ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ, ԱՅՆ ԷԼ ԲԱԺԱՆԵԼ ԵՆՔ»

«ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ, ԱՅՆ ԷԼ ԲԱԺԱՆԵԼ ԵՆՔ»
30.03.2012 | 00:00

«Ամեն մարդ թող իր համար քնի ու երազ տեսնի: Ո՞վ է երազում տեսել, թե Մադաթյանը դուրս է եկել ՕԵԿ-ից»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ՝ միաժամանակ հերքելով ՕԵԿ-ից կուսակցության մամուլի նախկին պատասխանատու Սուսաննա Աբրահամյանի հեռանալու լուրը: Անդրադառնալով իրենց համամասնական ցուցակին ու, մասնավորապես, վերջին տեղը զբաղեցնող, Անվտանգության խորհրդի անձնակազմի վարորդին, ակումբի հյուրը շեշտեց, որ, նախ, վերջինս երկու ինստիտուտ է ավարտել, հետո էլ այդ քայլով ՕԵԿ-ը փորձել է ցուցակում ներգրավել սոցիալական տարբեր շերտերի:
Խմբակցության ղեկավարի տեղեկացմամբ` ՕԵԿ-ն ապրիլի 7-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու, իսկ հաջորդ օրը տեղի է ունենալու կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը, ինչն էլ կազդարարի քարոզարշավի մեկնարկը: «Պատրաստակամ ենք, վճռական՝ ունենալու կրկնապատիկից ոչ պակաս պատգամավորներ, քան այսօր է: Արդեն չորրորդ անգամ ենք մասնակցելու ԱԺ ընտրություններին: ՈՒնենք մեծ փորձ: Կազմակերպչական առումով ՕԵԿ-ը մարտունակ է, ողջ երկրով մեկ ձևավորել է բոլոր կառույցները և պատրաստ է բարձր մակարդակով քարոզարշավ անցկացնելու և հայտնվելու խորհրդարանում»,- վստահեցրեց տիկին Բիշարյանը՝ հույս հայտնելով, որ քարոզարշավը չի ուղեկցվի իրար վրա ցեխ շպրտելու «գործողություններով», ինչն «ՕԵԿ-ի աշխատաոճին երբեք բնորոշ չի եղել»: Նկատելով, որ քարոզարշավը գաղափարական պայքարի փուլ պետք է լինի, քաղաքական գործիչը շեշտեց, որ կուսակցությունները պիտի ներկայացնեն իրենց օրենսդրական աշխատանքները, անդրադառնան տնտեսական խնդիրներին, որպեսզի հանրությունը կարողանա ճիշտ ընտրություն կատարել:
Սակայն, Բիշարյանի դիտարկմամբ, ինքն «այնքան միամիտ չէ», որ բացառի ՕԵԿ-ի հանդեպ ոչ միայն ընդդիմության, այլև կոալիցիոն գործընկերների «ձեռամբ» կիրառվող սև PR-ը: «Նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը միմյանց մրցակիցներն են: Դա տրամաբանական է, քանի որ բոլոր քաղաքական ուժերը ձայն ու քվե հավաքելու համար մրցակցության են դուրս գալիս»,- ասաց բանախոսը:
Լրագրողների հարցերի գերակշիռ հատվածն առնչվում էր Մարտի 8-ի կապակցությամբ ՕԵԿ-ի բաժանած «մուրաբաներին»: «Սա ընտրակաշառք չէ: Մենք համատարած օգնություններ չենք բաժանում, քաղաքացիներին փողով չենք առնում, չենք ցուցակագրում մարդկանց և քննադատում ենք նման երևույթները: Ինչ վերաբերում է բաժանված ջեմերին, դա ընդամենը ՕԵԿ-ական կանանց նկատմամբ վերաբերմունք է եղել, որը մեր մարզային գրասենյակների ղեկավարների մտահղացումն էր»,- պարզաբանեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը՝ բարի ախորժակ մաղթելով բոլոր նրանց, ովքեր ճաշակել են մուրաբաները: Իսկ այն, որ ՕԵԿ-ը խոստացել է նաև բջջային հեռախոսներ բաժանել, Բիշարյանը համարեց «սուտ տեղեկատվություն»: Լրագրողների «մուրաբա-ջեմային» համառ հարցերի տարափը կասեցնելով` Հեղինե Բիշարյանը նշեց. «Երբ ինչ ունեցել ենք, այն էլ բաժանել ենք»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ