ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Գաղափարը հենց սա է. խենթ տոնախմբություն»

«Գաղափարը հենց սա է. խենթ տոնախմբություն»
17.10.2008 | 00:00

ՏՈ՜Ն... ՏՈ՜Ն... ՓԱՌԱ... ՏՈ՜Ն
ՀԱՆԴԻՍԱՅԻՆ ՄԱՐԱԹՈՆ
Համաշխարհային մշակույթի ասպարեզում Հայաստանի դերակատարությունը կարևորելու առանձնահատուկ նշանակությամբ են նախաձեռնվում և անցկացվում արվեստի տարատեսակ արդի դրսևորումների մեկտեղմամբ կազմակերպվող մասսայական միջոցառումները։ Ավանդական դառնալու միտում են ի հայտ բերում ամենամյա պարբերականությամբ իրենց հաստատուն տեղը զբաղեցնողները։ Ընդգրկման թեմատիկ և աշխարհագրական շրջանակների ինչ-ինչ փոփոխություններով՝ ճանաչման արժանացածներից առավել ուշագրավ լինելու մարտահրավերով են ներկայանում նորահնարները։ Պետությունը սիրահոժար աջակցում է այս կարգի գրեթե բոլոր նախագծերի կենսագործմանը։ Վստահ, որ այդպիսով հանրապետության մշակութային կյանքը ոչ միայն կաշխուժանա, այլև կհագենա բովանդակային բազմազանությամբ՝ արդիաշունչ վերընթացի լիցքեր հաղորդելով հնամենի հայ մշակույթին։ Լիահույս, որ միանգամայն հնարավոր է հանդիսամարաթոնի ընդգրկման ոլորտի մասշտաբների մեծացմամբ Հայաստանը հանրահռչակել որպես տարածաշրջանի խոշորագույն արվեստակենտրոն։ Միգուցե, հընթացս, խաղաղվեն քաղաքական կրքերն էլ, որոնց գերլարումը, առավելապես ընտրապայքարի կիզակետային փուլերում, վտանգավոր փորձության է ենթարկում առերևույթ բարեկիրթ ու կանոնավոր մեր ներկա համակեցության օդային ամրոցի սեյսմակայունությունը։
Նկատե՞լ եք՝ վերջին շրջանում մտահղացվող մշակութային հանդիսությունների գերակշռող մեծամասնությունն օծվում է «փառատոն» անվամբ՝ հաճախ մոտավոր աղերսներ երևակելով միայն բառի իմաստային նշանակության հետ։ Խնամքով ընդլայնվում է դրանց ազդեցության ոլորտը՝ ներառելով մարզային որոշ տարածաշրջաններ։ Վիճակագրական որևէ ուսումնասիրությամբ դեռևս չի հաստատվել այլազան հանդիսաշարերի նկատմամբ հանրության հետաքրքրության աճը։ Նաև՝ նպաստավորությունն արդի հայ մշակույթի բարձրագնա զարգացմանը։ Գուցե դեռ չի՞ եկել «բերքահավաքի» աշունը։ Ակնհայտ է միայն, որ ամեն աշնան հանդիսանքային մարաթոնն աննախադեպ տեմպ է ստանում։ Մինչտարեմուտյան մրցավազքում իրարահաջորդ կամ միախաչյալ փառատոների շրջապտույտում հայտնված «ամենաարագավազ» արվեստասերն անգամ անզոր է լինում հաղորդակցվել դրանց ամբողջական բովանդակությանը։ Բարձրարժեք հոգևոր սնունդով գոտեպնդվելու ակնկալությունը յուրատիպ վիճակախաղի քմայքներին է ենթարկվում՝ հաճախ ֆիասկո կրելով։ Մշակութային ապրեցնող ներարկումներին ապավինողների դժգոհությունները միջոցառումների անարդյունավետ համակարգումից «վերևներում» այդպես էլ լուրջ արձագանք չեն գտնում։ Ինտուիտիվ կողմնորոշումն օրավուր ավելի անհուսալի է դառնում։ Տարեցտարի հստակվող փառատոնային մարտավարության գերնպատակը, ըստ էության, ոչ թե հանրությանը մշակութային նորամատույց բովանդակությամբ հարստացնելն է, այլ մասսայական հանդիսատոներով զբաղեցնելը։ «Գաղափարը հենց սա է,- հայտարարում է ամենամարդաշատ ու բազմատեսակ՝ «Հայֆեստ» փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։- Փառատոնը տոնախմբություն է, զվարճալի տոն, խենթ տոնակատարություն, և մեր փառատոնն էլ հենց այսպիսին է։ Լավ է, որ հանդիսատեսն ամեն ինչ անում է մեկ օրվա ընթացքում ութ ներկայացում դիտելու համար և երազում է «Հայֆեստի» հաջորդ կայացման մասին»։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հետխորհրդային տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի) 2006-ից ամենահեղինակավորն է ճանաչվել «Հայֆեստը»։ Կազմակերպիչների գլխավոր նպատակն է, Հայաստանում ներկայացնելով համաշխարհային մշակույթը, նպաստել մեր կատարողական արվեստի զարգացմանը։ Միջազգային չափորոշիչներին համարժեք անցկացման մակարդակով՝ մրցունակ հանրահռչակ թատերական փառատոներին՝ Էդինբուրգի (Մեծ Բրիտանիա), Ավինյոնի (Ֆրանսիա), «Ոսկե դիմակ» (ՌԴ).... ASSITEY, IETM, IFEA համաշխարհային թատերացանցերին անդամակցող «Հայֆեստը», ծրագրային հետաքրքրությունների ընդլայնմամբ, դեռ անցյալ տարի մատուցեց կատարողական արվեստի մեծ տեսականի՝ ժամանցային ընտրության լայն հնարավորություն ընձեռելով մեծերին և փոքրերին։ 32 երկրներից հյուրընկալված 62 թատերական ու պարային խմբերի 17 բեմահարթակներում ցուցադրած 82 տարաժանր, բազմաոճ ներկայացումներով՝ դրամատիկ, երաժշտական, պլաստիկ, տիկնիկային, կրկեսային, տարարվեստ սինթեզով համեմված հանդիսանքային... Արթուր Ղուկասյանի շուրջ համախմբված հիմնական աշխատակազմը, կամավոր նվիրյալների դրվատելի ու բարեկիրթ աշխատասիրությամբ, անշուշտ, ապահովեց իննօրյա փառատոնավազքի պատկառելի կազմակերպչական մակարդակը։ Միջազգային չափորոշիչներին չզիջելու հաստատակամությանն անհարիր էր միայն անգրագիտության հանրագիտարան բուկլետը։ Մեկ նկատառում ևս։ Ըստ իս, փառատոնի վկայագրերն էլ պետք էր անգլերենով ու հայերենով ձևակերպել։ Վերջինիս անտեսումը հայազգի մասնակիցների ավարտատոնին որոշակի տխրություն ներարկեց։
Հնարավոր լիներ հայկական ամենախոշոր այս փառատոնի խաղացանկում ընդգրկել համաշխարհային արդի բեմարվեստի ամենահաջողված նմուշները (լավագույնները բացառում եմ. դրանք, պարզվում է, մեզ համար, գոնե առայժմ, աներևակայելի թանկ հաճույք են)՝ մեն-մի «Հայֆեստով» միանգամայն կհաղթահարվեր փոխշփումների զգալի նվազմամբ խորացած անջրպետը միջազգային մշակութային համացանցից։ Փառատոնի նախագահի անդուլ պրպտումների արդյունքում, այնուամենայնիվ, ամենամյա բազմաքանակ հանդիսաշարում գտնվում են տարբեր գեղագիտությունների հարող ուշագրավ ներկայացումներ, որոնց թողած տպավորությունները դաջվում են հիշողության ծալքերում։ Ինչպես՝ Նելլի Դուգատ-Ժաբոնի անվան «Человек» (Բուրյաթիա) պլաստիկ դրամայի թատրոնի «Խեղկատակի անամորֆոզներ» (բեմադրիչ՝ Իգոր Գրիգուրկո) թատերաֆանտազիան։ Փառատոնամուտի այս արվեստափայլն ամենքին էր գերել։ Եվ զարմացրել՝ պարի, մնջախաղի, բալետի, ակրոբատիկայի օրգանական սինթեզով։ Պլաստիկ լուծումների արտասովոր հնարքներով, գունալուսային ներազդու զուգադրություններով իրարահաջորդ խորհրդանշական տեսարաններով, դերասանախմբի գունագեղ վարպետությամբ մեր ռուսական թատրոնի բեմահարթակում կենդանանում էր, ասես, Սալվադոր Դալիի աշխարհազգացողությանը հոգեհարազատ գեղանկարչական պատկերասրահը՝ առեղծվածներով, աղճատված գոյի կենսափիլիսոփայությամբ արարված։
ՀԱՆԴԻՍԱԳՈԲԵԼԵՆԻ ԴՐՎԱԳԱՇԱՐԸ
«Հայֆեստի» շրջանակներում անցկացված ամենօրյա բացօթյա շոուները որոշակի հետաքրքրություն էին արթնացնում Ազնավուրի հրապարակի պատահական անցորդների մեջ նաև։ Շոն Ռունիի (Կանադա) «Փուչիկստանը», «Զակլամայի» (Լյուքսեմբուրգ) «Լուֆոկ դիմակահանդեսը», «Զառամայի» (Աֆրիկա) «Սարսափե՛ք դիմակից» ավանդապարը, Քարեն Բյոսերի (Գերմանիա) Գիլգամեշի հնագույն պոեմի մեկնաբանությունը, «Место Д...»-ի (Բիշքեկ) «Մարշրուտկարան» ավտոբուսային իմպրովիզացիան... Ամենազգայացունցը, իհարկե, «Անտագոն»-ի (Գերմանիա) «Թայմ Աութ» իրիկնային հանդիսախաղն էր Կիրովի անվան զբոսայգում։ Մայրաքաղաքային բոլոր թատերահարթակներում միաժամանակ ցուցադրվող բոլոր ներկայացումները նայելը ցնորամտություն էր փառատոնավազքում հևասպառ մոլի արվեստասերի համար անգամ։ Եվ նա մշակութային նորահայտ տպավորություններն ամբողջացնելու նպատակով ամեն երեկո այցելում էր «Ժան-Ժակ» ակումբ՝ ամենից շատ դուր եկած դերասանախմբի հետ անձամբ ծանոթանալու։ Մինչև ուշ գիշեր ձգվող զրույցներում մասնակի պատկերացում էր ձևավորվում չդիտված ներկայացումների մասին ևս։ Մտերմիկ մթնոլորտում, ինքնաբուխ քննարկումների հանրագումարում հստակ առանձնանում էին հանդիսագոբելենի՝ համընդհանուր հավանության արժանացած դրվագները։ Ամենացայտունը՝ «Խեղկատակի անամորֆոզները», տարբեր գեղագիտությամբ ու բեմադրադերասանական վարպետությամբ աչքի ընկնող «7 զգացողությունը»՝ «Հայֆեստում» ծնված հայ-իտալական նախագիծը (բեմադրիչ՝ Վահան Բադալյան) Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ներշնչանքով, Հենրիկ Մալյանի թատրոն-ստուդիայի «Պատմություններ գնացքում» սարոյանապատումը (բեմադրիչ՝ Նարինե Մալյան), Դավիթ Հինթոնի նկարահանած հայտնի ֆիլմերը՝ «Թռչունները», «Տարօրինակ ձուկը», «Հպվածը» և «Մոնոքրոմ մարդու մահացած երազները»... Սևեռվելով արտերկրի թատերախմբերի ներկայացրած գեղարվեստական արտադրանքի խորիմաց ճանաչողության վրա՝ «Հայֆեստի» անդավաճան հանդիսատեսը մտովի համադրեց այն իրեն քաջածանոթ հայկականի հետ։ Եվ, առանց ազգային սնապարծությանը տուրք տալու, գոհացավ, որ փառատոնի ընտրանիում վերջինիս արվեստաշնորհ տեսակարար կշիռն անհամեմատ ծանր է։ Նույնիսկ դարի հրամայականով անարգել տարածում գտնող «նոր դրամա» անվանակոչված ուղղվածության թատերախաղերում։ Կազանցևի դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի «Ես գնդացրորդ եմ» (ըստ Յուրի Կլավդիևի) մենաներկայացումը Կիրիլ Պլետնյովի դերակատարմամբ, նոր պիեսի «Бабы» արվեստանոցի «Նրանց մասին» (չեխովյան «Երեք քույրի» մոտիվներով) պոդիումային հանդիսախաղը 4 ռուս դերասանուհիներով, նույնիսկ հռչակավոր Մարկ Ռավենհիլի «Դրախտը կորսված է» հայֆեստյան խնամքով գովազդված առաջնախաղն ավելի հետաքրքրաշարժ ու արվեստաոճ չէին Գրիգոր Խաչատրյանի «Fantomային ցավեր»-ից» (ըստ Սիգարևի), նաև՝ հոգեբանորեն ներգործուն։ Լինելով «Հայֆեստի» ամենաթանկարժեք հյուրը՝ բրիտանացի դրամատուրգ, ռեժիսոր Մարկ Ռավենհիլը մեր երիտասարդ դերասաններով բեմադրեց 17 պիեսներից բաղկացած իր «Կրակի՛ր։ Վերցրո՛ւ գանձը։ Կրկնի՛ր» ժողովածուի հիշատակածս գործն ընդամենը 4 օրում։ Վերապահությամբ ընդունելով մամուլի կողմից նրան տրված «մեր ժամանակների Շեքսպիր» որակումը՝ առանձնազրույցների ու ներկայացման քննարկման ընդհանուր տպավորությամբ գտնում եմ, որ աշխարհի բեմերը նվաճած այս անգլիացին, առաջին անգամ ներկայանալով հայ թատերասերին, այլ աշխատաոճ պետք է ընտրեր իր բարձր համարումը գործնականում ապացուցելու համար։ ՈՒրախալին, ներկա պարագայում, մեր թատերական նոր սերնդի վարպետության հասունացման անվիճելի հայտն է։ Գոնե ինձ համար։ Զարուհի Անտոնյանը, Տաթև Մելքոնյանը, Երվանդ Ենգիբարյանն ու Յուրա Իգիթխանյանը պրոֆեսիոնալ բարձր պատասխանատվությամբ և ազնիվ աշխատանքով արդարացրին մասամբ Ռավենհիլի անվան շուրջ հյուսված փառապսակը։ Սա էլ, կարծում եմ, «Հայֆեստի» ձեռքբերումներից է։
«Վերևների» կամքով «Հայֆեստին» պատվաստված «Վիլյամ Սարոյան-100» միջանկյալ փառատոնը գերծանրաբեռնված մարաթոնում, ավաղ, հարկավոր ուշադրության չարժանացավ։ Հատուկ այդ կապակցությամբ պատվիրելով մի շարք սարոյանական բեմադրություններ՝ մշակույթի նախարարությունը, ըստ իս, պետք է հոգար դրանց ցուցադրություններն առանձին մատուցելու մասին։ Հավելելով, անշուշտ, արտերկրից ներկայացվածները։ Կարելի էր, ասենք, մի քանի օրով երկարաձգել «Հայֆեստի» անցկացման ժամկետը և եզրափակել այն սարոյանաշարով։ Ամերիկացի մեծանուն հայ գրողը, հաստատ, արժանի էր ավելի պատշաճ ու շքեղ փառաբանության։ Վստահ եմ՝ կհաղթահարվի հապճեպության կնիքը նոր ներկայացումների քանիցս խաղարկմամբ (բացառությամբ «Օպերա, օպերայի». Սամսոն Ստեփանյանի մտահղացած բեմատարածքում Սարոյանի հետքն իսկ չկա, չնայած դերասանախմբում միայն պրոֆեսիոնալներ են) և կարելի կլինի ըստ արժանվույն գնահատել ստեղծագործական խմբերի արարչական տքնանքը։ Լավագույն բարձրարժեք մեկնաբանություններով իր պաշտելի գրողին արժանի է Արմեն Էլբակյանի բեմավորած սարոյանապատումը միայն։ Գոնե՝ առայժմ։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6932

Մեկնաբանություններ

═/other" rel="nofollow">Այլ
14.11.2024