Տրամաբանորեն, և բնականաբար, ընտրությունների առանցքում ընտրողներն են, համենայն դեպս, նրանք են մեծամասնությունը, ծրագրերն ու խոստումները նրանց են ներկայացվում, ձայներն ու աջակցությունը նրանցից են ակնկալում, նրանց են ուղղված կոչերն ու հայտարարությունները` գրավոր ու բանավոր, ֆինանսական ու նյութական, նրանց անունից են խոսում ու հանուն նրանց են պատրաստ զոհողությունների` իշխանություն դառնալու տեսքով: Ընդ որում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Բայց ընտրությունը սիրո պես է. կայանում է փոխադարձության դեպքում: Եթե ոմանք ընտրում են, միաժամանակ ոմանք էլ ընտրվում են: Գուցե պարադոքս է` հաճախ ընտրվողներն են որոշում ընտրությունների արդյունքները: Տեսականորեն ու գործնականում: Ծրագրված և ակամա: Բացահայտ և ստվերային: Գործնականում հասարակությունը հայելի է, որ արտացոլում է ու չի ընտրում` ինչն արտացոլի ու ինչպես: Հայելին մնում է հայելի: Եթե բացել ես Պանդորայի արկղը, մի՛ սպասիր կապույտ երկինք ու անշարժ պեյզաժ: ՈՒ եթե ընտրողների համար օրվա հարցը, ամենատարբեր ձևակերպումներից բյուրեղանալով, հասնում է «հետո ի՞նչ է լինելու» կետին, ընտրվողների համար այդ կետը հանգուցային է: Այս կետում ընտրողներն ավարտում են իրենց առաքելությունը, ընտրվողները` սկսում: Եվ միայն 4-5 տարի հետո է բացահայտվում, որ այդ ամբողջ ընթացքում հայելին գործել է, և ընտրվողներն են ուղղորդել ընտրողներին:
Իսկ հիմա հասկանանք, թե այս գծակարգում որ ուժերն իրենց ինչպես են դրսևորում: Դրսևորման լավագույն լակմուս դարձել է հետընտրական դաշինքի թեման:
Խորհրդարանական ընտրությունների շրջագծում այս կտրվածքով մնում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը»: Կասանդրայի սինդրոմը գուցե արատավոր է, բայց հին հույների վկայությամբ` Կասանդրան չի սխալվել իր կանխագուշակություններում, ուստի չի բացառվում, որ հենց այս ուժերն էլ լինեն հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Միանշանակ է, որ խորհրդարանում մեծամասնության իրականում հավակնում են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, թեպետ առաջին ջութակը նվագելու իրենց պատրաստակամությունը ռեալ են համարում թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», թե՛ ՀՅԴ-ն:
Դաշինքի հարցում ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն արդեն դիրքորոշվել են: ՕԵԿ-ն անխախտ ու անդուլ ՀՀԿ-ական է, որևէ պարագայում չի պատրաստվում տեր փոխել, այդ հավատարմության վրա է կառուցում քաղաքականությունը: Շատ մեծ շրջադարձ է պետք Հայաստանի քաղաքական կյանքում, որպեսզի ՕԵԿ-ը նույնքան շրջադարձային փոխի դիրքորոշումը և հրաժարվի ՀՀԿ-ի դաշնակցի դերից, 2013-ի նախագահական ընտրություններում էլ` գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու հաստատակամությունից: Ավելին, եթե նույնիսկ նման շրջադարձը հավանական լինի, հավանական չէ ՕԵԿ-ի դիրքորոշման փոփոխությունը, որովհետև կուսակցությունը գնալու այլ տեղ պարզապես չունի ու այսքան արագ չի կարող ստեղծել: ՀՅԴ-ն էլ չի պատրաստվում որևէ դաշինք կնքել` Արմեն Ռուստամյանի վկայությամբ. «Տեսնելով, որ իսկապես մաս կազմելով կոալիցիաներին, դու կիսատ ես լուծում այն խնդիրները, որոնք քեզ համար կարևոր են, մենք որոշեցինք ընդհանրապես կոալիցիայի մեջ չլինել»: Ավելին` նախորդ «դառը փորձից» հետո ՀՅԴ-ն բացառում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: Իհարկե, դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն ընդմիշտ մտադիր է որևէ քաղաքական ուժի հետ չհամագործակցել: Դա գործնականում նշանակում է, որ ՀՅԴ-ն շարունակելու է ազատ նավարկությունը` մե՛րթ իշխանության, մե՛րթ ընդդիմության հետ լինելով: Ի վերջո, դա էլ ինքնուրույնության ձև է` ճկուն, անսպասելիության գործոնը խաղարկող ու հետաքրքրություն հարուցող:
«Ժառանգությունն» ինքնահակասման գեղեցիկ ճանապարհ է անցնում: Տևական ժամանակ է, որ կուսակցական կյանքի արտաքին, թատերական հատվածը ծանրացել է Րաֆֆի Հովհան-նիսյանի ուսերին, գործնական ու հիմնական քայլերը` Ռուբեն Հակոբյանի:
Եթե «Ժառանգությունն» այդքան ժողովրդավարական ու այդքան ազատ դեմոկրատացած չլիներ, թվալու էր, թե կուսակցության ներսում հերթական իշխանափոխությունն է եղել, ու Ռուբեն Հակոբյանն է այսուհետ գլխավոր «ժառանգը»: Համենայն դեպս, նրա շուրթերով է կուսակցությունը բարձրաձայնում իր տարակույսները, մեղադրանքները, հրաժարիմքները: Հիշեք` ԱԺ ընտրությունների հանրային վերահսկման շտաբի կազմավորումը, հայտարարության ստորագրողներին, Ռուբեն Հակոբյանի պահանջը, որ առաջին դեմքերը ստորագրեն, այլապես շտաբի աշխատանքն անիմաստ համարելը, և հավելեք նրա հերթական հայտարարությունը, որ ԲՀԿ-ն իրականացնում է ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը, որի նպատակը կոալիցիայում ուժային կենտրոնը ՀՀԿ-ից ԲՀԿ տեղափոխելն է և հետագայում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը չի բացառում այդ սցենարին ՀՅԴ-ի մասնակցությունը: «Չեմ կարող ասել, թե ինչն է գայթակղել ԲՀԿ-ին, որ իրականացնի ՀԱԿ-ի այս սցենարը, բայց չեմ կարծում, որ սա լուրջ քաղաքական հեռանկար ունի», կանխատեսել է «ժառանգականը»: Ոչ այլ ոք, հենց Ռուբեն Հակոբյանն է բարձրաձայնել, որ խորհրդարանական ընտրություններով կոալիցիան չի ավարտում առաքելությունը (թեպետ դա հայտնի էր 2011-ի փետրվարից). «Կոալիցիան գործում է մինչև հաջորդ նախագահական ընտրությունների ավարտը, քանզի երեք առաջին դեմքերով ստորագրել են և պաշտպանելու են գործող նախագահին` նախագահական ընտրությունների ժամանակ: Ավելին` այդ հռչակագիրը, ըստ էության, ասում է, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները, այսինքն` կոալիցիայի մեջ համամասնություն չի փոխվելու»: Եթե ընդունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվում է, և «Ժառանգությունը» մեծամասնություն չի դառնում ապագա խորհրդարանում, այս հետուառաջումները մի նպատակի են ծառայում` ասել ՀՀԿ-ին. «Մենք ենք ամենահավատարիմ թիվ 2-ը (թիվ 1-ը մնում է ՕԵԿ-ը), համեմատեք, համոզվեք ու վստահեք և, իբրև ձեր ապագա կոալիցիոն գործընկերոջ, ծանրակշիռ ներկայություն նկատի ունեցեք մեզ համար»: Սա այնքան բացահայտ միտում է, որ չի կարող չնկատել ու չգնահատել անգամ ՀՀԿ-ն, որ հավատալու և փոխվելու մտադրություններ ունի: Գնահատվելու գեղեցիկ ջանք է նաև ԱԺ նախագահին կից` ընտրությունների դիտարկմամբ և Ընտրական օրենսգրքի կիրարկումը վերահսկող խորհրդակցական մարմնի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը, իսկ մինչ այդ ընտրությունների վերահսկողության նպատակով ստեղծված քաղաքական ուժերի միասնական շտաբից հեռանալը, այսինքն` ես ո՛չ իշխանությանն եմ հավատում, ո՛չ ընդդիմությանը: Ես հավատում եմ ինձ ու ժողովրդին: «Ժառանգությունը» բացահայտորեն փորձում է տարանջատվել ու առանձնանալ «գետի այն ափին», որտեղից բացվում է դեպի խորհրդարան ուղիղ ճանապարհը: Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 10 տարի բնակվում է Հայաստանում, դժվարությամբ ստացած անձնագիրը 2013-ին շատ պետք կարող է լինել, եթե, իհարկե, «Ժառանգությանը» հաջողվի ՀՀԿ-ին համոզել իր անուրանալի արժանիքների մեջ:
Կոալիցիոն շրջագծում ՕԵԿ-ի պես անայլընտրանք դիրքորոշում ունի ՀԱԿ-ը` մի տարբերությամբ. ՕԵԿ-ը ասում է` ՀՀԿ-ն պարտադիր է, ՀԱԿ-ն ասում է` ոչ մի դեպքում ՀՀԿ-ն: ՀԱԿ-ը չի կարող դա չասել` 2007-ից «ավազակապետության» դեմ սկսված խաչակրաց արշավանքում նա չի կարող փոխել կարգախոսը, եթե ուզում է մնալ ընկալված: Առաջին նախագահի պրագմատիզմը գրեթե ինքնաբերաբար պետք է հերթական ընտրություններից առաջ որոներ ու գտներ 2007-ի խորհրդարանական ընտրությունների իրավիճակը բացառող տարբերակներ: Առաջնորդվելով հին կովկասյան իմաստնությամբ` ընտրվեց «Նա, ով մեզ խանգարում էր, հիմա մեզ կօգնի» վարկածը: Նրա պրագմատիզմը, սակայն, չընկալեց հասարակության ընդդիմադիր այն հատվածը, որ իշխանափոխությունը տեսնում էր այստեղ և հիմա ու սահմանադրական ճանապարհը համարեց երկար, Հայաստանում գրեթե անհնար: Հետևանքը` նախագահական ընտրարշավի համեմատությամբ` խորհրդարանական ընտրարշավում հանրահավաքների մասնակիցների բարոյահոգեբանական և ֆիզիկական ներկայության տարբերությունը: «Հոգեխանգարմունքը», կարծես, ավարտվել է: Թեպետ շատ վաղ է ՀԱԿ-ի ընտրազանգվածի թվական պատկերը պարզելը. Լևոն Տեր-Պետրոսյանը հաջողության ալիքին բարձրացավ հասարակական դժգոհության մղումով, իսկ անցած տարիներին հասարակական գոհունակության պատճառները չեն բազմապատկվել: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ բոլորին տեսնում է դաշնակից, «ովքեր կցանկանան մեզ հետ դաշնակցել: Քաղաքականությունը դաշնակից որոնելու արվեստ է», նա գիտի` ում ինչ է ասում, բայց և գիտի ավելին, քան ասում է: Գիտի, որ եթե ՀԱԿ-ը փորձում է հակակշիռներ ստեղծելու իր ճանապարհին ԲՀԿ-ն հակադրել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ն դրան կհամաձայնի այնքանով, որքանով ՀԱԿ-ն էլ իրեն պետք է ՀՀԿ-ից ցանկացածը ստանալու համար: Գիտի նաև, որ ինչպես հավերժական դաշնակիցներ չեն լինում, չեն լինում հավերժական չդաշնակիցներ, ուրեմն պետք է ՀՀԿ-ի հետ էլ արվեստագետ լինել: Համենայն դեպս, երրորդը լինելու համար: Որովհետև եթե երրորդից վեցերորդ հնարավորությունները հավասարարժեք լինեն, առանձնապես մեծ չեն քաղաքական հեռանկարները նախագահական ընտրությունների նախօրեին:
Պատահակա՞ն է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջին դեմքերի մակարդակով նույն օրը հերքեցին համագործակցությունը, հաստատելով, որ ընդամենը միասնական ուժերով բաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների ապահովման մասին է խոսքը: ԲՀԿ-ն բացահայտորեն և վաղուց ձգտում է 50+1-ի տարբերակին: Ի վերջո, հիշենք, թե երբ ու ինչպես, ինչ նպատակով քաղաքական ասպարեզում ի հայտ եկավ քաղաքական նոր ուժը «Բարգավաճ Հայաստան» անունով: Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով` մեծամասնություն դառնալու իր գերխնդիրը ԲՀԿ-ն 2007-ին չկատարեց: Տարբեր պատճառներով: Հիմնականում ՀՀԿ-ի «մեղքով»: Ինչո՞ւ հիմա չպիտի փորձի: Ռեսուրսների պակաս չկա, ամբիցիաների` նույնպես, բայց կա ամենագլխավոր հարցը` դարձե՞լ է կամ կդառնա՞ ԲՀԿ-ն ինքն իր տերը, ո՞ւմն է և ո՞ւմ հետ ԲՀԿ-ն: Այս մասին ո՛չ անցյալ, ո՛չ ներկա, ո՛չ հաջորդ դասերին Գագիկ Ծառուկյանը ոչինչ չի ասելու, չեն ասելու և նրա կուսակիցները, նույնիսկ «ամենաճշմարտախոս» Վարդան Օսկանյանը: Այս մասին, եթե ասվեց, ասելու է անկուսակցական մեկը` հավակնելով «Վերադարձ» օպերացիան ոչ միայն շուքով, այլև շքախմբով իրականացնել:
Ինչո՞ւ է լռում ՀՀԿ-ն: Որովհետև իրականում քաղաքական դաշտում ի՞նքն է գործի կուսակցությունը: ՀՀԿ-ն լռում է շատ տեղին ու շատ խոսուն: ՀՀԿ-ն հավակնում է և լինելու է խորհրդարանական մեծամասնություն: Ինձ չեք հավատում, «Գելափին» հավատացեք: ՀՀԿ-ն չի շտապելու և չի հապաղելու: ՈՒ ընդհանրապես ՀՀԿ-ի համար կառավարություն կազմելը, իշխանություն ձևավորելը գերխնդիր չէ, խնդիր էլ չէ, ՀՀԿ-ն քաղաքական, հակաքաղաքական, ապաքաղաքական, վերքաղաքական, համաքաղաքական կոալիցիայի կարիք չունի: ՀՀԿ-ն ունի ամենածանր ու ամենալուրջ խնդիրը` 2013-ի նախագահական ընտրությունները և այդ ընտրություններով լեգիտիմ նախագահի պաշտոնակալությունը, որովհետև հետայդու (ինչպես հիմա) Հայաստանն ունենալու է կենսապահովման խնդիր և այդ խնդիրը չի լուծելու սեփական ուժերով միայն. ուրեմն սուր է մնալու աշխարհի ընկալման հարցը: Իհարկե, մեծ աշխարհը խորապես չի հուզվի Հայաստանի պես «մեծ» երկրում նախագահի արդար թե անարդար ընտրությունների պատճառով, բայց, հանուն ժողովրդավարության ու սեփական քաղաքական խնդիրների լուծման իր տարբերակների, կցանկանա կառավարելիության հնարավորինս մեծ աստիճան ունեցող մեկին նախագահ տեսնել: Ընթացակարգերը հայտնի են: Հենց այդ պատճառով կոալիցիան ՀՀԿ-ի համար դառնալու է պարտադիր կատեգորիա: Խորհրդարանականից հետո` հանուն նախագահականի: Կուսակցական դաշտում հուսալի ու կանխատեսելի, կառավարելի հնարավորինս շատ ուժեր տեսնելու համար: Ձևակերպումներ ու պատճառաբանություններ կգտնվեն: Եվ այդ ժամանակ ՀՀԿ-ն կխոսի ողջ ձայնով` օգտագործելով բոլոր ընտրագործիքները: Որովհետև միջակայքն այլևս ավարտված կլինի և կմեկնարկի վերջնախաղը, որի ժամանակ, հայտնի է, զինվորների մասին չեն մտածում: Եվ կգա Պանդորայի արկղը զմռսելու ժամանակը, իսկ զմուռսն իրենց ստորագրությամբ կվավերացնեն նրանք, ովքեր այսօր դեռ այս մասին իրենք էլ չեն ենթադրում:
Իսկ ժողովո՞ւրդը: Իսկ ժողովուրդը, ինչպես վայել է, կընտրի:
Իսկ արտաքին քաղաքական ուժե՞րը: Հանգամանալից և հոգատար դիտորդների աչք-ականջով կհետևեն ժողովրդավարության «քայլ առաջ»-ին Հայաստանում: Արտաքուստ: Ներքուստ խաղն ավելի նուրբ է, բայց ավելի պարզ:
Միով բանիվ` միջակայքի էությունը երրորդի ինքնահաստատումն է, որը կարող է լինել ՀԱԿ-ը, կարող է լինել «Ժառանգությունը», եթե իրապես ոչ միայն սարեր շարժի, այլև գութ, կարող են լինել այլք: Յուրաքանչյուրին երրորդը լինելու համար պետք է քաղաքական մյուս ուժերի աջակցությունը: Դաշինքի կամ համաձայնության տեսքով: Հրապարակային կամ ոչ: Գծակարգի տրամաբանությունն անփոփոխ է. իշխանությունը ստեղծում է իշխանություն, հինգերորդ գումարման խորհրդարանի հայտնի անհայտներով հավասարումը կկազմվի արդեն մայիսին, մինչ այդ գումարելիները մշտական փոխատեղումների մեջ են լինելու, որոնց հանգույն էլ բարձրաձայնելու են իրենց հայտարարությունները: Առաջին հայացքից` ուղղված ընտրողին, իրականում միմյանց և արտաքին շահագրգիռ ուժերին: Հայելին, հայտնի է, ոչ միայն արտացոլում է, այլև ճանապարհ է դեպի չորրորդ չափում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ