Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կռիվ լինելու է, պատերազմ` ոչ

Կռիվ լինելու է, պատերազմ` ոչ
02.12.2008 | 00:00

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ «ԻԶԳՈՅԱՑՈՒՄ»
Ներքաղաքական կյանքը կրկին գլորվում է դեպ ծանոթ ջրափոսը` ծանոթ մահով ամեն բան այնտեղ մեռցնելու: Կողմերին ղարաբաղյան զարգացումները չտվեցին «ցանկալի» արդյունք` սողացող պայքարը պահելով որպես հայոց միակ-իրական կրեդո:
Անչափ բարդ իրավիճակի առջև կանգնած ընդդիմությունը փորձում է գտնել միտինգային-կուսակցական պայքարի ամենահարմար մոդուլը: Լճացման գնացող քաղաքական կյանքն ամենաանցանկալին է անցնող ժամանակահատվածը գրագետ օգտագործած ընդդիմության համար, որը, փողոցից զատ, այլ բան չունի, և ավտորիտար համակարգերն այդ հաշվարկը փայլուն են կատարում` սպասելով ձմռանը, միտինգներից հոգնող ժողովրդին, ինչը մեկ անգամ չէ, որ աշխատել է մեզանում:
Ինչ վերաբերում է իշխանական ճամբարին, ապա այնտեղ ևս լուռ վերադասավորություն է: Նախագահական «մետրոպոլիան» փորձում է արագ կողմնորոշվել և առավելագույնը քաղել ստեղծված բարենպաստ իրավիճակից ոչ միայն ընդդիմության, այլև կերակրատաշտամերձ ուժերի հաշվով: Ղարաբաղի խնդիրը չլուծվեց, բայց լուծվեց Սերժ Սարգսյանի լեգիտիմության բարդագույն խնդիրը. երևակայել հնարավոր չէր, սակայն մի քանի «ժամվա» ընթացքում Ս. Սարգսյանը «նոն ստոպ» տարբերակով ընդունվեց աշխարհի գրեթե բոլոր անկյուններում` հայտնվելով աշխարհի առաջատար թերթերի էջերին, հեռուստաէկրաններին:
ՈՒ թե դրան էլ հավելենք սպասվող ամերիկյան այցը, որից առաջ նույն ԱՄՆ-ը, որն այդպես էլ չէր շնորհավորել նրան, Դեն Ֆրիդի, Բրայզայի միջոցով հզոր մեսիջներ հրովարտակեց` «ընտրյալ նախագահի» առնչությամբ, որի հետ «հաճույքով» և մեկընդմիշտ աշխատելու է ԱՄՆ-ը, ապա հասկանալի է, թե ինչու է նախագահականը փորձում լույսի արագությամբ հավաքել ներքաղաքական իրողությունների ծայրերը:
Իսկ շախմատային «ֆեյերվերկը», ուզենք-չուզենք, «լմնցուց» ամեն բան: ՈՒստի կարելի է ֆիքսել, որ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը դրական «սալդո» է գրանցում: Առայժմ:
Այդ իսկ պատճառով նախագահականն իրեն թույլ է տալիս «գելափային» հարցումներին զուգընթաց զբաղվել շատ կոնկրետ, իշխանական հակառակորդների իզգոյացմամբ` ընտրելով նուրբ խաղի տարբերակը` «կռիվ լինելու է, պատերազմ` ոչ»:
Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ ոսկերչական նրբակերտությամբ բոլորին ցույց է տրվելու` որտեղ են ձմեռում նախագահականի խեցգետինները, երբ իշխանական ուժերի լիարժեք վերահսկողության հաշվին փակվելու են մինչ այս առկա բոլոր սողանցքները՝ այնտեղ խաղեր տալու հնարավորությունն իսպառ հավասարեցնելով զրոյի: Ինչը չի արվելու կոշտ-կացնային մեթոդներով, որը հատուկ է Ռ. Քոչարյանին: Ըստ ամենայնի, Ս. Սարգսյանը, որը դեռ հետքոչարյանական նախագահականում «ինֆորմացիա» է հավաքում, «աշխատելու» է «սերս գաղտնի թող մնա» սկզբունքով. կանչելու, ցույց է տալու «եղածը» և հրահանգելու՝ խելոք նստել տեղում, խաղեր չտալ, այլապես...
Իսկ խաղերի մշտական «մետր» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս ամենը, ըստ լավատեղյակների, ամենևին չի հուզում. նա իր «գործին» է: Ճիշտ է, ղարաբաղյան զարգացումները, այդ «գետնին» վրա ռուսական սցենարի մինչև վերջ չիրականացումը մասնակի ֆրուստրացիա առաջացրին իր ողջ գիտակցական կյանքը Վլադիմիր Պուտինի ուժեղացմանն ու վերադարձին, Մեդվեդև-Պուտին սպասվող կոնֆլիկտին ի պահ տված Քոչարյանին, այնուհանդերձ, նա ևս դանդաղ շտապելու կոնֆիգուրացիան է նախընտրում:
Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրն առժամանակ լռեց, սակայն սոցիալական խնդիրները` տնտեսական ճգնաժամի տեսքով, արդեն իսկ ծեծում են իշխանության դուռը, և չի բացառվում, որ «դուռը բացելուն» պես դռանը կանգնած լինի Պուտինից «ուղարկված», Սերժ Սարգսյանից թոշակ ստացող Քոչարյանը:
Բայց, դե, Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե իրեն իր նման չպահեր, և, ինչպես ասաց օրերս մեզ հետ զրուցող ՀՀԿ անչափ բարձրաստիճան պաշտոնյան. «վոյին» Քոչարյանն առժամանակ սկսել է զբաղվել «որսորդությամբ», դա իր մոտ ենթագիտակցական դրսևորում է, էդ մարդն անպայման պետք է կրակի, հիշո՞ւմ եք` հրաձգարանում ինչ դիրքով էր կանգնել: Նրա աչքը չվերցրեց Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերը, շախմատային հաջողությունները:
Ի՞նչ է ասում այս դեպքերում Ֆրոյդ պապիկը, չմանրանանք, սակայն ինֆորմացիոն կարգով հիշենք և տեղեկացնենք, որ այն օրերին, երբ Ս. Սարգսյանը Մոսկվայի վրայով անցավ Բրյուսել, հանդիպեց ողջ եվրոպական էլիտային, Քոչարյանը չկարողացավ մնալ Հայաստանում, իրեն տվեց որսի` ոչ ավել-ոչ պակաս` Ղարաբաղի սար ու չոլում:
Նույն այն օրերին, երբ Դրեզդենում հաղթում էին հայ շախմատիստները, պարոն Քոչարյանն էլի չկարողացավ մնալ Հայաստանում և այս անգամ ուղիղ Բելառուս գնաց: Էլի որսի: Ասում են: Ընդ որում՝ բավականին հայտնի հայ գործչի հետ:
Ի դեպ, այնտեղ պետք է տեղի ունենար Ռուսաստան-Բելառուս «միութենական» նիստը, որը դիտարկելու էր ընդհանուր հակաօդային պաշտպանության, Բելառուսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման, ինչպես նաև ռուբլու միասնական գոտու խնդիրներ։ Ի մեծ ցավ Քոչարյանի՝ նիստը տեղի չունեցավ՝ Լուկաշենկոյի «չուզողության» պատճառով։
ՈՒ թե սրան էլ հավելում ենք, որ Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին նա նույնպես Հայաստանում չէր, այլ Իսպանիայում էր «որսի», ապա, հասկանալի է, թե ինչ է «քաշում» երիտթոշակառու Քոչարյանն այս մի քանի ամիսների ընթացքում: Միակ բանը, որ գիտենք, այն է, որ նա կանչում է բոլոր հնարավոր և անհնար պաշտոնյաներին, լիկբեզ անցկացնում, հասկացնում, որ ինքը գալու է, պիտի սպասեն իրեն:
Ի՞նչ «նրբակերտություն» է կիրառում նախագահականը Քոչարյանի հանդեպ: Նրա կողմից կանչված «սակավները», որպես «բազումք», ընտրվում են և բոլորի նկատմամբ ընդերքային պայքարի կոնֆիգուրատիվ «մոդուլներով» հայտնվում «պապկաներում»` դրվելով պահարաններում, մինչև Քոչարյանի երկրորդ գալուստ... Երևի նկատել եք` վերջին շրջանում Սերժ Սարգսյանն այլևս ձեռքին չի պահում իր հայտնի «պորտֆելը», որի մասին նախագահական ընտրությունների ժամանակ ասաց, որ սովորույթի ուժը մեծ է, առանց դրա իրեն «կոմֆորտ» չի զգում:
ՈՒրեմն` արդեն կոմֆորտում է. «պորտֆելը» նրա հետևից պտտում է օգնականներից մեկը:
Եվ այսպես. այդ «պորտֆելում» են դաշնակցականները. նրանք միշտ են այնտեղ, բայց այս անգամ բոլորովին այլ ընթերցմամբ. ըստ լավատեղյակների` Քոչարյանի գնալուց հետո վերջիններիս մասին այնպիսի ցնցող «տեղեկատվություն» է թափանցել «պորտֆել», որ դրա հրապարակումից հետո այդ կուսակցությունը «կլվացվի» մինչև վերջին ոսկորը և, իսկապես, այլևս անելիք չի ունենա Հայաստանում:
Ի դեպ, երբ այդ մասին խոսում էինք ՀՅԴ ներկայացուցիչներից մեկի հետ, վերջինս բառացի ասաց. «Դաշնակցությունն ըտե՞նց լվացքների միջով է անցել»: Բոլոր դեպքերում, անկեղծ է:
Այո, կդիմանա դաշնակցությունը նաև այս «լվացքին»: Չկասկածեք: Բանն այն է, որ, ըստ լավատեղյակների, Սերժ Ազատիչը ցանկանում է պարզապես ռոտացիա անել ՀՅԴ ղեկավարության «իմունային» համակարգում` եղած ղեկավարներին փոխարինելով իր «սրտով ուզածներով»։ Ճիշտ է, եղածները շատ լավ գիտեն այս մասին ևս և իրենց խելոք են պահում, բայց դե դաշնակի խելոքը ո՞րն է, մտածում է Ազատիչը:
Այսպիսով, դաշնակցությանը կապսուլահանելը միայն Տեր-Պետրոսյանի «կյանքի երազանքը» չի եղել (կարծում եք` հենց այնպե՞ս են մի շարք ռեսպոնդենտներ «Գելափ»-ին «ասել»` Սերժն ու Լևոնը նույն կուսակցությունից են. ճիշտ է, նախագահականն էստեղ խորամանկել է իր ուզածին հասնելու համար, բայց ենթագիտակցությունը` «ՊպսՏ ՑՏվՍՏպ, կպՑՐցւՈ». ինչեր ասես` չի մատնի):
Անցանք առաջ: «Պորտֆելի» մեջ է ողջ կոալիցիան: ՕԵԿ-ը խնայվում է: Դե, որովհետև այն ամենաանկանխատեսելի երևույթն է հայոց նորագույն պատմության. «թռնելու» գենը, որը հատուկ է հայոց բոլոր քաղաքական ուժերին, ՕԵԿ-ի մոտ ինտուիտիվ «ինստինկտի» «պերյոդիկ» դրսևորում ունի. չես իմանա` պատուհանից մտած ՕԵԿ-ին դռնից ոնց կհանի Քոչարյանը, ուստի պետք է «գելափել» էդ «բոյով-սիրուն» տղին` կապելով նրա համար «կարմիր, նախշուն ակով գոտի». այն է` սոցհարցումներով նրան երկրորդ տեղ տալ ու վերջ: Առայժմ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա չարժե խոսել չեղած բանի մասին, մանավանդ որ ԲՀԿ-ն ինտրիգների իր սեփական հորձանուտում իրեն արդեն իսկ խժռել-պրծել է, և «պայթուցիկը» հենց ԲՀԿ-ն է «սիրով»-անգիտությամբ դրել իր տակ. այնպիսի «պայթուցիկ», որը շատ դիպուկ է կրակում, և որին կնախանձեր ցանկացած դիպուկահար:
Ահա և հասանք դիպուկահարին: Այ, սա է, ըստ ամենայնի, որ Քոչարյանին հավերժ կպահի երիտթոշակառու:
Արդ, ժամն է «լուսավորելու», թե ինչու մեկ էլ՝ ու մարտի մեկի դիպուկահարի թեման դարձավ այսքան արծարծվող, և դա այն դեպքում, երբ մարտի մեկի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այդ հարցազրույցն արտասահմանյան լրատվամիջոցին տվել էր երկու ամիս առաջ, իսկ դրանից առաջ նույն այդ փաստաթուղթը, Գուրգեն Արսենյանի պահանջով, մի քանի ամիս առաջ բաժանվել էր հանձնաժողովի անդամներին, լրագրողներին, ապա և` նույն ժամանակահատվածում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր հարցազրույցներից մեկում խոսել էր նույնի` «դիպուկահարի» մասին:
Ոչ ոք այդ օրերին ուշադրություն չէր դարձրել «դիպուկահարին»: Իսկ պե՜տք էր: Առաջին հերթին նախագահականին: Այն պարզ պատճառով, որ որքան էլ «ուստավով» «ուչաստկովիին» դիպուկահար է հասնում, բոլոր դեպքերում հայ մենթալ պլանը դա որևէ կերպ ընդունել-հասկանալ անկարող է: Կարծիքը մեկն է` մարտի մեկին հրաման տված Քոչարյանը դիպուկահար է հանել իր ժողովրդի դեմ: Առայժմ այսքանն է ասվում: Հետո, երբ Քոչարյանը չի հարմարվի իր թոշակառու կեցությանը, կասվի ավելին: Չմոռանանք, «Ալֆա» ջոկատը` փաստահավաք խումբն է գալիս մարտի մեկի հանձնաժողովին «օգնության». այն Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» է և փակ է գործում, ու հարկավոր դեպքում ճշմարտությունը պտղունց-պտղունց կդառնա հասարակության սեփականությունը:
Հասա՜նք «մնացածին»:
Անցնող շաբաթը շատ կտրուկ շրջադարձ արձանագրեց, որն ինչ-որ առումով կարծես նկատելի չեղավ:
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չի սիրում բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնել, բայց քանի որ բոլոր մյուս զամբյուղներն այդ օրերին զբաղված էին, այս մի քանի ձվերը ևս դրվեցին կոալիցիոն զարգացումների, իսկ իրականում` «սարերն ի վեր, քարերն ի վեր» բարձրացող, այլևս «հուր հեր» ունեցող, «վահագնակերպ» իմիջով Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան-կառավարություն, իսկ իրականում` Քոչարյան-Տիգրան Սարգսյան «զամբյուղին մեջ»:
Ի՞նչ նկատի ունենք. այն, որ իր որոշ համախոհների հետ Ռուսաստան-Չինաստան առանցքը որպես «ուղիղ ճանապարհ» դարձրած ԱԺ նախագահն այն նույն շաբաթվա ընթացքում այդպես էլ չգիտեր, թե ինչ է անում իր ձախ ձեռքը, երբ աջով քննարկման օրակարգ էր մտցրել «դատավորների աշխատավարձի» բարձրացման օրենքի նախագիծը:
Արդյունքում թողեցին, որ պառլամենտը` յուր ղեկավարությամբ հանդերձ, մի լավ թուլանա ու հաճույք ստանա, նոր օրվա ավարտին ու հաջորդ առավոտյան ասեն` ինչ պետք է անի պառլամենտն այդ օրինագծի «հաշվով», ինչպես և հատկապես «ումով»:
«ՈՒմովը» կանգ էր առել Արգամիչ Հովհաննեսի վրա, որն առավոտ կանուխ ջղայն-ջղայն եկավ, անջատեց բոլորի կոճակները. չէ, խառնեցինք, միկրոֆոնները, հատկապես էն Վիկտոր Դալլաքյանինը, որ մի գլուխ հարցնում էր. կա՞ արդյոք կոալիցիա այս պառլամենտում... բա որ կա, ո՞վ է պառլամենտում նրա տերը, որ բարձրացնի իմիջը` խորհրդարանի. սա շորասազ Վիկտորը չի ասել. մենք ենք հավելում: Իհարկե, կարող ենք հեռուն գնալ և Վիկտորի այս մտքերում այլ բաներ էլ կարդալ, բայց Ս. Սարգսյանը դեռ այդքան ուժեղ չէ, որ «ցրի» կոալիցիան:
Եվ ուրեմն, դեռ մնանք պառլամենտում. Արգամիչը, որն իր նոր իմիջի ողջ հմայքը բանեցնելով՝ փոխանակ հասներ նրան, որ բանակցեր` բաց, մի քիչ էլ ստվերային, բանը չհասցներ այդքան քննադատական ելույթներին ու պառլամենտն այդ անհարմար վիճակից հաներ, «կացնով» պահանջեց` քը-վե-ար-կել դատավորների աշխատավարձը բարձրացնելու օգտին, դուրս եկավ, որ ա) ինքն է այդ «վատ», ոչ ժողովրդահաճո օրենքի ընդունման «հեղինակը», բ) ինքն է իր աջ ու մանավանդ ձախ ձեռքով «փչացնում» պառլամենտը, որի դերի բարձրացման համար էին իրեն բերել պառլամենտ:
ՈՒ սա նրա միակ հզոր ֆիասկոն չէր այդ օրը:
Ընդ որում, այդ ամենը տեղի էր ունենում Տիգրան Սարգսյանի կողմից 2009-ի բյուջեն ներկայացնելուց վայրկյաններ առաջ: Երբ «սպասվում» էր, որ կոալիցիան ու պառլամենտը բյուջեի վրա պետք է Տիգրան Սարգսյանին, ոչ ավել, ոչ պակաս, «վարի տան»: Հովհաննես Ա-ն` իր, մյուսները` Քոչարյան Ռոբերտի համար:
Չստացվեց:
Հովհաննես Ա-ն, իհարկե, փորձեց բյուջեի ընդունման ժամանակ «սդաչի» տալ` «պահանջելով» կառավարության, իմա` Տ. Սարգսյանի առաջ քաշած ֆինանսական, կրթական, առողջապահական կենտրոնների մասին ամփոփ ինֆորմացիա: Պարզ է, ուզում էր ցուցանել, որ դրանք կյանքի կոչվելու հավանականությունը զրոյական է:
Բայց, ոնց երևում է, սրա համար էլ Արգամիչին առանձին են «սդաչի» տալու:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ