Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՀՆԱԳՈՒՅՆ ՀՈՒՅՆԵՐԸ ԵՎ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՅԵՐԸ

ՀՆԱԳՈՒՅՆ ՀՈՒՅՆԵՐԸ ԵՎ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՅԵՐԸ
28.02.2012 | 00:00

Մենք` հայերս, կարծում ենք, թե ապրում ենք 21-րդ դարում: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե սոցիալ-քաղաքական զարգացման մակարդակով որ դարաշրջանում ենք գտնվում: Դա պարզելու համար մեզ կարող է օգնել հին հունական պատմիչ Պլուտարքոսը: Իր «Ընտիր կենսագրություններ» գրքում նա նկարագրել է Աթենքի կարգերը մ.թ.ա. 7-րդ դարում մինչ Սոլոնի օրենսդրությունը: Նրա վկայությամբ, Աթենքն այդ ժամանակ եղել է մեծահարուստ օլիգարխների ձեռքում: Նրանք իշխել են պետական խորհրդում, ժողովրդական ժողովում և դատարանում, հիփոթեքային պարտքերով ստրկացրել են ժողովրդին:
Մեզ մոտ պետական խորհրդին փոխարինելու են եկել Ազգային ժողովը և կառավարությունը, իսկ ժողովրդական ժողովին` ընտրական համակարգը, որտեղ 4 տարին մեկ ընտրակաշառքների և ընտրակեղծիքների միջոցով օլիգարխները զավթում են իշխանությունը, ինչպես նաև դատարանը:
Դառնալով արքոնտ (վարչապետ)` Սոլոնը մ.թ.ա. 594 թվականին իր օրենքներով կոտրեց օլիգարխների ուժը, ժողովրդին ազատեց նրանց լծից, արգելելով հիփոթեքային ստրկությունը, չեղյալ հայտարարելով ժողովրդի պարտքերը: Ընդ որում, նա սկսեց իր ընտանիքից, որին պարտք էին 7 տաղանդ (մոտ 800000 դոլար) և դրանով մյուս պարտքատերերին էլ ստիպեց նույն կերպ վարվել: Մեզ մոտ, ցավոք, երբեք չի եղել, որ օրենսդիրները, Սոլոնի պես, իրենցից սկսեն: Ապա նա ստեղծեց անկախ դատարան, որը բաղկացած էր ամեն տարի վիճակահանությամբ ընտրվող 6000 դատավորներից և որը, ըստ ֆիլերի ցեղերի քանակի` բաժանված էր 600- հոգանոց 10 պալատների: Այն իրավասու էր դատելու բոլորին, սկսած շարքայինից մինչև պետության ղեկավարները: Որևէ գործ քննելու համար պալատն ընտրվում էր վիճակահանությամբ, դատական նիստից անմիջապես առաջ: Դրանով բացառվում էր կոռուպցիան: Այսպես, Պերիկլեսին` Աթենքի ամենահռչակավոր արքոնտին և ստրատեգին, 2 անգամ դատել են, որտեղ նա նույնիսկ լացել է: Դատել են 3 պալատներով (1500 հոգով):
Եվ ահա 2700 տարի անց մեզ մնում է սոսկ երազել, թե երբ է գալու մեր հայ Սոլոնը, որը կկոտրի օլիգարխների ուժը և կհաստատի իրական ժողովրդավարություն և անկախ դատարան:
Հին հունական իմաստուններից մեկը` Անախարսխը, եկել է Աթենք և մտերմացել Սոլոնի հետ այն ժամանակ, երբ նա դեռ իր օրենսդրությունը չէր կատարել: Մի օր, ծանոթանալով Աթենքի ժողովրդական ժողովի գործերի ընթացքին, նա ապշած բացականչել է. «Զարմանալի է, հույների մոտ խելացիները խոսում են, իսկ հիմարները գործեր են լուծում»:
Մեզ մոտ էլ այժմ համարյա նույն վիճակն է: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, Ազգային ժողովի 131 անդամներից հազիվ 20-30 հոգին է մասնակցում դրա նիստերին կամ ելույթ ունենում, մնացածները սոսկ կոճակ են սեղմում, հաճախ նաև ուրիշների տեղը: Մինչդեռ Ազգային ժողովից դուրս կան բազմաթիվ լավ մասնագետներ` տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ և այլք, որոնց միայն թույլ են տալիս խոսել:
Եվ ահա մեզ դարձյալ մնում է երազել, թե երբ է գալու այն ժամանակը, երբ մեր ազգային խնդիրները կլուծեն խելացիները, իսկ հիմարները կմնան իրենց հիմար վիճակում:
Ըստ Սոլոնի օրենքների, աթենացիները բաժանվեցին 4 դասի` մեծահարուստների կամ օլիգարխների, միջին դասի կամ հեծյալների, միջինից ցածր դասի կամ հոպլիտների և ստորինի կամ ֆետերի: Ամեն մի դաս պարտավոր էր իր կարողության չափով ծառայել զորքի համապատասխան տեսակում: Օրինակ, օլիգարխները պետք է տրամադրեին ռազմանավեր իրենց անձնակազմով, զենքով ու զրահով, իրենք էլ որպես նավապետեր պետք է բոլորի հետ մասնակցեին պատերազմին: Միջին դասն իր ձիերով ու զենքով ծառայում էր հեծելազորում, միջինից ցածրը` ծանր հետևակում ևս իր զենքով, իսկ աղքատ ֆետերը` թեթև հետևակում:
Այստեղ Սոլոնը ղեկավարվել է շատ պարզունակ և շատ ճիշտ սկզբունքով: Նա օլիգարխներին ասել է. «Թշնամին գալիս է առաջին հերթին ձեր հարստությունը թալանելու: Եթե դուք չեք ուզում պաշտպանել այն, ձեր փոխարեն ո՞վ է պաշտպանելու»:
Մեզ մոտ հակառակն է: Լևոնականները, պատերազմ հրահրելով, երկիրն ավերեցին, ժողովրդին թալանեցին ու աղքատացրին, իրենք միլիոններ դիզեցին, օլիգարխներ դարձան, բայց իրենք և իրենց որդիները բանակում ծառայել, երկիրը պաշտպանել չեն ուզում: Այդ օրինակն առաջինը ցույց տվեց երկրի առաջին նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իր որդուն իբրև թե բանակ ուղարկեց, դարձնելով պաշտպանության նախարարի խորհրդական:
Այժմ թող ընթերցողը մտածի, թե պետհամալսարանը նոր ավարտած ջահելը, բանակի մասին գաղափար չունեցողը ինչ խորհուրդ կարող էր տալ նախարարին: Ապշեցուցիչ է, հենց գլխավոր կռիվ գցողն է իր որդու գլուխը բանակից հետ պահել: Լևոնին հետևեցին նրա զինակիցները. իրենց որդիների ծառայատեղ դարձրին նույն պաշտպանության նախարարությունը: Ինձ հայտնի է մի օլիգարխ, որի տղան այդտեղ է ծառայել իբրև թե խորհրդական, միաժամանակ աշխատել է իր պապայի ֆիրմայում և հլա դեռ աշխատավարձ է ստացել: Հիանալի չէ՞, նման «ծառայության» մասին կարելի է միայն երազել: Հին Աթենքում դա աներևակայելի էր: Բանակից, պատերազմից խուսափողը խստորեն պատժվում էր: Պատժվում էին անգամ ներքին կոնֆլիկտներին չմասնակցողները: Նրանք զրկվում էին քաղաքացիությունից, որովհետև իրենց չեզոքությամբ ցուցադրում էին իրենց անտարբերությունը երկրի բախտի նկատմամբ:
Հույն մեծ փիլիսոփա Հերակլիտի ժամանակ, մ.թ.ա. 6-5-րդ դարերի արանքում, իր հայրենի Հեփեսոս քաղաքի բնակիչները բարոյապես այլասերվել էին, բայց այդ ֆոնի վրա Հերմոդտ անունով մի մարդ իր առաքինությամբ բոլորի աչքն էր ծակում: Հեփեսացիներն ընդունում են օրենք. «Թող մեր մեջ լավագույնը չլինի, եթե այդպիսին կա, թող ապրի ուրիշ տեղ, ուրիշների հետ»: Այդ օրենքով Հերմոդտին` որպես լավագույն քաղաքացու, արտաքսում են: Այդ առնչությամբ Հերակլիտը վրդովված բացականչել է. «Մեկն ինձ համար արժե տասը հազար, եթե նա լավագույնն է»: Մենք այդպիսի օրենք չենք ընդունել, սակայն մեր լավագույններին արտաքսում ենք: Ժամանակին արտաքսել ենք ակադեմիկոս Հ. Թախտաջյանին, որն աշխարհի 5 խոշորագույն բուսաբաններից է: Արտաքսվեցին լավագույն դիրիժորներ։ Ըստ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Թոփչյանի, երկրից գաղթած մեր լավագույն երաժիշտներից կարելի է 6 սիմֆոնիկ նվագախումբ կազմել:
Մամիկոն ԱՍԱՏՐՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ