Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արևմուտքի քաղաքական ծրագրերը Կենտրոնական Ասիայում

Արևմուտքի քաղաքական ծրագրերը Կենտրոնական Ասիայում
26.12.2008 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2008-ի նոյեմբեր-դեկտեմբերին Կենտրոնական Ասիայում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ մի կերպ չեն ներդաշնակվում կարծես հաստատված այն միտման հետ, որ Ռուսաստանը գերիշխող դիրքեր ունի այդ տարածաշրջանում։ Ղազախստանը «բնավորություն» է դրսևորում` հայտարարելով էներգետիկայի ոլորտում և առհասարակ տնտեսության մեջ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը։ Թուրքմենստանն ավելիին է ձգտում` փորձելով դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական հարաբերությունները։ Սակայն ամենամեծ անակնկալը մատուցեց ՈՒզբեկստանը, փաստացի հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և գործնականում տապալելով Եվրասիական մաքսային միության ստեղծումը։ Այսքանով պարզ է դառնում, որ տարածաշրջանը հեռու է քաղաքական հավասարակշռության հասնելու իրավիճակից, և հնարավոր են անսպասելի որոշումներ ու շրջադարձեր։
Առաջատար արևմտյան տերությունները, հարաբերական առումով, լավ դիրքեր ունեն Կենտրոնական Ասիայում, ունեն տեղեկատվության հավաքման հնարավորություններ և սերտ շփումներ քաղաքական էլիտաների հետ։ Տնտեսական առումով ավելի նախընտրելի են Գերմանիայի, Ճապոնիայի և Ֆրանսիայի դիրքերը, սակայն քաղաքական առումով առաջատար դերում են ամերիկացիները։ Մեծ Բրիտանիան առայժմ չի շտապում ընդլայնել իր տնտեսական և քաղաքական ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ ԱՄՆ-ի և եվրոպացիների միջև կան զգալի տարակարծություններ Ռուսաստանի դերակատարության առումով այս տարածաշրջանում։ ԱՄՆ-ը խնդիր ունի թույլ չտալու կենտրոնասիական պետությունների վերադարձը Ռուսաստանի ազդեցության դաշտ` քաղաքական կախվածության առումով, ինչպես նաև Վաշինգտոնը չափազանց շահագրգռված է տարածաշրջանի բնական ռեսուրսներով։ Կենտրոնական Ասիայում տնտեսապես ավելի ակտիվ եվրոպացիները պատրաստ են համագործակցելու Ռուսաստանի հետ քաղաքական, քաղաքացիական և տնտեսական անվտանգության հարցում։ Գերմանիայի համար, որը երրորդ աշխարհի երկրներում չունի հումքի ավանդական աղբյուրներ, ինչպես Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, այս տարածաշրջանը ձեռք է բերել հատուկ նշանակություն` որպես համաշխարհային նշանակության ունիվերսալ հումքի աղբյուր։ Գերմանիան ձգտում է Կենտրոնական Ասիայում հենվել գերմանական սփյուռքի վրա։
Այս կապակցությամբ կարևորագույն հարցը տարածաշրջանի քաղաքական և կառավարող ռեժիմների կայունությունն է, իսլամական քաղաքական շարժումների դերն ու նշանակությունն այսօր և հեռանկարում։ ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական երկրների միջև գոյություն ունի կոնսենսուս` Կենտրոնական Ասիայի քաղաքական կայունության, տեղեկատվության փոխանակության և առհասարակ տարածաշրջանի ուսումնասիրությունների հետ կապված։ Ներկայումս Եվրոպայում և ԱՄՆ-ում տարածաշրջանի գծով հետազոտողները շահավետ դիրքերում են, քանի որ նրանց գործունեությունը շռայլորեն ֆինանսավորվում է, իսկ նախապատրաստված նյութերն ուշադրության են արժանանում իշխանության ամենավերին օղակներում։ Միաժամանակ, սակայն, այդ գործունեության մեջ ընդգրկված են համապատասխան որակավորում չունեցող մասնագետներ, այդ թվում` Արևելյան Եվրոպայից, որոնք ոչ ճիշտ վերլուծություններ և կանխատեսումներ են անում` արդյունքում խառնաշփոթ ստեղծելով այդ ոլորտում։ Այս պայմաններում աճում է բրիտանական վերլուծական դպրոցի նշանակությունը, որը հաշվի են առնում ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ոչ շատ վաղուց Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով երեք հաստատություններ` Լոնդոնի տնտեսական և քաղաքական հետազոտությունների դպրոցը, SOAS-ը և Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, համապատասխան աշխատանք իրականացրին Կենտրոնական Ասիայի վերաբերյալ։ Այս աշխատությունը հիմք դարձավ մի զեկույցի համար, որը Լոնդոնն առաջարկեց Եվրամիությանը նորանկախ պետությունների անվտանգությանը վերաբերող ընդհանուր քննարկումների շրջանակում։ Բրիտանական վերլուծաբանների կարծիքը որոշիչ դարձավ Եվրամիության գնահատականները ձևավորելու ժամանակ։ Ներկայումս Արևմուտքում հստակ կարծիք է ձևավորվել Կենտրոնական Ասիայում քաղաքական կայունության և իսլամական շարժումների դերի մասին, որը հանգում է հետևյալին. առայժմ վաղաժամ է հետևություններ անել Կենտրոնական Ասիայի երկրներում քաղաքական և քաղաքացիության կայունություն հաստատելու մասին։ Այս տարածաշրջանում սպասվում են նոր իրադարձություններ, քաղաքական գործընթացներ, որ խորհրդային սոցիալ-տնտեսական համակարգի վերջնական փլուզման, հասարակական հավասարակշռության ապահովման ներուժի սպառման և բացարձակապես նոր հասարակական-քաղաքական խմբերի ու շահերի ի հայտ գալու հետևանք են։ Առանց բացառության, բոլոր կենտրոնասիական պետություններում պետք է տեղի ունենա քաղաքական էլիտաների փոփոխություն, սպասվում է բախում ներկա բյուրոկրատական ռեժիմների և իսլամական արմատական շարժումների միջև, բայց արդեն ավելի լայն ճակատով։ Ի հայտ կգան և կուժեղանան նոր կլաններ ու քաղաքական խմբավորումներ, նոր կամ այլընտրանքային իշխանության կենտրոններ, որոնք անվերահսկելի կլինեն կառավարող ռեժիմների համար։ Կխորանա էթնիկական և կրոնական անջատականությունը` հանգեցնելով գոյություն ունեցող կենտրոնասիական պետությունների պառակտման և, փաստացի, զգալիորեն անկախ տարածաշրջանների ստեղծման։ Կմեծանա քրեական բնույթի վտանգը` դառնալով այս տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներից մեկը։ Տնտեսական ձեռքբերումները կիջնեն նվազագույն աստիճանի, գուցեև պետությունների և հասարակության համակարգային փլուզման նոր փուլ սկսվի։ Առանձնապես ծանր վիճակում կհայտնվեն Ղրղզստանը, Տաջիկստանը, ՈՒզբեկստանը, որոնք հնարավոր է, չկարողանան պահպանել իրենց պետական ու տարածքային ամբողջականությունը, ինչն արդեն ակտուալ է Ղրղզստանի պարագայում։ Հարաբերական առումով նախընտրելի վիճակում կարող է լինել Տաշքենդը, որն իսլամիստներին արված մեծ զիջումների գնով գուցե կարողանա պահպանել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սակայն եթե նախկինում Արևմուտքն ու Ռուսաստանը, աջակցելով ՈՒզբեկստանին, դրանով իսկ դրական ազդեցություն էին գործում ընդհանուր տարածաշրջանում կայունության պահպանման վրա, ապա հեռանկարում այդ մեխանիզմները կդադարեն գործելուց, և ՈՒզբեկստանը հարկադրված կլինի տարածաշրջանային էքսպանսիայի քաղաքականությունից անցնելու մեկուսացման քաղաքականության։
Այս իրավիճակում ԱՄՆ-ի և եվրոպացիների առջև կկանգնի հետևյալ խնդիրը` Կենտրոնական Ասիան իր բոլոր պրոբլեմներով և ռեսուրսներով զիջել Ռուսաստանին ու Չինաստանին կամ էլ փորձել պահպանել տարածաշրջանի հարաբերական ինքնուրույնությունը։ Ներկայումս արևմտյան հանրությունը Կենտրոնական Ասիայի պետությունների քաղաքական էլիտաներին հասկացնում է, որ չի կարող ամբողջական պատասխանատվություն վերցնել նրանց անվտանգության համար և անվերջ ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Կենտրոնական Ասիան և Կովկասը շատ հեռու են ԱՄՆ-ի և եվրոպացիների ավանդական քաղաքական բազավորման գոտիներից ու շատ խնդրահարույց են Արևմուտքի արտաքին քաղաքական ներկայության առումով։ Այս գնահատականից էլ ելնելով` Արևմուտքի առաջատար ընկերությունները ներդրումներ և ընդհանուր տնտեսական գործունեություն են ծավալում այս տարածաշրջանում։ Օրինակ, Լոնդոնի տնտեսական և քաղաքական հետազոտությունների դպրոցի մասնագետներն առաջարկում են օգտագործել այնպիսի լուծումներ, որոնք ենթադրում են հիմնական կապիտալի նվազեցում և շրջանառու կապիտալի ընդլայնում։ Այսինքն, կապիտալն ուղղել դեպի հումքային ոլորտներ, որտեղ կան գործող ձեռնարկություններ, և առանց դրանց հզորությունների ընդլայնման ու տեխնիկական վերազինման կարելի է հնարավոր առավելագույնի սահմաններում շահագործել դրանք։ Անշուշտ, դա ամենուրեք հնարավոր չէ, քանի որ հումքի մի շարք խոշոր աղբյուրներ նախկինում ընդհանրապես չեն շահագործվել։ Միաժամանակ, Գերմանիան ունի Կենտրոնական Ասիայում տնտեսական գործունեության ամենամեծ դրական փորձը (հատկապես Ղազախստանում) և կարծես չի պատրաստվում սահմանափակել իր տնտեսական ներթափանցման տեմպերը։ Եվրոպացիներին հատկապես մտահոգում է ճապոնական, չինական և կորեական ընկերությունների ակտիվացումը, որոնք վարժված են բարձր ռիսկայնության պայմաններում աշխատելուն։
Նկատի ունենալով այս հեռանկարը և բավական բացասական կանխատեսումները` եվրոպական վերլուծաբանները մեծ նշանակություն են տալիս Կենտրոնական Ասիայում արտաքին ազդեցության հաստատմանը, հատկապես Աֆղանստանի և Պակիստանի կողմից։ Մի փորձագետի կարծիքով` Աֆղանստանի ազդեցությունը որոշիչ նշանակություն կունենա, և այս կապակցությամբ համարվում է, որ ցանկացած ռեժիմի և, առհասարակ, աֆղանապակիստանյան գործոնի շրջափակումն առայժմ վճռորոշ մեթոդ է անվերահսկելի գործընթացների զարգացում թույլ չտալու համար։ Զարմանալիորեն համընկնում են ամերիկյան և եվրոպական վերլուծաբանների տեսակետները Պակիստանի տարածքային պետական տարաբաժանման վերաբերյալ, որ սպասելի է տեսանելի հեռանկարում։ Սովորաբար պատճառ է բերվում Արևելյան Պակիստանի անջատման փորձը, շիա և սուննի դավանանքների մահմեդականների հակասությունները, էթնիկական տարաբաժանվածությունը պակիստանյան հասարակության մեջ, այդ ազգը համախմբելու անհնարինությունը, դաշնային պետություն ստեղծելու գաղափարի անընդունելի լինելը երկրի իշխանությունների համար, օգնության կրճատումը Սաուդյան Արաբիայի կողմից, ռազմաքաղաքական և գաղափարախոսական նախկին էքսպանսիայի տեմպերը պահելու անհնարինությունը։ Հեռանկարում Արևմուտքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի համար խնդրահարույց կլինի հենց ատոմային զենք ունեցող Պակիստանի փլուզումը։
Իրանի խնդիրների հետ կապված և Կենտրոնական Ասիայում նրա ազդեցության առնչությամբ ևս ընդհանուր գնահատականներ կան ամերիկյան և բրիտանական վերլուծաբանների որոշ թեզիսներում։ Իրանի կառավարող էլիտան բավական սեկուլյարիզացված է, և իսլամական սկզբունքներից Թեհրանի քաղաքականությունը բեռնաթափված է։ Իրանն այլևս հնարավոր չէ համարել բացարձակ իսլամական երկիր, շարիաթը գոյություն ունի գործնականում միայն պահվածքի որոշակի նորմերում, ձևականորեն` նաև օրենսդրության մեջ։ Իրանական էլիտան չի թաքցնում, որ մշակում է քաղաքական ռեժիմի տրանսֆորմացիայի և նոր պետականության կառուցման ծրագիր։ Շարիաթի սկզբունքները դեռ երկար, միգուցե հավերժ կմնան, բայց խնդրի էությունն այն է, թե ինչպես են դրանք համադրվելու արդիականացման պահանջների հետ, որը դարձել է Իրանի երկրորդ պետական քաղաքական դոկտրինը։ Հիմա Իրանի իշխանություններին ոչինչ չի սպառնում, և նրանց քաղաքական ճակատագիրը շատ կողմերով կախված է լինելու տնտեսական և սոցիալական բարեփոխումների հաջողությունից։ Իր նախագահության առաջին ժամկետում Մ. Ահմադինեժադը կարողացավ իրագործել լուրջ և սկզբունքային ռեֆորմներ, սակայն հասարակության մեջ մեծ սպասումներ կան։ Իրանը նաև ավելի վճռական քայլերի էր սպասում ԱՄՆ-ի կողմից` հարաբերությունների մերձեցման առումով, և թվում էր, թե Բուշի վարչակազմը բավական արագ կցուցաբերի այդպիսի պատրաստակամություն։ Բայց, հավանաբար, ԱՄՆ-ի վարչակազմը երկրի ներսում բախվեց դժվարությունների, Կոնգրեսի և հրեական լոբբիի դիմադրությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է իբրև իր մերձավորարևելյան քաղաքականության մի մասը և դիտարկում դրանք Իրաքի, Աֆղանստանի, Կասպից ծովի ավազանի, արաբական երկրների հետ ունեցած իր հարաբերությունների համատեքստում։ Բայց այս ամենը, ի վերջո, երկրորդական է, հավանաբար ԱՄՆ-ում առայժմ չկան մշակված կոնցեպցիաներ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ։ Հնարավոր է, որ երկու կողմերն էլ առայժմ չեն պատկերացնում մերձեցման ճանապարհին առկա դժվարությունները։ Ըստ էության, ԱՄՆ-ի համար սա նոր իրավիճակ է, և ժամանակ կպահանջվի առաջնահերթությունների որոշակիացման համար այդ հարաբերություններում։ Իրանում էլ գոյություն ունի ուժեղ ընդդիմություն, որը դեմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Առայժմ պարզ է, որ քաղաքական առևտրի կարևոր բաղադրիչ կդառնան էներգետիկ կոմունիկացիաների ծրագրերն ու Իրանի ատոմային նախագիծը։ Առայժմ ԱՄՆ-ի ղեկավարության դիրքորոշումներն ու հայտարարությունները` Իրանի հետ կապված, հակասական են։ Միաժամանակ ամերիկացիները համարում են, որ Կենտրոնական Ասիայում արդեն բավական ամուր են Ռուսաստանի և Չինաստանի դիրքերը, ինչպես նաև իրենցը, որպեսզի ահնար լինի իրանական ազդեցության ուժեղ դրսևորումը, որը լոկալ առումով առկա է միայն Տաջիկստանում։ ԱՄՆ-ը չի կարծում, որ գոյություն ունի իրանական վտանգ այս տարածաշրջանի համար։ Իրանի արտաքին քաղաքական հնարավորությունները շատ կողմերով պայմանավորված են Իրաքում և Աֆղանստանում իրադարձությունների զարգացմամբ։ Ներկայումս այդ երկրների քաղաքական ռեժիմները թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ։ Այդ ռեժիմների անկումը, ինչը քիչ հավանական է կամ նրանց հետ հարաբերությունների կարգավորումը կարող են ամրապնդել Իրանի դիրքերն արաբական աշխարհում, նաև Կենտրոնական Ասիայում։ Իրանը հակադրության մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և այդ հակադրությունը գնալով խորանալու է։
Մեծ Բրիտանիան վաղուց որոշակիացրել է իր դիրքորոշումն Իրանի հետ հարաբերությունների առնչությամբ։ Լոնդոնի լեյբորիստական կառավարությունը համարում է, որ ցանկացած դեպքում պետք է նորմալ հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ և դրանով նպաստել իրանական ռեֆորմներին։ Գոյություն ունի սխալ տեսակետ, թե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միասնական քաղաքականություն ունեն Իրանի նկատմամբ։ Իրականում անվտանգության խնդիրների մասով մշտական խորհրդակցություններ են անցկացվում Վաշինգտոնի և Լոնդոնի համապատասխան ծառայությունների միջև։ Բայց Լոնդոնն աշխատում է Թեհրանի հետ հարաբերություններում վարել ինքնուրույն, իր տնտեսական շահերն արտահայտող քաղաքականություն։ Մեծ Բրիտանիան չի կարող հեռու մնալ համաեվրոպական դիրքորոշումից Իրանի հետ կապված, որը ենթադրում է այդ երկրի հետ հարաբերությունների ամրապնդում։ Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերությունների վերականգնումը ժամանակին Քլինթոնի վարչակազմը քննադատաբար ընդունեց։ Ջորջ Բուշը, ընդհակառակը, փորձեց օգտագործել բրիտանական միջնորդությունը Թեհրանի հետ խնդիրները կարգավորելու համար։ Ընդհանրապես, միջնորդի դերն Արևմուտք-Իրան հարաբերություններում շատ գրավիչ է Լոնդոնի համար, բայց չհաջողվեց։ Մեծ Բրիտանիան, այնուհանդերձ, կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ քայլերն Իրանի նկատմամբ զսպելու հարցում։ Մեծ Բրիտանիան, թերևս, միակ արևմտյան պետությունն է, որ փորձում է օգտվել Իրանում և Կենտրոնական Ասիայում ունեցած ազդեցությունից` այլ երկրների, այդ թվում` արևմտյան պետությունների, դերակատարությունը սահմանափակելու համար։ Լիարժեք համաձայնություններ այս հարցում Վաշինգտոնի և Լոնդոնի միջև գոյություն չունեն, կա ռազմավարական շահերի ընդհանրություն։
Կենտրոնական Ասիայում արևմտյան պետությունների կողմից իրականացվող քաղաքական ծրագրավորման մեջ հատուկ թեմա է Թուրքիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունն այս տարածաշրջանում։ Չնայած պնդումներին, թե Թուրքիան ԱՄՆ-ի գործընկերն է այս տարածաշրջանում, Վաշինգտոնը, համենայն դեպս, որևէ կերպ չի նպաստել Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, առավել ևս` ուժեղացմանը։ Թուրքիան բացարձակապես անցանկալի ու ավելորդ գործընկեր է ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների համար այս տարածաշրջանում։ Անկարան չի կարող այստեղ ներդնել ո՛չ գաղափարներ, ո՛չ էլ ռեսուրսներ, որոնք նպաստեին ԱՄՆ-ի կամ Եվրոպայի խնդիրների լուծմանը։ Ճիշտ է, դեռևս չկան բավարար նախանշաններ համոզելու համար, որ ԱՄՆ-ը և մայրցամաքային եվրոպական պետությունները հանգել են համաձայնության այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ծավալումը թույլ չտալու վերաբերյալ, բայց միաժամանակ կասկած չկա, որ այդպիսի համաձայնություն առկա է Վաշինգտոնի և Լոնդոնի միջև։
Միաժամանակ, եթե անդրադառնալու լինենք այն վտանգներին, որ զգում են ամերիկացիներն ու եվրոպացիները Կենտրոնական Ասիայում, դա, առաջին հերթին, Չինաստանի ազդեցությունն ու էքսպանսիան է։ Կարելի է համոզված պնդել, որ Արևմուտքի վերլուծական կենտրոններն այդպես էլ չեն մշակել քիչ թե շատ գործնական և արդյունավետ երաշխավորություններ այս տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ։ Առայժմ ԱՄՆ-ում երկու մոտեցում կա` կոշտ ձևերով զսպել Չինաստանին հակազդեցության հայտնի հնարքների գործադրմամբ, կամ էլ հակառակը` նրան ընդգրկել ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքական ծրագրերի դաշտում։ Վերջին տարբերակի կողմնակից Ռոբերտ Զոելիկը Բուշի նախագահության երկրորդ ժամկետում նշանակվեց ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ` հենց Չինաստանի նկատմամբ այդպիսի քաղաքականություն իրականացնելու համար։ Բայց այդ պաշտոնում դիմացավ ընդամենը կես տարի։ Կասկած չկա, որ Կենտրոնական Ասիայի համար իրական պայքարը դեռ առջևում է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ