Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկա շրջանը բնութագրվում է նրա քաղաքական վերնախավի վստահության ու անհրաժեշտ հաստատակամության բացակայությամբ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի պետությունների հետ հարաբերություններում հեռանկարների չըմբռնմամբ։ Ներկա ռուսական վերնախավը պառակտված է, ավելի ճիշտ, նրան չի միավորում միգուցե անմեկնելի, բայց որևէ հայրենասիրական գաղափար։ Ավելի շուտ, ռուս քաղգործիչները չափազանց մանրախնդիր են, հետապնդում են, մեծ մասամբ, անձնական, խմբակային շահեր։ Հնարավոր է, ուրիշ շատ պետությունների համար դա բնականոն կլիներ, բայց այն, ինչ Ռուսաստանն է հռչակում արտաքին քաղաքականության մեջ, անվտանգության և սոցիալ-տնտեսական ոլորտում, միանգամայն այլ ղեկավարներ է պահանջում։ Վ. Պուտինն առավել համարժեքն ու համապատասխանն է այն արժեքին, ինչը կոչվում է Ռուսաստանի ազգային շահ, բայց նրա տրամադրության տակ չկան ո՛չ բավականաչափ համախմբված թիմ, ո՛չ համաշխարհային զարգացման ու ազգային զարգացման անհրաժեշտ ըմբռնում։ Դ. Մեդվեդևի իշխանության գլուխ անցնելուց հետո Ռուսաստանի ղեկավարության շրջանում ավելի ու ավելի են ուժեղանում այն պաշտոնատար անձինք, ովքեր ձգտում են Արևմտյան ընկերակցությանն ազդանշաններ հղել ավելի սերտ ու համաձայնեցված համագործակցության պատրաստակամության մասին։ Չափազանցություն կլիներ պնդել, թե Ռուսաստանի իշխանության ոլորտում գոյություն ունի երկու «բևեռ», ավելի ճիշտ, ռուսական վերնախավում հաղթում է խնդիրների լուծման իրատեսական ընկալումը։ Ժամանակակից Ռուսաստանի առնչությամբ դա նշանակում է քաղաքականության բավական կոպիտ «տնտեսականացում», արտաքին և ներքին քաղաքականության մեջ, որպես գերակա, խոշոր կորպորացիաների տնտեսական խնդիրների առաջադրում։ Կորպորացիաներն այնքան հզոր են, որ ընդունակ են ստեղծելու խոշոր պահպանական, հետախուզական, տեղեկատվական, խորհրդատվական կառույցներ, հսկայական ազդեցություն գործելու առանցքային գերատեսչությունների, արտաքին, և հատկապես, տարածաշրջանային քաղաքականության վրա։
Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ են «ճոճանակային» նախապատվությունները` կապված շատ հաճախ իրենից անկախ ստեղծվող իրավիճակների հետ։ Արևմուտքին ինտեգրվելու սին փորձերի երկար շրջանից հետո Ռուսաստանը նախընտրեց ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատել Չինաստանի և առաջատար իսլամական պետությունների հետ։ Այնուհետև ենթադրվող հեռանկարը չտեսնելով «արևելյան» քաղաքականության մեջ, Ռուսաստանը վերստին շուռ եկավ Արևմուտքի կողմը, բայց միաժամանակ ձգտելով համատեղել իր «արևմտյան» ու «արևելյան» քաղաքականությունը, ընդսմին ջանքեր են գործադրվում օգտվելու արևելյան տերությունների հետ հարաբերություններից` որպես Արևմուտքի հետ երկխոսության ընթացքում սեփական դիրքերի ուժեղացման գործոնից։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները, դրանք դարձնել ավելի դրական` հատկապես տարածաշրջանային ոլորտում։ Դրան զուգընթաց, Ռուսաստանը նախընտրում է երկխոսել ԱՄՆ-ի հետ` կայուն հարաբերություններ ունենալով Եվրոպայի առաջատար պետությունների հետ։ Ընդ որում, Ռուսաստանն աշխատում է Եվրոպայի հետ համաձայնեցնել իր տարածաշրջանային քաղաքականությունը, թեև գործնական իմաստով Եվրոպան հազիվ թե աջակցի նրան, բայց, ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ու Գերմանիայի վրա «հենվելը» Ռուսաստանին կօգնի շահելու ամերիկացիների վստահությունը և ավելի վստահորեն գործելու։ Ռուսաստանն Իրանի հետ իր վաղեմի հարաբերությունները զոհաբերեց (թեև դրանք այնքան էլ վստահալից չեն եղել), որպեսզի ընդհանուր հայտարարի գա եվրոպացիների հետ, հուսալով նրանց հետ դաշն կնքել իրանական խնդրի կապակցությամբ, նպատակ ունենալով առաջարկել Իրանի միջուկային խնդրի լուծման ոչ թե «ամերիկյան», այլ «եվրոպական» ծրագիրը։ Ֆրանսիացի դիվանագետների կարծիքով` «կարևոր է չենթարկվել իրանական խնդրի լուծման ամերիկյան ծրագրերին, ընդհակառակը, նրանց մոտեցնել այդ խնդրի լուծման եվրոպական տեսակետներին ու ըմբռնմանը։ Ռուսաստանը, այսպես թե այնպես, շարունակում է հիմնարար անվստահություն տածել ԱՄՆ-ի նկատմամբ, և նախընտրում է շարունակել տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու քաղաքականությունը, օգտագործելով ցանկացած հնարավորություն` նեղելու ԱՄՆ-ին տարածաշրջաններում։ Համենայն դեպս, եթե համընդհանուր հարցերում ԱՄՆ-ը և Ռուսաստանն ընդունակ են սկզբունքային համաձայնության հանգելու, ապա տարածաշրջանային առումով մրցակցությունը շարունակվում է և կարող է հանգեցնել լուրջ դիմակայության։
ԱՄՆ-ը չափազանց խոր է ներքաշված աֆղանական գործողության մեջ և, չնայած ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Կովկասում ունեցած շահագրգռությանը, վերջինիս դերը, այնուամենայնիվ, նկատելիորեն փոքրացել է Վաշինգտոնի քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ը առաջվա նման Կովկասի, ավելի ճիշտ, Հարավային Կովկասի առնչությամբ երկու հիմնական գործառույթ է դիտարկում` էներգետիկ հաղորդուղիներն ու ռազմական տարանցումը, սակայն այդ գործառույթների նշանակությունը փոփոխություն է կրել, և այդ պատճառով տարածաշրջանի դերն ավելի նեղացել, սահմանափակվել է։ ԱՄՆ-ն աշխատում է չներգրավվել այն հարցերի լուծման մեջ, որոնք ուղղակիորեն կապված չեն իր արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրների հետ։ Եվ ԱՄՆ-ի արտքաղաքական ոճի համար սա նորույթ չէ, քանի որ Ջ. Բուշի վարչակազմը բավական հստակորեն էր հետևում այդ մոտեցումներին, ինչն է՛լ ավելի շեշտադրվեց Բ. Օբամայի վարչակազմի քաղաքականության մեջ։ Ներկայումս ԱՄՆ-ին լիովին ձեռնտու են այն իրավիճակն ու շահերի որոշ հավասարակշռությունը, որ առաջացել են Հարավային Կովկասում, և Վաշինգտոնը, այսպես թե այնպես, Մոսկվային ազդանշաններ է հղում առ այն, որ լավ կլիներ որոշ «սառեցման» հասնել Հարավային Կովկասում և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեին շահերի հաշվեկշռի խախտման ու առճակատման, ինչը ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ Վաշինգտոնին։ 2008 թ. օգոստոսին, ռուս-վրացական առճակատման շրջանակներում, Ռուսաստանը ցույց տվեց իր «կոռեկտ» վերաբերմունքը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, և ապահովեց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար ռազմավարական կարևոր հաղորդուղիների անվտանգությունը։ Ռուսաստանի զինված ուժերը քաշվեցին նախկին դիրքերը, ինչի շնորհիվ Հարավային Կովկասի արևմտյան մասը ազդեցության ոլորտների բաժանվեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Շուտով Ռուսաստանն ընդունեց ԱՄՆ-ի առաջարկությունը դեպի Աֆղանստան ռազմական տարանցումն ապահովելու համար իր երթուղիներն օգտագործելու վերաբերյալ, ինչն է՛լ ավելի փոքրացրեց Հարավային Կովկասի նշանակությունը, և եթե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցության այդ պրակտիկան, ինչով այնքան շատ է շահագրգռված Ռուսաստանը, շարունակվի, ապա տարածաշրջանի դերն ավելի կնվազի ամերիկյան տրամաբանական-քաղաքական սխեմայում։
Քիչ խոսակցություններ չկան Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության և մտադրությունների ոլորտում Հարավային Կովկասի նշանակության թեմայով։ Իհարկե, տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի ամուր դիրքերը, Իրանի հանդեպ նրա մտադրությունների առումով, նախապատվելի կլինեին, բայց, ըստ էության, Իրանի վրա արմատական ներգործության համար ԱՄՆ-ը չունի Հարավային Կովկասի կարիքը որպես մարտավարական հրապարակի, նա լիովին կբավարարվեր բազավորման այն հնարավորություններով, որ կան Մերձավոր Արևելքում, անգամ Իրանի հակազդեցության հնարավորությունների մեծացման պարագայում։ Բ. Օբամայի առաջատար պաշտոնյաների վարքագիծը, նրանց արտահայտությունների բնույթը, ավելի ընդարձակ տարածաշրջաններում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունը քննարկելիս կարելի է բավականին վստահորեն ասել, որ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը դեռ կշարունակվի։ Այս կարծիքը լիովին հաստատեցին Պենտագոնի ղեկավար Ռ. Գեյթսի և պետդեպարտամենտի ղեկավար Հ. Քլինթոնի տարածաշրջան կատարած այցերը։ Միաժամանակ, Մոսկվան մեծ զգուշավորությամբ է հետևում այն գնահատականներին, որ Բ. Օբամայի քաղաքականությանը տալիս են ամերիկյան ընդդիմության ներկայացուցիչները, որոնք կոշտ քննադատում են ներկա քաղաքականությունը` նախ և առաջ Ռուսաստանի ու Եվրասիայի վերաբերմամբ։ Ընդ որում, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը մտադիր չեն ավելի մանրամասնորեն ու բազմակողմանիորեն քննարկելու տարածաշրջաններում իրենց շահերի հաշվեկշռի խնդիրները, և շատ «վեճեր» ու համաձայնություններ, փաստորեն, լռության են մատնվում։ Դրա պատճառով, Հարավային Կովկասում ստեղծվել է շատ կանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակ, բայց ակնկալիքները լիովին նպաստավոր չեն դարձել։
Վերջին տարիներին Եվրամիության և Եվրոպայի առաջատար պետությունների դրսևորած որոշակի մտադրությունները նկատելի փոփոխություն են կրել ինչպես համաշխարհային տնտեսական միտումների, այնպես էլ Եվրոպայում եղած էական տարաձայնությունների ներգործությամբ, որոնք հետևանք են եվրոպական մեծ տանդեմի` Ֆրանսիայի ու Գերմանիայի ձգտման` ամբողջ ընկերակցությանը պարտադրելու եվրոպական քաղաքականության գերակայությունների իրենց պատկերացումները։ Եվրոպացիներն աշխատում են, անգամ այս իրավիճակում, ակտիվացնել իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, ինչը, իհարկե, կնշանակեր եվրոպական քաղաքականության սկզբունքային առաջանցում և որպես այդպիսին` այդ քաղաքականության կայացում։ Եվրոպացիներն այդպես էլ չկարողացան նոր դիրքեր ձեռք բերել ո՛չ Բալկաններում, ո՛չ ՈՒկրաինայի հարցում, և առայժմ կարող են Միջերկրական ծովի ավազանում իրենց ազդեցության աճի հույս միայն ունենալ։ Եվրոպացիները քիչ բանի չեն հասել Իրանի միջուկային ծրագրի քննարկման ոլորտում ազդեցության առումով։ Շատ բան կախված կլինի Մեծ Բրիտանիայի դիրքորոշումից, որը հմտորեն մասնակցեց եվրոպական զինված ուժերի նախագծի խափանմանը ու հիմա էլ ակտիվ ջանքեր է գործադրում եվրոպական քաղաքականության, ավելի ճիշտ, դրա ձևավորման փորձերի խարխլման ուղղությամբ։ ԱՄՆ-ի ներկա վարչակազմի քաղաքականությունը բարենպաստ ազդեցություն է գործում Ֆրանսիայի և Գերմանիայի, բայց բնավ ոչ Մեծ Բրիտանիայի դիրքերի ուժեղացման վրա։ Այդ միտումով են պայմանավորված Հարավային Կովկասում Եվրոպայի ազդեցության որոշակի աճի հետ կապված ակնկալիքները, սակայն, այսպես թե այնպես, Եվրոպան հետնապահ է կովկասյան քաղաքական ասպարեզում։
Ներկայումս Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության մեջ առավել օրախնդիր ու հիմնարար սյուժեներն են.
l ռուս-վրացական ընդհարումը, նրանում միջազգային ընկերակցության ներգրավումը, խնդրի որոշակի սառեցումը, այդ ընդհարման շարունակականությունը քաղաքական մասնակիցների տարբեր խմբերի առկայության պայմաններում,
l հայ-թրքական հարաբերությունները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականության օրակարգում, ընդգրկված են ԱՄՆ-ի, մասամբ նաև Եվրոպայի` թրքական հավակնությունների սահմանափակման և Թուրքիայի տարածաշրջանային նվաճամտության զսպման ռազմավարության մեջ,
l հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը կարևոր տարր է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, մասամբ նաև Ֆրանսիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ, որն ապահովում է շահերի հավասարակշռությունը տարածաշրջանում և տեղայինից վերածվում է տարածաշրջանայինի,
l Թուրքիայի և Իրանի փորձերը` ակտիվացնելու իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում, փորձելու վերստին տարածաշրջանային ալյանս ստեղծել` բացահայտորեն ձգտելով դուրս մղել ԱՄՆ-ին տարածաշրջանից, առավելագույնս օգտվելու Ռուսաստանի հետ համագործակցությունից, օգտագործելու նրա շահերը ԱՄՆ-ի ազդեցության կրճատման, Թուրքիայի և Իրանի կողմից նոր դիրքերի նվաճման առնչությամբ։
Կովկասին բնորոշ են բազմաթիվ այլ խնդիրներ և սյուժեներ, ու հազիվ թե հնարավոր լինի իրարից առանձնացնել Հյուսիսային և Հարավային Կովկասի խնդիրները, բայց հենց թվարկված սյուժեներն են գլխավորները Հայաստանի անվտանգության գործում Ռուսաստանի քաղաքականությունն ու դերը քննության առնելիս։
80-90-ականների կցասահմանին Ռուսաստանն ուղղակի թշնամաբար ընդունեց Հայաստանի ձգտումը միավորելու իր պապենական հողերը, և հսկայական վնաս պատճառեց հայ ժողովրդին։ Սակայն նրանց փոխշահագրգռությունը հանգեցրեց Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործընկերային սերտ հարաբերությունների ձևավորմանը, ինչը մեծապես պայմանավորեց ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Ռուսաստանը որոշիչ դեր խաղաց Հայաստանի զինված ուժերի ու տնտեսության զարգացման գործում և մտադիր է այսուհետ ևս խորացնելու հարաբերությունները նրա հետ։ Դրա հետ մեկտեղ, երբեք կասկածներ չեն եղել Հարավային Կովկասում Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ, որտեղ նա նպատակ է ունեցել հասնելու լիակատար գերիշխանության։ Անշուշտ, Մոսկվայում այն կարծիքին են, որ այդքան միակողմանի համագործակցությունը տարածաշրջանում սահմանափակում է Ռուսաստանի հնարավորությունները, որը ձգտում է իր ծիրը ներառել Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը։ Եվ Հայաստանի վրա շեշտը դնելը արդարացրել է իրեն, քանի որ չլիներ նրա հետ համագործակցության հենակետը` Ռուսաստանը չէր ունենա ոչ մի հույս գործընկերային հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի` տարածաշրջանի առավել վճարունակ պետության հետ։ Ընդ որում, Ռուսաստանը «հայկական գործոնն» օգտագործում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ հարաբերություններում։
Ռուսաստանը գոհունակությամբ էր հետևում հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործում ամերիկյան նախաձեռնությունների ձախողմանը, հուսալով ժամանակի ընթացքում գրավել ԱՄՆ-ի տեղը։ Պետք է հասկանալ, որ «հայկական գործոնը» Ռուսաստանի կողմից օգտագործվում է ռուս-թրքական հարաբերություններում եղած հիմնական խնդիրների լուծման, ռուս-թրքական ալյանսի ձևավորմանը հանգելու նրա ռազմավարական քաղաքականության շրջանակներում, ինչը հիմնարար լուծում կդառնար Կովկասից և Սև ծովի ավազանից ԱՄՆ-ի վերջնական դուրսմղման քաղաքականության մեջ։ Սև ծովում իր ռազմաքաղաքական ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի մտադրությունը խիստ մտահոգել է Ռուսաստանին ու Թուրքիային, որոնք հասկացել են, որ իրենք ի վիճակի չեն թույլ չտալու ԱՄՆ-ի այդ ծրագրերի իրագործումը։ ԱՄՆ-ի այդ մտադրությունները հանգեցրին տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի` պատմության մեջ աննախադեպ միավորմանը։ Այդ հանգամանքը, իհարկե, կարևոր դեր խաղաց այն բանում, որ ԱՄՆ-ը հրաժարվեց Սև ծովում իր մտադրությունների իրականացումից, թեև, ընդհանուր առմամբ, այդ նպատակներից հրաժարումը գլխավորապես բացատրվում է ԱՄՆ-ի ծրագրերի սահմանափակմամբ, իսկ դրա պատճառն այն է, որ նա չի ուզում ռազմական ու քաղաքական ռեսուրսները շեղել առաջնային խնդիրների լուծումից։
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում կան քաղաքական բնույթի զգալի խնդիրներ` կապված, գլխավորապես, Ռուսաստանի շատ տարածաշրջաններում ուժեղ ազդեցություն ապահովելու, քայքայիչ լայն աշխատանք կատարելու Թուրքիայի քաղաքականության հետ, որը նպատակ ունի այդ շրջանների ներգրավմամբ վերահսկողություն սահմանելու ռազմավարական կարևոր «կետերի» նկատմամբ։ Ռուսաստանը չի կարող հաշտվել դրա հետ և բավական վճռականորեն է արձագանքում Թուրքիայի այդ համակարգված փորձերին։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի առավել տեղեկացված և պետական կառույցներում ինտեգրված միջավայրում կարծիք կա, որ անհնար է ալյանս ստեղծել այդ պետությունների միջև։ Բացի այդ, չնայած անթույլատրելի վարքագծին և Արևմտյան ընկերակցության համապարփակ շանտաժի փորձերին, Թուրքիան չի կարող խիստ հեռանալ Արևմուտքից և երկյուղում է նման հեռանկարից, քանի որ նրա կենսագործունեությունը և անվտանգությունը կախված են ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ի ու Եվրամիության, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունից։ Այդուամենայնիվ, Հայաստանի համար վտանգ ներկայացնում է ոչ միայն ռուս-թրքական մշտական կամ երկարաժամկետ բնույթի ալյանսի ստեղծումը, այլև Ռուսաստանի և Թուրքիայի միջև որոշակի պայմանավորվածությունների գոյությունը։ Տեղեկություններ կան, որ 2008 թ. ամռանն ու աշնանը Սև ծովում և Կովկասում նոր իրադարձությունների ու գործընթացների կապակցությամբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած բանակցություններից անմիջապես հետո, Թուրքիան Ռուսաստանին մի շարք պահանջներ է առաջադրել Հայաստանից զիջումներ կորզելու առումով (խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչման և ղարաբաղյան խնդրի մասին է)։ Մոսկվան հասկացել է, թե որքան վտանգավոր է Թուրքիայի հետ հարաբերությունների այդքան արագ զարգացումը, և նախընտրել է Թուրքիայի այդ նախաձեռնությունները քննարկել ավելի «ձգձգված» կարգով։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ռուս-թրքական հարաբերություններում հնարավոր արմատական փոփոխություններն արդեն քննարկվում են Մոսկվայում և Անկարայում։ Ընդ որում, Մոսկվայում հույս ունեն Թուրքիայի հետ առնչությունները զարգացնել Եվրոպայի պետությունների հետ Ռուսաստանի գերակա հարաբերությունների զարգացման շրջանակներում, ինչը նշանակում է եվրոպացիների հետ համատեղ «թրքական գործոնն» օգտագործել ամերիկացիների հետ համապարփակ մրցակցային խաղում։ Ներկա Ռուսաստանը չունի ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական հնարավորություններ նման քաղաքականություն վարելու համար, քանի որ Թուրքիան ինքն է ձգտում միանգամայն ինքնուրույն քաղաքականություն վարել ուժի համաշխարհային բոլոր կենտրոնների հետ։
Մինչդեռ Հայաստանի համար առավել վտանգավորը Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի մտադրություններն են։ Ռուսաստանն ուզում է իրականացնել Դաշտային Ղարաբաղի կենսականորեն կարևոր տարածքները հանձնելու` Հայաստանի համար աղետալի մի պլան` առանց Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցի լուծման, և պահպանելով հակամարտության հիմնական պայմանը։ Ընդ որում, Ռուսաստանը շատ հմտորեն շահարկում է «Մեծ եռյակի»` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան առաջադրել են ղարաբաղյան խնդրի կարգավորման միանգամայն ամբոխավարական մի նախագիծ, որը նախատեսում է հայկական զորքերի դուրսբերում, միմիայն ադրբեջանցի փախստականների վերադարձ, 80-ականների իրավիճակի վերահաստատում, երբ Լեռնային Ղարաբաղը մեկուսացած, մեծ սպառնալիքի տակ գտնվող միջնատարածք էր, առանց անկախ կարգավիճակի հարցի որևէ լուծման։ Պետք է ասել, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք Թուրքիայի շրջափակման ու զսպման կուրս են վարում, ամենևին շահագրգռված չեն Հայաստանի այդպիսի աղետալի թուլացմամբ և, փաստորեն, «հայկական գործոնի» վերացմամբ։ Բացի այդ, նախագծի իրականացման հետևանքով Հայաստանն ավելի մեծ կախման մեջ է ընկնում Ռուսաստանից և, ըստ էության, կորցնում է անկախությունը։ Իսկ Ռուսաստանը հույս ունի ոչ միայն այդ նախագիծն օգտագործել իր նպատակների համար, այլև խաղաղարարների կարգավիճակով իր զորքերը մտցնել տարածաշրջան։ Սա Հարավային Կովկասում Ռուսաստանի նպատակներից մեկն է, բայց հայ բնակչությունը լավ է հիշում 1990-92 թթ. Ղարաբաղի հայերի նկատմամբ ռուսական զորքերի գործադրած պատժիչ ռազմարշավներն ու ահաբեկության ռեժիմի հաստատումը։ Ռուսաստանը, ըստ էության, լինելով Հայաստանի դաշնակիցը, տարիներ շարունակ Ադրբեջանին մատակարարում է սպառազինությունների տարբեր տեսակներ, հավանություն է տալիս ՈՒկրաինայի ու Բելառուսի կողմից իրականացվող այդպիսի մատակարարումներին։ Ներկայումս տեղեկություններ կան, որ Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանին մատակարարելու C-300 տիպի զենիթահրթիռային համալիրներ, ինչը կնշանակի, որ նա Հայաստանի ու Ադրբեջանի հարցում վարում է զուգակշիռ քաղաքականություն, իսկ ժամանակի ընթացքում կարելի է սպասել, որ Ադրբեջանը տարածաշրջանում գերակա նշանակություն կունենա Ռուսաստանի համար։ Քանի դեռ ԱՄՆ-ի և Թուրքիայի փոխհարաբերություններում խնդիրներն այսքան լուրջ չէին, ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, ձգտում էր Հայաստանին վերաբերվել թրքական շահերի հաշվառմամբ, թեև Հայաստանը միշտ էլ ամերիկացիների կողմից համարվել է քաղաքական «ռեզերվ», որը կարող է օգտագործվել ապագայում։ Ապագան եկել է` ԱՄՆ-ը և Թուրքիան գտնվում են առճակատման փուլում, և ԱՄՆ-ը չի կարող չհասկանալ Հայաստանի և «հայկական գործոնի» կարևորությունն այս ժամանակահատվածում։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ինչ-որ չափով փոխել են տեղերը տարածաշրջանային աշխարհաքաղաքական կառուցվածքում, երբ արդեն ԱՄՆ-ը Հայաստանը համարում է «միջնաբերդ», իսկ Ռուսաստանը ռուս-թրքական «ալյանսի» զարգացման հարցերի լուծման համատեքստում դառնում է սոսկ զիջողական «գործընկեր»։ Սակայն չափազանց շատ են չակերտված բառերը։ Սև ծով-կովկասյան տարածքի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հավասարակշռության ձգտման հետ մեկտեղ ի հայտ են գալիս ավելի բարդ խնդիր և միանգամայն շոշափելի սպառնալիք` կապված Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների մեծացման հետ։ Եթե Թուրքիան ներկա միտումներն ընկալի որպես իր համար վտանգավոր, իսկ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` իր շրջափակման քաղաքականությունը` թշնամական, ապա նա կարող է օգտվել առիթից և Ադրբեջանին ահազանգել լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու Հայաստանի դեմ։ Դրանով իսկ Թուրքիան ցույց կտա, որ հենց ինքն է որոշում, թե երբ պիտի սկսել պատերազմը և երբ ավարտել, այսինքն` ով է «տանտերը» տարածաշրջանում։ Պետք է նշել, որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ որոշում ընդունել պատերազմական գործողություններն սկսելու մասին` առանց Թուրքիայի հետ համաձայնության։ Հարց է ծագում. որքանո՞վ է Ռուսաստանը նման սցենար պատկերացնում և ի՞նչ զիջումների է նա պատրաստ` Թուրքիայի նվաճողամտությունը զսպելու համար, կամ` որքա՞ն են ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ի վիճակի զսպելու Թուրքիային։ Առայժմ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը նպաստում է նրա տնտեսական ու քաղաքական ազդեցության աճին, սահմանափակում է ԱՄՆ-ի ազդեցությունը նրա վրա։ Որքան հայտնի է, Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի խաղերը պատմության մեջ բազմիցս աղետ են դարձել տարածաշրջանի շատ ժողովուրդների գլխին։ Բայց Արևմտյան ընկերակցությունն էլ բազմիցս զսպել է Ռուսաստանին` այդ նույն տարածաշրջաններում նրա վարած քաղաքականության պատճառով, ընդ որում, օգտագործելով Թուրքիան։ Արդյոք քաղաքական պայմաններն այնքան փոխվե՞լ են այդ ժամանակներից ի վեր, որ Արևմտյան ընկերակցությունն ու Ռուսաստանը վերանայեին իրենց խաղերն այդ տարածաշրջաններում։ Հենց վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիան ցուցադրեց իր «դասական» քաղաքականությունը, ձգտելով խափանել Թուրքիայի հանդեպ Եվրոպայի ձևավորվող քաղաքականությունը` մի շարք նպատակներ հետապնդելով ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, և գլխավորը` Ռուսաստանի ու Եվրասիայի հանդեպ։
Այսպիսով, Սև ծով-կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի թուլացման հետևանքով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի մերձեցման պայմաններում Հայաստանն սկսում է լուրջ սպառնալիքների ենթարկվել։ Դրան զուգընթաց, Հայաստանին սպառնացող վտանգը մեծանում է նաև Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ազդեցության թուլացման հետևանքով, որը ձգտում է անկախ լինել ԱՄՆ-ից։ Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը պետք է արձագանքի Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Սև ծովում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի քաղաքականությանը։ ԱՄՆ-ն ունի զգալի քաղաքական ռեսուրսներ` Թուրքիայի տարածաշրջանային ջանքերի դեմն առնելու համար։ Թուրքիան շուտով ձախողում կկրի Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում, բայց մյուս տարածաշրջաններում պետությունները պատրաստ չեն հակահարված տալու Թուրքիայի նվաճամտությանը, և այդ կապակցությամբ նրանց պետք են ԱՄՆ-ի աջակցությունն ու փոխըմբռնումը։ Նոր «Օսմանյան կայսրությունը» ձախողում կկրի արաբական աշխարհում, բայց, դե, այդ տարբեր տարածաշրջանների մյուս պետություններն էլ պետք է ավելի խելամիտ քաղաքականություն կառուցեն «օսմանյան» տարածության վերականգնման սպառնալիքի պայմաններում։ Ռուսաստանին այդպես էլ չի հաջողվի շատ թե քիչ գործընկերային հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, բայց նրա ներկա քաղաքականությունը կարող է մեծ խնդիրներ և իրական սպառնալիքներ առաջ բերել տարածաշրջանում։ Պետք է ասել, որ Իրանը, որին Թուրքիան վերջին ժամանակներս զգալի ծառայություններ է առաջարկել միջազգային ասպարեզում, այդպես էլ պատշաճ չի պատասխանել Թուրքիային, քանի որ հասկանում է թրքական քաղաքական ծառայության իսկական նպատակներն ու հետևանքները։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քիչ բանի չեն հասել փոխհարաբերություններում և, հաղթահարելով կարծրատիպերը, երկու տերությունները կարող էին կանխել առճակատման նոր դրսևորումները և փոխըմբռնման հանգել Ասիայի մի շարք խոշոր պետությունների անզսպելի հավակնությունների առթիվ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ