ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«90-ականներին Ղարաբաղը մեր հասարակության համար բարոյական արժեք էր»

«90-ականներին Ղարաբաղը մեր հասարակության համար բարոյական արժեք էր»
31.03.2009 | 00:00

Մի էջ «Անալիտիկոն»-ից
«Երկու հայկական պետություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ. «հայաստանցի-ղարաբաղցի բարդույթ» անչափ կարևոր թեմային է նվիրված ԼՂ-ում հրատարակվող «Անալիտիկոն» ամսագրի 2-րդ համարը։ Խնդրո առնչությամբ հրապարակված է նաև Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։
Մինչ Հայաստանում քննարկում են այն հարցը, թե, ի վերջո, կզրկի՞ ԵԽԽՎ-ն ՀՀ-ին ձայնի իրավունքից, թե՞ ոչ, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բարձրաձայնում է. «Ձայնից զրկվելու հեռանկարը, իհարկե, լուրջ մարտահրավեր է, սակայն Հայաստանի համար կա ավելի լուրջ մարտահրավեր»: Այդ մարտահրավերը, ըստ նրա, Հայաստանում հասարակության ներքին պառակտվածությունն է և ծնունդով ղարաբաղցիների հանդեպ հանրության անհանդուրժողականությունը: Քաղաքագետի կարծիքով, մեր հասարակության ներսում կա ղարաբաղցիների հանդեպ վերաբերմունքի պրոբլեմ, և Ղարաբաղն արդեն չի հանդիսանում մեր հասարակության համար գերագույն բարոյական արժեք, ինչպիսին 1990-ականների սկզբին էր:
-Ղարաբաղը բարոյական արժեք էր բոլորիս համար մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Դրանից հետո, սակայն, սկսվեց մի գործընթաց, որը հանգեցրեց այս կացությանը, երբ ղարաբաղցիները և Ղարաբաղն այլևս չեն դիտվում որպես գերագույն բարոյական հեղինակություն,- ասում է Հ. Հովհաննիսյանը:
-Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:
-Հիմա ես մի շարք օրինակներով ցույց կտամ, թե ինչ գործընթաց է դա: 1998 թվականի օգոստոս ամսին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվում էր լուրջ ճնշումների, և արդեն իսկ մոտենում էր այն պահը, երբ նա կառաջարկի հրապարակային քննարկում` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեմայով, ՀՀ քաղաքագետների միությունը Լեոնարդ Պետրոսյանի հետ, ով այն ժամանակ ԼՂՀ վարչապետն էր, Ստեփանակերտում կազմակերպեց քննարկում: Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր փորձում վերջերս կազմակերպել, բայց, ի տարբերություն նրա կազմակերպածի, այդ խորհրդակցությունը Ստեփանակերտում էր անցկացվել և, ռուսերեն ասած` «не было заорганизовано» Դա գալիս էր մեզանից, և դրան, ի տարբերություն Սերժ Սարգսյանի կազմակերպած քննարկման, մասնակցում էին բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` Դավիթ Շահնազարյանը` ՀՀՇ-ից, Աշոտ Նավասարդյանը` ՀՀԿ-ից, ՀՅԴ ներկայացուցիչը, կային նաև մտավորականներ` Սոս Սարգսյանը, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը, ով հարում էր ՀՀՇ-ին, և նրանք նստած էին կողք կողքի: Եվ ահա բոլորը եկան Ստեփանակերտ` զորավիգ լինելու Ղարաբաղին` դիտելով Ղարաբաղը որպես գերագույն նպատակ և բարոյական չափանիշ:
Իսկ ինչպե՞ս մենք եկանք այսօրվա իրավիճակին: Ես Ղարաբաղի հարցում եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենադաժան քննադատը 90-ականներից սկսած, և այն ժամանակ բոլորը միակարծիք էին, բոլորն ազգովի ասում էին «ո՛չ» փուլային տարբերակին, «ո՛չ» զիջումներին: Իսկ այսօր «Միացում» շարժման միտինգները խղճուկ տպավորություն են ստեղծում, իսկ Զորի Բալայանին Հյուսիսային պողոտայից վռնդում են, և, առհասարակ, նա փողոցով չի կարող ման գալ. անեծքների տարափը թափվում է նրա գլխին: Իհարկե, դա վերաբերմունք չէ ղարաբաղցիների նկատմամբ, բայց ինքը` Զորի Բալայանն է ասում, որ ինքը ղարաբաղցիների «պոստպրեդն» է («մշտական ներկայացուցիչը»), և եթե ինքը դրանում համոզված է և անընդհատ դա պնդում է, ապա, այո, շատշատերը նույնպես սկսում են այդպես նայել Հայաստանում նրա դերակատարությանը:
-Իսկ ինչո՞ւ այդպես եղավ:
-Այ, հիմա ես պետք է ասեմ այն դրականի մասին, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացել էր, այնուամենայնիվ, ի կատար ածել իր գործունեության ընթացքում, և ինչի հետ ես միանշանակ համաձայն էի և այն ժամանակ, և այսօր: Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի ղեկավարությանը և քաղաքական դեմքերին տվել էր ազատություն` իրականացնելու սեփական մոտեցումները:
Զորօրինակ, կոշտ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանը, նրա հետ Ղարաբաղի ղեկավարությունը` ի դեմս Լեոնարդ Պետրոսյանի, Սամվել Բաբայանի, ինչու ոչ` նաև Ռոբերտ Քոչարյանի, շփումների մեջ էր, և Լևոն Տեր-.Պետրոսյանը չէր արգելակում դա: Նա հնարավորություն էր տվել ԼՂՀ իշխանություններին` վարելու սեփական քաղաքականություն, այդ թվում նաև` հատուկ կապեր ունենալու հայաստանյան ընդդիմության հետ: Բերեմ ևս մեկ օրինակ. 1992 թվականին Դմիտրի Ռոգոզինը, ով հիմա ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչն է, իսկ այն ժամանակ ռուսական համայնքների կոնգրեսի նախագահը, նախաձեռնել էր քննարկում` «Ղարաբաղյան սինդրոմը ռուսական դիվանագիտության մեջ» թեմայով: 1992 թվական. ծանր տարիներ էին, և Ռոգոզինն ինձ հրավիրում է հանդես գալու հիմնական զեկուցմամբ, իսկ ես դժվար նյութական վիճակում էի, այնպես, ինչպես բոլորը: Եվ ահա Լեոնարդ Պետրոսյանը ձևակերպեց գործուղում, ֆինանսավորեց իմ գնալը, և ես գնացի, մասնակցեցի, ու այնտեղ հրապարակվեց իմ ելույթը: Ղարաբաղի ղեկավարությունն ինքն այդ ինքնուրույնությանը հասել էր նաև սեփական ջանքերով, բայց, միաժամանակ, ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, պետք է ասեմ, որ նա հասկացավ, որ առանձին քաղաքականություն վարելու Ղարաբաղի ձգտումը հենց նաև Հայաստանի շահերից է բխում: Իսկ նման օրինակներ շատ են եղել:
-Ձեր կարծիքով, որքանո՞վ Ռոբերտ Քոչարյանի գործոնը նպաստեց, որպեսզի պրոբլեմը խորանա:
-1997-ին, անմիջապես Ռոբերտ Քոչարյանի նշանակումից հետո, ես Լեոնարդ Պետրոսյանին փոխանցեցի մի վերլուծական տեղեկանք, որը կոչվում էր «Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում նշանակելու քաղաքական հետևանքները Հայաստան-ԼՂՀ հարաբերությունների տեսանկյունից»: Ես այն հանձնեցի Լեոնարդ Պետրոսյանին և ասացի, որ սա փոստով ուղարկում եմ նաև Ռոբերտ Քոչարյանին, բայց հաշվի առնելով, որ կարող է ինչ-որ մի չինովնիկ գցել ականջի հետև կամ, ինչու ոչ, սեղանի գզրոցում թողնել և չտալ հասցեատիրոջը, խնդրեցի, որ նախ նա ծանոթանա: Նա կարդաց, ասաց. «Շատ կարևոր բան է, ես էլ եմ մտահոգված»: Ասաց. «Համոզված եմ, որ ինքը ևս այս տեղեկանքն ուշադիր կընթերցի և քեզ հետ կքննարկի այդ հարցը»: Պատասխանեցի, որ ես ողորմածության չեմ սպասի. երկու ամիս ժամանակ կտամ, երկու ամսվա ընթացքում եթե չհամոզվեմ, որ ինքը սա լուրջ է ընդունում, ես սա հրապարակելու եմ: Երկու ամիս անցավ, ձեն-ձուն չեղավ, և ես այն հրապարակեցի: Այնտեղ ես բարձրաձայնում էի այն բոլոր հետևանքների մասին, որոնք իսկապես մեզ սպասում էին որպես լրջագույն մարտահրավերներ: Ես այնտեղ գրել եմ, որ ազգընտիր, ԼՂ ժողովրդի կողմից ընտրված նախագահը չի կարող նշանակովի պաշտոն զբաղեցնել Հայաստանում, որքան էլ մեծ պաշտոն լինի դա: Դա ապտակ է ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի քաղաքացիներին, ամենևին էլ ոչ, դա առաջին հերթին ապտակ և վիրավորանք է ԼՂՀ քաղաքացիներին, ովքեր ընտրել են Քոչարյանին ԼՂՀ նախագահ, ակնկալելով, որ նա առաջիկա նախագահական ժամկետում կառաջնորդի ԼՂ ժողովրդին:
-Բայց սովորական մարդկանց վրա այդ ազդեցությունը չէ՞ որ սկսվեց ոչ թե Ռ. Քոչարյանի վարչապետ նշանակվելուց, այլ նախագահ դառնալուց հետո:
-Ոչ, այստեղ ես Ձեզ հետ համաձայն չեմ: Երբ նա նշանակվեց վարչապետ, պարզից էլ պարզ էր, որ նա ունի երկու ճանապարհ, մեկը` դառնալ ՀՀ նախագահ, մյուսը` անցնել անհայտության գիրկը: Պարզից էլ պարզ էր, որ եթե ղարաբաղյան հիմնահարցը մեր տարածաշրջանում ոչ միայն Ղարաբաղի համար, այլև մեր տարածաշրջանի ապագայի համար կարևոր, եթե ոչ ամենակարևոր հարցն է, ապա, բնականաբար, եթե Ղարաբաղի ազգընտիր նախագահը համաձայնում է Հայաստանում ստանձնել վարչապետի պաշտոնը, նա չի կարող կիսել Հրանտ Բագրատյանի կամ Խոսրով Հարությունյանի ճակատագիրը: Հասկանալի էր, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակում է վարչապետ, ապա կամ նպատակ ունի նրան, ժողովրդական լեզվով ասած, «փչացնել»` ցույց տալով, որ Քոչարյանն ընդունակ չեղավ ինչ-որ նոր բան առաջարկելու, կամ նպատակ ունի, ի վերջո, իշխանությունը փոխանցել Քոչարյանին:
-Ինչպես ասում են` եղավ այն, ինչ եղավ: Իսկ այսօր Դուք ի՞նչ միջոցներ կառաջարկեիք խնդիրը մեղմելու համար:
-Նախ` Ղարաբաղի իշխանությունները պետք է սեփական դեմքով հանդես գան ինչպես արտաքին աշխարհի հետ շփումներում, այնպես էլ Հայաստանում` հայաստանյան քաղաքական դեմքերի հետ շփումներում: Դրանով կարելի է վերականգնել հասարակության մեջ այն հեղինակությունը, որը ԼՂՀ-ն ուներ: Ի դեպ, երբ այդ հեղինակությունն Արցախն ուներ` ԼՂՀ իշխանությունները չափազանց նրբանկատ էին և չէին փորձում ինչ-ինչ տեսակետներ պարտադրել Հայաստանի հասարակությանը. շատ նրբանկատ ու զգուշավոր էին: Ինձ թվում է` Քոչարյանի կողմից գերագույն գլխավոր լծակները վերցնելուց հետո այդ նրբանկատությունը շատ ավելի կարևոր էր, քան այն ժամանակ, երբ իշխանության ղեկի մոտ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ով ղարաբաղցի չէր:
Պետք է անպայման Ղարաբաղի հասարակությունն ամենակոշտ ձևով պարտադրի Սերժ Սարգսյանին, որ նա կադրային քաղաքականության մեջ հրաժարվի հատվածապաշտական, խնամի-բարեկամական մոտեցումներից, որը Հայաստանի համար խորթ քաղաքական մշակույթ է: Ես օրինակ բերեմ. Կարեն Դեմիրճյանը չգիտե՞ր Ստեփանի տեղը, երբ ձևավորում էին «Միասնություն» դաշինքի ցուցակը. արդեն այն ժամանակ պարզ էր, որ «Մարս» գործարանը, որի տնօրենն էր Ստեփան Դեմիրճյանը, չէր աշխատելու: Իհարկե, հասկանում էր: Ի՞նչ է, կասկածո՞ւմ եք, որ ռայկոմ-քաղկոմների քծնող քարտուղարները հազար անգամ գնում էին նրա մոտ և ասում` բա ինչի՞ չես քո որդուն ցուցակ մտցնում: Չմտցրեց, որովհետև գիտեր, որ Հայաստանում այդ գործելակերպը մերժված է: Դուք խորհրդային 70 տարիների ընթացքում չեք կարող նշել կենտկոմի գոնե մեկ առաջին կամ որևէ քարտուղարի, որի որդին, եղբայրը կամ փեսան լիներ շրջկոմի առաջին քարտուղար, պատգամավոր կամ նախարար: Մինչդեռ այդ երևույթն Ադրբեջանում համատարած էր. Ալիևի եղբայրները, բարեկամները պաշտոններ էին զբաղեցնում: Միջին Ասիայում դա ընդունված էր, բայց Հայաստանում դա ընդունված չէր: Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանն այդքան սեփականատերեր բերեց խորհրդարան, իսկ իր եղբայրներին ասաց` հեռու մնացեք քաղաքականությունից: Եթե Սերժ Սարգսյանը Սաշիկին է բերել, կարող էր նա էլ Արամին բերել, բայց չի արել: Դրա համար Հայաստանի ժողովուրդն այս համատարած խնամիականությունը, ասիական հոռի բարքերը վերագրում է Ղարաբաղի ազդեցությանը. Կովալենկո Շահգելդյանի (Կոտայքի մարզպետը-հեղ.) որդին դառնում է Չարենցավանի քաղաքապետ, կամ Արա Աբրահամյանն իր բոլոր եղբայրներին դարձնում է պատգամավոր: Դուք կարող եք ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր եղբորը դարձրեց պատգամավոր: Այո, և այն ժամանակ դրա համար նրան դատապարտում էին, բայց դա չէր ընկալվում որպես ազգային միասնականությունը խաթարող «տարածաշրջանային նացիոնալիզմի» կամ, ինչպես այսօր ասում են` «մոնղոլ-թաթարական» բարքերի դրսևորում:
Հիմա դա այդպես է ընկալվում: ՈՒրեմն, եթե ուզում ենք գտնել դեղատոմսը, պետք է նախ հրաժարվենք այս` հայաստանյան հասարակության համար մերժելի պրակտիկայից, պետք է համատեղ ուժերով պարտադրենք Սերժ Սարգսյանին` հաշվի նստել հասարակության պահանջների հետ:

Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ