ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ազգային ժողովի հեղինակությունը բարձրացնելու միակ ճանապարհը արդար ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի ձևավորումն է»

«Ազգային ժողովի հեղինակությունը բարձրացնելու միակ ճանապարհը արդար ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի ձևավորումն է»
26.09.2008 | 00:00

«ՄԵՆՔ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՊԱՅՔԱՐԵՆՔ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»
Առաջիկա ներքաղաքական զարգացումների, արմատական ընդդիմության գործունեության հեռանկարների վերաբերյալ «Իրավունքը de facto»-ի հարցերին է պատասխանում ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ։
-Պարոն Դեմիրճյան, արմատական ընդդիմությունը կարծեք ակտիվացնում է իր գործունեությունը։ Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ հանրահավաք, հաջորդը նախատեսված է ամսի 26-ին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք աշնանային քաղաքական զարգացումներից։
-Մեր նպատակները և պահանջները հայտնի են։ Առաջնահերթ խնդիրը` նախագահական ընտրությունների և մարտի 1-ի դեպքերի հետ կապված, ազատազրկված քաղաքական գործիչների, քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Մինչ օրս այս ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերը որևէ կերպ բավարար համարել չի կարելի։ Իսկ առհասարակ ընդդիմության ջանքերն ուղղված են երկրում սահմանադրական կարգի հաստատմանը, երկրի ժողովրդավարացմանը։ Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա դրանք կախված են ընդդիմության ճիշտ և հետևողական աշխատանքից, հասարակության ակտիվությունից։ Եվ, իհարկե, ընդդիմության գործունեությունը չի սահմանափակվելու միայն հանրահավաքների անցկացումով։
-ՀԺԿ-ն մաս է կազմում Հայ ազգային կոնգրեսի։ Ինչպե՞ս կբնորոշեիք ընդդիմադիր միավորման ներսում ստեղծված փոխհարաբերությունները։ Հանրագումարում այն կարո՞ղ է վերածվել մեկ կուսակցության կամ միասնական քաղաքական ուժի, թե՞ կմնա դաշինքային ձևաչափ։
-Ինչ վերաբերում է կոնգրեսի ներսում ստեղծված փոխհարաբերություններին, ապա ես դրանք համարում եմ նորմալ։ Տարբեր հարցերի վերաբերյալ միշտ էլ հնարավոր են տարբեր մոտեցումներ, սակայն կարևորն այն է, որ հիմնական խնդիրներում և հատկապես Հայաստանում սահմանադրական կարգի, օրինականության հաստատման հարցում մենք միասնական ենք։
Մեկ միասնական կուսակցության վերածվելու խնդիր կոնգրեսի օրակարգում չկա, իսկ դաշինքի մասին կարելի է խոսել միայն ընտրությունների ժամանակ։ Այս պահին համագործակցության այսպիսի ձևաչափը մենք լիովին բավարար ենք համարում։
-Անդրադառնանք արտահերթ ընտրությունների հնարավորությանը կամ հավանականությանը։ Կան կարծիքներ, որ խորհրդարանի խոսնակի փոփոխության այս գործընթացը կհանգեցնի Ազգային ժողովի լուծարմանը։ Ձեր կարծիքն այս կապակցությամբ։
-Մենք միշտ ենք պնդել, որ անհրաժեշտ է անցկացնել նոր համապետական ընտրություններ։ Եթե այսօր հատկապես շեշտադրում ենք վերջին նախագահական ընտրությունների հետ կապված անօրինականությունները, բոլորովին չի նշանակում, թե մոռացվել է այն, ինչ կատարվեց 2007-ի գարնանը։ Խորհրդարանական ընտրությունները նույնպես շատ հեռու էին արդար և ազատ լինելուց։ Եվ այսօր Հայաստանում բնակվող յուրաքանչյուր օբյեկտիվ մարդու համար, եթե անգամ նա չի հարում ընդդիմությանը, միարժեք է, որ այս Ազգային ժողովը չի արտահայտում հասարակության տրամադրությունները, քաղաքական ուժերի ազդեցության իրական հարաբերակցությունը։ Բայց ես այն կարծիքին չեմ, թե վարչախումբը մտադիր է լուծարել Ազգային ժողովը։
-Ըստ Ձեզ, ո՞րն է իրական նպատակն այդ դեպքում։
-Ամեն ինչ շատ պարզ է։ Հանրապետական կուսակցությունը համարում է, որ Հ. Աբրահամյանն ավելի լավ կղեկավարի Ազգային ժողովը և կբարձրացնի նրա հեղինակությունը։ Սակայն ակնհայտ է, որ Ազգային ժողովի հեղինակությունը բարձրացնելու միակ ճանապարհը նոր, արդար ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի ձևավորումն է։ Ազգային ժողովը կարող է լուրջ, ծանրակշիռ դերակատարություն ունենալ, եթե դադարի գործադիր իշխանության կցորդը լինելուց և դառնա իրապես քաղաքական մարմին։
-Սակայն, ըստ Ձեզ, արմատական ընդդիմությունը պատրա՞ստ է ընտրություններին մասնակցելու և իրական պայքար մղելու իշխանության համար։ Եվ այդ դեպքում ՀԺԿ-ն ընտրություններին կգնա միասնակա՞ն դաշինքի՝ կոնգրեսի կազմում։
-Մենք համախմբման կողմնակից ենք, իսկ կոնկրետ ձևաչափի մասին ավելի ճիշտ կլինի խոսել ընտրությունների ժամանակ։ Այսօր ընդդիմությունը միանշանակ պատրաստ է մասնակցելու և հաղթելու համապետական ընտրություններում։ Նախագահական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ միասնական ընդդիմությունը վայելում է բնակչության մեծամասնության աջակցությունը։
-Եթե ընդդիմությունն այդքան վստահ է իր ուժերին, ինչո՞ւ այդպիսի պասիվություն դրսևորեց համայնքային ընտրություններում։ Նկատի ունեմ, բնականաբար, մայրաքաղաքի համայնքապետերի ընտրությունը։
-Նախ, մենք կարծում ենք, որ պետք է ընդունվի և կյանքի կոչվի Երևանի մասին օրենքը։ Եկեք ընդունենք, որ տեղական ինքնակառավարման ընտրությունները մեր ազգաբնակչության գիտակցության մեջ չունեն առանցքային նշանակություն։ Հայաստանի քաղաքացիներն ավանդաբար միշտ կարևորում և լուրջ ակտիվություն են ցուցաբերում համապետական ընտրություններում՝ խորհրդարանական և հատկապես նախագահական։ Տեղական ընտրություններում բնակչության պասիվությունը հեշտացնում է իշխանությունների գործը։ Դրանով հանդերձ, ես այնքան էլ համամիտ չեմ, թե ընդդիմությունը պասիվ է։ Այնուամենայնիվ, ընդդիմությունը թեկնածուներ առաջադրեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում։ Եվ ես չեմ համարում, որ նրանք պարտվել են՝ նկատի ունենալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների որակը։ Սեպտեմբերի 28-ին համայնքապետի ընտրություն է Կենտրոն համայնքում, ընդդիմության կողմից կա առաջադրված թեկնածու՝ Արարատ Զուրաբյանը, ով հաղթանակի իրական հնարավորություններ ունի։ Սակայն, ինչպես նշեցի, մենք առավել կարևորում ենք Երևանի մասին օրենքի ընդունումը, ավագանու և քաղաքապետի ընտրությունների անցկացումը։
-Բայց այդ ընտրությունները տեղի են ունենալու միայն հաջորդ տարի։
-Իշխանություններն անհիմն կերպով ձգձգում են համապատասխան օրենքի ընդունումը՝ հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը։ Քաղաքապետը Երևանում պետք է լինի ընտրովի, թաղապետերը՝ նշանակովի։ Դա կբարձրացնի Երևանի կառավարման արդյունավետությունը։
-Դուք կարծում եք, որ ընդդիմությունն ավելի ակտի՞վ կմասնակցի Երևանի ավագանու՝ հաջորդ տարի կայանալիք ընտրություններին։
-Միանշանակ։ Նախ` մենք ակտիվորեն կպայքարենք Կենտրոնում։ Մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու այդ հնարավորությունը չօգտագործելը շատ սխալ կլինի։ Եթե մենք կարողանանք փոխհամաձայնեցված և միասնական ճակատով աշխատել Երևանի ավագանու ապագա ընտրություններում, և ընդդիմադիր թեկնածուները մեծամասնություն կազմեն քաղաքային խորհրդում, քաղաքապետը, բնականաբար, կլինի ընդդիմության ներկայացուցիչը, իսկ դա արդեն լուրջ ձեռքբերում է և լավ հիմք՝ համապետական ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար։ Դա բոլորովին չի նշանակում, թե մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունը, ընդդիմության օրակարգից դուրս է մնալու արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու հարցը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4564

Մեկնաբանություններ