Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խորհրդարան ունենք` աշխարհը չունի

Խորհրդարան ունենք` աշխարհը չունի
26.12.2008 | 00:00

ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԸ
Անկախացումից ի վեր հայոց խորհրդարանը միշտ եղել է եթե ոչ քաղաքական կյանքի ամենավճռորոշ կենտրոնը, ապա, առնվազն, այն մարմինը, ուր միշտ շրջանառվել են քաղաքական լուրերը, բամբասանքները, տեղի են ունեցել զվարճալի բանավեճեր։ Ամանորի նախաշեմին փորձեցինք վերհիշել դրանցից ընդամենը մի քանիսը` հայտնի ու անհայտ «դերակատարների» մասնակցությամբ։

ԲԱՆԸ ԲԱՆԻՑ ԱՆՑԱՎ
Խորհրդարանի նախագահներից զվարճալի իրավիճակներ ստեղծելու ունակությամբ աչքի էր ընկնում ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆԸ` հատկապես իր խոսելաոճով։ Շատ էր սիրում օգտագործել «բան» բառը։ Խորհրդարանական քննարկումների ժամանակ նրա բառապաշարից հայտնի են այսպիսի արտահայտություններ. «Հարգելի պատգամավորներ, ես ձեզ բան չեմ արել, պարզապես ուղղում եմ իմ բանը» (նկատի ուներ ակնոցը)։ Կամ. «Պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի ոտքը կաղում է, բանն էլ գերմանական է և միշտ թևի տակ» (նկատի ուներ հենակը)։ Մի օր էլ ուրիշի փոխարեն քվեարկելու` պատգամավորների շրջանում դեռ այն տարիներից հիմնավորված «պրակտիկան» զզվեցրեց Բաբկեն Արարքցյանին, և նա նիստի ընթացքում փորձեց պատգամավորներին կարգի հրավիրել հետևյալ ձևով. «Ի վերջո, այսպես շարունակվել չի կարող։ Սրանից հետո ամեն մարդ իր կոճակը սեղմի, հարևանների բանը չսեղմի։ Ես այստեղից ուշադիր ամեն ինչ տեսնում եմ»։

ԱՂՋԻԿ ՈՒԶԵԼՈՒՑ ԼԱՎ ԵՍ, ՁԱՅՆ ՏԱԼՈՒՑ` ՉԷ՞
Ի դեպ, Բաբկեն Արարքցյանը խորհրդարանի կանոնակարգը պահպանելու տեսակետից ամենահետևողական նախագահներից էր։ 1995-99 թթ. ԱԺ-ում պատգամավոր էր նաև նրա աները` այժմ հանգուցյալ ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը։ Ընդ որում, ոչ սովորական, այլ ակտիվ պատգամավոր, ով հաճախ էր ելույթ ունենում տարբեր հարցերի վերաբերյալ։ Մի անգամ Գրիգոր Ավագյանն ուշ դահլիճ մտավ և չհասցրեց հերթագրվել ելույթի համար։ Բայց դա ակադեմիկոսին չկանգնեցրեց, և նա փորձեց իր հեղինակությամբ ճնշել փեսային ու ելույթի իրավունք ստանալ։ Բաբկեն Արարքցյանը հրաժարվեց աներոջը ելույթի հնարավորություն տալ` պատճառաբանելով. «Պարոն Ավագյան, ելույթների համար հերթագրումն ավարտված է, Դուք ուշացել եք, ես Ձեզ ելույթի իրավունք չեմ կարող տալ»։ Խորհրդարանի նախագահի ու նրա աներոջ բանավեճը հարցի շուրջ սկսեց ընդունել ավելի տնավարի բնույթ, և Գրիգոր Ավագյանը, որ առաջացած տարիքի բերումով նաև նեղացկոտ մարդ էր, խոսափողից հեռացավ` քթի տակ դժգոհելով. «Ժամանակին որ եկաք աղջկաս ուզելու, ես չասացի` չէ»։

ՈՒ ԵԿԱՎ ԱՆՏԱՌԱՊԱՀԸ
Առաջին գումարումների խորհրդարանում նիստերի լավագույն վարող էր համարվում փոխխոսնակ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ։ Սրամտության պակաս չունենալով` նա հաճախ էր կատակային իրավիճակներ ստեղծում կամ էլ բացահայտ ձեռ առնում գործընկերներին։ Մի անգամ պատգամավորների միջև հերթական «թունդ» հարցի շուրջ սկիզբ առած թունդ բանավեճի ժամանակ, երբ ժողովրդի ընտրյալներն անցան քաղաքավարության սահմանները և միմյանց հասցեին համապատասխան բառակապակցություններ շռայլեցին, Արա Սահակյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը` ասելով. «Հանգստացեք, հարգելի գործընկերներ, մի թեժացրեք կրքերը։ Հակառակ դեպքում կգա անտառապահը...»։ Նույն պահին խորհրդարանի դահլիճ մտավ ոչ պակաս սրամիտ, հայտնի կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը։ Հանգիստ, ճեմելով մոտեցավ նշանավոր չորրորդ խոսափողին և մատով մի երկու անգամ հարվածեց, հասկացնելով, որ ասելու բան ունի։ «Դուք ի՞նչ եք ուզում, պարոն Հակոբյան, ի՞նչ է պատահել»,- հարցրեց Արա Սահակյանը։ Հետևեց Լեոնիդ Սամսոնիչի անսպասելի արձագանքը. «Բան էլ չի պատահել, պարոն Սահակյան, անտառապահը եկել է»։

ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ԿՅԱՆՔԻԴ ՄԵՌՆԵՄ, ԱԶԻԶ ՋԱՆ
Նույն` 1995-99-ի խորհրդարանում կային նաև պատգամավորական մանդատը ՏԻՄ մարմինների ղեկավար պաշտոնի հետ համատեղող պատգամավորներ։ Օրենքն այն ժամանակ դա թույլ էր տալիս։ Այդպիսի պատգամավորներից մեկը` Արագածոտնի թե Շիրակի մարզի գյուղերից մեկի գյուղապետը, ամբողջ երկու տարի բացարձակ լռություն պահպանելուց հետո որոշեց անսպասելի ակտիվանալ 1997-ի աշնանը` իշխանափոխության շեմին։ Ռեպլիկի կարգով խոսք վերցնելով` նա սկսեց այնպիսի բաներ ասել, ինչը չէին ասում նույնիսկ ժամանակի ամենաթունդ ընդդիմադիրները։ Սեփական հոգեբանական ինքնալիցքավորման մեջ աստիճանաբար կորցնելով տեղի, ժամանակի և տարածության զգացողությունը` պատգամավոր գյուղապետը սկսեց ուղղակի գոռալ խորհրդարանի դահլիճով մեկ, թե` Էս ի՞նչ վիճակի եք հասցրել էս երկիրը, էս ի՞նչ է կատարվում, բացատրեք հասկանանք, ի՞նչ են բոլորը ձենները կտրել և այլն։ Փոխխոսնակ Արա Սահակյանը, զգալով, որ մարդը կորցրել է ինքնատիրապետումը, կարգադրեց խոսափողն անջատել։ Բայց դա էլ չլռեցրեց պատգամավոր գյուղապետին, որը որոշեց ԱԺ փոխնախագահի հետ հարցերը տնավարի լուծել. «Լավ, էլի, կյանքիդ մեռնեմ, սիրտս լցված ա, թող խոսամ»։ «Չէ, ցավդ տանեմ, չեմ կարա, շատ բարձր ես գոռում»,- եզրափակեց Արա Սահակյանը։

ЕСТЬ ТАКАЯ ПАРТИЯ!
1990-95-ը Գերագույն խորհրդի լիազորությունների ժամանակահատվածն էր։ Խորհրդարան էր եկել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ամբիոնից վերլուծեց երկրի արտաքին և ներքին իրավիճակը, միաժամանակ արտահայտելով այսպիսի մի միտք. «Այսօր Հայաստանում չկա առանձին վերցրած մեկ քաղաքական կուսակցություն, որն ի վիճակի է քաղաքական պատասխանատվություն ստանձնել երկրի համար և այդ պատասխանատվությունն իրացնել մինչև վերջ»։ Կոմունիստ պատգամավոր ԼԵՈՆԻԴ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որն այդ ժամանակ առաջին շարքում էր նստում, լենինաբար ձեռքը մեկնեց առաջ և երկրի նախագահին ընդհատելով` հայտարարեց. «Ошибаетесь, есть такая партия!»:

ԼԵԶՎԱԿՌՎԻ ԽԵՐԸ
1999-2003-ի խորհրդարանի նախագահ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ, լավ թամադայի համբավին զուգահեռ, զուրկ չէր սրամտությունից։ Հաճախ էր պատահում, որ երբ պատգամավորները բանավեճի ժամանակ անցնում էին լեզվակռվի, խորհրդարանի խոսնակը որևէ սրամիտ արտահայտությամբ աշխատում էր լիցքաթափել իրավիճակը։ Արշակ Սադոյանը, իբրև հայտնի ու թունդ բանավիճող, դահլիճում խոսքակռվի բռնվեց գործընկերներից մեկի հետ, մինչև բանը հասավ «դիվանբաշուն»։ «Տո, ա՛յ քաղաքական պոռնիկ, այլանդակ»,- գործընկերոջը որակեց Արշակ Սադոյանը և ստացավ նույնպիսի պատասխան։ Արմեն Խաչատրյանն անմիջապես միջամտեց. «Խնդրում եմ, իրար անուններով մի՛ դիմեք»։

ԿԵՆԱՑԴ, ԱՊԵ՜
Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նույն 1999-2003-ի խորհրդարանում պատգամավոր էր։ Նրա ծննդյան օրը գործընկերները, ավանդույթի համաձայն, դահլիճում նրա պատվին ծափահարեցին` այդ կերպ արտահայտելով իրենց շնորհավորանքը։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը որոշեց առանձնահատուկ շնորհավորել և, մոտենալով ամբիոնին, բազմաթիվ ջերմ խոսքեր ասաց հոբելյարին. «Ես իմ բարեկամին` Ռոբերտ Ամիրխանյանին, ցանկանում եմ առողջություն, երկար կյանք, բազմաթիվ ստեղծագործական հաջողություններ։ Սիրելի Ռոբերտ, դու այնպիսի մարդ ես, որ ուրիշ ի՞նչ կարող եմ ես քեզ ցանկանալ»։ Ոգևորության մեջ խորհրդարանի խոսնակը ձեռքը, թամադայական սովորությամբ, մեկնեց դեպի ամբիոնի վրա դրված ջրով լի բաժակը։ Քիչ էր մնում վերցներ-խփեր խոսափողին, բայց վերջին պահին հասցրեց կողմնորոշվել ու հոբելյարին աչքով անելով` ասաց. «Մնացածը հետո»։

«ԲԻՉՈԿ» ՉԻ, «ԺՈՒՉՈԿ» է
Խորհրդարանական կոլորիտի անբաժանելի մասն էր ԱԺ իրավաբանական ծառայության պետ, իրավագիտության դոկտոր և հանրապետության նախկին գլխավոր դատախազ, այժմ, ցավոք, հանգուցյալ ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ։ «Քայլող հանրագիտարան» լինելուց զատ, ուներ շատ սուր ու անսպառ հումոր, ուստի պատահական չէր բազմաթիվ պատգամավորների և հատկապես լրագրողների ջերմ համակրանքը նրա նկատմամբ։ 1999-ի նորընտիր խորհրդարանի նորընծա պատգամավոր Մելիք Գասպարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից մի տեսակ տրամադրությունն ընկած։ Վլադիմիր Նազարյանը, որին բոլորը Վլադիմիր Ռուբենիչ էին անվանում, Գասպարյանին տեսնելով, հարցրեց. «Ի՞նչ է եղել, Մելիք ջան, անտրամադիր ես»։ Մելիքը պարզաբանեց. «Ռուբենիչ ջան, մարդ ռիսկ չի անում էս դահլիճում հանգիստ զրույց անի։ Իմ կարծիքով, տակներս ոնց որ բիչոկ են դնում»։ Հետևեց Վլադիմիր Ռուբենիչի պրոֆեսիոնալ պարզաբանումը. «Մելիք ջան, դրա անունը բիչոկ չի, ժուչոկ է»։

ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՅԻ ՏԵՐԵՎԱԹԱՓ ԳԻՐՔԸ
Վլադիմիր Նազարյանի առանձնասենյակ են մտնում պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Մյասնիկ Մալխասյանը։ Մալխասյանը, տեսնելով Նազարյանի սեղանին դրված Ռուբեն Գևորգյանի ինքնակենսագրական վեպը` հեղինակի մակագրությամբ, հարցնում է. «Վլադիմիր Ռուբենիչ, անկեղծ ասա, Ռուբոյի գիրքը կարդացե՞լ ես»։ Նազարյանը, իր պատմելով, հայտնվում է անհարմար վիճակում, քանի որ, բնականաբար, չէր կարդացել, բայց հեղինակի ներկայությամբ դա ասելը հարմար չէր։ Վլադիմիր Ռուբենիչին նեղ դրությունից դուրս է բերում նույն ինքը` Մյասնիկ Մալխասյանը. «Ճիշտ էլ արել ես, որ չես կարդացել։ Մեկ ա, ամեն հայտարարությունների ժամին ինքն էդ գրքից մի էջ ճղում, կանգնում-կարդում ա»։

ՁԵՌԸ ՉԻ ՉՈՐԱՑԵԼ
Երիտասարդ և երկրի անցյալին ոչ այնքան տեղյակ լրագրողուհիներից մեկը, խորհրդարանի միջանցքում հանդիպելով պատգամավոր Ռուբեն Գևորգյանին, անկեղծորեն հետաքրքրվում է, թե ինչու են նրան անվանում «Ծաղիկ Ռուբո»։ Հետևում է Գևորգյանի ոչ պակաս անկեղծ պատասխանը. «Աղջիկ ջան, որովհետև ինչի որ ձեռ եմ տալիս, ծաղկում ա»։

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Պակաս «կուրյոզներ» տեղի չէին ունենում խորհրդարանի բուֆետում։ Պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով այդ շրջանում միաժամանակ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատերն էր, նստած սուրճ է խմում։ Ներս է մտնում մեկ ուրիշ պատգամավոր, տարբեր ուտեստների հետ վերցնում նաև երկու ձու և, շուռ գալով դեպի Փամբուկյանը, պարզ անմիջականությամբ կամ գուցե գործընկերոջ հետ կատակելու դիտավորությամբ, հարցնում է. «Հարութ ջան, էս քո ձվե՞րն են»։ «Հա, ցավդ տանեմ, արխային կեր»,- առանց աչքը թարթելու հակադարձում է Հարություն Փամբուկյանը։

...ԻՍԿ ԳՐԻԳՈՐԻՉԸ ՄՐՍՈՒՄ ԷՐ
Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի առեղծվածային մահը (իրանական վառարանի վատ աշխատելու պատճառով գազից թունավորում) համարժեք ձևով ընկալվեց նաև Հայաստանում։ Խորհրդարանի միջանցքում խմբված լրագրողները դեպքի հաջորդ օրը կանգնած քննարկում էին հնարավոր տարբերակները, թե տեղի ունեցածն ինչի հետևանք կարող է լինել։ Մոտեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսքի բռնվեց բանավիճող խմբի հետ, չբացառեց, որ եղածը կարող է լինել իսկապես գազից թունավորման հետևանք, միաժամանակ ցավով նշելով, թե Ժվանիայի մահն ինչ-որ իմաստով թուլացնում է հայ համայնքի դիրքերը Վրաստանում, քանի որ հանգուցյալ վարչապետի մայրը հայ էր։ Սև հումորի սիրահար լրագրողուհիներից մեկն էլ հարցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարին. «Պարոն Սահակյան, Դո՞ւք էլ եք ձմեռներն իրանական վառարան օգտագործում»։ Ակնարկն անմիջապես հասկանալով` Սահակյանը նուրբ հումորով հակադարձեց. «Չէ, աղջիկ ջան, ես ձմեռները մրսում եմ»։
Հիշողությունը թարմացրեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ