Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ԶԵՆՔԻ ԲԱՐՈՆՆ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆՏՈՒՄ ԿԳԵՐԱԴԱՍԻ «ՄՆԱԼ ՌՈՒՍ ՀԵՐՈՍ»

«ԶԵՆՔԻ ԲԱՐՈՆՆ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆՏՈՒՄ ԿԳԵՐԱԴԱՍԻ «ՄՆԱԼ ՌՈՒՍ ՀԵՐՈՍ»
19.11.2010 | 00:00

Որ Ռուսաստանի արտաքին քաղաքական կյանքը հետզհետե ավելի ու ավելի է քրեական հետաքրքրաշարժ պատմություն հիշեցնում, արդեն դարձել է ոչ թե լրագրողական կատակ, այլ անողոք իրողություն։ Ակներև է, որ երբեմն քաղաքական շահերը «ձեռք ձեռքի են ընթանում» ոչ այնքան օրինական գործողությունների հետ, բայց բոլորը գերադասում են լռել այդ մասին։ Իսկ եթե գաղտնի գործողությունները դառնում են հանրության սեփականությունը և զանգվածային քննարկման առարկա, ապա դա շատ բան է ասում և բնավ էլ ոչ ուրախալի։
Ահա այժմ էլ Ռուսաստանը հերթական անգամ խրվել է միջազգային սկանդալի մեջ, որը հիշեցնում է ավանդական հոլիվուդյան լավագույն մարտաֆիլմերը։ Խոսքը «զենքի բարոնի» և «մահվան առևտրականի», ինչպես նրան անվանում են Արևմուտքում, Վիկտոր Բուտի մասին է։ Հիշեցնենք, Բուտը ձերբակալվել է Բանգկոկում 2008-ի մարտին։ Անչափ հետաքրքրական է այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել Իսպանիայում ռուսաստանյան քրեական խմբավորման զանգվածային ձերբակալություններից հետո, որը զբաղվում էր Իրանին զենք մատակարարելով, և հաջորդել է ռուսական «զենքի բեռնանավի» ոչ պակաս աղմկալից պատմությանը (ժամանակին մեր թերթն անդրադարձել է այդ նյութին)։ Հինգաստղանի հյուրանոցի շքեղ համարում տեղի է ունեցել Բուտի հանդիպումը թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան գործակալության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացել էին իբրև FARC կոլումբիական ապստամբական կազմակերպության անդամներ։ Զրույցը ձայնագրվել էր։ Դրանից հասկանալի է դառնում, որ Բուտը համաձայնել էր մատակարարել ռուսաստանյան արտադրության 700 փոխադրովի զենիթահրթիռային համալիր, Կալաշնիկովի 5 հազար ինքնաձիգ, միլիոնավոր զինամթերք, ինքնաձիգների զանազան պահեստամասեր, հակահետևակային ականներ, պայթուցիկներ, գիշերային տեսասարքեր, ինքնակառավարվող թռչող ապարատներ, ինչպես նաև գերթեթև ինքնաթիռներ, որոնք կարելի է հանդերձել նռնականետներով ու հրթիռներով։ Այնուհետև, որոշ ժամանակ անց, դարձյալ Բանգկոկում, կալանել էին զենքով բեռնված ինքնաթիռ, որը կապված էր Բուտի ընկերության հետ։ Պարզվել է, որ այն գրանցված է մի շարք ընկերությունների հետ նույն հասցեում, որոնք առնչություն ունեն Անվտանգության դաշնային ծառայության հետ։ Եվ արդեն այն ժամանակ, ի զարմանս բոլորի, Ռուսաստանի հակազդեցությունը բուռն էր ու նախահարձակ։ Հայտարարվել էր, թե անօրինականորեն և անիրավազոր է ձերբակալվել «ազնիվ գործարարը» և երկրի «օրինավոր քաղաքացին», թե դա «իմպերիալիստների մեքենայություններն» են, իսկ Ռուսաստանի հատուկ կառույցների հետ նրա կապի վարկածները ոչ միայն ապացուցված չեն, այլև «տարաշխարհիկ են»։
Եվ այժմ սկսվել է աղմկալի պատմության նոր փուլը։ Բուտն արտահանձնվել է ԱՄՆ-ին։ Նրան մեղադրանք է ներկայացվում 4 կետով. «Առաջինը ԱՄՆ-ի քաղաքացիների սպանության նպատակով դավադրությունն է, երկրորդը` հանցավոր դավադրությունը պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձանց սպանելու նպատակով, երրորդը` հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերման ու վաճառքի հանցավոր դավադրությունը, չորրորդը` ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումներ իրականացնելու դավադրությունը»։ Նվազագույն պատիժը 25 տարվա ազատազրկումն է (դեռ բախտը բերել է, որ Նյու Յորքում մահապատիժ չկա)։ «Դա աղաղակող անարդարության օրինակ է»,- վրդովվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, խոստանալով «այսուհետ ևս անհրաժեշտ ամեն ինչ անել` Բուտին հայրենիք վերադարձնելու համար», և ավելացրել է, թե գործը «անօրինական է և քաղաքական բնույթ է կրում»։
Որտեղի՞ց Կրեմլի այդչափ սերը Բուտի հանդեպ։ Համաձայնեք, դժվար է հիշել թեկուզ մի դեպք, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այդքան կատաղի և ինքնամոռաց պաշտպանեին իրենց քաղաքացիներին արտասահմանում։ Այն ժամանակից ի վեր, ինչ նրան ձերբակալել են, Ռուսաստանը ջանք չէր խնայում, որ նրան դուրս քաշի բանտից և կանխի նրա հանձնումը։ Ըստ լուրերի, նա դրա դիմաց Թաիլանդի կառավարությանն առաջարկել էր նավթի մատակարարման հետ կապված գործարք, և այնքան էլ չքողարկված սպառնացել էր վրեժ լուծել թե՛ Թաիլանդից, թե՛ Միացյալ Նահանգներից։ Սպառնալիքի տակ էր հայտնվել Մոսկվայի համար կարևոր «վերաբեռնումը»։ Ընդ որում, ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցները, ասես հրամանով, սկսեցին ամբողջ կոկորդով մեկ բղավել, թե Բուտն ինքը «մաքրամաքուր է», և նրան չէին անվանում այլ կերպ, քան «գործարար»։ Նկատենք, որ երկրների մեծամասնությունը, եթե առհասարակ փորձում է դուրս կորզել իրենց հանցագործներին, ապա դա անում է կուլիսային դիվանագիտության միջոցով, իսկ Մոսկվայում, երևում է, բնավ չեն խորշում ի պաշտպանություն «մահվան առևտրականի» հրապարակավ շարժում ծավալելուց։ Եվ բանը, ըստ երևույթին, ոչ միայն այն է, որ 50-ական թվականներին պորտուգալերենի զինվորական թարգմանիչ, մայոր Բուտը Մոզամբիկում ծառայել էր ՊԱԿ-ի կադրային աշխատակից Իգոր Սեչինի ղեկավարության ներքո, որը, ինչպես հայտնի է, վարչապետի տեղակալն է և, հավանաբար, ամենաազդեցիկ մարդը կառավարությունում, հենց Պուտինից հետո։ Ի դեպ, լրագրողները նշում են, որ երկար տարիներ ծառայակիցների փոխհարաբերությունները եղել են ջերմ, և Սեչինին մեկ անգամ չէ, որ նկատել են «զենքի բարոնի» շրջապատում` զանազան ընդունելությունների ժամանակ։ Ռուսաստանյան վերնախավին ճարակած հիստերիայի պատճառները, ինչպես երևում է, և՛ խոր են, և՛ ավելի քան լուրջ։ Փորձենք գլուխ հանել այդ աղմկահարույց պատմությունից։ Բայց որպեսզի ընթերցողները չմտածեն, թե ամերիկացիները սևացրել են և առևանգել «ազգային հերոսին» ու միանգամայն անմեղ մարդու, կարծում ենք, իմաստ ունի դիմելու ոչ թե արևմտյան աղբյուրներին, այլ հենց ռուսաստանյան մամուլի թեկուզ և հին հրատարակումներին։
«Սովերշեննո սեկրետնո» լրագիրը 2003 թ. սեպտեմբերի 8-ի համարում գրել է. «Անվտանգության դաշնային ծառայությունը հիանալի հնարավորություն ունի լրջորեն աչքի ընկնելու զենքի ընդհատակյա առևտրի դեմ մղվող պայքարի ասպարեզում։ Ռուսաստանում է ապրում, առանց որևէ մեկից թաքնվելու, Վիկտոր Բուտը, մարդ, որն Արևմուտքում արժանացել է «մահվան առևտրականի» մականվան, միջազգային հետախուզման մեջ հայտարարվել որպես ռուսաստանյան զենքի մատակարար աշխարհի գրեթե բոլոր «թեժ կետերում»։ Դրանից փոքր-ինչ ավելի վաղ «Գրանի.ռու» հանրահայտ կայքը (05.09.2002) նշել էր. «Դուշանբեի ծնունդ և Մոսկվայի զինվորական թարգմանիչների ինստիտուտի շրջանավարտ Վիկտոր Բուտը Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային շուկայում հայտնված զենքի մասնավոր առևտրականների նոր սերնդից է։ Նրա առևտրական գործունեության հետքերը հայտնաբերվել են Աֆրիկայի գրեթե բոլոր «թեժ կետերում» (առանձնապես նշվում է Սուդանը, որտեղ մինչև 1996 թ. ապրել էր ՈՒսամա բեն Լադենը)։ 90-ականների կեսերից Բուտի անունը երևում է ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկուցագրերում։ Ինչպես հարցազրույցի ժամանակ ասել է ինքը` Բուտը (իսկ նա հաճախ է այդպիսիք տվել), իր ձեռնարկչական գործունեությունը սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում` թրաշուշանների առևտրից։ Այդուհանդերձ, այդ ժամանակ «ծաղկավաճառը» հայտնվել էր Կենտրոնական հետախուզական վարչության և MI6 բրիտանական հետախուզության տեսադաշտում։ Հենց Բուտն էր 1995 թվականին թաթարական «Աերոստան» ավիաընկերության բեռնաինքնաթիռ վարձել` «Կալաշնիկով» ինքնաձիգներով և այլ ռազմական հանդերձանքով` 30 տոննա ընդհանուր քաշով, Քաբուլ տեղափոխելու համար, որը դրվելու էր Ռաբանիի կառավարության տրամադրության տակ, որի ուժերը հուսահատ դիմակայում էին «Թալիբանի» հարձակմանը։ Չվերթը, սակայն, ավարտվել էր Ղանդահարում հարկադիր վայրէջքով` զավթվելով թալիբների կողմից։ Թալիբների հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում Վիկտոր Բուտը, ինչպես գրում էին թերթերը, «Թալիբանի» հակառակորդից վերածվել էր նրա մատակարարի։ Շուտով օդանավի անձնակազմը Ղանդահարից «հանդուգն փախուստ» էր իրականացրել մեքենայով դեպի Շարջա (Արաբական Միացյալ Էմիրություններ), որտեղ գտնվում էր Բուտի ընկերության կենտրոնակայանը (հետաքրքրական է, որ թեև այդ աղմկալից պատմությունն ընկել էր հանրահայտ ռուսական մարտաֆիլմի հիմքում, Բուտի արտահանձնման օրերին ինքնաթիռի անձնակազմը կտրուկ ժխտել էր նրա մասնակցությունը «փախուստին»)։ Անկախ փորձագետների գնահատումներով, «Թալիբանի» և «Ալ Ղաիդայի» հետ կայացած գործարքներից Բուտն առնվազն 50 մլն դոլար էր վաստակել։ 1996-ին Բուտի ինքնաթիռների հավաքակազմն արդեն հասնում էր 160 ինքնաթիռի, նրա ընկերությունների հաստիքը` 1000 մարդու։ Եվ, ինչպես նշում են լրագրողները, նա արգելված ապրանքը` ի շրջանցումն ՄԱԿ-ի արգելքների, փոխադրելու ամենաճյուղավորված և խորամանկ ցանցն էր ստեղծել։ 1999-ի ամռանը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը խորհելով, թե ինչպես քակել Արևմտյան Աֆրիկայում չդադարող զինված հակամարտությունների գորդյան հանգույցը, հրահանգել էր էլեկտրոնային գաղտնաունկնդրում իրականացնել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Լիբերիայի և Սիեռա Լեոնեի ինչպես կառավարություններում, այնպես էլ պարտիզանական առաջնորդների նստավայրերում։ Հեռախոսային բանակցությունների վերծանումը լրացվում էր տիեզերական հետախուզության տվյալներով և գործակալների զեկույցներով։ Հսկայական ծավալի տեղեկատվությունում մերթ ընդ մերթ հայտնվում էր Վիկտոր Բուտի անունը։ Նա ամենուր էր և անորսալի։ Բայց Կենտրոնական հետախուզական վարչությունում լուսանկարների հավաքածու էր ժողովվել, որոնք պատկերում էին ռուսաստանյան բեռնատար ԱՆ-երը և ԻԼ-երը աֆրիկյան ջունգլիների թռիչքավայրէջքային գաղտնի ուղեշերտերում։ Լուսանկարները թվագրված են 1996-1999 թթ.։ Լուսանկարներից մեկը պատկերում էր հենց իրեն` «գործարարին», իր ինքնաթիռների համապատկերի վրա։ 2000-ի հունվարին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հեյնն առաջին անգամ հրապարակայնորեն Բուտին մեղադրել էր ՈՒՆԻՏԱ անգոլական ապստամբական բանակին զենք մատակարարելու մեջ, նրա անունը հայտնվել էր համաշխարհային մամուլում, նրան կնքել էին «մահվան առևտրական» անվամբ, և նկարահանվել էր «Զենքի բարոնը» նշանավոր կինոնկարը։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի էր դարձել, որ խմբավորման պարագլուխ Սավիմբին, ինչպես աֆրիկացի այլ պատվիրատուներ, զենքի դիմաց վճարում էր ադամանդներով։ «Արյունոտ ալմաստների» թեման օրակարգում է հայտնվում այն բանից հետո, երբ պարզ է դառնում, որ պատերազմի ֆինանսավորման միջոցներից ադամանդները վերածվել են դրա նպատակին, իսկ ինչպես խռովարարների, այնպես էլ կառավարությունների թիկունքում գտնվում է անդրազգային մեծ գործարարությունը։ 2000-ի կեսերին Վաշինգտոնը մասշտաբային գործողություն է ձեռնարկում, որին մասնակցում էին յոթ երկրի և չորս մայրցամաքի հետախուզություններ և կառավարության անդամների մակարդակի պաշտոնատար անձինք։ Այդ յոթ երկրների թվում Ռուսաստանը, ավաղ, չկար։ Բուտի հեռախոսները գաղտնալսում էին և նրան անընդհատ հետևում էին փակ տեսախցիկով։ Արաբական Էմիրությունների իշխանություններն ամերիկացիներին առաջարկում են ձերբակալել և իրենց հանձնել Բուտին։ Նրա ձերբակալման համար Շարջայում, որտեղ գտնվում էր Բուտի գործակալության գլխավոր բազան և ապրում էր նրա ընտանիքը, արդեն կազմ ու պատրաստ էր հատուկ նշանակության ջոկատը, բայց Վաշինգտոնը խնդրեց գործողությունը չիրականացնել, որոշելով, որ նրա գաղտնի կայսրության մասին տակավին ամեն ինչ չէ, որ հայտնի է։ 2001-ի դեկտեմբերին Բուտի գործունեությունը, ինչպես և հենց «արյունոտ ադամանդների» խնդիրն իր արտացոլումն է գտնում Անգոլայի գծով ՄԱԿ-ի ներկայացուցչության հերթական զեկուցագրում։ Փաստաթղթի հեղինակներն ուշադրություն էին դարձրել Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում երեսակման ֆաբրիկա բացելու Բուտի փորձերի վրա, որտեղ նա ուներ իր ներկայացուցչությունը։ Բուտը նաև ինքնաթիռների հավաքակազմ էր պահում Բելգիայի Օստենդ քաղաքում, որտեղից քարերն առաքվում էին Անտվերպենի ազատ շուկա։ 2002-ի փետրվարին բելգիական իշխանությունները Բուտին ձերբակալելու միջազգային կալանագիր են դուրս գրում հանցավոր եկամուտների լվացման մեղադրանքով։ Բայց նա շատ արագ հայտնվում է Մոսկվայում, հարցազրույց է տալիս «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, հերքում մեղադրանքները և լիակատար պատրաստակամություն հայտնում համագործակցելու Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ։ «Ինտերպոլի» կալանագիրը Ռուսաստանի տարածքում, չգիտես ինչու, գործի չի դրվում։ Ռադիոյով Բուտի հարցազրույցի սկսվելուց մոտավորապես կես ժամ անց «Ինտերֆաքսի» ժապավենի վրա հայտնվում է Մոսկվայում «Ինտերպոլի» ազգային բյուրոյի ներկայացուցիչ Ցիրյուլնիկովի հայտարարությունը. «Այսօրվա դրությամբ կարելի է համոզված պնդել, որ Բուտը Ռուսաստանի տարածքում չէ»։ Այնուհետև, փետրվարի 28-ին Ռուսաստանում «Ինտերպոլի» «անանուն» աշխատակիցը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հաստատում է Բուտի ձերբակալման միջազգային կալանագրի գոյության փաստը և ավելացնում. «Բուտը նաև հայտնի է նրանով, որ իրեն ներկայացնում էր իբրև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սպա, թեև երբեք այդպիսին չի եղել»։ Բուտի որոնումներն անսպասելիորեն ընդհատվում են մարտի 4-ին, երբ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, թե հիմքեր չունի կասկածելու նրան անօրինական գործունեության մեջ։ Շատ հետաքրքիր է, բայց այն ժամանակ «մահվան առևտրականն» ինքը չի ժխտում, որ զենք էր տեղափոխում, քանի որ, իր կարծիքով, փոխադրողը պատասխանատվություն չի կրում այն արկղերի պարունակության համար, որոնցով բեռնված է օդանավը։ Դեռ ավելին, ամերիկյան լրագրին տված հարցազրույցում նա հասկացնում է, որ իրեն ձեռք չեն տալիս այն պարզ պատճառով, որ իր թիկունքին կանգնած են ոչ միայն Ռուսաստանի, այլև այն երկրների կառավարությունները, որոնք ձևացնում են, թե հետապնդում են իրեն, բայց ինքը, իր հերթին, կարողանում է լեզուն պահել ատամների տակ (այս օրերին արևմտյան մամուլում ասվում է, թե «մահվան առևտրականը» կարող է ունենալ նաև այնպիսի տեղեկություն, որը տհաճ է ամերիկյան կառավարության համար. ըստ որոշ տվյալների, Պենտագոնը նրա ընկերությունը վարձել էր Իրաք զենք փոխադրելու համար, սակայն հենց ԱՄՆ-ի կառավարությունն է հետապնդում Բուտին, հետևաբար, կարելի է ենթադրել, որ նա պատրաստ է բախվելու հանցագործի բացահայտումներին)։
Խիստ հատկանշական է, որ արտասահմանյան մամուլն այն կարծիքն է հայտնում, որ «զենքի բարոնն» ամերիկյան բանտում կգերադասի «մնալ ռուս հերոս» և չի համագործակցի քննչական մարմնի հետ։ Սակայն նրա կինը` Ալլա Բուտը, հայտարարել է, որ այն բանից հետո, երբ իր ամուսնուն լքեց Ռուսաստանը, նա միանգամայն բարոյական իրավունք ունի վրեժ լուծելու` կարևոր գաղտնիքներ հաղորդելով ամերիկացիներին։ Իսկ մենք էլ ավելացնենք, որ վերջերս ահից ու հիացմունքից ցնցված «Արգումենտի նեդելի» լրագիրը հաղորդել է, որ զենքի համաշխարհային ընդհատակյա շուկան, որի շրջանառությունը 5 մլրդ դոլար է, «վերահսկվում է մեր մարդկանց կողմից»։ Այդ գործարքներն այնպիսի թափ են առել, որ նույնիսկ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը նախազգուշացնում է, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններում «զենքի գորշ շուկայի» պատճառով կարող է վնաս հասցվել երկրի վարկին։ Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ