ՕԵԿ-ի շտաբի հարկաբաժինները եռում էին. այդպես լինում է հիմնականում ընտրությունների օրը: Ասին` օրը երեք նման հավաք են ունենում կուսակցությունում` օպերատիվ ընթացքին, իրավիճակի վերլուծությանը, աշխատանքների պլանավորմանն առնչվող:
Զուգահեռ էլ համագումարներ ու մարզային այցեր են տեղի ունենում: Բայց մինչ այդ`
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ.
ՙՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ՈՒԺԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է՚
WikiLeaks-ի հայկական փաթեթում որևէ մեկի մասին այսպիսի արտահայտություն չկա: Հաշվի առնենք, որ դրանք գաղտնի փաստաթղթեր են` ուղղված Սպիտակ տանը, ներքին ՙօգտագործման՚ ու հաշվարկների համար: Եվ այն էլ` Յովանովիչի նման ՙուտանչյոնի՚ ու թիրախային տիկնոջից (հիշենք` ինչ տիպիկ բնութագրեր էր նա տվել Տեր-Պետրոսյանին ու մնացածներին) ուղարկված:
Ոչ սովորական տիկինը` գնդապետ Մարին, շատ արագ էր որսացել` գործչի, կնոջ ինչ տեսակի հետ գործ ունի, ի դեմս Հեղինե Բիշարյանի. հասկացել էր, թե ինչ ներուժ կա այնտեղ:
Նման արտահայտությունը` գերտերության ոչ շարքային դիվանագետի (հիշենք` Մարին Ղրղզստանում ՙձիերի՚ հեղափոխություն արեց, իսկ մեզանում այնպիսի ՙտոլչոկ՚ տվեց բոլոր կարգի գործընթացներին, որ ՀԱԿ-ը դեռ ուշքի չի գալիս Յովանովիչի` իր գլխին սարքած հոգեխանգարմունքից` ՙԱզատ դեմոկրատներին՚ խիստ սահուն կպցնելով ՙԺառանգությանը՚, զուգահեռ էլ երկխոսեցնելով ՀԱԿ-ին Սերժ Սարգսյանի հետ), այսպիսով, Մարիի բնորոշումը ՕԵԿ տիկնոջը ՕԵԿ-ում առանձնապես ուշադրության չարժանացավ (ինչն էլ նրանց շատ մեծ սխալն էր, նման կես արտահայտությունը մեկ այլ կուսակցականի համար մատի փաթաթանից մինչև հզոր այցեքարտ կարող էր դառնալ` թե՜ գեո, թե՜ ներքաղաքական դաշտի, հարցերի` բացման-փակման համար):
Պատճառն էլ այն էր երևի, որ դա բնական վիճակ էր և ՙդիվիդիներ՚ պոկելու անհրաժեշտություն ո՜չ հասցեատերը, ո՜չ էլ կուսակցությունը չունեին:
Մյուս կողմից էլ` մարգարեն իր քաղաքում ընդունված չէ: Չնայած շատերի համար է ակնհայտ, որ ՕԵԿ-ը, ի դեմս այդ տիկնոջ, իսկապես շատ հետաքրքիր ՙկուսակցական՚ էներգետիկա ունի (իսկ Մարին հասկանո՛ւմ է այդ էներգիաներից), էներգետիկա, որը թարմ արյան հետ այսօր համարվում է գլոբալ աշխարհի տրանսֆորմացիոն ուղենշումների առանցքը:
Նվիրվածության նման մակարդակ որևէ կուսակցությունում (մնացածներում ինտրիգների մի այնպիսի մակարդակ է, որ չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս այդ կապակցությամբ) կուսակցության երկրորդ դեմքի, ֆրակցիայի ղեկավարի կողմից, չկա:
Ամեն բան այդպես էր, քանի դեռ ՙԲարգավաճն՚ ու Օսկանյանը խելահեղ ընդդիմադիր չէին դարձել` կոալիցիայում գտնվելով (ա՜յ, իսկական ՙբի՚-ն սա է` քաղաքական ՙբի՚. երբ կոալիցիայում ես ու քեզ թվում է, թե կոալիցիայում չես` ձևական մարդ ես. երբ ողջ գիտակցական կյանքդ ու պաշտոնդ ստացել ես ՙինը հանած մեկ՚ կեղծված ընտրությունների արդյունքում ու հիմա էլի հույս ես փայփայում` դարձյալ պաշտոն ստանալու, բայց ՙչկեղծված՚ ընտրություններով և այսպե՛ս շարունակ):
Ամեն բան այդպես էր, քանի դեռ ՀԱԿ-ը խելահեղ չէր ՙվերլուծել՚ ԲՀԿ-ի ակնոցա-սելիտրային ՙանընտրակաշառ՚ առավելությունները, քանի դեռ ՙգործիք՚ (սիրում է, չէ՞, Տեր-Պետրոսյանը, որ իրեն ընտրությունների ժամանակ որպես գործիք օգտագործում են) ՀԱԿ-ի առաջնորդի աջակիցը չէր արտաբերել քմծիծաղ առաջացնող ֆրազը` ՙպայքար-պայքար մինչև վերջ` իշխանությունում եղողներից միայն ՀՀԿ-ի դեմ՚:
Այդպես էր, մի խոսքով, քանի դեռ Բելաջոյի Գրիշը չէր գտել իր ՙկռիշը՚` դողդոջուն որոնումներից հետո և չէր հանգրվանել ՀԱԿ-ԲՀԿ ՙվերլուծության՚ ՙջիբում՚ (ասում են` Գրիշկան դեռ ուշքի չի գալիս Մադաթյան Էդոյի ՙբացարկից՚ հետո` Հեղինե Բիշարյանի առաջադրման շոկից, էդ քիչ էր` ՙմտավորական աշխատանքի տեր՚ Բելաջոն ՙմտածել՚ է` Մադաթյանը հաստատ իր պես կգցի ՕԵԿ-ին, դուրս կգա ՕԵԿ-ից, փորձել է ՙօգնել՚ նրան նաև այդ հարցում, բայց էստեղ էլ ֆորտունան երես չի տվել առանց այն էլ նույնիսկ իր եղբոր կողմից երես չտրվող, ավելին` մերժվող Բելաջոյին. պարզվել է` Մադաթյանի տղան համակարգում է Բիշարյանի շտաբների աշխատանքները մի ուրիշ ձևով և այնպես, որ Գրիշի շանսերը, անգամ ԲՀԿ-ի ՙպոդդերժկայի ու սելիտրայի՚, կուլտուրական ասած` պարարտանյութի կողքին, կրկին հավասարվում են զրոյի):
Մնաց մեկ արգումենտ` ՕԵԿ-ին ու Հեղինե Բիշարյանին ոչ ևս անել:
ՙԷվրիկան՚ գտնվեց: ՕԵԿ-ի կանանց համագումարում Հեղինե Բիշարյանը կատարեց ՙդարի հանցագործությունը՚` ոճական սխա՛լ թո՛ւյլ տվեց. բառերը հետ ու առաջ ասա՛ց ու` վերջ. այդով եկա՛վ ՕԵԿ-ի ՙվերջը՚:
ՕԵԿ-ից ՙմրսողները՚ ամբողջ 2 օր զբաղված էին սույն ՙոճաբանությունը՚ մարսելով։
Բարի ախորժակ։ (Ի դեպ, սույն կուսակցություններն ու նրանց պապա-մամա-ագիտատորները ոչ այնքան իրենց համար են աշխատում, որքան ՕԵԿ-ի դեմ են պայքարում` խիստ անձնազոհ զոհվելով այդ մարտում. այ մարդ, որ էդպես ՙչկա՚-կուսակցություն է, ո՞ւր եք էդքան փող, էներգիա, անքուն գիշերներ անցկացնում, թե՞ գիտեք, որ հա՜մ Բելաջոյի, հա՜մ Խաչատրյան Լյովի, հա՜մ Եվրոպայի Սերգոյի, հա՜մ Վարագյանի, հա՜մ… տարածքներում հաղթելու է ՕԵԿ-ը, հետն էլ գիտեք, որ հենց այս դրությամբ, ՙհայտնի ծառայությունների՚ և ոչ պատվիրված սոցիոլոգիական տվյալներով` ՕԵԿ-ն արդեն հաղթահարում է տասը տոկոսի շեմը. մտեք մեկ անգամ նրանց շտաբ, կտեսնեք` աշխատանքային ինչ ռեժիմ է):
Հիմա արդեն կանանց յոթերորդ համագումարի մասին:
ԿՆՈՋ ՈՒԺԸ ՀԶՈՐ Է՚
Հաստատ: ՙԳրված՚ է: ՕԵԿ-ի համագումարյան պաստառներից մեկի վրա:
Եվս մեկ վերհուշ. ամեն անգամ ՕԵԿ-ի կանանց մասին խոսելիս Քոչարյանի ժամանակներն են ՙարթնանում՚. ՕԵԿ-ն ընդդիմադիր էր, կրկին կանանց համագումար էր անում. կրկին Մելիք-Ադամյանում. ահավոր շոգ ամառ էր. բոլոր կուսակցություններին այդ օրերին համագումարյան դահլիճ տրամադրելիս ՙկոնդիցիոներները՚ միացրած էին լինում, ՕԵԿ-ից վրեժ էին լուծել, չէին միացրել, կանայք խեղդվում էին դահլիճում, սակայն տոկալով իրենց համագումարն էին անցկացնում` հերթական անգամ տղամարդկային նենգությունը հաղթահարելով:
Էս անգամ դահլիճում ՙնորմալ՚ ջերմաստիճան էր, ու Արթուր Բաղդասարյանն այդ մթնոլորտում իր ՙկանանց՚ ասաց. ՙԵս ուզում եմ, որ կանայք ապագային նայեն ոչ թե հիասթափված հայացքով, այլ համոզմունքով, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր մեջ զգա մեծ ուժ, պատասխանատվություն` միանալու մեր տեսակին, մեր պայքարին` հայրենիքն առաջ տանելու համար՚:
Ասել ենք` ՕԵԿ բրենդներից մեկն իր երիտասարդությունն է: Հաջորդ բրենդն էլ կանանց նկատմամբ վերաբերմունքն է (պատահական չէ, որ ՕԵԿ-ի մոտ 65 տոկոսը կանայք են), կնոջը խոհանոցից հանելն ու հասարակական պատասխանատվության (տիկին Մարին կասեր` քաղաքացիական հասարակության) մղելը:
Ինչը եվրոպական արժեքային համակարգում անչափ կարևորագույն ձեռքբերում է. ՕԵԿ-ը մեզանում այդ նիշն էլ է վերցնում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ