն որոշումները: Զարգացած երկրներում կյանքի տևողությունը մեծանում է: Տնտեսության գլոբալացումը կարիերային նոր հնարավորություններ է ստեղծում, նշանակալից մեծացնում է ընտրությունը: Ամեն ինչ միատեղվելով դանդաղեցնում ու երկարացնում է «մեծանալու գործընթացը»` կարիերայի կառուցումը, ընտանիք ստեղծելը, մշտական բնակավայր ընտրելը: Այդ գործընթացը ավելի բարդացել է, քան նախորդ սերունդների ժամանակ էր: «Առաջ մարդիկ կենսականորեն կարևոր որոշումներն ընդունում էին 20-25 տարեկանում, բայց այսօր միլենիումականները (նրանք, որ ծնվել են 1980-90-ականներին) հետաձգում ու հետաձգում են որոշումների ընդունումը», նշում է Դիլիպ Ջեստը: «Նրանք ավելի ուշ են ամուսնանում, ավելի ուշ են երեխաներ ունենում, սթրեսային իրավիճակների մեծ մասը, որ նախկինում ապրում էին 20-ամյաները, հիմա տեղի են ունենում 30-ից հետո»: Լավ նորություն էլ կա: «Մնացած կյանքը` 35-ից հետո, կլինի շատ ավելի հաճելի»` ասում է Ջեստը: Իհարկե, ծերանալը այնքան հաճելի տեսք չունի, որքան երիտասարդությունը, բայց ձեր հոգեկան առողջությունը լիովին կարող է բարելավվել ժամանակի հետ: «Մենք արդեն ավելի լավ ենք ճանաչում մեզ, որոշումներն ընդունում ենք մեր փորձի հիման վրա, նվազ եսասեր ենք դառնում,- ընդգծում է Դիլիպ Ջեստը:- Փորձի հետ գալիս է իմաստնությունը և դա է տարիքի նվերը մեզ»:
Մարկ ՋՈՀԵՆՍՈՆ, BBC


Հ.Գ. 35-ը, իհարկե, սահմանագիծ է, նաև ֆիզիկական` երբ օրգանիզմի ինքնապաշտպանական ռեակցիաները թուլանում են ու ուժեղանում են տարատեսակ տկարությունները: Բացի այդ` թուլանում է ընկալման սրությունը, մարդը դառնում է առավել հաշտվող ու ընտելանում է կյանքի պայմաններին` վատի ու սխալի դեմ պայքարելու փոխարեն: Նա դառնում է կոնֆորմիստ: Բայց 35-ը, իհարկե, կյանքի վերջը չէ: Ամեն ինչ նոր միայն սկսվում է, ինչպես ցանկացած տարիքում ու ամեն երկուշաբթի, երբ որոշում ես կյանքդ փոխել: Համենայն դեպս` մինչև երեքշաբթի: 35-ից պետք չէ ոչ զգուշանալ, ոչ վախենալ, ապրել է պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ