Եվրասիական գաղափարը խիստ հրապուրիչ է և լավ շարադրված` հայեցակարգային առումով, համենայն դեպս, շատ ավելի լավ, քան ցանկացած այլ աշխարհաքաղաքական և մշակութաբանական դոկտրին ժամանակակից Ռուսաստանում։ ՈՒստի երկրի ներկայիս ղեկավարությունն ու քաղաքական դասը, որպես կանոն, օգտագործում են այդ տերմինաբանությունը և նախընտրում «եվրասիականություն», «եվրասիական նախագիծ», «եվրասիական գերակայություններ» տերմինները։ Սակայն իրականում ինչպես եվրասիականությունից, այնպես էլ, այսպես ասած, ազատական դոկտրինից ոչ մի խելամիտ բան դուրս չեկավ։ Քաղաքական տարբեր նախագծեր ու դոկտրիններ մշակողները հաշվի չեն առնում մի հիմնարար հանգամանք, այն է` եթե երկիրն ու հասարակությունն ի վիճակի չեն ընկալելու հնարավոր գաղափարներից մեկը, ապա մյուս գաղափարներն էլ չեն ընկալվի, քանի որ քաղաքական գաղափարն ինքնըստինքյան ունիվերսալ է, և խնդիրը ոչ թե գաղափարներն են, այլ հասարակության ընդունակությունը` հասկանալու և ընկալելու գաղափարախոսությունը որպես ցանկացած ազգային դոկտրինի բաղկացուցիչ մաս։
Օրախնդիր քաղաքական գաղափարախոսության առկայությունն այս կամ այն հասարակության հավակնությունների կամ դրանց բացակայության կարևորագույն չափանիշ է։ Ռուսաստանում, ուր ժամանակակից հասարակությունը ենթարկվում է մտածողության և գերակայությունների առևտրայնացման ազդեցությանը, այնպիսի գաղափար, ինչպիսին եվրասիականությունն է, չի կարող ոչ միայն կայանալ, այլև առհասարակ ընկալվել որպես ազգային արժեք և քաղաքականության ռացիոնալ պլանավորման տարր։ Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ առավելապես եվրոպաձիգ երկիր և չի երկյուղում հրաժարվելուց ժամանակակից Եվրոպայի ու, ամբողջությամբ վերցրած, Արևմուտքի հետ սերտ կապերից։ Ռուսական վերնախավը, ավելի շուտ ներշնչմամբ, սակայն հասկանում է, որ եվրասիական մտասևեռմանը չափազանց շատ տրվելը կհանգեցնի ոչ այնքան Արևմուտքից մեկուսանանալուն, որքան Ասիայի տարածաշրջանային նոր մեծ տերությունների, մասնավորապես Չինաստանի կողմից Ռուսաստանի կլանմանը, որն ավելի ու ավելի է Ռուսաստանը դիտարկում որպես խոցելի ու հնազանդ գործընկերոջ։ Քաղաքական տարբեր շրջանակներ, որոնք վիթխարի ազդեցություն են գործում պաշտոնական Մոսկվայի քաղաքականության վրա, Ռուսաստանի հետագա քաղաքական ուղին չեն պատկերացնում եվրոպական և արևմտյան քաղաքականության ձևաչափից դուրս։ Ռուսական ազգային վերնախավն իրեն համարում է եվրոպական վերնախավի մաս` դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Ռուսաստանի ներկա ղեկավարության համար եվրասիականության գաղափարն ընդամենը քարոզչության միջոց է, որն անհրաժեշտ է ՈՒրալից այն կողմ ընկած տարածությունում քաղաքականություն իրականացնելու համար։ Բայց դա խիստ տեղային խնդիր է, և Պուտինի ելույթը Կազանում մի քանի տարի առաջ, որտեղ նա արտասանեց «Ռուսաստանը եվրասիական երկիր է» «նվիրական խոսքերը», ընկալվում է որպես դրվագ «տնային աշխատանքներից», որի նպատակն է քաղաքական գերակայությունները տրամաբանորեն հասցնել իրական Եվրասիային, և ուրիշ ոչինչ։ Միջազգային նոր իրադրության իմաստավորման ընթացքում ռուս քաղգործիչները պարզել են, որ երկիրը գործընկերներ չունի եվրասիական «դաշտում», համենայն դեպս, լուրջ գործընկերներ։ Դրա հետ մեկտեղ եվրասիական տարածությունում բառացիորեն բոլոր հնարավոր և ենթադրյալ գործընկերները լիովին մերժել են այդ դոկտրինը, նախընտրելով ամեն ինչ, բացի արհեստական այդ գաղափարից, որն առաջարկել են որպես այլընտրանք, միաժամանակ սլավոնամետությանը և ազատականությանը, և որի ժամանակը վաղուց անցել է։ Տպավորություն է ստեղծվում, որ ռուսական վերնախավը տենդագին և հապշտապ ջանում է մշակել ունիվերսալ ու երկարաժամկետ նոր դոկտրին, որովհետև վերջապես պարզել է, որ առանց այնպիսի իռացիոնալ խնդրի, ինչպիսին դոկտրինի ձևավորումն է, պարզապես հնարավոր չէ ո՛չ իշխանությունը պահպանել, ո՛չ էլ կուտակած ահռելի հարստությունները։
Ռուսաստանը, երբեմն իր մրցակիցներին շանսեր չտալով ռազմավարական ու մարտավարական զիջումների հարցում, պատրաստ է ամենասկզբունքային զիջումների գնալու եվրոպական պետությունների հետ հարաբերություններում։ Մոսկվայում դեռևս հույս ունեն, որ Ռուսաստանի ծառայությունները, այնուամենայնիվ, կընդունվեն եվրոպացիների կողմից, քանի որ ռազմավարական այլընտրանք չեն տեսնում։ Ներկայումս Ռուսաստանին ու Եվրոպային ավելի շատ բան է միավորում, քան բաժանում։ Ռուսաստանն ու Եվրոպան հավասարաչափ ուժեղագույն ժողովրդագրական և սոցիալ-մշակութային ճգնաժամ են ապրում, ռուս և եվրոպական ազգերն ամեն տասնամյակ կորցնում են իրենց նպատակամետությունը, շարժունակությունը, արտաքին մարտահրավերներին արձագանքելու, ժամանակակից պատերազմներին մասնակցելու կարողությունը։
Եվրոպական քաղաքակրթությունը հայտնվել է խոր անկման եզրին, և Ռուսաստանը բախտակից է նրան։ Եվրոպայի նման, Ռուսաստանն էլ է գտնվում խուլ պաշտպանության վիճակում, ռուսներն իրենց զգում են «անկյուն քշված», նրանք վախենում, շատ են վախենում, իրենց ապագայի համար, ուստի պատմության կտրուկ շրջադարձերից մեկի ժամանակ, հնարավոր է, նրանք անդունդ գահավիժեն և հերթական պարտությունը կրեն, թեև դեռ հույս կա, որ կհաղթահարեն ստեղծված իրավիճակը։ Իհարկե, ռուսները լավ օրերի և ապագայում համաշխարհային քաղաքականության մեջ արժանավայել տեղ ունենալու հույսը չեն կորցրել, բայց հասկանում են, որ իրենց նոր գործընկերներ են պետք։ ԱՄՆ-ի համար կարևորագույն արտքաղաքական խնդիրներից մեկն է թույլ չտալ, որ Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան առանցքով դաշինք ստեղծվի, և դեռ Ճապոնիան էլ հետը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խնդիրը նույնն է` տրոհել, մասնատել եվրոպական քաղաքական դաշտը, և այս պայմաններում Ռուսաստանի համար հեշտ չէ, իրոք, ռազմավարական հարաբերություններ հաստատել առաջատար եվրոպական պետությունների հետ։ Եթե ավելի առարկայնորեն խոսելու լինենք, ապա այդ առանցքի ստեղծումը, որին կարող են միանալ Իտալիան և Իսպանիան, կհանգեցնի Եվրամիության փլուզմանը, ու եվրոպացիները, առաջին հերթին մայր ցամաքի առաջատար պետությունները, այդ քայլին չեն դիմի։ Իհարկե, այդ առանցքը բավականին հին է, դա մի մտահղացում է, որ եվրոպացիները փոխ են առել կանցլեր Գորչակովից։ Այդ մտահղացումը բազմիցս ապացուցել է, որ լուրջ փոփոխության չի դիմանում, սակայն ուրիշը չկա ու չի էլ նշմարվում։
Ըմբռնում չգտնելով Արևմուտքում, Ռուսաստանը ձգտում է սերտ հարաբերություններ հաստատել զորեղացող Ասիայի մեծ տերությունների հետ, առաջին հերթին` Թուրքիայի և Իրանի։ Վերջինիս հետ հարաբերությունները Ռուսաստանի համար միանգամայն անվտանգ են, և ռուսները դա շատ լավ գիտեն։ Չնայած Թուրքիան ավելի է ինտեգրված Արևմուտքին, նրա նվաճողամտությունը բացահայտ ագրեսիվ բնույթ է կրում, մինչդեռ իրանական քաղաքականությունն իր բնույթով պաշտպանական է և սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի պետությունների ու Արևմուտքի համար, ինչը խոստովանում են թե՛ եվրոպացիները, թե՛ ամերիկացիները։ Ռուսաստանն արդեն բախվել է այն վտանգին, որ պարունակում է ո՛չ միայն թուրքական քաղաքականությունն ինքնին, այլև Թուրքիայի հետ ցանկացած հնարավոր դաշինք։ Եթե Ռուսաստանը Թուրքիային որևէ ուղղությամբ զիջի, ապա դա կդառնա հարևան տարածաշրջաններից Ռուսաստանի դուրսմղման սկիզբ, և նա ոչ մի նոր դիրք չի ստանա։ Ռուսաստանը չպետք է զիջի ասիական որևէ տերության։ Ռուսաստանի բախտն անչափ բերել է, որ Թուրքիան անհագ արտքաղաքական հավակնություններ է հանդես բերում, և դա չի կարող հանգեցնել Թուրքիայի մերձեցմանը ո՛չ միայն Եվրամիության, այլև Գերմանիայի հետ առանձին վերցրած։ Եթե տեղի ունենար Գերմանիայի և Թուրքիայի ռազմավարական մերձեցում, դա կնշանակեր, որ այդ բլոկի նպատակը Ռուսաստանն է, որին վատ վիճակ բաժին կընկներ։ Ի բարեբախտություն Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայում լարված պայքար է մղվում Արևմուտքի առաջատար ուժի կենտրոնների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Վատիկանի, ինչպես նաև ոչ այնքան ազդեցիկ Թուրքիայի, Լեհաստանի, Ռումինիայի միջև։ ՈՒստի Ռուսաստանի համար իրավիճակն ավելի նպաստավոր է, քան կարելի էր սպասել։ Ըստ էության, Եվրոպայում և Եվրասիայում ուժերի նոր հարաբերակցության համար Ռուսաստանի ու Արևմուտքի պայքարն այժմ կենտրոնացած է ՈՒկրաինայում, որը հայտնվել է քաղաքական պայքարի կիզակետում։ Եթե Ռուսաստանին չհաջողվի, գոնե մասամբ, իր կողմը քաշել կամ մասնատել ՈՒկրաինան, նա քիչ շանսեր կունենա գրավելու լիարժեք եվրոպական տերության դիրքեր։ ՈՒկրաինական հնագույն հանգույցին բնորոշ է մեծ դինամիկան և համադրականությունը, ինչը թույլ չի տալիս վստահ կանխատեսումներ անել նույնիսկ մոտ հեռանկարի համար։ Ռուսաստանն ունի միայն մեկ հնարավորություն` արագ և արդյունավետ լուծել «ուկրաինական հարցը», միավորել ջանքերը Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք ընդգծված հակաբրիտանական և հակաամերիկյան դիրքորոշում ունեն արևելաեվրոպական քաղաքականության մեջ։ Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան առանցքի ձևավորումը հնարավոր է բացառապես առճակատումային աշխարհաքաղաքական առումով։ Կկայանա՞, արդյոք, այդ առճակատման քաղաքականությունը, կամ կհաջողվի՞ դուրս մղել Արևելյան Եվրոպայում գերիշխանության ձգտող որոշ խաղացողների։ Մեծ Բրիտանիայի նկատելի հերթական թուլացումը ռուսներին ու գերմանացիներին հույսեր է ներշնչում ավելի հեշտորեն լուծելու հարցերն Արևելյան Եվրոպայում։
90-ականների վերջերին Մոսկվայում տեղի ունեցավ քաղաքական «գրագողություն», երբ Եվգենի Պրիմակովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ստեղծման գաղափարը հաջողությամբ ներկայացրեց որպես իր սեփականը։ Ամերիկացիներն աշխատում էին ՇՀԿ-ն և առհասարակ ռուս-չինական հարաբերությունները չդիտարկել որպես անկայուն ու անհետևողական և բավականին երկյուղով էին վերաբերվում այդ դոկտրինի զարգացմանը։ Անշուշտ, չնայած լուրջ պայմանավորվածություններին, ռուս-չինական դաշինքը շարունակում է մնալ ավելի շուտ երևակայական, քան իրական։ Ռուսաստանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Չինաստանին, և այդ լայն համագործակցությունը դեռևս փոխադարձ անվստահության և կասկածամտության տարրեր է պարունակում։ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ, որ կուռ դաշինք ստեղծվի, և ՇՀԿ է խցկում յուրային Պակիստանին, նպատակ ունենալով խարխլել դաշինքը և գցել նրա կարգավիճակը։ Պարզվում է, որ ՇՀԿ-ի չափազանց ընդլայնումը (Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ) կհանգեցնի այդ ընկերակցության վերացմանը, քանի որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի նման ընդարձակ կազմով ՇՀԿ-ի հանդեպ վերահսկողությունը պահպանելու համար։
Մինչ Ռուսաստանը կհաստատի իր ներկայությունը Լատինական Ամերիկայում, մինչ նա ինչ-որ տեղ պայքար է մղում և խաղում է սեփական կիսադաշտում, դժվարությամբ պահպանելով դիրքերը Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, անգամ նրա պատմական դաշնակից Բելառուսը ժամանակ առ ժամանակ պատրաստ է անակնկալներ մատուցելու։ ՀԱՊԿ-ը` ամենամեծ նվաճումը, դեռևս խնդրահարույց է, իսկ ԱՊՀ-ն վաղուց ծիծաղի առարկա է դարձել։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ բաներ դրեց, ավելի ճիշտ վերադարձրեց իրենց տեղերը, և Ռուսաստանը ստիպված է երկար դադար տալ` իր հավակնությունների իրականացմանը վերստին ձեռնամուխ լինելուց առաջ։ ԱՄՆ-ի նոր լայնապարփակ ռազմավարությունը, նախ և առաջ, ուղղված լինելով Չինաստանի նվաճողամտության զսպմանը, կարող է միաժամանակ թե՛ շատ ընդունելի լինել Ռուսաստանի համար, թե՛ վտանգավոր, քանի որ Չինաստանին հակակշռելուն զուգընթաց ԱՄՆ-ն իր ռազմաքաղաքական ներկայությունն է ձևավորում Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչի հետևանքով շատ բան կարող է փոխվել ուժերի ներկա հարաբերակցության մեջ։
Այսպիսով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր խնդիրը լիովին հուսալի և կանխատեսելի դաշնակիցների բացակայությունն է թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում։ Նույն վիճակում են նաև ԱՄՆ-ը և մյուս տերությունները, բայց Ռուսաստանի համար դա քրոնիկ երևույթ է դարձել։ Ռուսաստանը նման է մի հնաոճ պճնամոլի, որը ջանում է կարկատել հնամաշ վերարկուն, որին վաղուց սովորել է։ Այդուամենայնիվ, Ռուսաստանում ծնունդ է առնում և ավելի ու ավելի գերիշխող դիրքեր է գրավում նոր քաղաքական մտածողությունը, որը կապված է ոչ այնքան շուկայական հարաբերությունների և բուրժուական կարծրատիպերի, որքան էթնիկ ազգայնականության դրսևորումների հետ։ Ռուսական էթնիկ ազգայնականությունը խժռում է դասակարգային գաղափարախոսությունը, չեզոքացնում է քաղաքական տարբեր համադրություններն ու խոտորումները, այդ թվում` եվրասիականության դոկտրինը` շեշտը դնելով քաղաքականության ազգայնական կողմի գերակշռության վրա։ Դա բազմազգ Ռուսաստանի համար շատ վտանգավոր երևույթ է, բայց այդ տրամադրությունների հմուտ կառավարումը կարող է հանգեցնել նոր հասարակության ստեղծմանը, որի ատաղձը կդառնան ոչ թե պրոլետարիատը կամ բոհեմական խմբերը, այլ միջին խավը` ցանկացած ժամանակակից ազգի հիմքը։ Պետք է հասկանալ, որ քաղաքական ազգայնականությունը Ռուսաստանի պայմաններում կմիջինացնի մի շարք գաղափարներ և թույլ կտա կենտրոնանալ «ռուսական պաշտպանության վրա` պաշտպանվող սահմաններում»։ Ռուսաստանը, անտարակույս, պաշտպանական դիրքեր կբռնի, բայց ոչ թե «Սադովոյե կոլցո»-ի պարագծով, այլ շատ ավելի լայն սահմաններով։ Հասարակության բազմազգությունը կայսրության արդյունքն է, այն խնդիրների լուծման անհրաժեշտության արդյունքը, որոնք համապատասխանում են կայսրության պահանջներին։ Արդի Ռուսաստանը կայսրություն չէ, և հակառակ ռուս շատ քաղգործիչների ու քաղաքագետների ցանկությունների, կայսրության «առաքյալ» է դառնում պետությունը, որի ներսում ռուս ժողովուրդը պայքարում է «արևի տակ իր տեղն ունենալու» համար։ Ազգային ծագումնաբանությունը նոր բովանդակություն է հաղորդում փիլիսոփայությանն ու արվեստին` չնայած նախկին ձևին ու իդեալներին, ծագումնաբանությունից դուրս չկան ո՛չ ուղղափառություն, ո՛չ հոգևորականություն, ո՛չ հայրենասիրական ձգտումներ։ Այն կիսատ-պռատ ու ծայրահեղ թեզիսները, թե «ռուսը նա է, ով ռուսերեն է խոսում և ռուս մշակույթն իրենն է համարում», հիմա արդեն ռուսները համարում են հերթական սադրանք։ Ռուսաստանը չի կարող թույլ տալ «ֆրանսիական» կամ «բրիտանական» հետկայսերական մոդելի ընդօրինակում, որը ոչնչացնում է այդ պետությունները։ Ամերիկյան հալոցքը ևս ռուսական մոդել չէ։ Ծագումնաբանության զոհ է դարձել և ինքնաոչնչացել նաև Բյուզանդիան։ Ռուսները դա շատ լավ են հասկանում, բայց ո՛չ ուժ, ո՛չ էլ ձգտում չկա փորձարկումների համար։ Ռուսաստանում իշխանությունը մի փոքր մասնատվելու է ազգային տարածաշրջանների, բայց ոչ երբեք կենտրոնական իշխանության բաժանման գնով։ Ներկայիս, այսպես կոչված, սքինհեդները և պարզապես թափթփուկները շատ շուտով կդառնան «հարգարժան քաղգործիչներ» և իրենց տեղը կգրավեն ռուսական հասարակական վերնախավում։ Պետք է նաև նշել, որ, անկախ տնտեսական ու քաղաքական հաջողություններից ու անհաջողություններից, Ռուսաստանն այսուհետ «չի նայի Արևմուտքի երեսին», ավելի շուտ, կվերանայվեն արևմտյան գործընկերներից Ռուսաստանի քաղաքական դասի տարբեր խմբերի կախման նախկին և ներկա պարտավորեցնող հարաբերությունները։ Սա շատ կարևոր հանգամանք է, և ռուսական ազգայնականությունը կկրի ոչ թե ձախ, այլ ծայրահեղ աջ բնույթ, թեև Ռուսաստանում վաղուց կորսվել է աջ և աջ պահպանողական քաղաքականության ավանդույթը։ Այսպիսով, արտաքին և ներքին գործընթացներն ու խնդիրները սերտորեն միահյուսված են, ինչն իր արտացոլումը կգտնի նաև ազդեցության գոտիների, գործընկերների և դաշնակիցների ընտրության հարցում։ Ռուսաստանը կհրաժարվի արտաքին քաղաքականության, հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ զուգակշռության քաղաքականությունից և կնախընտրի գերակայությունների քաղաքականությունը։ Տարածաշրջաններում հուսալի դիրքեր ունենալու համար հարկավոր է ունենալ սահմանափակ թվով գործընկերներ և նրանց միջոցով ազդեցություն գործել մյուսների վրա։ Բացի այդ, Ռուսաստանը հարկադրված կլինի հրաժարվելու մերձակա խնդիրների լուծման համար գործընկերներին «փուռը տալու» քաղաքականությունից և որոշումների գերակշիռ մասն ընդունել, հաշվի առնելով ռազմավարական նպատակները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ