Այդքան ՀՀԿ-ական մի տեղ տեսնելը, ինչ խոսք, մեծ փորձություն է: Դիմացանք: Մանավանդ որ համագումարի օրը նժդեհիստ-պահպանողականներն անչափ զգուշավոր ու ահավոր սակավախոս էին:
Եվ չնայած կարգախոսին` փոխվել, այդ թվում և` «հավատալ լրագրողներին», դառնալով «թոքախտավոր թափանցիկ» ու խիստ հասանելի, նրանք ամեն ինչ անում էին, որ իրենց և լրագրողների ճամփեքը չխաչվեն:
Պատճառներից մեկն անորոշությունն էր ու դարի հարցը. առաջադրվելո՞ւ են իրենք մեծամասնականով, լինելո՞ւ են ցուցակում, թե՞ ոչ, որ խոսեն, կարո՞ղ է «տրումբեն» հանկարծ պայթի, իրենց գործին վնասի:
Հաջորդ հարցն էր` կարողանալո՞ւ են գլուխ հանել ՀՀԿ-ԲՀԿ թնջուկից, թե՞, ինչպես միշտ, ներքևիններն իրար են ուտելու, վերևիններն իրար ջան-ջիգյար ասեն:
Այսպիսով`
«ԼԻՆԵԼՈՒ Է ՇԱՏ ԿԱՐՈՂ, ԹԱՐՄԱՑՎԱԾ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ ԹԻՄ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ վարչապետ)
-Պարոն վարչապետ, ի վերջո, տրանսֆորմացիան, որի մասին այդքան խոսվում էր, որին այդպես սպասում էինք, տեղի կունենա՞ ՀՀԿ-ում` քաղաքական դաշտը տանելով թարմացման, նորոգման, թե՞ ուզելու ենք լավ, ստացվի` ինչպես միշտ:
-Կարծում եմ` հանրապետության նախագահն իր ելույթում տվեց Ձեր հարցի սպառիչ պատասխանը:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ՀՀԿ համամասնական ցուցակը ձե՞ր, շատերի սպասումների` նանո-պրոգրեսիվ, միևնույն ժամանակ` «դուխովնի», թե՞ իրավիճակային թիմի արտահայտություն է լինելու, և մենք բոլորս ու շատ համերաշխ` մի վերջին անգամ հիասթափվելու ենք ՀՀԿ-ից:
-Ոչ, չե՛ք հիասթափվելու: Լինելու է շատ կարող, թարմացված, երիտասարդներով համալրված թիմ:
-Ինչի՞ց է սնվում Ձեր լավատեսությունը:
-Ընդհանրապես, մարդ պետք է լավատես լինի, և հետո` թիմում ընդգրկված անհատներն ու նրանց կարողություններն են իմ լավատեսության աղբյուրը:
-Եվ այնուհանդերձ, պրոգրեսիվն ու «աղբյուրը» ՀՀԿ «ցուցակագրումում» դեռ չի երևում: ՈՒնենալո՞ւ եք այն երկու-երեք հոգին, որ ներիի նման կարողանալու է թիմն առաջ տանել, կենդանություն պարգևել ելևէջումների մեջ հայտնված ՀՀԿ-ին:
-Համոզվա՛ծ եմ:
-Կարո՞ղ է հենց Ձեզ նկատի ունեք:
-Ո՛չ:
-Իսկ, այսպես ասած, Ձեր թիմն այդ ցուցակում մե՞ծ ներկայացվածություն է ունենալու:
-Բոլորն էլ մեր թիմն են. մենք երբեք «մեր-ձեր» չենք անում:
-Պարոն վարչապետ, ասում են` երկրորդն եք լինելու ցուցակում, Ձեզ որտե՞ղ եք տեսնում ընտրություններից հետո:
-Սպանեցի՜ր…
ՉԽՈՍԵՑ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԱԺ նախկին նախագահ)
-Պարոն Աբրահամյան, ի՞նչ զգացումներով եք եկել մայր կուսակցության 13-րդ համագումարին. մի տեսակ թախիծ, ցավ կա Ձեր աչքերի մեջ:
-…
-Չե՞ք խոսում հետս, պարո՛ն Աբրահամյան:
-….
-Չեք խոսում էլի հետս, պարոն Աբրահամյան, էն ժամանակ ո՜նց էիք խոսում, էն ո՜նց:
«ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ԻՆՁ, ԵՍ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ»
ՋՈՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (նախկին պատգամավոր)
-Պարոն Աբրահամյան, դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը Ձեր հարազատ եղբոր` 17-րդ ընտրատարածքում:
-Չեմ խոսում: Հանգիստ թողեք ինձ, ես չեմ խոսում:
-Հանգստանալ դեռ կհասցնեք: Իսկ առայժմ` դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը թիվ 17 ընտրատարածքում: Հա, ի դեպ, պարոն Աբրահամյան, Դուք ՀՀԿ-ակա՞ն եք:
-Այո:
-Բա ասում էին` ԲՀԿ-ի ցուցակո՞վ եք մասնակցելու:
-Ես հանրապետական խորհրդի անդամ եմ, ի միջի այլոց;
-Կեցցե՛ք: Իսկ էդ ձեր 17 ընտրատարածքում ի՞նչ է կատարվում, ինչ ասես` չեն գրում. ասում են` Ալիկ Սարգսյանն է էնտեղի թեկնածուն:
-Մարզպետին հարցրեք:
-Մարզպե՞տն է որոշողը:
-Այո:
-Մալադեց, մարզպետ:
«ԵՍ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՉԵՄ ԿԱՐԱ ԷՍ ՊԱՀԻՆ ԱՍԵՄ»
ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ (Արարատի մարզպետ)
-Պարոն Բարսեղյան, Ջոնիկ Աբրահամյանն ասաց, որ Դուք եք որոշողը, իմա` մարզում «ասողը»։ Ասե՛ք:
-Ի՞նչ ասեմ:
-Ասե՜ք` ի՞նչ է կատարվում 17 ընտրատարածքում, ո՞վ է այնտեղ առաջադրվում:
-Հարցը քննարկման փուլում է:
-Ալիկ Սարգսյանի թեկնածությո՞ւնն էլ է քննարկվում:
-Բոլորն էլ քննարկման փուլում են: Ես, ցավդ տանեմ, չեմ կարա էս պահին ասեմ:
-Չէ, «ասող» եք, ասեք. Ձեր համակրանքն ո՞ւմ կողմն է:
-Նորմալ եմ համարում. երկուսն էլ բավականին նորմալ հեղինակություն ունեն մարզում: Ես իրենց հետ ունեմ ջերմ հարաբերություններ:
-Իսկ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություննե՞րն ինչքան ջերմ են մարզում:
-Նորմալ են:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունքներ ցույց կտաք:
-Չեմ կարող ասել:
-Է՜, պարոն Բարսեղյան, բա եղա՞վ. էն զինվորը զինվոր չէ, որ չի ուզում գեներալ դառնալ. հրեն` գեներալ եք, համ էլ ասում եք` չգիտեմ, «ասեք»` ՀՀԿ-ն գեներալ կդառնա՞ էս ընտրություններում, Ձեր մարզում:
-Քաղաքական պայքարն է այդպես ենթադրում:
-Կասկածա՞նք «ունեք» ՀՀԿ-ի հանդեպ:
-Ամենևին:
«NO COMMENT»
ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Արսենյան, ձեր մարզում «ամենաթույն» վիճակներից մեկն է. մարզպետը ԲՀԿ-ից է, մարզի «ասողը»` ՀՀԿ-ից է. ի՞նչ վիճակ կարող ենք արձանագրել սույն պահին:
-No comment:
-Պահո՜, «քաշվանք». մենք էլ, ԲՀԿ-ն էլ: Էդ ե՞րբ եք սովորել «no comment»-ը:
-Վաղո՜ւց:
-Ժամանակներ առաջ, երբ Վայքի մարզպետի հետ հարցազրույց էի անում, նրան ասացի, որ էդ «կողմերում», փաստորեն, Արսենյանն ու ՀՀԿ-ն են «ասողը», ինքը հակադարձեց, որ իրենց մարզում «ասող» չկա ու չի կարող լինել:
-No comment:
-Շատ հիմնավոր եք յուրացրել «քոմենտը»: Լավ, իսկ ո՞վ կհաղթի մարզում:
-Իհարկե` «Հանրապետականը»:
-Ի՞նչ հարաբերակցությամբ:
-Չեմ կարող գուշակել:
-Նախորդ անգամ` 2007-ին, ի՞նչ հարաբերակցություն էր:
-Նախորդ անգամ` յոթանասուն-երեսուն, եթե վերցնում ենք «Հանրապետականի» ու ԲՀԿ-ի միջև:
-Հիմա ի՞նչ. պահպանո՞ւմ եք ստատուս քվոն, թե՞ նոր բնագծեր նվաճում:
-No comment:
«ՉԷ, ՉԵՄ ԼՍԵԼ, ՉԳԻՏԵՄ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ողջո՜ւյն, պարոն Հայրապետյան:
-Ողջույն, Կարմեն:
-Պարոն Հայրապետյան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ համամասնություն կլինի ապագա ընտրություններում մարզում, մանավանդ որ Դուք արդեն առաջադրվել եք:
-Ասել եմ` ես գուշակություններ չեմ անում:
-Եվ այնուհանդերձ, Դուք վերադարձաք: Ինչո՞ւ: Ասել էիք` խորհրդարանը Ձեր տեղը չէ:
-Կուսակցությունը որոշեց, ես էլ վերադարձա:
-Իսկ մենք սպասում էինք, որ Դուք ամբողջովին կնվիրվեք ֆուտբոլի՜ն, ՀՀԿ-ն էլ ամբողջովին կնվիրվի քաղաքականությանը, ոտքից գլուխ կթարմանա, երկիրն էլ հետը կթարմացնի:
-ՀՀԿ-ն, թիմը թարմացել են:
-Արդե՞ն: Ինչո՞վ:
-Անձերով: Հեսա կհրապարակվի, կիմանաք: Անպայմա՛ն:
-Ձեր կողմերում, Ձեր ընտրատարածքո՞ւմ եք առաջադրվելու:
-Չեմ որոշել հլը:
-Ձեր կողմերում ի՞նչ կա: Հետևո՞ւմ եք ՀՀԿ-ԲՀԿ «բանավեճին», ձեր թանկագին հարևանին: Աբովյանում էլ հրեն կռիվ են տալիս:
-Ի՞նչ կռիվ:
-Դե, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը «կռվում» է, «զոհվում»` նկատողություն ստանում:
-Ո՞վ է Արթուր Հարությունյանը:
-«Պալաչը»:
-Հա, ի՞նչ կռիվ է տալիս:
-Բաներ է ասել, որոնցից ձեր թանկագին հարևանը շատ նեղացել է, ՕԵԿ համագումարի ընդմիջմանը մեկ ժամ զրույց ունեցել Սերժ Ազատիչի հետ, եկել են կոնսենսուսի, բայց Գալուստից է՛լ ավելի ուժեղ է նեղացել… Եվ այդպե՜ս շարունակ:
-Չէ, չեմ լսել, չգիտեմ:
«ՈՎ ԱՍՈՒՄ Է, ԳԼՈՒԽԸ ՊԱՏԻՆ Է ՏԱԼԻՍ»
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Հակոբյան, Դուք առաջադրվելու եք Իջևանի կողմերում, որտեղ իր թեկնածությունն է դնելու նաև փոխմարզպետը:
-Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ` ով է դնելու, բայց ես դնելու եմ:
-Ասում են, բայց ինքը հաղթելու է Ձեզ: Անկախ նրանից` Դուք ՀՀԿ դարձա՞ք, թե՞ ոչ:
-Ի՞նչ ասեմ, դա ժողովրդի որոշելիքն է: Ես ժողովրդի փոխարեն չեմ կարող ասել:
-Բա որ պարտվե՞ք:
-Ընդհանրապես չեմ տխրի, բայց չեմ էլ հավատում, որ կպարտվեմ. դա անհնարին է:
-Ասում են, ժողովուրդը բողոքում է, որ Դուք էդ կողմերում խոզի ժանտախտ եք տարածել:
-Ով ասում է, գլուխը պատին է տալիս:
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Ալեքսանյան, ասում են` Իրաքից նավթ եք ներկրելու Հայաստան: Քիրքուկից: Ճի՞շտ է:
(Այս մասին` հաջորդ դասին):
Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ