ՀՀԿ 13-րդ համագումարի ընդմիջմանը միջանցքում Սաշիկին (Սարգսյան) հանդիպած Ջոնիկը (Աբրահամյան) նախագահաեղբոր հետ ողջահարվելուց հետո սրտի մրմուռով իր բախտակցին ասել է.
-Սաշիկ ջան, տեսար, չէ՞, էս ընտրությունները մենակ մեր վրա ազդեցին. ցուցակ համ գործարարներ մտա՜ն, համ մականունավորներ մտա՜ն, ով ասես` չմտա՜վ, մենակ ես ու դու դուրս մնացինք: Մեր գլխին ջարդեցին էս ընտրությունները, Սաշիկ ջան:
Սաշիկը եղբորորեն լռել է, իր նման բազմանշանակ ժպտացել, ձեն-ձուն չի հանել (Սաշիկի վրա վաղուց վերից հրահանգ կա` ոչ մի բանի չխառնվել, ոչ մի բանի շուրջ չփիքրոտել, եղբոր համար կյանքը տալ, մանդատն էլ` հետը):
Մի խոսքով, Ջոնիկին չի հաջողվել Սաշիկին «ըմբոստության-բողոքականության» մղել, ու Ջոնին ստիպված դարձել է «վճռական մենակ», և բոլոր դեպքերում դրել իր թեկնածությունը` հայտնի ընտրատարածքում: Արգամիչներին, ինչպես միշտ, թվացել է, «ղաթը կճղեն», Սերժից առաջ կընկնեն, Սերժին կհամոզեն:
Ինչպես տեսաք` չստացվեց: Սերժը, փաստորեն, ասել էր` «до сапога, дорогие»:
Արգամիչներն իրենց «երգով նահանջն» ապահովելու համար, «նոու-հաու» են կիրառում. Ջոնին իր թեկնածությունը դրե՜լ է, որովհետև, հասկանում եք, էդ ընտրատարածքում էնքա՜ն մարդ է ասել, որ Ջոնիկը չդրեց, մենք կդնենք. Ջոնիկը դրեց, որպեսզի կանխի էդքանի դնումը:
Հասկացանք:
Մնում է հասկանանք անհասկանալին. Ջոնին, որի մասին ասվում էր` «ԲՀԿ ցուցակը լալիս էր նրա համար», այնտեղ պատրաստ էին հատկացնելու վեցերորդ պատվավոր տեղը, ընտրություններում «բողոքակա՞ն» է լինելու ու պաշտպանելու ԲՀԿ-ին, թե՞ ավանդապաշտ, հայ առաքելական ու պաշտպանելու է ՀՀԿ-ին:
«Ժդյոմս»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ