Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Վարդան Օսկանյանի «զարմանքն» ու քաղաքականության բարոյական կողմը

Վարդան Օսկանյանի «զարմանքն» ու  քաղաքականության բարոյական կողմը
06.04.2012 | 00:00

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել և պարզաբանել օրեր առաջ ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ հարցազրույցում արված այն մեկնաբանությունը, թե Հայաստանում գործող կոալիցիոն կառավարությունը ձևական բնույթ է կրել:ԲՀԿ-ական գործչին զարմացնում է նաև այն հանգամանքը, թե ինչո՜ւ մարդիկ չեն ուզում իրականությունը տեսնել այնպես, ինչպես այն կա: Միևնույն ժամանակ իր Facebook-յան էջում Վարդան Օսկանյանը դասական քաղաքագիտության ՙմաստեր-կլասներ՚ է անում՝ մեկնաբանելով ՙկոալիցիոն կառավարություն՚ հասկացությունը և դրա կիրառական նշանակությունը:

Նախ և առաջ, անհասկանալի է, թե ինչո՜ւ է Օսկանյանը խոսում դասական քաղաքագիտությունից: Այնպիսի տպավորություն է, կարծես 1998-2008 թթ.` կառավարության անդամ եղած տարիներին (ի վերջո, իշխանական հիերարխիայում ամենավերջին մարդը չէր), նա ականատես է եղել քաղաքական այնպիսի մի իրականության, որը համահունչ է եղել քաղաքագիտության դասական պատկերացումներին: Այդ տարիներին դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ քաղաքագիտական-դիվանագիտական կրթություն ստացած նախարարը խոսեր քաղաքագիտության տեսությունից և դասական հասկացություններից: Երևի թե դա բավականին օգտակար կլիներ Հայաստանում քաղաքական ավանդույթի ձևավորման հարցում, կամ գոնե քննարկումների ու բանավեճի հարմար հող կնախապատրաստեր:

Հիշեցնենք, որ կոալիցիոն կառավարության վերաբերյալ Վարդան Օսկանյանի և այլ ԲՀԿ-ականների տարատեսակ մեկնաբանություններին արձագանքել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ըստ էության, հասկացնելով, որ ԲՀԿ-ում բոլորը չէ, որ համամիտ են Օսկանյան Վարդանի հետ: Բայց վերջինս դեռևս շարունակում է զարմանալ։Պարոն Օսկանյանին հիշեցնենք նաև, որ ձևական բնույթի քաղաքական կառույցներին կամ գործընթացներին կարող են մասնակցել միայն ձևական բնույթի կուսակցությունները, և եթե Օսկանյանն անդամակցել է ՙձևական՚ բնույթի կոալիցիոն կառավարության մաս կազմող ՙձևական՚ բնույթի ԲՀԿ-ին, ապա գուցե իր անդամակցությո՞ւնն էլ ԲՀԿ-ին ձևական բնույթի է, և, ամենայն հավանականությամբ, այլ անհայտ կամ հայտնի մարդու կամ մարդկանց հրահանգո՞վ է հայտնվել ԲՀԿ-ում:

Զարմանալի է նաև այն հանգամանքը, որ պաշտոնաթող դիվանագետը, գործող կոալիցիոն կառավարությունը ձևական որակելով, փաստացիորեն, ակնարկում է, որ անցած 5 տարում իշխանության բոլոր բարիքներից օգտված ԲՀԿ-ն ՙկթել է՚ ՀՀԿ-ին՝ վերջինից ստանալով նախարարական պորտֆելներ և իր կադրերին տեղավորելով պետական ապարատում (ի վերջո, հարկատուի հաշվին աշխատավարձ են ստացել), հիմա էլ փորձում է լքել իշխանության նավն ու նոր տաքուկ հանգրվան գտնել: Սա արդեն զարմանալի է, ի վերջո, քաղաքագիտության տեսությունը պնդում է, որ ՙառնետի՚ վարքագիծը հեռանկարային չէ: Երևի թե ճիշտ կլինի պաշտոնաթող դիվանագետին խորհուրդ տալ ընթերցել կամ վերընթերցել Հոմերոսի ՙԻլիականն՚ ու Մաքիավելիի ՙԻշխանը՚, իհարկե, քաղաքականության բարոյական և ասպետական կողմերը վերարժևորելու և յուրացնելու ակնկալիքով:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ