Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեր հանդիսատեսը գլամուրից դուրս գտնվող մարդն է» (ֆոտոշարք)

«Մեր հանդիսատեսը գլամուրից դուրս գտնվող մարդն է» (ֆոտոշարք)
19.11.2012 | 18:00

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայանում էր «Արդաղիոն» բեմադրությամբ: Ներկայացումից առաջ զրուցեցի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:

Բազմախոս, բարձրախոս սերիալները աղմուկով են լցնում մեր առանց այն էլ աղմկոտ միջավայրը: Եվ այդ աղմկոտ հեռուստաաշխարհն ունի իր լսարանը: Ո՞վ է մնջախաղի հանդիսատեսը: Մոտավորապես այսպիսին էր առաջին հարցս:
«Սովորաբար ներկայացումներից առաջ նախաբան եմ ասում, որ հանդիսատեսն ավելի հեշտությամբ թափանցի ներկայացման մեջ: Խոսքիս սկզբում նշում եմ, որ ոչ ոք նրա գլուխն այստեղ չի տանի, ոչ ոք չի խոսի, ամեն ինչ լուռ է արվում, բայց շատ բովանդակային,- ասաց Ժիրայր Դադասյանը:- Իհարկե, մենք ունենք հանդիսատես: Դա այն հանդիսատեսն է, որին հուզում են ավելի լուրջ խնդիրներ, քան այն շերտային, մակերեսային վիճակները, որ տրվում են հեռուստատեսությամբ, զանգվածային լրատվամիջոցներով: Այսինքն, մեր հանդիսատեսը գլամուրից դուրս գտնվող մարդն է, որ ավելի շատ հետաքրքված է իր ներքին և, առհասարակ, մարդուն հուզող խնդիրներով»:
Զրուցակցիս խոսքով` սա այն հարցի պատասխանն է, թե ինչու է մարդը գեղարվեստական գիրք կարդում: Մնջախաղի թատրոնի մեկ ներկայացում նայելը, ըստ նրա, համարժեք է մեկ գեղարվեստական գիրք կարդալուն, և եթե մարդն ունի այդ պակասը, լրացնում է նաև այս ձևով:
Մնջախաղի թատրոնի խաղացանկում ընդգրկված է տասից ավելի ներկայացում: Այս խաղաշրջանում ներկայացվել է յոթը` ընթացիկ խնդիրների պատճառով: Կան նաև նոր ներկայացումների նախագծեր, նոր գաղափարներ, որոնք ընթացքի մեջ են:
«Արդեն քանի տարի է` թատրոնը պետպատվեր չի ստանում,- ասաց Ժ. Դադասյանը:- 2005-2010 թթ. ներառյալ մենք ստացանք ներկայացում բեմադրելու հայտեր և հինգ տարվա ընթացքում բեմադրեցինք վեց ներկայացում: Ամեն տարի մեկ ներկայացում բաց էինք թողնում, որովհետև մեծ ծավալի ինչ-որ բան անելու համար միջոցներ են պետք: Երբ նայեք ներկայացումը, կպատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը»:
Հետաքրքրվեցի` ներկայացումները հիմնվում են ավելի շատ դասակա՞ն, թե՞ ժամանակակից գրականության վրա:
«Գրականությունը մեզ համար առիթ է, ըստ էության, մենք ինքներս ենք ստեղծում դրամատուրգիան, մնջաղաղում մենք ենք հեղինակը,- ասաց պարոն Դադասյանը:- Նա, ով ծանոթ է «Գիրք ծաղկանց» ներկայացմանը և վիպակին, կտեսնի ինչ-որ ներքին կապ, բայց ոչ վերարտադրություն: Այսինքն, մնջախաղը ոչ թե բեմականացում է, այլ տվյալ գրական գործի ներքին ազդեցության, տրամաբանության վերարտադրությունն է` այս տեսքով: Մնջախաղը չունի պատրաստի դրամատուրգիա, չի գրվում, մարմինն ինքն է ստեղծում դրամատուրգիան, և ներկայացումը ձևավորվում է աշխատանքի մեջ»:
Մնջախաղի պետական թատրոնն առայժմ տեղավորվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում` վարձակալական հիմունքներով, ունի մեկ փորձասենյակ և շաբաթական մեկ անգամ խաղալու հնարավորություն, որը լիուլի օգտագործում է: Հավանաբար, մյուս տարի կունենան իրենց տարածքը Հյուսիսային պողոտայում, թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` այն կլինի Երևանի ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր թատրոնը:
Մինչև տարեվերջ մնջախաղի սիրահարները կարող են դիտել Ժիրայր Դադասյանի «Գիրք ծաղկանց» և «Արդաղիոն» ներկայացումները, Յուրա Կոստանյանի «Շրջանակից դուրս» ներկայացումը և «Մանրապատումները» (ԱՄՆ, Շվեյցարիա), որը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ: Հանդես են գալու ոչ միայն թատրոնի դերասանները, այլև Մնջախաղի թատրոնի ստուդիայի շրջանավարտներն ու ավարտական կուրսի ուսանողները:
Մնջախաղի պետական թատրոնն այս տարի հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում: Հայ գրատպության 500-ամյակի առիթով Լոս Անջելեսի հանրային գրադարանում ներկայացրել են «Գիրք ծաղկանցը», որը ջերմությամբ է ընդունել օտարազգի հանդիսատեսը: Մի ներկայացում էլ խաղացել են հայ համայնքի համար:
Ժ. Դադասյանի խոսքով` ամեն ներկայացում ունի իր հանդիսատեսը, թեև հայաստանյան հանդիսատեսը շատ է սիրում «Չարի ծաղիկները», «Գիրք ծաղկանցը»: «Ի՞նչ կասեք օրվա ներկայացման մասին» հարցին պատասխանեց. «Կասեմ, որ սա իմ սիրելի ներկայացումներից է»:
Մի քանի խոսք «Արդաղիոնի» մասին:
Ինչպես հանդիսատեսին տեղեկացրեց Ժիրար Դադասյանը, Սուրբ Արդաղիոնի պատմությանը առաջին անգամ հանդիպել է Հենրիկ Հովհաննիսյանի գրքերից մեկում: «Հետաքրքրեց ինձ թեման ու որոշեցի անդրադառնալ,- ասաց նա:- 4-րդ դարի սկզբում արագորեն տարածվում էր քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունն ամեն միջոց ձեռնարկում էր, որ կանխի այդ «աղետալի աղանդը», և դրա համար լուրջ քաղաքական տեխնոլոգիաներ էին կիրառվում դեռ այն ժամանակ: Միմերի թափառական թատերախմբեր էին ուղարկվում արևելյան քաղաքներ, որոնք ծաղրում էին ավետարանական պատմությունները և հակաքրիստոնեական ներկայացումներ ցուցադրում: Եվ ահա այսպիսի մի ներկայացման ժամանակ Արդաղիոնը պատկերում է խաչի վրա աստվածային չարչարանքների տեսարանը: Աստված տեսնում է դերասանի անկեղծ, նվիրված ու բացառիկ խաղը, երկնային լույս է իջեցնում` դարձի բերելով հերոսին: Արդյունքում, որպեսզի փրկեն ներկայացումը, ընկերները իսկապես խաչում են Արդաղիոնին»:
Ժիրայր Դադասյանը պատմեց նաև, որ բոլորովին վերջերս «Նյու Յուրք թայմս» թերթի թղթակիցը հոդված է գրել մնջախաղի թատրոնի ներկայացման մասին, որը, ըստ նրա, բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնը: Չնայած այս թյուրիմացությանը, հոդվածի հեղինակը «Արդաղիոնը» ներկայացրել է որպես ավանգարդ ներկայացում ու ամփոփել իր խոսքը մի զարմանալի եզրահանգմբ. «Իրականում այս ներկայացումը Հայաստանի նկարագիրն է, որն առաջինն աշխարհում ընդունեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն` մ.թ. 301-ին»:
«Սա նաև մեր աշխատանքի գնահատականն է,- ասաց ներկայացման բեմադրիչը,- որովհետև թատրոնը ժամանակային արվեստ է, դժվար է առանց ժամանակի մեջ լինելու, ժամանակի խնդիրը բարձրացնելու հետաքրքիր ու տպավորիչ գործ ստանալ»:
Հավելենք, որ մեկ գործողությամբ պատմական միմոդրամայի տևողությունը 55 րոպե է: Բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է: Դերերում` Շուշան Սարգսյան, Նունե Սուքիասյան, Հայկ Միրզոյան, Արթուր Հայրապետյան, Նաիրա Եդիգարյան, Մարգարիտա Առաքելյան: Բեմադրող նկարիչը Անուշ Ստեփանյանն է, զգեստների նկարիչը` Լիլիթ Ստեփանյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ