Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ՔԱՄԻ ՑԱՆԵՍ` ՓՈԹՈՐԻԿ ԿՀՆՁԵՍ»

«ՔԱՄԻ ՑԱՆԵՍ` ՓՈԹՈՐԻԿ ԿՀՆՁԵՍ»
07.12.2010 | 00:00

Ցանկացած ուշադիր դիտորդի համար վաղուց գաղտնիք չէ, որ չնայած եղբայրության ու հավերժ սիրո բուռն հավաստիացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան նրանք ջանում են ներկայացնել։ Մինչև վերջին ժամանակներս թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում «կոմերիտական համառությամբ» էին հերքում ամեն մի, նույնիսկ նվազագույն ստվեր, որն ընկնում էր «անխախտ եղբայրության» պայծառ դեմքին։ Սակայն աշխարհում չկա ոչ մի գաղտնիք, որը վաղ թե ուշ հայտնի չդառնա, իսկ WikiLeaks-ի վերջին հրապարակումները, հատկապես եթե հաշվի առնվի, որ դրանք դարձել են հանուրի սեփականությունը, պայթած ռումբի ազդեցություն ունեցան։ Հատկապես Անկարայում։ Ինչպես գրում են թուրքական զանգվածային լրատվամիջոցները, դիվանագիտական վերջին արտահոսքերը «հարված էին թիկունքին»։ Թուրք հասարակությանը բնորոշ հուզականությամբ այնտեղ այդպես էլ չեն դադարում զարմանալուց, թե այդ «ինչպես պատահեց, որ Ադրբեջանի ղեկավարը, իրենց գրկելով ու անվանելով «եղբայր», միանգամայն այլ բան է ասում ամերիկացիներին»։ Հիշեցնենք, WikiLeaks-ի հրապարակած տվյալների համաձայն, Ադրբեջանի նախագահը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, ընդ որում, շատ խիստ արտահայտություններով, որ նողկանք է զգում Էրդողանի կառավարության նկատմամբ և Անկարայի արտաքին քաղաքականությունը համարում է պարզունակ։ Ալիևն ԱՄՆ-ի վարչակազմին պարզ հասկացրել է, որ վիճարկում է Թուրքիայի դերը տարածաշրջանում։ Դեռ ավելին։ Նա, պարզվում է, ինչը ամենավիրավորականն է թուրքերի համար, «չի ցանկանում Թուրքիան տեսնել որպես էներգետիկ միջանցք»։ Փաստաթղթերում նշվում է, որ Իլհամ Ալիևը, իբր, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր է կնքել հենց այն նպատակով, որ «Թուրքիային թույլ չտա դառնալ էներգետիկ կենտրոն»։ Նախագահ Աբդուլլահ Գյուլը աճապարել է հանրությանը հանգստացնել և հավաստիացրել է, թե «ոչինչ չի կարող ազդել Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամության վրա», և պաշտպանել է Ալիևին` ասելով. «Ես չեմ հավատում, որ նա դա ասած լինի» (իսկ նա ի՞նչ պետք է ասեր այդքան տարիներ «կրտսեր եղբայրների» պատճառով կրած ակներև կորուստներից հետո)։ Բայց թուրք հասարակության մեջ զարմանում են և վրդովվում. «Դա այն վերաբերմունքը չէ մի երկրի նկատմամբ, որին բարեկամ ու եղբայր են անվանում։ Մեղմ ասած, դա երկերեսանիություն է»։ Եվ համաձայնեք, որ նրանց կարելի է լիովին հասկանալ։
Իսկ ինչ վերաբերում է Բաքվին, ապա այստեղ վաղուց ի վեր հաստատված ավանդույթով բոլորը սկսեցին կտրուկ ժխտել և ամեն ինչ գլխիվայր շրջել։ Բաքվում, փրփուրը բերաններին և բոլոր մակարդակներով սկսեցին ապացուցել, թե «այդ նյութերը բացահայտ սադրանք են, որի նպատակն է փչացնել Ադրբեջանի հարաբերությունները հարևան պետությունների հետ, անվստահություն սերմանել պետությունների ղեկավարների միջև»։ Որպես մոգական հմայախոսք են այնտեղ պնդում, թե «մենք նույն ազգի տարբեր պետություններ ենք», և «մի՞թե եղբայրը նման բան կասի իր եղբոր մասին»։ Մի անչափ հետաքրքիր հանգամանք. այս անգամ և՛ Բաքվում, և՛ Անկարայում, ասես, մոռացել են նախասիրած թեման, թե բոլոր դժբախտությունները բխում են «հայկական շահապաշտպան խմբերի մեքենայություններից»։ Թեև այնտեղ շարունակում են համոզել, թե փաստաթղթերի հիմնական նպատակն է վարպետորեն միմյանց դեմ հրահրել Ադրբեջանին ու Թուրքիային, մեղավորներին սկսեցին փնտրել այլ վայրերում։ Այսպես, Թուրքիայում, այդ թվում` պաշտոնական մակարդակով, շատ տարածված է այն վարկածը, թե դա Իսրայելի հատուկ ծառայությունների լայնածավալ գործողությունն է։ Ընդհանրապես Թուրքիայում վերջին ժամանակներս շատ մոդայիկ է դարձել բոլոր հնարավոր ու անհնար մեղքերում մեղադրել Իսրայելին և հրեաներին։ Բաժին է հասել նաև ամերիկացիներին։ Բաքվում, օրինակ, պնդում են, թե Ադրբեջանի ու Թուրքիայի դաշինքն իսկական պատիժ է դարձել Վաշինգտոնի համար, քանի որ Անկարան ու Բաքուն հարված են հասցնում Միացյալ Նահանգների քաղաքականությանը տարածաշրջանում։ Ամերիկացիները (և դա, հավանաբար, շատ մոտ է ճշմարտությանը) անչափ անհանգստացած են «Նաբուկոյի» հարցում այդ երկրների քաղաքական շանտաժից, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացի ձախողումից, որը բխում էր Վաշինգտոնի շահերից, և շրջափակվեց բացառապես այդ երկրների կողմից։ Այդ համատեքստում տվյալ հրապարակումները կարելի է, անշուշտ, դիտել որպես խնամքով հաշվարկված քայլ, որի նպատակն է սառնություն մտցնել ոչ միայն Անկարայի ու Բաքվի հարաբերություններում։ Այդուհանդերձ, թուրքերը լավ են հասկանում, որ հրապարակված փաստերը կտրականապես ժխտելը, երբ դրանց իսկությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում աշխարհում, առնվազն հիմարություն է։ Այնտեղ, ի տարբերություն Բաքվի, չի խոսվում փաստաթղթերի կեղծման մասին, համենայն դեպս` «ադրբեջանական ուղղությամբ»։ Այսպես, նախագահ Գյուլը հարկադրված էր կամա թե ակամա նկատել, որ «հրապարակված փաստաթղթերի որոշ մասը հավաստի է»։ Իսկ դա, ակներևաբար, չփարատեց վիրավորանքը։
Առավել ևս, որ, մեծ հաշվով, բացառելով Ալիևի բացահայտումների կոնկրետ ձևակերպումներն ու ածականները, փաստաթղթերը ոչ մի նոր բան չեն ասում։ Երկու երկրների փոխհարաբերություններում այդ բոլոր թեմաներն ու ընդջրյա խութերը տարբեր ժամանակներում լուսաբանվել են մամուլում։ Ահա և այժմ թուրքական զանգվածային լրատվամիջոցներում նշվում է, որ Ալիևի դիրքորոշումն անակնկալ չէր, քանի որ Թուրքիայի դիվանագիտական շրջանակներում մշտապես և վաղուց համառորեն լուրեր էին տարածվում իր «ավագ եղբոր» նկատմամբ Ալիևի ոչ այնքան պատշաճ վերաբերմունքի մասին։ Ընդ որում, երբեմն այդ դրսևորումներն անչափ բացահայտ էին ու հրապարակային, և շատ էին հիշեցնում հոգեբանական ճնշման եղանակներ։ Հիշենք թեկուզ «դրոշների պատմությունը», երբ, իբր, օրենքի համաձայն, Ադրբեջանի մայրաքաղաքում հանվել էին թուրքական բոլոր դրոշները, այդ թվում` Նուրիի զինվորների հուշարձանի մոտից (1918-ին գեներալ Նուրիի հրամանատարությամբ թուրքական կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից Արցախի օկուպացումը, որոնց օգնում էին հայերի կողմից գլխովին ջախջախված ռուսական «Վայրի դիվիզիայի» մնացուկները, երկու երկրներում դիտվում է որպես ռազմավարական գործընկերության ամենապանծալի և վառ օրինակ)։
Է՛լ ավելի խոր են այն բանի ապացույցները, որ Ադրբեջանին չեն հուզում Թուրքիայի խնդիրները, իսկ Ալիևի կլանն Անկարայի նկատմամբ շարունակում է տնտեսական ճնշման և բացահայտ շանտաժի քաղաքականությունը, ինչը կարելի է տեսնել տնտեսական ոլորտում։ Այնտեղ արդեն վաղուց է անչափ հետաքրքիր պատկեր ծավալվում։ Բանն այն է, որ երկու պետություններն արդեն երկար ժամանակ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի գնի, ինչպես նաև Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա տարանցելու արժեքի շուրջ։ Վերջին երկու տարում կողմերը մի քանի անգամ հայտարարել են այդ թեմայի շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտի մասին, սակայն պայմանավորվածություն ինչպես չի եղել, այդպես էլ չկա։ Ճիշտ է, մի որոշ ժամանակ առաջ հայտարարվեց, թե գազի ու տարանցման գները կարգավորող փաստաթուղթ է ստորագրվել, բայց ստուգելիս պարզվեց, որ Բաքուն և Անկարան լոկ մտադրությունների մասին հայտարարություն են ստորագրել։ Այնպես որ, ադրբեջանցիների` մամուլում հրապարակված պահանջները` «ինչո՞ւ եք ուզում խարխլել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ձեզ, ի՞նչ է, իրո՞ք հարկավոր է «Նաբուկո» նախագիծը», միանգամայն ակնբախորեն ցույց են տալիս, որ Բաքվում հույս ունեն գործել հին սկզբունքով. «Բարեկամությունը բարեկամություն, բայց գործը մնում է գործ»։ Ի դեպ, այժմ` WikiLeaks-ի բացահայտած խայտառակությունից հետո, արդարացումներում և հերքումներում դրամական հարցերն առաջադրվում են որպես առանձին ու անձեռնմխելի կետ։ Վստահեցնելով, թե «Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ չի ցանկանում Թուրքիան տեսնել որպես էներգետիկ կենտրոն», տեղնուտեղն էլ ավելացնում են, թե «մենք եղբայրներ ենք, բայց եղբայրությունը մի բան է, իսկ առևտուրը` այլ բան»։
Այն, որ «առևտուրն այլ բան է», երևում է նաև նրանից, թե ինչքան երկար է ձգվում ու չի լուծվում վիզայի խնդիրը երկու պետությունների միջև։ Թուրքիան արդեն երեք տարի Ադրբեջանին առաջարկում է անվիզա կարգ մտցնել։ 2007-ի ամռանը Գյուլը նույնիսկ հայտարարեց Թուրքիա ժամանող Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները վերացնելու մասին։ Սակայն թուրքերն իրենք Ադրբեջան մուտք գործելու համար պետք է վիզա ստանան։ Թուրք փորձագետների կարծիքով, այդ հարցը չի լուծվում նախ և առաջ այն պատճառով, որ Ալիևը մահու չափ վախենում է գյուղատնտեսական մթերքի զանգվածային ներհոսքից, որը կարող է լիովին ոչնչացնել առանց այդ էլ ոչ այնքան հաջող գյուղատնտեսական հատվածը, առանց աշխատանքի թողնել և «եղբայրական» պետությունից դուրս մղել ևս հարյուրավոր ու հազարավոր մարդկանց մի կտոր հացի որոնումներում։
Սակայն, շատ հավանական է, որ այդ երկրների փոխհարաբերություններում ամենահիվանդագին, թեպետ խնամքով թաքցվող հարցը քրդական խնդիրն է։ Բաց թողնելով այն հարցը, որ Ալիևները «ազգությամբ քուրդ են» (թեպետ այդ թեման վաղուց է դարձել ադրբեջանական ընդդիմության «սիրելի խաղալիքը» և գաղտնիք չէ երկրի բնակչության համար), ուշադրություն դարձնենք, որ քրդական թեման լուրջ և ակներև գործոն դարձավ Ալիևների կլանի իշխանության գլուխ գալուց հետո։ Եվ այդ հանգամանքն անհնար է թերագնահատել ինչպես գործընթացներն ամբողջությամբ քննարկելիս, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների պարագայում։ Այսպես, ըստ քաջատեղյակ աղբյուրների տեղեկությունների` Հեյդար Ալիևը դեռևս 1997-ին քրդական աշխատավորական կուսակցության ճյուղավորված ցանց էր ստեղծել Ադրբեջանում։ Այդ կիսաընդհատակյա կառույցի գործունեությունն է՛լ ավելի մեծ թափ ստացավ Իլհամ Ալիևի օրոք։ Դրա մեջ ներգրավված են բազմաթիվ քրդեր` Ադրբեջանի ֆինանսական ու քաղաքական մեծ կշիռ ունեցող գործարարներ։ Փորձագետների կարծիքով, Ադրբեջանում քրդական կառույցը բաղկացած է երեք հատվածից` քաղաքական թև, տնտեսական և արտասահմանյան, որը հիմնականում զբաղվում է կապիտալի օրինականացմամբ։ Ընտանիքներն արտասահմանում են։ Բացի այդ, պնդում են, թե Ադրբեջանում ստեղծված է մի ամբողջ կառույց` Թուրքիայի քրդերին մշտապես մարտական կազմ ու պատրաստ վիճակի մեջ պահելու համար, իսկ Բաքուն վարում է մի քաղաքականություն, որը նպատակամղված է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության տապալմանը։ Թե դա որքան է համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ Այդուհանդերձ, հավանաբար պատահական չէ, որ Ահմեդ Դավութօղլուն որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում պահանջել էր թուրքական կողմին հանձնել Ադրբեջանի հինգ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք, թուրքական կողմի համոզմամբ, կապված են Թուրքիայի դեմ պայքարող քրդական աշխատավորական կուսակցության ֆինանսավորման հետ։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց համատեղ քննչական խումբ, որը ձերբակալեց մի խումբ քուրդ ակտիվիստների, որոնք թաքնվում էին Ադրբեջանում։ Բայց նրանք բոլորն էլ աննշան անձինք էին։ Հատկանշական է, որ Ալիևը նաև հրաժարվում է քրդական աշխատավորական կուսակցությունն օրենսդրական մակարդակով ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Անկարայի շարունակական պահանջը կատարելուց։ Ինչպես պնդում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, «նա քաջ հասկանում է, որ նման որոշումն օրենքից դուրս կդնի իր մերձավոր զինակիցների մեծամասնությանը»։ Իսկ վերջերս Ադրբեջանում հանրահայտ քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը «Հյուրիեթ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի կառավարության մեջ 21 տոկոսը քուրդ է։ Հատկանշական է, որ ադրբեջանական ավագագույն կուսակցությունը` «Ենի Մուսավաթը», այն կարծիքին է, որ անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել այդ հայտարարությանը. «Ադրբեջանում բարձրաստիճան անձանց համար բարդացել է իրենց ծագման մասին խոսելը։ Խնդիրը նաև այն է, որ քաղաքականության և տնտեսության մեջ ավելի շատ ճնշվում են ազերի թուրքերը»։
Այնպես որ, ակներև է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում բազում խնդիրներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց զգալ են տալիս։ Իսկ WikiLeaks-ի մերկացումները, անշուշտ, նույնպես կհանգեցնեն այդ խնդիրների առավել սրմանը ինչպես քաղաքական համակարգում, այնպես էլ այլ հարթություններում։ Եվ պատահական չէ, որ թուրքական մամուլում արդեն հարց են տալիս, թե «Թուրքիան ինչո՞ւ է տակավին հավատարիմ մնում իր այդ դիրքորոշմանը, որը միջազգային ասպարեզում բարդացնում է նրա վիճակը խարդախ բռնապետի պատճառով, որը ժողովրդին ստիպում է ապրել ծանր պայմաններում»։ Թուրքիան արժանի չէ նման վերաբերմունքի և չպետք է անօգնական լինի Ադրբեջանի հանդեպ։ Հրապարակումները, թուրք փորձագետների կարծիքով, կդյուրացնեն Թուրքիայի դիրքորոշումները Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, և Անկարան պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից։ Ընդ որում, թեպետ և չենք համարձակվում պնդել, թե «քամի ցանես` փոթորիկ կհնձես», սակայն յուրաքանչյուր կողմ և հիշատակված յուրաքանչյուր անձ, եթե նույնիսկ առայժմ հրապարակավ դժգոհություն չի հայտնում, անշուշտ, իր եզրահանգումները կանի, որոնք դեռ երկար կհիշվեն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ