ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ
27.01.2012 | 00:00

Այն, որ Իրանը շուտով թեժ կետ կդառնա աշխարհում, թերևս, ամենաչարագույժ ու ամենից շատ քննարկվող հարցն է։ Վերջին շրջանում «Իսրայելը հարված է նախապատրաստում», «Լոնդոնը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը», «Իրանի միջուկագետին «Մոսսա՞դն» է սպանել» խոսքերով սկսվող լուրերի քանակը տեղեկատվական հոսքում շարունակ ավելանում է։
Ընդ որում, թեև Սպիտակ տան ներկա վարչակազմը, թեկուզ խոսքով, դեմ է Թեհրանի նկատմամբ ռազմական ուժի գործադրմանը, պատերազմի վտանգն արդեն նկատելի է։ Առայժմ լարվածությունը կարծես փոքր-ինչ թուլացրել է այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ը և Իսրայելը որոշել են մինչև ամառ հետաձգել «Օստիր Չելենջ-12» համատեղ զանգվածային զորախաղերի անցկացումը, ընդ որում, այս օրերին դրանց անցկացումից հրաժարվելու շատ անսպասելի ձևակերպմամբ, այն է` «խուսափելու համար Իրանի հետ առճակատման խորացումից»։ Դրա փոխարեն ամերիկացիները, իբր, կենտրոնացել են տնտեսական ճնշման վրա։ Կես տարվա ընթացքում Օբաման պետք է լուծի ԱՄՆ-ի դռները փակելու խնդիրը բոլոր այն մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների ու ինստիտուտների առջև, որոնք նավթ են գնում Իրանի Կենտրոնական բանկի միջոցով։ Այդ կերպ ԱՄՆ-ը ձգտում է Թեհրանի միջուկային ծրագիրը զրկել հետագա ֆինանսավորումից։
Սակայն վերջերս տարածաշրջանի խաղաղության տակ արդեն վաղուց դրված «ականին», այսինքն` «միջուկային գործին» և «տնտեսական պատժամիջոցներին», ավելացավ ևս մեկը, գուցե և ամենավտանգավորը` Հորմուզի նեղուցը։ Հենց դա էլ դարձավ Վաշինգտոնի հապճեպ մշակած պատերազմի չափանիշների «վերջին խազը», և այդ դիրքորոշման մասին ամերիկացիները գաղտնի ուղիներով անհապաղ տեղեկացրին Թեհրանին։ Նրանք հայտարարեցին, որ Հորմուզի նեղուցի փակումը «կարմիր գծի» խախտում կլինի, ինչը կհանգեցնի ԱՄՆ-ի պատասխան գործողություններին։ «Մենք չենք կարող նրանց թույլ տալ ստեղծել ատոմային ռումբ և ազատ նավագնացության առջև փակել Հորմուզի նեղուցը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Մինչդեռ Իրանը կանոնավորապես ազդարարում է իր մոտեցումը. եթե եվրոպական երկրները արգելք դնեն իրանական նավթի ներմուծման վրա, ինքն այլ ելք չի ունենա, եթե ոչ փոխադրական այդ երակի ուղղակի փակումը։
Այս պահին նեղուցը ծովային միակ ուղին է, որով հնարավոր է արաբական նավթն ու գազը արտահանել երրորդ երկրներ։ Հորմուզի նեղուցով փոխադրվում է Սաուդյան Արաբիայի, Իրանի, Իրաքի, ԱՄԷ-ի, Քուվեյթի ու Կատարի նավթը։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալներով` 2010-ին նավթի մեծ մասը Պարսից ծոցով տարվում էր Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան ու Կորեա, փոքր մասը` ԱՄՆ, Սինգապուր, Թայվան, Թաիլանդ, Նիդերլանդներ, Հարավային Աֆրիկա։ Փաստորեն, նեղուցով է անցնում Պարսից ծոցի ավազանից արտահանվող նավթի 90 տոկոսը։ Բացի նավթից, Հորմուզի նեղուցով ամեն օր հեղուկանավերով Ասիա, Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա է փոխադրվում հեղուկ գազ։ Պետք է հաշվի առնել ոչ միայն նեղուցի աշխարհագրական դիրքը, այլև Իրանի դերն այդ ռազմավարական ջրերակի համատեղ կառավարման գործում` միջազգային իրավական նորմերին ու ազգային ինքնիշխան իրավունքներին համապատասխան։ Պարսից ծոցի մուտքի գրեթե բոլոր ուղիներն անցնում են իրանական, իսկ ելքի ուղիների մեծ մասը` Օմանի ջրերով։ Հորմուզի նեղուցով նավարկությունը մշտապես իրականացվում է Իրանի ռազմածովային ուժերի հետ համատեղ, որոնք բաղկացած են կանոնավոր ռազմածովային ուժերից և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմից։ Փաստորեն, Իրանի ռազմածովային ուժերն են վերահսկում և պահպանում կարգուկանոնը Հորմուզի նեղուցում` Օմանի սուլթանության հետ մեկտեղ։ Հորմուզի նեղուցով անցնելու համար ծովային բոլոր նավերը, ներառյալ ԱՄՆ-ի ՌԾՈՒ ռազմանավերը, պետք է անցնեն Իրանի տարածքային ջրերով։ Իրանը կամավոր կերպով է թույլ տալիս օտարերկրյա նավերին օգտվելու իր տարածքային ջրերից` նավերի տարանցման իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա։ Դրանում ասվում է, որ նավերը կարող են ազատորեն անցնել Հորմուզի նեղուցով և մյուս ջրային տարածություններով` արագ ու անարգել տարանցման նպատակով։ Նկատենք, որ Իրանը, ինչպես, ի դեպ, ԱՄՆ-ը, ժամանակին միջազգային պայմանագիր էր ստորագրել նեղուցի վերաբերյալ, բայց չի վավերացրել այն։ Իսկ իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի սրումից հետո Իրանի խորհրդարանն առաջարկեց ընդունել մի օրինագիծ, որն օտարերկրյա ռազմանավերին զրկելու է առանց իրանական կողմի թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանի տարածքային ջրերն օգտագործելու հնարավորությունից։
Վեճերը, այդ թվում` զինված ընդհարումները, նեղուցում հազվադեպ չեն արդեն վաղուց, իսկ նորագույն պատմության վերջին շրջանում Հորմուզը մեկ անգամ չէ, որ դարձել է ամերիկա-իրանական դիմակայության կենտրոն` սպառնալով վերածվել պատերազմի։ Այսպես, իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում ամերիկացիները Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում մեկօրյա գործողություն իրականացրին Իրանի դեմ։ Գործողությունը կրեց «ՈՒխտագնաց» անվանումը և անցկացվեց ի պատասխան այն բանի, որ իրանական ականից պայթեց ամերիկյան մի ռազմանավ։ 1988-ի հուլիսին ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ն նեղուցում ռմբահարեց իրանական «Airbus A 300» մարդատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեց 290 մարդ։ Կատարվածի առնչությամբ բազմաթիվ վարկածներ կան` պատահականությունից մինչև դիտավորություն, ավիացիայի պատմության մեջ սա ամենահակասական ողբերգություններից մեկն է համարվում։ 2008-ի հունվարին իսլամական հեղափոխության պահապանների հինգ պարեկանավեր մոտեցան ԱՄՆ-ի ՌԾՈՒ երեք ռազմանավերին` 200 մետրից պակաս հեռավորությամբ։ Վերջիններս, ամերիկյան հրամանատարության պնդմամբ, այդ ժամանակ գտնվում էին միջազգային ջրերում։ Ամերիկյան ռազմանավերից մեկի նավապետի տրամադրած տեսագրությունը վկայում է, որ իրանական պարեկանավերը սպառնացել են կրակ բացել ամերիկացիների վրա։ Ի պատասխան, Իրանը հրապարակել է սովորական ռադիոհաղորդակցության մասին վկայող մի տեսագրություն։ Նման միջադեպեր եղան նաև անցած տարեվերջին, որոնք հրաշքով չվերաճեցին զինված ընդհարման։
Եվ հիմա էլ նոր լարվածություն, ընդ որում այնպիսի, որ անտարբեր չեն կարող մնալ նաև մյուս երկրները։ Առայժմ պարզ չէ, թե Թեհրանի սպառնալիքների իրականացման դեպքում ինչպես կարձագանքեն Չինաստանն ու Ճապոնիան, բայց որ նրանք առաջինը կտուժեն շրջափակումից, ակնհայտ է։ Ինչպես ակնհայտ է և այն, որ եթե, այնուամենայնիվ, այդ «կենաց ճանապարհը» փակվի, ապա երրորդ համաշխարհային պատերազմը կարող է մղձավանջային իրականություն դառնալ։ Առայժմ թե՛ փորձագետները, թե՛ քաղգործիչները կարծում են, որ դա սոսկ սպառնալիք է ու, ավելի շուտ, շանտաժ` իրանական իշխանությունների կողմից։ Սակայն Թեհրանի ընդդիմախոսները լուրջ են ընդունում այդ սցենարը, ուստի և արդեն շրջանցող խողովակաշար է կառուցվել։ Այսինքն, տվյալ իրավիճակում լուրջ մտավախություն կա, որ ազդանշաններից մինչև կոնկրետ գործողություններ ընկած ժամանակահատվածը շատ կարճ կտևի, և այնքան էլ հավանական չթվացող այդ ծրագրերը կարող են իրողություն դառնալ։
Ընդ որում, մոտ ժամանակներս, կարծես, լիցքաթափում չի երևում։ Իրանը, իրոք, հայտարարել է, որ պատրաստ է վերսկսելու «լուրջ բանակցությունները» միջազգային միջնորդների «վեցյակի»` Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի հետ, իսկ նախագահ Օբաման Իրանի գերագույն առաջնորդին հասցեագրած գաղտնի նամակում Թեհրանին կոչ է արել ուղղագիծ բանակցություններ վարելու։ Այդուամենայնիվ, իրանցիները միջուկային ծրագրերի դադարեցում առայժմ, կարծես, չեն նախատեսում։
ՈՒ ևս մեկ, մեր կարծիքով, կարևոր հանգամանք. մարտին Իրանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, որոնք, հավանական է, կուղեկցվեն քաղաքական անկայունությամբ, իսկ արտաքին սպառնալիքի ստեղծումը, ինչպես հայտնի է, առավել ևս զինված բախման փուլը, ազգի բռունցքման և ներքին լիցքաթափման լավագույն միջոցն են։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շեմին սաստկացել է նաև Օբամային ուղղված քննադատությունը, թե նա բավարար ջանքեր չի գործադրում միջուկային զենք ունենալու Իրանի նկրտումները չեզոքացնելու ուղղությամբ։ Հանրապետականների թեկնածուները շարունակ հայտարարում են. «Եթե մենք վերընտրենք Բարաք Օբամային, ապա Իրանը միջուկային զենք կունենա»։ ՈՒ թեև ամերիկացիները բացահայտորեն դեմ են պատերազմին, առավել ևս, որ ԱՄՆ-ը նոր-նոր է զորքերը դուրս բերել Իրաքից, նախընտրական իրադրությունն այնտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կսրվի։
Եվ այնուամենայնիվ, ի՞նչ հավանականություն կա, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը, և որքանո՞վ է հնարավոր, որ Իսրայելը կամ ԱՄՆ-ը կհարվածեն Իրանին։ Չէ՞ որ վերջին 5-6 տարիներին աշխարհն ապրում է վերահաս պատերազմի մթնոլորտում։ Եթե նկատի առնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս իրանական միջուկային ծրագրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին, ապա Թեհրանը դարձյալ պահպանում է դիվանագիտական խուսանավման հնարավորությունը։ Ավելին, օրերս Թուրքիա այցելած Իրանի խորհրդարանի խոսնակ Լարիջանին տեղեկացրել է, թե «թուրք բարեկամներն առաջարկեցին, որ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում, և մենք տվեցինք մեր համաձայնությունը», իսկ նախագահ Օբաման այդ խնդիրը քննարկել է Թուրքիայի կառավարության ղեկավար Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցում։ Սակայն անցնող յուրաքանչյուր օրն ու Մերձավոր Արևելքում, օրինակ, Սիրիայում, տեղի ունեցող իրադարձությունները կարող են էական շտկումներ մտցնել առկա իրավիճակում։ Այնպես որ, Թեհրանի «միջուկային գործն» ապագայում ևս կարող է որոշիչ դեր խաղալ տարածաշրջանի ճակատագրում։ Եվ` ո՛չ մեկ անգամ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ