Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ՝ ԿԱ՛Մ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐՆԵՐ, ԿԱ՛Մ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ՝ ԿԱ՛Մ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐՆԵՐ, ԿԱ՛Մ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
14.10.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը չպիտի մնա երիտասարդ թոշակառու: Է՜, հա, թող չմնա երիտասարդ թոշակառու, ո՞վ է իրեն դա ասել: Թող հանրօգուտ աշխատանքով զբաղվի, ո՞վ է նրան արգելել: Իսկ հանրօգուտ աշխատանքով զբաղվում են երկու տեղում՝ ազատության մեջ կամ ուղղիչ աշխատանքային գաղութում: Բայց ինչո՞ւ անպայման երիտասարդ թոշակառու չպիտի լինել հատկապես հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի պաշտոնում: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հրաշալի ոչ երիտասարդ թոշակառու կլիներ, եթե լիներ Ղարաբաղի նախագահ: Նրա օրոք Ղարաբաղը չի կարող չվերադառնալ բանակցությունների դաշտ: Իսկ ո՞վ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հանրօգուտ աշխատանքով զբաղվել ոչ թե աշխատանքային գաղութում, այլ ազատության մեջ: Այն գործարանները, որ 2003-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանձնեցին Ռուսաստանին, մինչև այսօր գործարկված չեն: Հեն ա գործարանները հանձնված են, որպես երիտասարդ ոչ թոշակառու, թող վերցնի ու գործարկի: Առավել ևս, լսել ենք, որ փող էլ ունի, կապեր էլ: Պուտինի մոտ էլ գնում, գալիս է: Իրար հետ էլ կարելի է գործարկել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների անտրամաբանական լինելու մասին: Հաջորդ անտրամաբանական պահվածքը ՆԺԿ ղեկավարը տեսնում է ՀԱԿ-ի գործողություններում: «Համարյա թե բոլոր հանրահավաքներին, որպես ընդդիմադիր տրամադրությունների տեր մարդ, մասնակցում եմ: Երևի թե ժամանակն է, որ իրենք իրենց համար որոշում կայացնեն՝ կա՛մ մոնղոլ-թաթարներ, կա՛մ բանակցություններ: Երբ իրար կողքի ես դնում դրանք, չի լինում, այսինքն, ի՞նչ, մոնղոլ-թաթարներ, տականքներ, եկեք բանակցե՞նք: Նույն ձևով ինձ համար անհասկանալի են ԲՀԿ-ի հայտարարությունները: Ստորագրված հուշագրի պարագայում «հաջորդ դասին» կասեն ով է լինելու նախագահի թեկնածուն: Մի իրավիճակ է մեզանում, երբ քաղաքական դաշտում անլրջության աստիճանն այնքան մեծ է, որ մոռանում են այդ տրամաբանությունները նույնիսկ իրար կողքի դնել»,- նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Ակումբի հյուրն անդրադարձավ նաև ընդդիմության այն հայտարարություններին, թե ՀԱԿ-ն է միակ ընդդիմությունը: «Պիտի հստակեցնել՝ մենք ուզում ենք իրավիճա՞կ փոխել, թե՞ որպես քաղաքական ուժեր, իրար հրելով, ինչ-որ տեղ հասնել: Եթե վաղը ես ձեզ հետ գնամ ու Անգլիային պատերազմ հայտարարեմ, հետո ասեմ՝ ով մեզ չի միանում, ընդդիմություն չէ, մեզ ինչի՞ տեղ կդնեն: Կա՛մ լուրջ քաղաքական գործունեությամբ ենք զբաղվում, որը ներառում է տակտիկական, ստրատեգիական, գեոքաղաքական, տնտեսական բազում հարցերի ընդհանուր անալիզ և գործողությունների ծրագիր, կա՛մ դա ընդամենը պոպուլիզմ է»,- ընդգծեց ՆԺԿ ղեկավարը՝ փորձելով կանխատեսել ապագա գործընթացներն ու նախապես արձանագրելով, որ այսօր Հայաստանի ներքին գործընթացները լճացել ու կանգ են առել:
«Ամեն ինչ տանում է դեպի հերթական ընտրություններ: Մեզ մոտ յուրաքանչյուր ընտրություն վերածվում է վայրիվերումների, ցնցումների: Իշխանությունները մտածում են այս ընտրությունը դարձնել պայմանավորված-գրված, այսինքն` այն ուժերի հետ, որոնք կարող են իրավիճակի վրա ազդեցություն ունենալ, պայմանավորվել, տեղերը բաշխել: Եթե այսպես եղավ, գլխավոր ճակատամարտը կգնա նախագահական ընտրությունների ժամանակ»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ քանի դեռ Հայաստանը չի ազատվել երեք նախագահների սինդրոմից, առաջընթացի ճանապարհը փակված է լինելու:
Վերջում մի հետաքրքիր նկատառում ևս արեց Արամ Կարապետյանը. «Հայաստանում ամեն ինչ փոխվում է, բացի օլիգարխներից: Հիմա եթե Տիգրան Սարգսյանը որոշել է հարկերը հավաքել Ռոբերտ Քոչարյանի թևից, սա նշանակում է, որ նա մտադիր է և փորձելու է թուլացնել Ռոբերտ Քոչարյանին: Ի վերջո, ամեն ինչ պետք է անեն, որ իրար դեմ մնան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, բայց դա էլ չի ստացվում, որովհետև խնդիրներ կան: Ստացվում է, որ կա՛մ 2013-ին երեք նախագահների տրանսֆորմացիա է լինելու, կա՛մ պայքար: Արտաքին քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ նոր պայքար է լինելու, նոր ուժ է ստեղծվելու»: Ի դեպ, այդ նոր ուժի մեջ, բանախոսի հավաստմամբ, լինելու է ՆԺԿ-ն, որն այսօրվանից հանգիստ պատրաստվում է հերթական ընտրություններին: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ՆԺԿ-ն վերստին եվրասիական միության ջերմ ջատագովն է մնում, որի հայեցակարգի մշակմանը կուսակցության ղեկավարը ժամանակին մասնակցել է, քանի որ վերջինիս դոկտորական դիսերտացիան առնչվել է դրան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ