ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԽՑԿԵԼՈՒ» ՄԻՋՈՑՈՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԴԱՌՆԱ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ

«ԽՑԿԵԼՈՒ» ՄԻՋՈՑՈՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԴԱՌՆԱ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
16.03.2012 | 00:00

Քաղաքական ազգայնականությունը` հասարակական զարգացման այդ մեծագույն նվաճումն ու քաղաքական գաղափարախոսության մարդասիրական կարևոր ուղղությունը, «համաշխարհային պատմության երևույթ է»։ Ամեն կարգի գնահատականներն ու կեղծ ազատական քաղաքականությունը` ուղղված քաղաքականության բազմակողմանիացմանն ու ազգային շահերի հասկացության չեզոքացմանը, դատապարտված են լիակատար սնանկության։
Կան ազգեր, որոնց բախտը, ամենայն ակնհայտությամբ, բերել է։ Նրանց քաղաքական ազգայնականությունը բացահայտորեն համապատասխանում է ուժի համաշխարհային կենտրոնների շահերին, և այդ երկրները հաջողությամբ որոշակի քաղաքական ու աշխարհաքաղաքական գործառույթներ են կատարում։ Մյուս ազգերի բախտը չի բերել, և նրանց ազգայնականությունը հակասության մեջ է մտնում համաշխարհային տերությունների ու համահարթեցման (գլոբալիզացիա) նպատակների ու շահերի հետ։ Հայկական շահերը խիստ թշնամաբար են ընկալվում շատ պետությունների, տարբեր քաղաքական հոսանքների ու շրջանակների կողմից։ Բայց, այդուամենայնիվ, հայկական ազգային շահերը դարձել են միջազգային քաղաքականության կարևոր գործոն և մասամբ ներառվել են համաշխարհային ու տարածաշրջանային առաջատար տերությունների քաղաքականության մեջ։
Իհարկե, հայկական սփյուռքը կարողացել է բավականին հակասական պայմաններում ստեղծել որոշակի ցանցային կառուցվածք, որը, թեև ոչ այնքան արդյունավետ, սակայն հանդես է գալիս որպես համեմատաբար ինքնուրույն և ներմիավորված գործընկեր միջազգային քաղաքականության մեջ։ Հայկական սփյուռքում կա երկու հիմնական խնդիր` հանրության համատարած մանրբուրժուականությունը և մտավոր կարողությամբ աչքի ընկնող հայկական շրջանակներից համայնքների որոշ կտրվածությունը։ Սակայն փորձեր են արվում լուծելու այդ խնդիրները, ընդ որում, ոչ թե կրթական-դաստիարակչական ինչ-ինչ եղանակներով կամ սոցիալական նախագծմամբ, այլ շատ հասանելի ու կոնկրետ ձևով` հայկական միավորված խմբավորումների վերակազմավորմամբ։ Շատ կարևոր է այն, որ այդ գործընթացները տեղի են ունենում քաղաքական առումով ակտիվ խմբերի մեծ մասի լիակատար ըմբռնման ու հավանության պայմաններում, երբ տեղի է ունենում խիստ տարազան խմբերի ու մարդկանց համակցում։
Այս պայմաններում խնդիր է առաջանում (ավելի ճիշտ արդեն առաջացել է) Հայաստանի ու սփյուռքի շահերի ու ջանքերի միավորման առնչությամբ, որոնք շատ հարցերում գտնվում են տարբեր շահերի գոտիներում։ Եթե սփյուռքի համայնքներն ու խմբերը ձգտում են հաղթահարել ավանդական «խռովածությունը» և համաշխարհային քաղաքական գործընթացներին ներմիավորվել շատ թե քիչ ինքնուրույն գործընկերոջ դերով (սա, անշուշտ, կարելի է պատմական ներկա փուլում գերխնդիր համարել), ապա Հայաստանը խրվել-մնացել է լուսանցքայնության ու մանրբուրժուականության ճահճում։
Հիմա չափազանց շատ է խոսվում Հայաստանում տիրող տնտեսական ու սոցիալ-քաղաքական պայմանների «օլիգարխիական» բնույթի մասին, և շատ բաներ հենց դրանով են բացատրվում։ Բայց «օլիգարխիա» կոչված բնորոշումն ամենևին չի համապատասխանում այն իրողություններին, որ առկա են Հայաստանում։ Եթե անգամ Հայաստանում կա օլիգարխիա, ապա դա շատ թերարժեք օլիգարխիա է, նկատի ունենալով կառավարչական և նպատակային հանգամանքները։ Օլիգարխիան, այսինքն, իշխանական կառույցներին ներմիավորված ձեռնարկատիրական շրջանակները, կոչված է կատարելու որոշակի փուլակազմիկ տնտեսական, մասամբ նաև քաղաքական առաջադրանքներ` հիմնված կապիտալի մեծ կուտակման վրա և ընդհանուր շահեր ունենալով քաղաքական խավի հետ։ Այսինքն, օլիգարխիան միայն այն ժամանակ է դառնում այդպիսին, երբ տնտեսական զարգացմանը որոշակի դինամիկա ու նպատակ է հաղորդում։ Ոչ մի նման բան Հայաստանում տեղի չի ունենում, քանի որ հայկական օլիգարխիական կապիտալն իր բնութագրերով ու հատկություններով նույնն է, ինչ մանր կապիտալը և մանր բուրժուազիայի կապիտալը։ Եթե անգամ Հայաստանում առկա խաղի կանոնները կարելի է պայմանականորեն օլիգարխիական համարել, ապա հարաբերությունների ձևավորված համակարգը շահագրգռված չէ քաղաքական ազգայնականության գաղափարախոսության առաջադրմամբ կամ պաշտպանությամբ։ Կարելի է միայն ծիծաղելի, աղմկոտ միջոցառումների և թատերական խայտառակ ներկայացումների ականատեսը լինել սոցիալական լայն բեմահարթակում։
Միանգամայն հասկանալի է, որ նման «կաշկանդված» մանրբուրժուական հասարակությունն ընդունակ և շահագրգռված չէ քաղաքական ազգայնականությամբ, մինչդեռ Հայաստանին պետք են ստեղծագործ ազգայնական կուսակցություններ կամ գոնե մեկ խոշոր ազգայնական կուսակցություն, որը լիներ քաղաքական ազգայնականության սուբյեկտ։ Բայց Հայաստանում կա՞ արդյոք ազգայնական կուսակցություն։
Երկու տասնամյակ առաջ Հայաստանում դույզն-ինչ կասկած չկար, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը հենց այդպիսի, այսինքն, դասական քաղաքական ազգայնականության կուսակցություն է։ Ներկայումս տեղի է ունեցել դաշնակցական կուսակցության փաստական փլուզում։ Հիմա կուսակցությունը ներկայացնում է կուսակցական գործիչներից ու նրա ղեկավարներից բաղկացած մի ոչ մեծ խումբ (մի քանի տասնյակ մարդ)։ Կուսակցության կազմալուծման գործընթացն սկսվեց 1998-ի սկզբներին, երբ պարզվեց, որ կուսակցական-քաղաքական խնդիրները բացահայտորեն ուժից վեր են և չեն համապատասխանում նրա առաջնորդների ու վերջիններիս շրջապատի մտավոր ընդունակություններին։ Հարկ է նշել, որ կուսակցության մարման առավել կարևոր գործոնը 90-ականների սկզբին նրա ղեկավարների քաղաքականությունը եղավ, երբ կուսակցության մեջ ընդունվեցին հազարավոր պատահական մարդիկ։ Դա պատճառ դարձավ խարխլման, գաղափարազրկման և ամենակարևորը` սահման չունեցող հարմարվողականության հետագա խորացման։ Սկզբում թվում էր, թե իշխանությունների հետ դաշնակցության սերտ համագործակցությունն էր նրա փլուզման պատճառներից մեկը, բայց հիմա հասկանալի է դառնում, որ իշխանությունների հետ ավելի քան 11-ամյա համագործակցությունն է եղել կուսակցության գոյատևման կարևորագույն պայմանը։ Փաստորեն, իշխանությունների ցուցաբերած աջակցությունն է միայն, որ այդ կուսակցությանը հնարավորություն է տվել մնալու քաղաքական կյանքի մակերեսին։ Այժմ դաշնակցությունը զրկված է նաև այդ աջակցությունից, թեև ՀՅԴ հայաստանյան ղեկավարներն ամեն կերպ ձգձգում էին իշխանությունների հետ հարաբերությունների վերջնական խզման պահը։ Հետաքրքիր է, որ կոալիցիայից դաշնակցության դուրս գալն անգամ քաղաքական այս ուժին ընդդիմադիր դաշտ չտարավ։
Սփյուռքի կուսակցական ընկերները շատ են մտահոգված կուսակցության ճակատագրով և ձգտում են սկզբունքային դիրք բռնել, սակայն չեն շտապում ու հետևում են Հայաստանի դաշնակցական պարագլուխների փորձերին` խուսափելու աղետից, որն ավելի ու ավելի է սպառնալից դառնում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց։ Իշխանությունները դաշնակցության պարագլուխներին հասկացրել են, որ մտադիր են անցկացնել, այսպես կոչված, մաքուր ընտրություններ, ինչն ընկալվել է իբրև 5 %-ի շեմը հաղթահարելու անհնարինության ակնարկ։ Դաշնակցության ղեկավարները չեն կարող հույսեր կապել իրենց կուսակցության անդամների հետ` որպես ընտրարշավի գլխավոր ռեսուրսի, քանի որ աղետն արդեն տեղի է ունեցել, և կուսակցության շարքային (և ոչ միայն) անդամները մտադիր չեն մասնակցելու համապատասխան նախընտրական միջոցառումներին։ Երևի կուսակցության պարագլուխները հասկացել են դա, ու, հնարավոր է, քաղաքական զարգացումների ներկա փուլի սկզբից ևեթ հույսեր չեն կապել նրանց հետ։ Ըստ էության, «առաջնորդները» դադարել են այդպիսիք լինելուց և ձգտում են ինչ-որ մենեջերական աշխատանք կատարել` նպատակ ունենալով պայմանավորվածությունների հասնել ավելի ազդեցիկ ու ժողովրդականություն վայելող քաղաքական խմբերի հետ, այսինքն, ստանալ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջատար գործընկեր Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը։ Բայց ամենաանհեթեթն այն է, որ դաշնակցության պարագլուխները ձգտում են «լղոզվել» Հայ ազգային կոնգրեսին, ասել է թե` ՀՀՇ-ին։
Այսպիսով, առաջանում է երկարաժամկետ մի իրողություն, երբ Հայաստանի ՀՅԴ կուսակցությանը միշտ մի տանիք է պետք, այսինքն, ավելի ուժեղ ու ազդեցիկ մի գործընկեր, ինչպես նաև հովանավոր։ Դա խոսում է կուսակցության շատ անառողջ վիճակի, նրա հասարակական և քաղաքական անզորության մասին։ Ամենաչպահանջարկված քայլը կարող է լինել այն, որ դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցի, հենվելով, որպես ակտիվիստների, ոչ թե կուսակցության անդամների, այլ վարձու գործիչների վրա։ Չկա վստահություն, որ նման որոշում կընդունվի, բայց կուսակցության շատ անդամներ կասկած ունեն, որ նման բան կարող է տեղի ունենալ։
Ինչպես հայտնի է, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության մասին որոշումն ընդունվել էր 2011-ի սեպտեմբերին կայացած ընդհանուր ժողովում։ Բայց քանի որ քվեարկությանն անտեսվել են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի պատվիրակները, այդ որոշումն ընկալվում է որպես անօրինակարգ։ Ի՞նչ կարիք կա գնալու կանխավ տանուլ տրված և զուտ ձևական մի քայլի` հանուն կուսակցության ներկա պարագլուխների դիրքերի պահպանման։ Ներկայումս ո՛չ տեղերում, ո՛չ Երևան քաղաքում կուսակցության ներկա ղեկավարները ժողովրդականություն և հարգանք չեն վայելում կուսակցության անդամների շրջանում, որոնք մեծ մասամբ անտարբեր ու գլխիկոր վիճակում են։ Ըստ էության, կուսակցության անդամների մեծ մասն սպասում է ոչ թե խորհրդարանական ընտրություններին, այլ կուսակցության Գերագույն մարմնի ժողովին, որը պետք է կայանա ընտրություններից հետո և ինչ-որ հանգուցալուծում առաջարկի։ Բայց խնդիրն այն է, որ դաշնակցականների մեծ մասն ընդամենը մի տեսակ կողմնակի հայեցողի դեր է ունենալու, ոչ թե ակտիվորեն մասնակցելու է հետագա իրադարձություններին։ Այժմ կարևոր դեր կարող են խաղալ սփյուռքի կուսակցական ընկերները, որոնք սպասողական դիրք են բռնել։ Նրանք չեն փորձում որևէ կերպ միջամտել իրադարձություններին և Հայաստանի ՀՅԴ ներկա ղեկավարների գործունեության ու դիրքորոշման լիակատար և ակնհայտ ձախողման հույս ունեն։ Սկզբունքայնության տեսակետից ճի՞շտ է սա, արդյոք, դժվար է ասել, բայց այդ մարդիկ գոնե դիրքորոշում ունեն և հասկանում են` հարկավոր է նախաձեռնություն հանդես բերել ու փրկել կուսակցությունը Հայաստանում։
Սփյուռքի կուսակցական կազմակերպություններում մարդիկ լավ, եթե չասենք սպառիչ, տեղեկություններ ունեն Հայաստանում և ՀՅԴ-ում տիրող իրավիճակի մասին։ Սփյուռքում նոր մարդիկ են եկել կուսակցություն, նոր սերունդ, որոնցից շատերն ունեն հումանիտար համալսարանական կրթություն, ծանոթ են միջազգային քաղաքական ու տնտեսական գործընթացներին։ Երիտասարդ սերնդի շրջանում երևան են գալիս հովանավորներ, որոնք պատրաստ են ֆինանսավորելու կուսակցությունը, և այդ մարդկանց հետ անհնար է հնաոճ, անհասկանալի պայմանականություններով լեցուն բանավեճ ունենալ։ Պետք է պատշաճը հատուցել նրանց, ովքեր մեծ հաջողությամբ կարողանում են ազգային շահերն առաջ տանել արտասահմանյան քաղաքական ասպարեզում, և ոչ մի ուշադրություն չդարձնել այն իրավիճակի վրա, որում հայտնվել է Հայաստանի դաշնակցական կուսակցությունը։ Հայաստանում ևս հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել շարքերի տրամադրություններում, և կասկած չկա, որ կան մի շարք մարդիկ, ովքեր հաջողությամբ կարող էին ղեկավարել ՀՅԴ-ն։ Մեծ սխալ է այն, որ Հայաստանում և սփյուռքում նման մտածելակերպով մարդիկ մինչև հիմա մշտական կապեր չեն ստեղծել` պահպանելով կուսակցական էթիկան։ Այսպես թե այնպես, կուսակցության բախտը պետք է որոշվի կառավարման ապակենտրոնացման սկզբունքով, և կուսակցությունը Հայաստանում կղեկավարեն մարդիկ, ովքեր կապրեն այս երկրում, ոչ թե հեռավոր ափերի ընկերները, որոնք, այդուամենայնիվ, պետք է օգնեն միանգամայն վայրենի ներկա իրավիճակում։
Հայաստանում կուսակցության շարքերում տարբեր տրամադրություններ են տիրում, և դրանցից ամենաառողջները ոչ թե քաղաքական են, այլ, փաստորեն, կապված են պատվի ու սերնդափոխության հարցերի հետ։ Այսինքն, դաշնակցականներն անտարբեր չեն ո՛չ իրենց կուսակցության ճակատագրի, ո՛չ երկրի ապագայի նկատմամբ։ Հայաստանում ՀՅԴ-ի զարգացումը, ավելի ճիշտ, զարգացման «սառեցումը» հանգեցրել է այն բանին, որ բնակչությունն ու իրենք` կուսակցության շարքային անդամները, չեն ճանաչում դաշնակցականներին, բացի նրանցից, ովքեր տարիներ ի վեր «աչքի փուշ» են դարձել հեռուստադիտողների համար ու ձանձրացրել են բոլորին` և՛ հակառակորդներին, և՛ բարեկամներին, և՛, ամենագլխավորը, հենց իրենց կուսակիցներին։ Երկար տարիների ընթացքում կուսակցությունում երբեք չի քննարկվել կադրային քաղաքականության հարցը, որոշումներ չեն ընդունվել շրջափոխության և կուսակցական կառույցներում նոր կադրերի առաջքաշման մասին։ Հիմա քիչ հույսեր կան, թե Գերագույն մարմնի ժողովում հեղափոխական իրադարձություններ կկատարվեն, եթե կուսակցության պարագլուխներին հաջողվի ամեն գնով իրենց մարդկանց անցկացնել խորհրդարան։ Կուսակցության առաջնորդներն այդ ժողովին կմասնակցեն իբրև «կեղծ հաղթողներ»։ Շատ կարևոր է, արդեն այժմ, առաջադրել խորհրդարանական ընտրություններից հետո ոչ թե Գերագույն մարմնի, այլ կուսակցության արտահերթ ընդհանուր ժողովի գումարման հարցը, որտեղ կձևավորվեր մասնակիցների միանգամայն այլ հաշվեկշիռ։ Իսկ եթե մինչև վերջ սկզբունքային լինենք, ապա ի՞նչ կարիք կա առհասարակ կողմնորոշվելու դեպի խորհրդարանական ընտրություններ, ավելի լավ չէ՞ր լինի արդեն հիմա անցկացնել արտահերթ ընդհանուր ժողով, եթե համարենք, որ վերահաս աղետը սոսկ ժամանակի հարց է։ Ամեն դեպքում, կուսակցության շարքային (և ոչ միայն) անդամները պետք է հասկանան, որ «խցկելու» միջոցով դաշնակցության ներկայությունը Ազգային ժողովում կդառնա գոյատևման նոր փուլի սկիզբ։ Եթե ղեկավարներին ընտրազանգված է պետք, թող լավ փող ճարեն և «առնեն» այդ ընտրազանգվածը։ Բայց այստեղ էլ է էական խնդիր առաջացել. սփյուռքն այլևս մտադիր չէ ֆինանսավորելու հայաստանյան կառույցը, իսկ այն բանից հետո, երբ կուսակցությունը դուրս եկավ կառավարող կոալիցիայից, այլևս հույսեր չկան, որ կուսակցության ցուցակով ԱԺ մտած հարուստ ձեռնարկատերերը կշարունակեն աջակցել նրան։
Հեղափոխական բնույթի կուսակցության համար խորհրդարանական և ցանկացած այլ ընտրություններ սոսկ երկրորդական կարգի գործիքներ են, երբեմն` բավականին ապարդյուն և անգամ վնասակար։ Հեղափոխական կուսակցությունը միշտ էլ տեղ ունի քաղաքականության մեջ` անգամ ամենակայուն պատմական և հասարական-քաղաքական պայմաններում։ Հեղափոխական կուսակցությունը պետք է լինի հիրավի անհարմարվողական, այլապես հեղափոխականության գաղափարախոսությունը սին է` մանր բուրժուազիայի հարմարվողական փիլիսոփայության պես։ Դաշնակցության քաղաքական կյանքն արդի Հայաստանում ցույց է տալիս, միաժամանակ, հեղափոխական կուսակցության թե՛ դժվարությունները, թե՛ առավելությունները։ Կուսակցության ղեկավարներն ու շարքային շատ անդամներն այդպես էլ չեն նկատում, որ կուսակցությունն ունի տասնյակ հազարավոր կողմնակիցներ, որոնց թիվը թեև բավարար չէ 5 %-ի շեմը վստահորեն հաղթահարելու համար, սակայն պետք չէ նվաստացնել այդ մարդկանց` նրանց վերածելով ընտրազանգվածի։ Պետք է հպարտանալ նրանով, որ ունես կողմնակիցների «հաստատագրված» թվակազմ, ոչ թե 5 տոկոս ապուշների ամբոխ։ Դրանք կուսակցության ու ազգի զինվորներն են։ Սա է նրանց պատմական առաքելությունը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ