ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՆ ՈՒ ԱՍՏԱՌԸ

ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՆ ՈՒ ԱՍՏԱՌԸ
13.03.2012 | 00:00

Այսօր արդեն իր ներքին խռովությունների մեջ առանց հիմնավորման Իրանին մեղադրող Ադրբեջանը մի ժամանակ հավակնում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի դերի: Սակայն այն չստացվեց, որովհետև Թեհրանը շատ շուտ գլխի ընկավ, որ Ադրբեջանն իրեն երևակայում է շատ ավելին, քան է: Բացի այդ, Թեհրանը նաև կարողացավ հասկանալ, որ իրականում Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ոչ միայն գործընկեր չէ, այլև ԱՄՆ-ն այնքան էլ չի վստահում քաղաքական դաշտում հեղհեղուկ քայլեր կատարող և գրկից գիրկ թռչող Ադրբեջանին:
Կար նաև մեկ այլ հանգամանք:
Իրանն էն գլխից էլ հասկանում էր, որ Ադրբեջանն իր քայլերով հակասելով Իրանի շահերին` պատրաստ է անգամ ՆԱՏՕ-ական ուժերով հետ վերցնելու հայկական ուժերի կողմից ազատագրված իրանամերձ տարածքները, բացելով տարածաշրջանի այս դարպասը ԱՄՆ-ի ուժերի համար, ինչին Խորհրդային Միության փլուզման առաջին օրերից ձգտում է ԱՄՆ-ը:
Այսօր սովորական մահկանացուների համար էլ պարզ է, թե աշխարհաքաղաքական ինչ նշանակություն ունեն հայոց զինուժի կողմից 1993-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ազատագրված ԼՂՀ-Իրան սահմանամերձ տարածքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ զուտ հայկական պատմական տարածքներ:
Ի դեպ, այս տարածքների աշխարհաքաղաքական կարևորությունը կար նաև դրանց ազատագրման պահին, և սա շատ լավ էին հասկանում այդ օրերի մեր դաշտային հրամանատարներն ու ինքը` սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այս պատճառով էլ այդ օրերի մեր «բարեկամներն» ու թշնամիները դեմ էին, որ հայոց զինուժը ազատագրի այս տարածքները: Անգամ և՛ թուրքական, և՛ իրանական, և՛ ռուսական բանակում այդ օրերին, ուղղությունը դեպի իրանամերձ ազատագրված տարածքներ` զորանոցային խլրտոց, զորաշարժ սկսվեց: Սակայն բանը չհասավ կոնկրետ գործողությունների և արդյունքում հաղթեցին հայոց զինվորականությունն ու դիվանագիտությունը:
Այս տարածքների ազատագրման համար զոհված հայորդիների արյան կանչը ահազանգում է, որ զգոն մնանք, որպեսզի մարտադաշտի հաղթանակները, որոնք բարձրացնում են Հայաստան պետության կարևորությունը աշխարհաքաղաքական ընթացող զարգացումների մեջ և դիվանագիտական բանակցություններում ամրապնդում են հանրապետության նախագահի ոտքի տակի հողը, չդառնան դիվանագիտական պարտություն:
Իհարկե, շատ երկրներ տարիներ շարունակ հայ-ադրբեջանական հակամարտությունը փորձել են օգտագործել իրենց շահերի համար: Հիմա էլ Ադրբեջանն է փորձում ԱՄՆ-Իրան հակամարտությունն օգտագործել իր շահերի համար, առիթից օգտվելով իրանամերձ տարածքներում խաղաղապահ ուժեր հրավիրելու նպատակով:
Չնայած ռուսական վերլուծաբանները մեզ համոզում են, որ ղարաբաղյան հակամարտությանը լուծում տալու համար Ադրբեջանը չի օգտվի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունից, բայց զգոն լինել մենք պարտավոր ենք, որովհետև պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը, նավթային հարաբերությունների մեջ մտնելով Ռուսաստանի հետ, կարող է նաև գերագնահատել իր նավթի կարևորությունը և արկածախնդրության գնալ: Անփառունակ պարտվածի պահվածքով տառապող Ադրբեջանը կարող է ճիշտ չվերլուծել տարածաշրջանային զարգացումները և օգտվելով առիթից դիմել արկածախնդրության: Թե այդ արկածախնդրությունը ինչ կնստի երկու ժողովուրդների վրա, դա Ալիևին այնքան էլ չի հետաքրքրում:
Սա պնդում են նաև եվրոպական որոշ վերլուծաբաններ: Ըստ նրանց` Իրանի շուրջ ստեղծված ապակայունությունից կփորձի օգտվել Ադրբեջանը, այս կամ այն կերպ ներքաշվելով հակամարտության մեջ: Ադրբեջանը կփորձի արցախյան հիմնախնդիրը մտցնել ակտիվ ռազմական փուլ և, խառնաշփոթությունից օգտվելով, անգամ անցնել ռազմական կայծակնային գործողությունների:
Այն, որ տարածաշրջանային զարգացումները կարող են անկանխատեսելի դառնալ, շատերի մտքով է անցնում: Այն, որ Ադրբեջանը, որը միշտ սիլի-բիլի է արել ՆԱՏՕ-ի հետ, կարող է օգտվել դրանից, դարձյալ շատերի մտքով է անցնում:
Բայց ավելի հստակ է մի բան: Ադրբեջանը որքան վտանգավոր է Իրանի համար, բազմակի վտանգավոր է Հայաստանի համար:
Ադրբեջանը, որն ամեն ինչ անում է, որպեսզի ՆԱՏՕ-ն մոտենա իր սահմանին, հագել է հարձակվողի թիկնոցը և շարունակ սպառնում է: Մինչդեռ մենք` հայերս, պարտավոր ենք սթափվել և Ադրբեջանին վերադարձնել այն վիճակին, որում նա գտնվում էր 1994-ի ձմռան և գարնան ամիսներին, երբ չոքեչոք դեսուդեն ընկած միջնորդ էր որոնում, որ իրեն փրկի հայոց զինուժի առաջխաղացումից:
ԱՄՆ-ը Վրաստանի հարցով սուր հակադրման չգնաց Ռուսաստանի հետ և տարիներ հետո նույնն է ակնկալում Ռուսաստանից Իրանի հարցով, իսկ Իրանն ԱՄՆ-ի համար տասնապատիկ ավելի կարևոր է, քան Վրաստանը: Սա հասկանում է Ադրբեջանը և փորձում է օտվել այս հնարավորությունից: Մանավանդ երբ արաբական գարունը հասնի Իրան, իսկ դա անխուսափելի է հատկապես այս օրերին, երբ Իրանում արդեն սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, և ԱՄՆ-ի գլխավորությամբ որոշ ուժեր փորձում են խռովություններ ծավալել Իրանի ներսում, կլարվեն նաև Թուրքիա-Իրան հարաբերությունները, և Ադրբեջանը, որն ուշի ուշով հետևում է այս ամենին, կօգտվի այս առիթից:
Այսօր այս մտահոգությունը կա յուրաքանչյուր հայ մարդու մեջ, ով քիչ թե շատ ուսումնասիրում է տարածաշրջանի փորձագետների, մեկնաբանների վերլուծությունները: Այս զարգացումները ավելի մտահոգիչ ու անհանգստացնող են դառնում հատկապես մեր երկրում ազգային բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ հավաքելու ֆոնի վրա:
Ես կուզեի այս մտահոգությամբ առաջնորդվեն այն անհատները, հասարակական, քաղաքական ուժերը, ովքեր ներքաղաքական դաշտում գործում են ի փառս Հայաստան պետության հզորացման ու հայ ժողովրդի բարեկեցության ապահովման, որովհետև տարածաշրջանային զարգացումների ընթացքը կարող է անկանխատեսելի հանգրվաններ ունենալ, որոնք մեզնից ոչ ոք այսօր չի կանխատեսում: ՈՒրեմն, մշտական զգոնությունը գերխնդիր է այսօր, առավել քան երբևէ:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը կասեր. «Սթափվել է պետք, վատ բաներ են կատարվում աշխարհում»:
ՈՒստի Իրանի շուրջ ընթացող զարգացումներն ու տարածաշրջանում փոխհարաբերությունների վերադասավորումները մեզ դարձյալ ազգովին կանգնեցնելու են ունեցածը չկորցնելու վճռականության և մարտահրավերներին հավաքական կամքով դիմակայելու անհրաժեշտության առաջ:
Զգոնությամբ և դիվանագիտական հստակ քայլերով անհրաժեշտ է զսպել Ադրբեջանին և հիշեցնել, թե ինչ կատարվեց ադրբեջանական արկածախնդրության հետ, և ինչով ու ինչպես փոխհատուցվեց այն 1990-1994 թվականներին, երբ շարունակ փորձում էին օգտվել առիթից:
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ