ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Fly with me? No! Amar Pelos Dois!

Fly with me?  No! Amar Pelos Dois!
16.05.2017 | 01:05

Մայիսի 13-ին Կիևում «Եվրատեսիլի» եզրափակիչն էր: 2017-ին հաղթեց Պորտուգալիան՝ Սալվադոր և Լուիզա Սոբրալները՝ Amar Pelos Dois երգով։ Քույր ու եղբայր՝ հանգիստ, առանց ճչան հագուկապի, բեկ վոկալի ու ուղեկցող պարախմբի: Անակնկալ հաղթանա՞կ էր: Երգի հաղթանակ էր: Երկիր երկրի հետևից, նաև Հայաստանը, Սոբրալներին 12 միավոր էին տալիս: Հայաստանը ներկայացնող Արծվիկը Fly with me երգով 18-րդն էր: Համաշխարհային դավադրություն մի որոնեք: Իհարկե, «Եվրատեսիլը», ինչպես ամեն ինչ աշխարհում, քաղաքականացված է: Եվ՝ վաղուց, և այնպես չէ, որ մենք չենք քաղաքականացրել թե՛ 2015-ին, թե՛ 2016-ին, թե՛ մինչ այդ: Ոչ միայն քաղաքականությունը, ֆինանսներն են վճռական դեր խաղում, բայց նախ պետք է երգել: Շոուն մնում է շոու:

Ամենագլխավորը «Եվրատեսիլում» ազգային մշակույթը ներկայացնելն է՝ ազգային ժյուրիները քվեարկում են երկրին: Տարատեսակ սկանդալները միշտ էլ շոուի մասն են, բայց սկանդալները՝ սկանդալներ, կրկնում եմ՝ պետք է երգել: Հայկոյի ու Սիրուշոյի չորրորդ հորիզոնականից Հայաստանը առաջ չգնաց, իսկ այս տարի վատագույն արդյունքն ունեցավ: Մի շտապեք մեղադրել երգչուհուն: Նա երգում էր՝ ինչպես կարողանում էր: Իրեն ասել էին, որ կարող է գոռալ՝ գոռում էր, ասել էին՝ գլխավորը հագուկապն է՝ զուգվել էր՝ ինչ առաջարկել էին, ասել էին՝ պարային խումբ պետք է լինի, փորձեր էր արել՝ հարմարվել էր: Խնդիրը երգչուհին չէ, խնդիրը երգչուհու ու երգի ընտրությունն էր: Երգչուհու անհատականություն չունենալն է, որ չգիտի իրեն կողքից նայել ու հասկանալ՝ ի՞նչ է ինքը անում ու ի՞նչ պետք է անի:

Այս դեպքում՝ ի՞նչ չպետք է անի: Չխորանալով երաժշտական ուղղությունների, նախնական մտադրությունների, ֆինանսական ծախսերի մեջ՝ սոփեստությունը մարդիկ նոր չեն հնարել՝ կհիմնավորեն, մի հարց՝ կա՞ մեկը, ում հմայել էր Արծվիկը իբրև հայ երգչուհի: Եթե այո, ի՞նչն էր նրա կատարման մեջ հայկական: Թռի՞չքը: Չէ, իհարկե, թռիչքը համամարդկային, ուրեմն և հայկական է, բայց Շիվայի պարող ձեռքերը, որ իբր ճախրն էին խորհրդանշում, անկապ թևածում էին նրա թիկունքում: Ավելի շատ հնդկական, քան հայկական պատկեր դառնալով: Հայաստանը խնդիր էր դրել մշակույթների սինթե՞զ ներկայացնել: ՈՒ՝ ինչո՞ւ: Այլ ազգեր իրենց մշակույթները հանձնել են Հայաստանի՞ն ի պահ ու ի պաշտպանություն: Կարելի է ունենալ հրաշալի ձայն ¥որ չկար¤, բայց երբ չգիտես ի՞նչ անել ձայնդ, ստացվում է՝ ինչ տեսաք մայիսի 13-ին՝ Կիևում: Մինչդեռ կարող էիք չտեսնել՝ Հայաստանի ներկայացուցիչը հանգիստ կարող էր եզրափակիչ չհասնել, որտեղ մասնագիտական ժյուրիների ու երկրպագուների քվեարկությունը համարյա նույն արդյունքն ուներ: Սփյուռքը չփրկեց՝ փրկելիք չկար: Արծվիկի տեղը չէր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հանրային հեռուստաընկերությունը տասնյակ արդարացումներ կարող է շարել՝ ինչո՞ւ էր հենց նա Հայաստանը ներկայացնում: Ոչ մի նշանակություն չունի: Մրցույթ, ընտրություն, փորձեր, ընթացիկ հաջողություններ: Հերիք չէ՞ մեզ հեքիաթներ պատմեն: 18-րդը լինելը չէ խնդիրը, խնդիրն անկապ, տհաճ, ականջ սղոցող «երգը» ու նույնքան անկապ «թռիչքը» չէ, խնդիրը՝ 2018-ն է՝ Պորտուգալիայում ևս տրանսազգային «Հայաստա՞ն» է ներկայանալու՝ անհայտ է ում ու ինչպես «ընտրած» և գովազդված: Ավելի լավ չէ՞ Հայաստանը չմասնակցի «Եվրատեսիլին», եթե ի վիճակի չէ գտնել մի կոմպոզիտոր, որ երեք րոպե ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ գրի, եթե ի վիճակի չէ գտնել մի երգիչ, որ երեք րոպե ԵՐԳԻ, եթե չունի մասնագետներ, որ երաժշտությունը, երգը ու երգչին ներդաշնակ համադրեն: Թե՞ դա էլ է քաղաքական խնդիր: Հաստատ՝ այո, կոմպոզիտորն էլ կա, երգիչն էլ կա, երգ էլ կլինի, իսկ բոլորին միավորողը գործում է ընտրության սխալ մեխանիզմով, բայց ներկայացնում է բոլորիս ու Հայաստանը: Հարցնում եք՝ ի՞նչը պիտի փոխվի:

Դիտվել է՝ 20875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ