Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պատերազմի սպառնալիքն իբրև Հարավային Կովկասում օպերացիոն կառավարման տարր

Պատերազմի սպառնալիքն իբրև Հարավային Կովկասում օպերացիոն կառավարման տարր
16.12.2008 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2005-06 թվականներին ուժգնացան սպասումները, թե Վրաստանում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Այն ժամանակ իսկապես կար որոշակի համոզվածություն, որ Կովկասը մոտենում է մեծ պատերազմի փուլին։ Պատերազմից, իհարկե, զգուշանում են բոլորը, սակայն միաժամանակ սպասում դրան որպես հանգուցալուծում։ Այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին դարձել է Հարավային Կովկասը, այսպես ապրել այլևս անհնարին է։ 21-րդ դարի սկզբին անհրաժեշտ է որոշակիացնել, թե որ էթնոսն ինչ տարածքի վրա պետք է ապրի ու կառուցի իր պետությունը։
Պատերազմի իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այն կա, ապա դա քրեական դրսևորում է։ Սակայն գոյություն ունի ազգերի գոյության, նրանց ինքնապաշտպանության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը։ Դա սրբազան իրավունք է, և դրանից չօգտվելը նշանակում է ազգի կործանում, ինչը չեն ների ո՛չ Տեր Աստված, ո՛չ էլ պատմությունը։ 2006-ին ԱՄՆ-ը փորձեց ստուգել, թե որքան կդիմանան Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նյարդերը։ Թվաց, թե հասել է քաղաքական հանգուցալուծման պահը, քանի որ ԱՄՆ-ը, իբրև առաջատար շահագրգիռ պետություն, կարգավորման բանակցային գործընթացից դուրս բերեց Մինսկի խմբին` Ռուսաստանի ու Ֆրանսիայի համաձայնությամբ։ Ինչը նշանակում էր հետագա իրադարձությունների համար պատասխանատվության վերագրումը հակամարտության կողմերին։ Անշուշտ, դա ավելին չէր, քան բեմադրված ներկայացում, և նպատակ էր հետապնդում ցույց տալ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, որ նրանք այս աշխարհում միայնակ են, ու հիմքեր չկան մեծ հույսեր կապելու արտաքին աջակցության հետ։ Այնուհետև ԱՄՆ-ում հասկացան, որ այդ սցենարը բոլորովին էլ չի հանգեցնի կողմերի դիրքորոշումների մերձեցման, և դրանով չի պայմանավորված լինելու կովկասյան այս երկու պետությունների կախվածությունը Վաշինգտոնից։ Ավելին, Հարավային Կովկասի պետությունների կառավարող ռեժիմները սկսեցին երևակայել, որ կարիք չկա զգուշանալ արտաքին վերահսկողությունից, քանզի արտաքին գործոնները պատերազմի թույլտվության ազդանշաններ են տալիս։
Այդ փուլում Ադրբեջանում սկսվեց ընդհանուր, բայց փակ բանավեճ այն մասին, թե որքանով են երկրի զինված ուժերը մարտունակ, ինչպես են իրականացվում ու վերահսկվում պաշտպանական ծախսերը։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց ստեղծել «անբռնազբոսիկ և ազատ» բանավեճի մթնոլորտ` քաղաքական կուսակցությունների ու փորձագետների մասնակցությամբ։ Իրականում, սակայն, կառավարող ռեժիմը փորձեց կոմպրոմատի կազմակերպման ճանապարհով վարչական կադրերի և ուժային կառույցների մաքրում իրականացնել։ Այսպես թե այնպես, սկիզբ դրվեց ժողովրդի մեջ քիչ թե շատ ժողովրդականություն վայելող միլիտարիստական, ռևանշիստական քարոզչությանը, որը որոշակիորեն հաշվարկված էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառման համար։ Ադրբեջանի գործընկերներն արտաքին աշխարհում շատ լավ հասկանում էին այդ քարոզչական նախաձեռնության էությունն ու իմաստը, մեծ նշանակություն չէին տալիս դրան, սակայն ադրբեջանական կողմի մշտական հայտարարություններն օգտագործում էին իբրև Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Ամերիկացիները, այնուհանդերձ, չզիջելով նախաձեռնությունը Ռուսաստանին և Եվրամիությանը, միանշանակ հայտարարեցին, որ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հույսեր առհասարակ լինել չեն կարող։ Ընդ որում, պետդեպարտամենտը, իսկ ավելի կոնկրետ, պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման ժամանակ պարզաբանեց ադրբեջանական կողմին, որ այն եկամուտները, որոնց հետ Ադրբեջանը հույսեր է կապում սպառազինությունների մրցավազքը խթանելու առումով, ստացվում են ԱՄՆ-ի քաղաքականության շնորհիվ և կարող են դադարել, եթե Ադրբեջանի ղեկավարության պահվածքը լինի ընդգծված ագրեսիվ։ Միաժամանակ հենց 2005-06 թվականներին էին երևան գալիս գաղափարներ Հարավային Կովկասում ռազմական հակամարտությունների վերահսկելի վերսկսման վերաբերյալ։ Դրա համար համապատասխան պայմաններ էին ստեղծվել ինչպես տարածաշրջանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Մոտավորապես համարժեք որոշումներ, հավանաբար, կայացվել են Վրաստանի և նրա հակառակորդների հետ կապված, որոնք ԱՄՆ-ի համար դարձել են անպետք ու ոչ ֆունկցիոնալ պրոբլեմ։ ԱՄՆ-ը, մի շարք տարածաշրջաններում ծանրագույն պրոբլեմների առջև կանգնած լինելով ու գտնվելով բարդ որոշումներ կայացնելու ճանապարհին, առանձնակի ցանկություն չունի հետագայում էլ ցուցադրել այս կարևոր տարածաշրջանում խնդիրները լուծելու իր անընդունակությունը, քանի որ դա լուրջ վնաս է հասցնում իր հեղինակությանը։ Բուն Հարավային Կովկասի տարածաշրջանում դիտորդները վաղուց վարժվել են այն իրողությանը, որ զգալի ուշադրություն կա տարածաշրջանային խնդիրների նկատմամբ, ինչը նրանց ոգևորում է այնքան, որ համաշխարհային քաղաքականության մեջ չեն տեսնում իրենց հին «անկյունը»։ Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ իրականում առկա է որոշակիորեն զզվեցնելու էֆեկտը։ Բայց ամերիկացիները «չեմպիոններ» են կովկասցիներին «անապատով ման տալու» գործում, եթե ոչ քառասուն տարի, ապա մեկուկես տասնամյակ, ինչը նույնպես քիչ չէ։ Եվրոպացիները, օրինակ, շատ արագ «խեղդվեցին» կովկասյան հիմնախնդիրները լուծելու իրենց առաջին իսկ փորձերից։ Ռուսաստանն այլ դրության մեջ է և սոսկ արտաքին շահագրգիռ կողմ չէ։ Նա նույնպես կովկասյան պետություն է, և նրա սեփական կովկասյան խնդիրները նույնպես արտաքին ազդեցության օբյեկտներ են։ Տարածաշրջանի ճանաչված ու չճանաչված պետությունները վատ չեն զինված, ունեն միլիտարիստական հավակնություններ և պատրաստակամություն են հայտնում պատերազմելու արդարությունը վերականգնելու համար։ Հավանական է, որ դա միակ հնարավորությունն է Հարավային Կովկասը նոր, ավելի կայուն ռազմական և ռազմաքաղաքական հավասարակշռության բերելու։ Այդ քաղաքականությունը վերջին շաբաթներին բավականին ընդգծված է և կարող է դիտարկվել ցանկացած տեսանկյունից, տարբերակված, բայց ոչ երբեք իբրև ինչ-որ իռացիոնալ բան։ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս դեպքում ավելի քան իրատեսական է և պարունակում է երկու հավանական տարբերակ. կա՛մ ամերիկացիները չեն հավատում նախկին հակամարտությունների գոտիներում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսմանը, կա՛մ էլ շատ ճիշտ հաշվարկել են և ընդունելի են համարում ռազմական բախումը, քանի որ այն առանձնապես չի վտանգում իրենց ռազմավարական շահերը։ Այսինքն` վտանգներ կան, բայց դրանք, անկասկած, ավելի քիչ ռիսկ են պարունակում, քան մեծ հաշվով շահելու հավանականությունն է։
ԱՄՆ-ի այդ քաղաքականության մեջ գլխավոր գործոնն այն է, որ Վաշինգտոնը դրանով փորձում է նվազեցնել իր պատասխանատվությունը տարածաշրջանում կամ տարածաշրջանային խնդիրների մի մասի հետ կապված։ Միջազգային պատասխանատվության նվազեցումը հնարավոր է, որ շուտով վերածվի ամերիկյան արտաքին քաղաքականության կրեդոյի։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն իր պատասխանատվությունը դիտարկելու է ընդհանուր միջազգային պատասխանատվության համատեքստում` սելեկտիվ ձևով։ Որքանով սա կդառնա լուրջ միտում, ցույց կտա մոտ ապագան։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ում նույնիսկ համարում են, որ ռիսկերի կամ վտանգների մեծացումը տարածաշրջանում կհանգեցնի ոչ թե ռազմական գործողությունների վերսկսման, այլ, ընդհակառակը, կբերի որոշակի պայմանավորվածությունների։ Ըստ այդմ էլ, փորձենք դիտարկել ամերիկացիների հաշվարկները «զզվեցնելու էֆեկտի» հասունացման պայմաններում։
Նավթամուղների ընդհանուր սխեմայի ձևավորումն ու կառուցումը տարածաշրջանում գործնականում ավարտված է, դրանք կենսագործում են և ապահովում նավթի հոսքը համաշխարհային շուկա «այլընտրանքային» աղբյուրից։ Գազամուղները նույնպես հետաքրքրում են ԱՄՆ-ին, սակայն սոսկ իբրև լոկալ նախագծեր։ Վերոնշյալ էներգետիկ կոմունիկացիաների մայրուղիներն անցնում են տարածաշրջանային հակամարտության գծերից բավական հեռավորության վրա, և թեկուզ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցները կարող են ոչնչացնել այդ օբյեկտները, բայց միաժամանակ ընդունակ են նաև պաշտպանել դրանք։ ԱՄՆ-ը տարածաշրջանում ստեղծել է ոչ մեծ, բայց միանգամայն բավարար ինֆրակառուցվածք, որը կարող է ծառայել իր արդյունավետ միջամտության և նավահանգիստների, տերմինալների, նավթամուղների պաշտպանության համար։ Վրացական զինված ուժերը միանգամայն ի վիճակի են ապահովելու նավթամուղների պաշտպանությունը նաև առավելապես խոցելի հատվածներում։ 2004-ին Հարավային Օսիայում կարճաժամկետ ռազմական հակամարտության փորձը ցույց տվեց նաև նավթամուղներն առանց զգալի ջանքերի պաշտպանելու հնարավորությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ը միշտ կարող է համակարգել նավթամուղների անվտանգությանը վերաբերող հարցերը Ռուսաստանի հետ և, ըստ այդմ, խողովակաշարերի մայրուղու ամենախոցելի հատվածը` Քարթլիական դաշտավայրը, միանգամայն պաշտպանված է։ Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա այս առումով այն երբեք էլ չի մտահոգել ԱՄՆ-ին, քանի որ հակամարտության գոտին նավթամուղներից բավական հեռու է։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կառուցվող և կառուցված նավթամուղները ռիսկերի գնահատման տեսանկյունից միանգամայն տարբեր բաներ են։ Գործող նավթամուղն արդեն փաստ է, որի հետ շատ ավելի մեծ չափով պետք է հաշվի նստել։ Որովհետև տվյալ դեպքում ներդրողները, ապահովագրական ընկերություններն ու կառավարությունները բոլորովին այլ կերպ կարձագանքեն հնարավոր վտանգներին։ Միաժամանակ պարզ է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում նոր ռազմական օպերացիաները կարող են հանգեցնել կա՛մ Վրաստանի ռազմական ու քաղաքական հաղթանակին, կա՛մ էլ նրա պարտությանը, ինչպես նաև, կողմերից ոչ մեկի չշահելու դեպքում, նախադրյալներ կստեղծվեն նոր քաղաքական իրավիճակի ստեղծման, որը հնարավորություն կտա կողմերին` հասնելու երկարատև խաղաղ համակեցության։ Ցանկացած դեպքում Վրաստանում կարող է ստեղծվել ավելի կայուն ու անվտանգ իրավիճակ, որի պայմաններում էլ սկիզբ կդրվի քաղաքական ու տնտեսական շփումներին ու հարաբերություններին Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև։ Դա ձեռնտու է ԱՄՆ-ին ու նրա մերձավոր գործընկերներին նույնիսկ Վրաստանում կառավարող ռեժիմի փոխարինման գնով։ Դա նույնիսկ, կարելի է ասել, ավելի հումանիստական է, քան հակամարտությունները երկարաժամկետ և ցինիկ ձևերով ձգձգելը։
2008-ի օգոստոսի ռուս-վրացական ռազմական հակամարտությունը շարունակությունն էր այն իրողության, ինչը կոչվում է աշխարհաքաղաքական պայքար, և այնպիսի մասնավոր, լոկալ պրոբլեմները, ինչպիսիք են Աբխազիան և Հարավային Օսիան, չեն գտնվել ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ում հասկանում էին, որ Վրաստանի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի և վստահ էին, որ այն կարող է նաև աղետի հասցնել այդ երկիրը։ Սակայն գլխավորը, ինչը մտահոգում էր ԱՄՆ-ին մինչև պատերազմը և նրա ավարտից հետո, այն էր, որ երևան չգային մեղադրանքներ Վաշինգտոնի հասցեին, թե նա աջակցել է ցեղասպանական գործողություններ իրականացրած պետությանը։ ԱՄՆ-ում հասկանում էին, որ Ռուսաստանի միջամտությունն այս կամ այն կերպ անխուսափելի է, թեպետ գուցե չէին սպասում, որ ամեն ինչ իրենց շահերի ու նպատակների տեսանկյունից այսքան իդեալական կդասավորվի։ Ամերիկացիները վստահ էին, որ նավթամուղներն ու գազամուղներն անձեռնմխելի կլինեն։ Այդ զարմանալի հաշվարկն արդարացավ նաև հակամարտության ընթացքում, ու ԱՄՆ-ն ամեն ինչ արեց էներգետիկ կոմունիկացիաների նկատմամբ նրա ազդեցությունը բացառելու համար։ Ռուսաստանն օկուպացրեց Վրաստանի կարևոր ռազմավարական շրջանները, ինչն էլ Սև ծով ներթափանցելու ամերիկյան կոնցեպցիայի համար ստեղծեց նոր և ուժեղ փաստարկներ։ Վրացական իրադարձություններից հետո Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, ամենից առաջ եվրոպական առաջատար պետություններ Ֆրանսիան ու Գերմանիան, այլևս չունեն հակափաստարկներ սևծովյան ավազանում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության ընդլայնման դեմ։ Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում առաջանում է իրական «երրորդ ուժ», եթե նկատի ունենանք, որ առաջին երկուսը Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնք փորձում են դաշինքի ձևավորման հայտ ներկայացնել։ Մինչև վերջերս Վաշինգտոնում վերջնական որոշում չէր ընդունված Սև ծովում և Հարավային Կովկասում իրենց ներկայության ձևաչափի վերաբերյալ։ Այժմ կան բազմաթիվ նախանշաններ այն իրողության, որ այդ որոշումը կայացված է։ Ճիշտ է, մնացել են շատ հարցեր Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ու Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունների ռեժիմում, որոնց ԱՄՆ-ը պետք է լուծումներ գտնի։ Հայաստանում ԱՄՆ-ի այս մտադրություններն ընկալեցին իբրև փրկարար օղակ, իսկ Ադրբեջանում` որոշակի զգուշավորությամբ, քանի որ դրանք առնչվում են Թուրքիայի շահերին։ Բայց միաժամանակ Բաքվում հասկանում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը բոլորովին էլ նույն բանը չեն։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով ամեն ինչ ավելի քան հասկանալի է։ Եթե վրացական ղեկավարությունն ապացուցեց ռազմական գործողությունները վերսկսելու և դրանք լայնամասշտաբ պատերազմի վերածելու իր ընդունակությունը կամ ձգտումը` առանց Վաշինգտոնի համաձայնության, ապա ադրբեջանական խրոխտ գեներալները պատերազմից ավելի են վախենում, քան երկրի նախագահը։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը 1994-ի մայիսի 12-ից, այսինքն` ԼՂՀ-ի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, երբեք էլ իրական հարթության մեջ չի դիտարկել Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը միայն իր սեփական ուժերով։ Ադրբեջանը միշտ պատերազմել է Հայաստանի հետ ինչ-որ մեկի մասնակցությամբ։ Դրանք եղել են կա՛մ սլավոնական ազգությունների բազմաթիվ կամավորականները, կա՛մ «Ալ-Ղաիդայի» զինյալները, կա՛մ էլ թուրքական ռազմական հրահանգիչները։ Բայց եթե անգամ պատերազմ սկսվի, քանի որ տակտիկական և ռազմավարական առումով Հայաստանը հենց հիմա կարող է շահագրգռված լինել պատերազմի վերսկսման մեջ, կասկած չկա, որ ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել նավթամուղներն ու նավթային համալիրի այլ օբյեկտները Հարավային Կովկասի արևելքում։ Ամերիկացիները բացարձակապես չեն կասկածում, որ Ադրբեջանը լուրջ ռազմական պարտություն կկրի, և դրանով իսկ ի հայտ կգա այն, որ հաջողվել է համոզել Բաքվին` ճանաչել արդեն կայացած իրողությունները` Նախիջևանը կորցնելու վտանգի պայմաններում։
Անցած իրադարձությունները հաստատեցին, որ ադրբեջանական ղեկավարության մտահոգությունները, թե Ռուսաստանը կարող է ուժ կիրառել տարածաշրջանում և այլն, ժամանակավոր էին։ Հենց Ռուսաստանը պարզաբանեց, որ Ադրբեջանն իր ռևանշիստական նկրտումներն իրականացնելիս կարող է չզգուշանալ Մոսկվայի արձագանքից։ Այն պնդումները, թե Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում հանգեցրեց Ադրբեջանում ռևանշիստական հռետորաբանության նվազման, բացարձակ տխմարություն է։ Ադրբեջանը զգուշանում է ոչ թե Ռուսաստանի արձագանքից, այլ Հայաստանից պարտություն կրելուց, ինչն էլ ի հայտ եկավ Վրաստանում տեղի ունեցած պատերազմի արդյունքում։
Ներկայումս իսկապես հարց է առաջանում, թե որքանո՞վ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար կարող է ընդունելի լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի այս կամ այն ձևաչափը։ Վստահաբար կարելի է պնդել, որ Թուրքիայի համար այդպիսի հեռանկարը բացարձակապես անընդունելի է։ ԱՄՆ-ն արդեն ցույց է տվել իր հետաքրքրվածությունը որոշ վերահսկելի ռազմական հակամարտություններով Հարավային Կովկասում` հետապնդելով որոշակի աշխարհաքաղաքական նպատակներ։ Ռուսաստանն իր հերթին ցուցադրել է տարածաշրջանի պետությունների նկատմամբ բացահայտ ագրեսիա կիրառելու իր ընդունակությունը։ Եվրամիությունը, ի դեմս Ֆրանսիայի, գործնականում արդարացրել է Ռուսաստանի գործողությունները` ըմբռնումով ընդունելով նրա նախաձեռնած ռազմական ակցիան։ Սա խոսում է այն մասին, որ բոլոր արտաքին գործոնները հնարավոր են համարում ռազմական ուժի կիրառումն այս տարածաշրջանում, քանի որ լիարժեք վերահսկում են կովկասյան պետություններին ու ապացուցեցին դա։
Այս ամենը շատ նման է համընդհանուր կովկասյան պատերազմի։ Սակայն շատ հնարավոր է, որ այդ սցենարը չիրագործվի։ Իհարկե, հնարավոր պատերազմը Վրաստանում կհանգեցնի ցամաքային և ծովային ուղիների շրջափակման, այդ թվում` Հայաստանի համար, ինչն Ադրբեջանին իր հաջողության առումով ավելի մեծ վստահություն կներշնչի։ Բայց շահագրգիռ արտաքին կողմերի համար ավելի տրամաբանական կլիներ ուշադրություն չդարձնել սկզբում մեկ, այնպես էլ մյուս պատերազմին։ Երկու պատերազմը տարածաշրջանում, այն էլ միանգամից, այնուամենայնիվ, շատ է։ Թեպետ ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ, եթե Հայաստանը հանձնվի առանց պատերազմի։ Որքան կարելի է հասկանալ «ղարաբաղյան հիմնախնդրի ռուսական նախագծից», ենթադրվում է, թե Հայաստանը պատրաստ է ընդունելու ստորացուցիչ պայմաններն առանց պատերազմելու, երբ ընդունելի է համարվում ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացումը Ադրբեջանի հսկողությամբ ու համաձայնությամբ, ինչպես նաև Բաքվին են զիջվում մեր հայրենիքի այլ տարածքներ։ Մնում է պարզել, թե ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ