Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ
01.05.2017 | 13:56

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:
Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ:
Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին:
Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք:


Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ և նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի և խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու և տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը:


Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով և խիզախումներով, որոնք լույս, ջերմություն և բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի»:

Դիտվել է՝ 4079

Մեկնաբանություններ