Սորբոնի համալսարանի հայտնի պրոֆեսոր Պասկալ Օրին պնդում է. «Արևմտյան հասարակական կարծիքն այդպես էլ մինչև վերջ չի հասկացել գլխավոր աշխարհաքաղաքական խնդիրը, չի նկատել կարմիր, երբեմն վառ կարմիր թելերով միացված ճգնաժամերը, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չունեն իրար հետ: Իսկ ամեն ինչ շատ պարզ է. այս բոլոր, ինչպես նաև ուրիշ շատ իրադարձություններ աշխարհում կոչվում են «ժողովուրդների ինքնորոշման իրավունք»: Եվ ահա, իրավիճակից կախված, այդ գործոնը ձեռնտու է մե՛րթ այս, մե՛րթ այն ճամբարին»:
Դժվար է չհամաձայնել հարգելի գիտնականի մտքին. այսօրվա դրությամբ այդ «կարմիր թելը» միացնում է միմյանցից հեռու ընկած մայր ցամաքների ու ժողովուրդների խնդիրներն ու հույսերը: ՈՒ թեև, իրոք, հանրությունը, ավելի շուտ, քաղաքական վերլուծաբանները դեռևս ձևացնում են, թե այդ իրավունքը միշտ չէ, որ գերիշխող է, որ դեռ անցած դարում կնքված Հելսինկիի պայմանագիրն ու դրա գլխավոր կետը` «սահմանների անխախտելիությունը», սոսկ Երկրորդ աշխարհամարտի սարսափելի ածանցյալ չեն, այլ շարունակում են մնալ որպես միջազգային հակամարտությունների կարգավորման հիմք և զրահ, պատմությունն ու վերջին իրադարձությունները միայն հակառակն են վկայում: «Սահմանների անխախտելիությունն» ավելի ու ավելի է անհուսալիորեն և անշրջելիորեն հնացած նորմ դառնում, մինչդեռ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» մնում է առաջատար դիրքերում: Այդ իրավունքը, թերևս, շարունակում է լինել գլխավորը, եթե ոչ միակն ընթացիկ դարում: Սթափ, անկանխակալ գնահատման պարագայում ժամանակակից քաղգործիչները չեն կարող չհամաձայնել այն բանի արձանագրմանը, որ մարդկության ամբողջ պատմությունը պետությունների սահմանների, ժողովուրդների բնակության տարածությունների փոփոխման և քաղաքական համակարգերի փոխման պատմություն է: Այսպես է եղել միշտ, այսպես կլինի այսուհետ ևս: Այդ գործընթացներն անհնար է կասեցնել: Դա ի զորու չեն անելու ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ որևէ այլ պետություն կամ պետությունների դաշինք:
Ի հաստատումն այդ խոսքերի, դիմենք փաստերին: Այսպես, միայն վերջին ժամանակներս աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել են մի ամբողջ շարք նոր ինքնորոշված պետություններ, ինչպիսիք են Արևելյան Թիմորը, Կոսովոն, Հարավային Սուդանը: Վերջերս հայտնի դարձավ, որ Իրաքի Քրդստանը պատրաստվում է Նովրուզի տոնի ժամանակ հռչակել իր անկախությունը, անկախության որոշումն օրինականացնել հանրաքվեով, այնուհետև միջազգային ճանաչման համար դիմել ՄԱԿ: Հատկանշական է, որ զուգահեռաբար Իրաքում քննարկվում է քրդա-սուննիական համադաշնության ստեղծման գաղափարը: Ենթադրվում է, որ պետական նոր կազմավորման նախագահը կդառնա քուրդ, իսկ կառավարությունը «կկազմի սուննիների ներկայացուցիչը»: Համարվում է, որ այդ մոդելը սկզբունքորեն պաշտպանում են Եվրոպան, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև, Երուսաղեմի ու Անկարայի հակամարտության պայմաններում, Իսրայելը: Համապատասխանաբար, այդ դասավորությունից ծայրաստիճան դժգոհ են Թուրքիան և Իրանը, բայց հազիվ թե այդ կարծիքը հաշվի առնվի:
Այսինքն, աշխարհում համընդհանուր վերաձևում է տեղի ունենում, և այդ նոր միտումները չնկատել կարող է կա՛մ բացարձակ կույրը, կա՛մ ծայրաստիճան շահագրգիռ մեկը: Բայց եթե թվարկված դեպքերում ինքնորոշման «թելը» արագորեն «վառ կարմիր» է դարձել, իրադարձություններն ընթացել են, ընդհանուր առմամբ, անկայուն և երրորդ աշխարհին պատկանող տարածաշրջաններում, և նոր երկրները ձևավորվել են պատերազմների ու բազմաթիվ զոհերի գնով, ապա Շոտլանդիայի անկախության հնարավոր հռչակման մասին հաղորդումը ոչ միայն առանձնանում է, այլև հաստատում է նոր համընդհանուր միտումը: Ինչպես հայտնի է, 2011-ի վերջը և 2012-ի սկիզբը Մեծ Բրիտանիայում նշանավորվեցին անկախության համար շոտլանդացի ազգայնականների պայքարի ակտիվացմամբ, և շուտով շոտլանդացիներն անցան գործնական մասին, մասնավորապես, ներկայացրին հանրաքվեի անցկացման ծրագիր: Նշվել էր «ապահարզանի գործընթացի» երկու բնորոշ չափանիշ` հանրաքվեի անցկացման ժամկետն ու հարցի ձևակերպումը: Ժամկետը նախատեսված է 2014-ի աշնանը: Այդ ժամկետը բացահայտորեն պատահաբար չէ ընտրվել. նշվելու է Բաննոքբեռնի ճակատամարտի 700-ամյակը, երբ շոտլանդացիները հաղթեցին և կարողացան 400 տարով հետաձգել անկախության կորուստը: Այդ օրերին Գլազգոյում տեղի են ունենալու համագործակցության խաղերը և նշվելու է Անգլիայի Էդվարդ 2-րդ թագավորի զորքերի ջախջախման օրը: Այնպես որ, ազգայնականները, հավանաբար, ուզում են շահարկել շոտլանդացիների հայրենասիրական զգացմունքները: Ահա այսպիսի հարց է առաջադրվելու. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան լինի անկախ երկիր»: Բայց կարող է լինել ոչ թե մեկ, այլ երկու հարց: Երկրորդը` «ուզո՞ւմ են, արդյոք, շոտլանդացիները, մնալով Միացյալ Թագավորության կազմում, ավելի մեծ լիազորություններ ունենալ իրենց խորհրդարանի համար»: Ըստ երևույթին, ազգայնականների հղացման համաձայն, այդ հարցը պետք է ունենա մի «սփոփիչ մրցանակ», եթե Լոնդոնից բաժանվելու հարցը ձախողվի:
Ձգտելով ցրել բնակչության որոշ մասի մեջ առաջացած տագնապը պառակտման հետևանքների առնչությամբ, Շոտլանդիայի իշխանությունները խոստացել են, որ Ելիզավետա 2-րդ թագուհին կմնա պետության ղեկավար: Հատկանշական է, որ նախաձեռնողները հույս ունեն, թե երիտասարդությունը հավանություն կտա ծրագրին, և առաջարկում են քվեարկության մասնակիցների տարիքն իջեցնել 16-ի. «Եթե 16-ամյա շոտլանդացին ընդունակ է ծառայելու բանակում, ապա ինչու չի կարող իր դերը խաղալ երկրի ապագայի որոշման գործում»: Անկախության հռչակման դեպքում Շոտլանդիան մտադիր է մտնելու Եվրամիության կազմի մեջ, բայց միաժամանակ ուզում է նաև ՆԱՏՕ-ի անդամ լինել: Բացի այդ, ինքնիշխան երկիրը զորքեր չի ուղարկի «անօրինական պատերազմների» և թույլ չի տա միջուկային զենք տեղակայել իր հողում: Նկատենք` այժմ Բրիտանիայի միջուկային զենքը տեղակայված է շոտլանդական Կլայդ կղզու բազայում: «Միջուկային ճգնաժամի» և այդ թեմայով տարբեր ասեկոսեների կապակցությամբ ինքնավարության վարչապետ, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սելմոնդը «աներևակայելի» է համարել, որ 5,25 մլն բնակչություն ունեցող երկիրը հաշտվի զանգվածային ոչնչացման զենքի ներկայության հետ: Իսկ ընդհանուր առմամբ, զգայական հայտարարություններ էլ են եղել. Սելմոնդն ազդարարել է, թե «Շոտլանդիան նման է վանդակ նետված թռչնի», բայց «թռչունը թռել-գնացել է, և անհնար Է նրան վանդակ վերադարձնել»: «Միության հաստատումից երեք դար հետո Շոտլանդիայի ժողովուրդն ընտրել է անկախության օգտին հանդես եկող կառավարություն, կառավարություն, որ ես եմ գլխավորելու, և որը մտադիր է վերանայելու այդ որոշումը»,- հայտարարել է վարչապետը:
Այն հարցը, որ Շոտլանդիան ու Մեծ Բրիտանիան նման չեն միմյանց, ծառացած է, թերևս, 1707 թ. Լոնդոնի և Էդինբուրգի միջև միության դաշնագրի կնքման օրվանից: Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև կենցաղային մակարդակում (Լոնդոնի համալսարանի իմ ծանոթ պրոֆեսորը, օրինակ, ծանոթանալիս, առաջին հերթին հատուկ ընդգծեց, որ ինքը շոտլանդուհի է): Այդուամենայնիվ, տարածաշրջանի առանձնանալու հարցն սկսեց քննարկվել 20-րդ դարի 30-ականներին միայն, երբ Շոտլանդիայում ստեղծվեց Ազգային կուսակցությունը: Սակայն ազգայնականների ձգտումների վրա վճռորոշ ազդեցություն գործեց այն հանգամանքը, որ Շոտլանդիայի ափերի մոտ հայտնաբերվեց հսկայական նավթահանք, և ծառացավ շոտլանդական խորհրդարանի ստեղծման հարցը, որը պիտի կարողանար մասամբ տնօրինել տեղական ֆինանսները, այդ թվում` նավթի բերած եկամուտները: Ճիշտ է, խոսքն այն ժամանակ ոչ այնքան անկախության, որքան միության շրջանակներում ինքնավարության ընդլայնման մասին էր: Կատարելով շոտլանդացիներին, վալլիացիներին ու իռլանդացիներին ինքնակառավարման ավելի մեծ հնարավորություններ ընձեռելու խոստումը` Լոնդոնը 12 տարի առաջ ստեղծեց շոտլանդական խորհրդարան, որն իրավունք ստացավ լուծելու որոշ ներքին խնդիրներ, իսկ պաշտպանությունն ու արտաքին քաղաքականությունը մնացին բրիտանական կառավարության իրավասության ներքո: Խորհրդարանն օժտված է հարկային ոլորտի սահմանափակ լիազորություններով, ինչը, այդուամենայնիվ, շոտլանդացիներին չխանգարեց սկսելու սեփական ֆունտի հատումը, որը շրջանառության մեջ դրվեց տարածաշրջանում: Ինչ վերաբերում է անկախության հարցին, այն բարձրացվել է 2007-ին միայն, երբ Ալեքս Սելմոնդը խոստացավ անցկացնել համապատասխան հանրաքվե: Այդ ժամանակվանից նա զբաղեցնում է Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը, իսկ երբ նրա կուսակցությունը հասավ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ մեծամասնության` 65 տեղ 129-ից, հայտարարեց հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:
Ապացուցելով Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի լիակատար բաժանման անհրաժեշտությունը` ազգայնականները դիմում են մի շարք փաստարկների: Դրանցից մեկը նույն ֆինանսներն են. կուսակցության կարծիքով, նավթի եկամուտները տալով բրիտանական գանձարանին, Էդինբուրգը համարյա ստանձնում է Լոնդոնի խնամակալությունը: Բացի այդ, Սելմոնդի կողմնակիցները մատնանշում են այն տարօրինակ հանգամանքը, որ առաջացել է Շոտլանդիայի խորհրդարանն ստեղծելիս: Այն ժամանակ, չնայած շոտլանդացիներն ստացան իրենց օրենսդիր մարմինը, նրանց պատգամավորները շարունակում էին նիստեր գումարել լոնդոնյան Համայնքների պալատում, մինչդեռ շոտլանդական խորհրդարանում թագի ներկայացուցիչների համար տեղեր նախատեսված չէին: Դրա հետևանքով շոտլանդացի խորհրդարանականները մասնակցում էին այնպիսի որոշումների ընդունմանը, որոնք բացառապես վերաբերում էին Անգլիային, մինչդեռ անգլիացիները չեն կարող ազդել Շոտլանդիայում տիրող իրավիճակի վրա: Այսպիսով, նշում են ազգայնականները, բաժանումը օգտակար կլինի ոչ միայն Էդինբուրգի, այլև Լոնդոնի համար: Ի դեպ, հարցումների համաձայն, հիմա Շոտլանդիայում անկախությունը պաշտպանում է բնակչության մեկ երրորդ մասը միայն, իսկ Անգլիայի բնակիչները, ընդհակառակը, ընդհանուր առմամբ ամենևին էլ դեմ չեն, որ Էդինբուրգը դուրս գա թագավորության կազմից: Այդ գաղափարի կողմնակիցների թիվը, պարզվում է, անգամ ավելի մեծ է, քան Շոտլանդիայում: Մեծ մասամբ դա պայմանավորված է նրանով, որ շոտլանդացի խորհրդարանականները միջամտում են անգլիացիների գործերին, բացի այդ, անհրաժեշտ է Էդինբուրգին տարեկան 4,5 մլրդ ֆունտ ստեռլինգ լրավճար հատկացնել, թեև հանուն արդարության արժե նշել, որ լրավճարներ ստանում են նաև ՈՒելսն ու Հյուսիսային Իռլանդիան: Սակայն, ինչպես կարծում են որոշ փորձագետներ, եթե Սելմոնդը կարողանա պաշտպանել իր դիրքերը, ապա նրա համախոհների թիվը հետագայում կարող է աճել: Բացի այդ, Շոտլանդիայի առաջին նախարարի հակառակորդները նշում են քաղգործչի բացառիկ ճկունությունը, ինչը նրան հնարավորություն է տալիս դուրս գալու ցանկացած իրավիճակից:
Ինչո՞վ կավարտվի այս ամենը, առայժմ դժվար է ասել, բայց պարզ է մեկ բան. մրցակիցները, իհարկե, կաշխատեն մնալ «ջենթլմենական համաձայնության» շրջանակներում: Այսպես, չնայած անգլիացիների հասկանալի դժգոհությանը, թագավորության ամբողջականության պահպանման հարցում բրիտանական իշխանությունն ու ընդդիմությունը միավորվել են, Սելմոնդի գլխավոր ընդդիմախոս, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը թեև հիշել է, որ հանրաքվե կազմակերպելու առանձնաշնորհը պատկանում է Լոնդոնին և ոչ թե Էդինբուրգին, այդուամենայնիվ, հրապարակավ չի վկայակոչել «սահմանների անխախտելիության» դրույթը, առավել ևս, չի սպառնացել «անջատողականներին»: Նա պարզապես կատաղի վեճերի մեջ է մտել: Օրինակ, աշխատելով թույլ չտալ, որ Սելմոնդը երկար «սիրախաղ անի» ընտրողների հետ, Կեմերոնը հայտարարել է, որ անհիմն է համարում հանրաքվեի նախապատրաստության ձգձգումը և առաջարկում է քվեարկությունն անցկացնել 2013-ից ոչ ուշ: Ինչպես նշում են մեկնաբանները, նա հույս ունի արթնացնելու շոտլանդացիների «հակընդդեմ» զգացմունքները, որոնք կարող են ճաշակել Միացյալ Թագավորության պտուղները` Լոնդոնի 2012 թ. օլիմպիական խաղերի արդյունքների հիմքի վրա: Երկրորդ հանգամանքը, որի շուրջ վիճում են Լոնդոնն ու Էդինբուրգը, գլխավոր հարցի ձևակերպումն է. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան լինի անկախ պետություն»: Փորձագետների կարծիքով` հարցը սադրիչ է և, ըստ էության, իր մեջ պատասխան է պարունակում. հետազոտողների տվյալներով` նման ձևակերպման պարագայում դրական պատասխանի հավանականությունը մեծանում է միջին հաշվով 10 տոկոսով, ինչը կարող է վճռորոշ գործոն դառնալ: Բրիտանական կառավարությունը կարծում է, որ շոտլանդացիներին պետք է ընդամենը մեկ հարց տալ. «Լիակատար անկախություն ուզո՞ւմ ենք»: Այսինքն, հաշվարկն այն է, որ շոտլանդացիները հիմա չեն համարձակվի վերջնականորեն խզել կապերը Բրիտանիայի հետ:
ՈՒ թեև հենց սկզբից Սելմոնդը կտրականապես մերժում էր Կեմերոնի բոլոր պահանջները, այդուամենայնիվ, չի այրում կամուրջները և փոխհամաձայնության պատրանք է ստեղծում. նա հայտարարել է, որ պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպում ունենալու Կեմերոնի հետ և քննարկելու հանրաքվեի կազմակերպման հետ կապված հարցեր:
Բայց դե, ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ Շոտլանդիայից բաժանումն ամենևին ձեռնտու չէ Բրիտանիային: Կորցնելու քիչ բան չունեն նաև շոտլանդացիները (չի բացառվում, որ հնարավոր անկախության ֆինանսական ու քաղաքական հետևանքները «ճաշակելուց» հետո նրանք խնդրեն իրենց հետ ընդունել Թագավորության կազմ, սակայն մերժում ստանան): Ավելին, նրանք, հնարավոր է, միմյանց կսպառնան մինչև վերջին պահը, բայց ամեն ինչ կավարտվի ոչ թե անկախությամբ, այլ ինքնավարության լրացուցիչ իրավունքների նվաճմամբ: Եվ, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնենք` գոնե առայժմ ի՜նչ նրբագեղությամբ են երկուստեք կարողանում թաղել անցած դարի միջազգային պայմանավորվածություններն ու պայմանագրերը:
Նախանձել կարելի է:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից