ԲԱՑ ՆԱՄԱԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Ես 01.04.2007-ից Ձեր կուսակցության անդամ եմ (թիվ 0016717), 77 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ, Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացմանը մասնակից թոշակառու։
2008-ի դեկտեմբերի 15-ին վախճանվեց 52 տարվա կյանքի ընկեր կինս։ Միայն Ջրվեժում գերեզմանի հող հատկացնելու համար պահանջել են, ես էլ ստիպված տվել եմ 1000 (հազար) ԱՄՆ դոլար։ Պատկերացրեք իմ վիճակը, ստիպված դիմել եմ Ձեզ գրավոր դիմումով, բացատրել եղելությունը, օգնություն խնդրել, մի քանի անգամ եղել կուսակցության Զեյթունի գլխավոր գրասենյակում, Ազգային ժողովում։ Այն ժամանակ ինձ ասացին, որ իմ դիմումը գտնվում է Գևորգյան Վահանի մոտ, և ինքն ինձ պատասխանել է. «Դուք Ծառուկյանին տեսնել չեք կարող, և եթե մենք պատասխան չենք տալիս, դա նշանակում է, որ Ձեզ օգնություն չենք հատկացնում»։
Պարոն Ծառուկյան, ես համոզված եմ, որ եթե թերթերից ու հեռուստատեսությունից լրագրողներ լինեին, Դուք ինձ նյութական օգնություն կհատկացնեիք միայն նրա համար, որ աշխարհն իմանա։
Ես, որպես Ձեզ համար փոքր մարդ, բայց ինքնասիրությունս չկորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, «Բարգավաճ կուսակցության» այդ արարքը սեփական կուսակցության անդամի հանդեպ համարում եմ անբարոյական։
Ձեր կարգախոսին հավատարիմ` «Մեր խոսքը իրական գործն է», բաց նամակիս կցում եմ հետևյալ փաստաթղթերի պատճենները.
1. կուսակցության վկայական,
2. մահվան վկայական,
3. գերեզմանի նկար,
4. բնութագրող տեղեկանք։
Անզոր ԻՍԱԽԱՆՅԱՆ