Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Չեն ստեղծում պայմաններ, որ պահենք կամ ընդլայնենք մեր գենետիկական բազմազանությունը»

«Չեն ստեղծում պայմաններ, որ պահենք կամ ընդլայնենք մեր գենետիկական բազմազանությունը»
30.11.2012 | 00:03

Հայերի ծագումնաբանության խնդիրների, գենետիկական բազմազանության, հայկական գենոֆոնդի շուրջ է զրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻ հետ:

-Այսօր, այսպես կոչված, գիտնականները տարբեր ազգերի ու կրոնների, հայերի ծագումնաբանության (և ոչ միայն) մասին տարբեր գրքեր և հոդվածներ են հրապարակում համացանցում և այլուր, որտեղ հայերը ներկայացվում են որպես իրենց մեջ այս կամ այն էթնիկ տարրեր ձուլած ազգ։ Ընդ որում, կասկածի տակ է դրվում նաև հայերի բնիկության հարցը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նման «գիտական» խառնափնթորի նկատմամբ։
-Այդ ամենը ոչ մի առնչություն չունի ակադեմիական գիտության հետ: Ակադեմիական գիտությունն առանձին տիրույթ է, որտեղ բարձր մակարդակով, միջազգայնորեն ընդունված չափանիշներով կատարվում է աշխատանք, որն ընդունվում է համաշխարհային գիտական շրջանակներում: Այն, ինչ գրում են բլոգներում, կայքերում կամ նույնիսկ որոշ գիտական շրջանակներում, կրկնում եմ, ոչ մի առնչություն չունի գիտության հետ: Ասեմ ավելին, նրանց (ադրբեջանցիներ, թուրքեր) պատվիրած գիտական աշխատանքները ներքին շուկայի «սպառման» համար են միայն: Դիլետանտական մակարդակի գործեր, որոնք զուրկ են լուրջ հիմնավորումներից:
Ադրբեջանի նախագահը երկու տարի առաջ պատգամի նմանությամբ ինչ-որ բան հնչեցրեց ակադեմիայում` ուղղված գիտնականներին։ Այն է` նրանք իրենց աշխատանքներում պետք է ապացուցեին հայերի եկվորությունը, փորձեին մեզ ներկայացնել որպես եկվոր ժողովուրդ, որն այս տարածքներում հաստատվել է ընդամենը 200 հարյուր տարի առաջ: Կարճ ժամանակ անց Ալիևն արդեն շնորհակալություն էր հայտնում գիտնականներին, փաստելով, թե նրանք բավականին լուրջ աշխատանքներ են հրատարակել, որոնցում կատարել են իր պատգամը:
Եթե գիտությունը պետք է լինի պատգամ կամ քաղաքական պատվեր, գիտություն չէ: Ցանկացած պատվեր հստակ ենթադրում է` ստացածդ արդյունքները պարտավոր ես համապատասխանեցնել պատվիրված պահանջներին: Դա արդեն կոչվում է քաղաքականացված գիտություն, ինչն անհեթեթություն է։
Միջազգային բարձր մակարդակ ունեցող և ո՛չ մի գիտական ամսագրում կասկածելի ծագմամբ գիտնականների առանց գիտական հիմքի սիրողական մակարդակով արված աշխատանքները չեն հրապարակվում, առավել ևս, երբ նման «ուսումնասիրությունները» կասկածի տակ են դնում տարբեր ժողովուրդների, այդ թվում նաև` հայերի բնիկության հարցը:
-Ի՞նչ կասեք Ձեր կատարած ուսումնասիրությունների մասին։
-Այն, որ Արևելյան Հայաստանի գենոֆոնդի 40-50 %-ը հիմնականում ձևավորվել է վերջին սառցապատումից հետո` նախանեոլիթյան և նեոլիթյան ժամանակաշրջանում: Ժամանակակից գենետիկական մեթոդներով արված ուսումնասիրությունները փաստում են, որ հայերի ձևավորման պրոցեսն իրականացվել է Հայկական լեռնաշխարհում 5-7 հազար տարի առաջ, երբ հայերենն առանձնացել է հնդեվրոպական ընդհանուր ծառից: Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է այն, որ հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են:
-Ասել է` հիմնազուրկ է նաև հայերի ծագման, այսպես կոչված, բալկանյան տեսությունը:
-Ամերիկացի գիտնականների հետ համատեղ 2012-ին մի հոդված հրատարակեցինք, որտեղ ապացուցում ենք, որ Բալկանյան տեսությունը (վարկածը), որը հիմնված է Հերոդոտոսի արձանագրած ընդամենը երկու տողի վրա, այն է` հայերը և փռյուգիական ցեղերը կրում էին նույն ռազմազգեստը, ըստ էության, ոչ մի հիմք չունի, և հայերի ծագումնաբանությունը կապել փռյուգիացիների հետ անհեթեթություն է, քանի որ Հերոդոտոսի ներկայացրածն ընդամենը մի դրվագ է, ինչն առնչվում է միայն ռազմազգեստին։ ՈՒ այդ տողերի վրա հիմնվելով փորձել խոր հետևություններ ու ինչ-որ վարկածներ առաջ քաշել` անհեթեթություն է: Ժամանակակից գենետիկան ցույց է տալիս, որ այո՛, շատ քիչ` 1-2 %-ով հոսք եղել է դեպի մեր գենոֆոնդ, ինչը, սակայն, չէր կարող լուրջ գենետիկական փոփոխությունների պատճառ դառնալ:
-Իսկ կարո՞ղ էին լեզվական լուրջ փոփոխությունների պատճառ դառնալ տվյալ ներգաղթերը Հայկական լեռնաշխարհ:
-Վերջերս հեղինակավոր Science գիտական ամսագրում հրապարակվել է մի հոդված, որի հեղինակը Քուենթին Աթկինսոնն է: Հեղինակը կրկին, արդեն երրորդ անգամ, ապացուցում է, որ հնդեվրոպական լեզուն ծագել է մեր լեռնաշխարհում, այսինքն` Հայկական բարձրավանդակում, իսկ հայերենն առանձնացել է մոտավորապես 6 հազար տարի առաջ: Ամենակարևորն այն է, որ հայերենի ծագման տիրույթը Արևելյան Հայաստանն է: Մենք բոլորս առայսօր կարծում էինք, թե դա Արևմտյան Հայաստանն է։ Այսինքն` ավելի մոտ հնդեվրոպական լեզուների ծագման շրջանին: Հայերենի բնօրրանը Արևելյան Հայաստանն է: Առավել ևս, այսօր ունենք լեզվագիտական ավելի համոզիչ փաստարկներ, որ և՛ լեզուն, և՛ գեների հոսքը փոխկապակցված են մեկը մյուսին:
Հայերենը, ըստ էության, ոչ թե Հայկական լեռնաշխարհի արևմուտքից է եկել, այլ տարածվել է արևելքից: Հայերենն այստեղից է գնացել, իսկ պետականությունը արևմուտքից է եկել, որն այսպես երկկողմ հոսք է ստեղծել, ինչը շատ ավելի ամուր է, քան մի կողմից շարժվելու դեպքում:
Քանի որ հայերը ձևավորվել են շա՜տ վաղ ժամանակներում, դա նշանակում է, որ մենք էթնոգենեզի մեջ ներառել ենք տարբեր ցեղախմբեր, որոնք ժամանակին խոսել են ազգակից լեզուներով: Դրանով է բացատրվում հայերենի 50-ից ավելի բարբառների գոյությունը: Հետաքրքիրն այն է, որ հայերենն ունեցել է այնպիսի հատկություն, որ շատ արագ ընդլայնել է իր սահմանները:
-Ես տեղյակ եմ, որ Դուք 4000 հայերի եք ուսումնասիրել Հայաստանում, ԼՂՀ-ում, Սփյուռքում, Ջավախքում և համշենահայերի շրջանում, և պարզել եք, որ Սյունիքի ու Արցախի հայերը այստեղ ապրել են 45-50 հազար տարի առաջ: Ի՞նչ նպատակ ունեն այդ ուսումնասիրությունները, և ի՞նչ արդյունքներ եք գրանցել:
-Այսօր արդեն մի փոքր շտկում ենք մտցնում, քանի որ երբ մեր նախնիները 40-50 հազար տարի առաջ եկել են այս տարածաշրջան` վերջին սառցապատման պատճառով, նրանք նահանջել են, բայց հետո նորից են վերադարձել: Ակնհայտ է, որ նրանք էթնիկապես որևէ ազգի չեն պատկանել:
Մեր ուսումնասիրությունների հիմնական և գերագույն նպատակն է վերականգնել պատմական Հայաստանի ժողովուրդների, այսինքն` առաջին հերթին հայերի գենետիկական անցյալը: Դա նշանակում է, որ մենք պետք է տվյալներ հավաքենք` ԴՆԹ-ի նմուշներ, այն հայերի ժառանգներից, ովքեր այսօր սփռված են ամբողջ աշխարհում: Դա պահանջում է, որ մենք տարբեր երկրներից, օրինակ, Ռուսաստանից Անիի հայերի, Հայաստանից և Ֆրանսիայից Վանի հայերի ժառանգներից` հավաքենք ամբողջ գենետիկական տեղեկատվությունը և կազմենք հայերի գենետիկական խճանկարը:
Մեր գենետիկական ընդհանուր պատկերը ստանալու համար վերցնում ենք պատմական Հայաստանը և այդ տարածքի դասակարգումը կատարում ենք ըստ աշխարհագրական դիրքի։ Հաշվի առնելով նրանց մեկուսացումը` մենք վերականգնումն իրականացնում ենք գավառների մակարդակով: ՈՒնենք Վան-Վասպուրականի, Բայազետի, Գարդմանի, Մուշի, Սասունի, Ալաշկերտի հայեր և այլն: Այս դասակարգման հիման վրա ուսումնասիրում ենք առանձին խմբերը և վերականգնում ենք մեր գենետիկական անցյալը:
Ընդհանուր պատկերը հետևյալն է. Հայկական բարձրավանդակը լքված է եղել բավականին երկար ժամանակ` մոտ 10 000 տարի, երբ սառցապատումը հյուսիսից հասել է մոտավորապես Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններ: Այս տարածքը վերաբնակեցվել է մոտավորապես 12-15 հազար տարի առաջ: Դա նշանակում է, որ առնվազն 12-15 հազար տարի մեր անմիջական նախնիներն արդեն ապրում էին այստեղ։ Իսկ մեր նախնիներից ձևավորվել են և՛ հայերը, և՛ պարսիկների ու այսօրվա Ադրբեջանի տարածքի բնիկների (լեզգիներ, ուդիներ, թալիշներ և այլն) մի մասը: Սրանք արդեն այլ գործընթացներ են, որոնց շնորհիվ ձևավորվել են տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդները:
-Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական տարբեր շրջաններում ձևավորված հայերը ունե՞ն գենետիկական որոշակի առանձնահատկություններ:
-Հայերի գենետիկական առանձնահատկությունները շատ են, այլ կերպ ասած, գենետիկական բազմազանությունը շատ մեծ է: Քանի որ մենք հին ենք, մեր պատմությունն էլ պետք է լինի այնպիսին, ինչպիսին ամբողջ Եվրոպայում է: Ե՛վ մեր տարբերությունը, և՛ բազմազանությունը` գենետիկական խճանկարը, հարուստ են։ Այդ մասին միայն ես չէ, որ գրել եմ (մենք գրել ենք անգլիացի գիտնականների հետ): Մեր գենետիկական տարբերությունը, ինչը նկատվում և փաստվում է մեր աշխարհագրական տարբեր խմբերի միջև այն չափի է, ինչպես Եվրոպայում տարբեր ժողովուրդների միջև: Եվ եթե Եվրոպայի ժողովուրդները ձևավորվել են հազարից երեք հազար տարի առաջ, ապա հայերն ավելի վաղ են ձևավորվել: Հենց սրանով է պայմանավորված մեր բազմազանությունը, մեր տարբեր լինելը: Բազմազանություն բառը շատերը չեն հասկանում. մենք տարբեր ենք գենետիկորեն, բայց մենք նույն ազգն ենք, քանի որ ունենք նույն ինքնագիտակցությունը: Մեր ազգային ինքնագիտակցությունը նույնն է, քանի որ այն ամրապնդված է, այսպես ասած, սոսնձված է լեզվով, մի տարածքով, որտեղ մենք միասին ապրում ենք և ունենք ընդհանուր պատմամշակութային ժառանգություն:
-Իսկ միևնույն ժամանակ կա՞ն նաև գենետիկական ընդհանրություններ այդ տարբեր աշխարհագրական խմբերի միջև: Այսինքն` այնպիսի նմանություններ, որ հատուկ են միայն հայերին:
-Մենք ունենք մուտացիաներ, որոնք բնորոշ են այս տարածաշրջանին: Կա մի մուտացիա, որը շատ տարածված է տարբեր ժողովուրդների մեջ: Դա, այսպես կոչված, G հապլոխումբն է (մուտացիաների համակցություն), որը ծագել է Հայկական լեռնաշխարհում: Այս հապլոխումբը բնորոշ է հայերին, բայց հետագայում տարածվել է դեպի Եվրոպա: Այս գենը ծագել է 15-20 հազար տարի առաջ` նախանեոլիթյան շրջանում Հայաստանի և այսօրվա Թուրքիայի պետական սահմանի մոտ` մոտավորապես Գյումրիի և Կարսի մոտերքը:
Մենք ունենք մեկ ուրիշ օրինակ, որը վերաբերում է J1E-ին, որը նույնպես ծագել է նեոլիթյան շրջանում:
Այսինքն` կան մի քանի որոշակի մուտացիաներ, որոնք բնորոշ են մեր տարածաշրջանին: Պարզ է, որ դրանք հայկական չեն, պարզապես դրանք մատնացույց են անում այն ժողովուրդներին, որոնք այս տարածաշրջանի բնիկներն են: Դրանք տարածվել են և՛ Եվրոպա, և՛ դեպի Ասիա, և՛ տարբեր տարածաշրջաններ: Այսօր Հայաստանում ամենատարածված հապլոխմբերը J-ն և R-ն են, որոնք միասին մոտավորապես 70 % են կազմում` կապված, թե որ տարածաշրջանն ենք դիտարկում: Մեր բարձրագոտի Սյունիքը և Արցախը մեզ համար շատ կարևոր են: Բարձր գոտիներում ապրող ժողովուրդները քիչ են ենթարկվել բռնի տեղահանումների հետևապես նրանց գենետիկական կայունությունն ավելի բարձր է, քան դաշտավայրային տարածքներում ապրողներինը, որտեղ բռնի տեղահանումներ հաճախ են եղել: Գենետիկայի տեսանկյունից կարևորը սա է` մեզ միավորում է այն, որ մեր բոլոր տարածքային հատվածներում համարյա բացակայում է վերջին նվաճողների` արաբների, թուրքերի, մոնղոլների գենետիկական հետքը:
-Եվ ինչո՞վ է պայմանավորված այն, որ մենք մեր գենոֆոնդում օտար գեն չենք ներառել:
-Մեր ազգային ինքնությունը ձևավորվել է շատ վաղ ժամանակաշրջանում, երբ մյուս ժողովուրդները նոր-նոր էին սկսում գիտակցել իրենց ինքնության, լեզվի, պետականության խնդիրները: Այսօր շատ մասնագետներ պնդում են, որ մենք մեր ինքնության գագաթն ապրել ենք 5-րդ դարում: Այն ոչ միայն հայ մշակույթի, պատմության Ոսկեդարն է եղել, այլև մեր ազգային ինքնության: Այսինքն` քրիստոնեությանը, մշակույթին առնչվող այն պոռթկումը, որ ապրել ենք, համընկել է նաև մեր ազգային ինքնության գագաթնակետի հետ: Հենց այդ իրողությունն էլ թույլ չի տվել, որ մյուս ժողովուրդները գենետիկորեն մուտք գործեն մեր գենոֆոնդ: Հայերը գերադասել են ինքնասպանություն գործել, բայց չհանձնվել թուրքերին կամ արաբներին: Խոսքս կանանց, աղջիկների մասին է, որպեսզի չպղծվեն: Եվ եթե նույնիսկ բռնաբարված կանայք երեխա էին ունենում, ապա նա դուրս էր մղվում հայկական համայնքից: Եթե հայ աղջիկը հղիանում էր թուրքից կամ արաբից, ապագա երեխան հայկական համայնքում չէր ծնվում: Մենք ունեցել ենք ինքնամաքրման բնազդ ասեմ, թե մշակույթ` չգիտեմ: Նույն հրեաները խառնվել են այլ ժողովուրդների հետ, բայց նրանց ինքնագիտակցությունը շատ ուժեղ է եղել, քանի որ նրանց քահանաները բավականին ամուր են պահել ժողովրդի ինքնագիտակցությունը: Ընդունելով, ներառելով տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների` տղամարդկանց և կանանց, նրանք կարողացել են հստակ պահել իրենց ինքնագիտակցությունն իրենց կրոնի միջոցով:
-Հայերի արտաքին տարբերությունները գենետիկայո՞վ, թե՞ այլ գործոններով են պայմանավորված:
-Օրինակ, աչքի գույնը պայմանավորված է գենետիկայով: Մենք բոլորս չէ, որ համատարած թխահեր ենք և ցորենագույն: Մեր մեջ կան նաև շիկահեր և կապուտաչյա հայեր։ Այդ իրողությունը վառ արտահայտված է Հադրութում (Արցախ), այնտեղ գրեթե համատարած կապուտաչյա են և բաց գույնի մազերով` շիկահեր: Դա ի՞նչ է նշանակում. միայն այն, որ կապված է գենետիկայով: Մենք ունենք նաև մաշկային առանձնահատկություններ, օրինակ` տարբեր երանգներ, որոնք պայմանավորված են չոր եղանակային պայմաններով, ինչի պատճառով աշխարհագրական որոշ շրջաններում հայերը թխահեր են և ցորենագույն:

Գենետիկական առանձնահատկությունները ցույց են տալիս մի բան. որքան բազմազան է ազգը, այնքան կայուն է: Բուրգն ինչքան մեծ հիմք ունի, այնքան կայուն է: Մեր բուրգը բավական մեծ հիմքի վրա է դրված, և մենք պետք է հպարտ լինենք ու պետք է փորձենք այն զարգացնել: Մենք մեր վերարտադրությունը չպետք է սահմանափակենք Հայաստանով և դրանով մեր բազմազանությունը փոքրացնենք, այլ պետք է ներառենք աշխարհի հայերին, որոնք բավականին երկար ժամանակ մեկուսացված են բուն Հայաստանի հայերից: Ներառելու համար պետք է այստեղ պայմաններ ստեղծվեն, մեր կենսամակարդակը պիտի բարձրացվի, որպեսզի սփյուռքից գան Հայաստան ու ապրեն, սովորեն լավագույն համալսարաններում: Իսկ այսօր սփյուռքահայերը, որոնք ընդհանուր առմամբ ավելի ունևոր են, քան Հայաստանի բնակչությունը, գերադասում են, որ իրենց երեխան սովորի Օքսֆորդում, Քեմբրիջում, Կալիֆոռնիայում և այլն: Չեն գալիս։ Դա նշանակում է` չենք ստեղծում այն պայմանները, որ մեր գենետիկական բազմազանությունը պահենք կամ ընդլայնենք: Լավ, ընդլայնելը թողնենք մի կողմ, գոնե պահպանենք: Երեք միլիոն հայ ենք Հայաստանում, և ի վիճակի չենք բազմազանության մակարդակն ապահովելու: Այսպես ասած, մենք տապակվում ենք մեր յուղով, մեր թավայի մեջ, որը շատ փոքր է:
Մենք նրանց կարիքն ունենք գենետիկորեն, իսկ նրանք մեր` մշակութային առումով:
-Պարոն Եպիսկոպոսյան, հապլոխմբերը մեզ մոտ ի՞նչ հաճախականությամբ են տարածված:
-Ավելի շատ տարածված են այն հապլոխմբերը կամ գենետիկական տարբերակները, որոնք կապված են Մերձավոր Արևելքի ժողովուրդների միգրացիաների հետ` նեոլիթյան ժամանակաշրջանում: Երբ սառցապատումը նահանջել էր, ժողովուրդները սկսել էին աստիճանաբար վերադառնալ մեր տարածաշրջան և ավելի հյուսիսային շրջաններ:
Ընդհանրապես, հապլոխմբերը կամ մուտացիաները եզակի երևույթներ են: Եվ դրանք տեղի են ունենում երևի մեկ անգամ, առավելագույնը երկու անգամ կարող են ի հայտ գալ տարբեր տեղերում: Այսինքն` հավանական է, նույն մուտացիան մի ուրիշ տեղում նույնությամբ տեղի ունենա: Դա նշանակում է, որ մենք այդ մուտացիաների միջոցով կարող ենք որոշել, թե որտեղից են գաղթել այս կամ այն ժողովուրդները: Մենք ունենք հնարավորություն վերականգնելու գաղթի ուղղությունները` մոնղոլական ցեղերի, երկրագործ ցեղերի, հնդեվրոպական լեզուն տարածող ցեղերի։ Դա բավականին կուռ տեսություն է, որի մասին խոսվում է մոտ 50 տարի: Այսօր ունենք նաև գենետիկական հստակ ապացույցներ, որ գենետիկայի միջոցով մենք կարող ենք վերականգնել լեզվի և հողագործության տարածման ուղղությունները:
-ԽՍՀՄ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալների համաձայն` խառնամուսնությունները Հայաստանում կազմում էին 6 %, մինչդեռ, ՈՒկրաինայում ու Լատվիայում այդ ցուցանիշը հասնում էր մոտ 40-50 %-ի: Այսօր մենք ունե՞նք այդպիսի վիճակագրական տվյալներ, որոնք արվել են Հայաստանում` հետխորհրդային ժամանակաշրջանում:
-Տարբեր ուսումնասիրություններ փաստում են հետևյալը. Հայաստանում շատ քիչ տոկոս են կազմում խառնամուսնությունները: ՈՒսումնասիրված 4000 մասնակիցներից ոչ ավելի, քան 100 հոգու ծնողներից մեկը (տվյալ դեպքում խոսքը մայրերի մասին է) եղել է այլազգի, ինչը մոտավորապես 2 % է կազմում:
Հակառակ պատկերն է սփյուռքում: Խառնամուսնությունները կարելի է այսօր գնահատել և գուշակել, տեսնել ինչպիսի հետևանքներ են լինելու, ասենք, 50, ապա 100 տարի հետո: Այստեղ մի բան է կարևոր. որքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան «մագնիս» կլինի հայության համար: Հայությունը, հայերենը պետք է պահպանվեն ոչ թե ուրիշ տեղ, այլ Հայաստանում:


Հարցազրույցը`
Արտակ ԽՈՒԼՅԱՆԻ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Դիտվել է՝ 5681

Մեկնաբանություններ