ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նման դաշնությունն աշխարհում շատերին կարող է դուր չգալ

Նման դաշնությունն աշխարհում  շատերին կարող է դուր չգալ
15.05.2012 | 00:00

Թուրքիայի վերջին արտքաղաքական բոլոր նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ Անկարային իր շարքերն ընդունելուց Եվրամիության փաստական ու, ամենայն հավանականությամբ, անշրջելի հրաժարումից հետո այդ երկրի կառավարող կուսակցությունն ավելի ու ավելի է ձգտում ապացուցել, որ իր աշխարհաքաղաքական հնարավորությունները մեծ են, ինչպես երբեք, իսկ Եվրոպան շատ բան է կորցնում, չցանկանալով, հանձին Թուրքիայի, տեսնել հավասարազոր ու կարող գործընկերոջ:

Դատելով ըստ ամենայնի, թուրք քաղգործիչներն ու դիվանագետները որդեգրել և ձգտում են պարտադրել իրենց իսկ հնարած թեզը` «Եթե խոսում ես տարածաշրջանի մասին, առաջին հերթին պետք է հիշես Թուրքիան»: Եվ այս ինքնագնահատականը, առաջին ու մակերեսային հայացքից, բավական դրականորեն է ընկալվում տարածաշրջանի որոշ երկրների կողմից, իսկ Անկարայի գերակայությունը նրանց համար դառնում է առաջնային: Ահա և վերջերս արտաքին գործերի նախարար Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը դրական արդյունքներ է տալիս. «Մենք մեր հարևանների հետ բնականոն հարաբերություններ ենք հաստատել և բարիդրացիական հարաբերություններ ենք կառուցում»: Սակայն նա տեղնուտեղը հարևաններին դասակարգել է լավերի ու վատերի: Եթե հարաբերությունները Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի հետ, նրա կարծիքով, շատ հաջող են, ապա «Հայաստանը, Իսրայելն ու Սիրիան այնպիսի երկրներ են, որոնց հետ դժվար է համաձայնության գալ, և Թուրքիայի համար դժվար է կայուն հարաբերություններ պահպանել նրանց հետ»: Եվ, ինչպես միշտ է Թուրքիայի պարագայում, իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն, պարզապես «վատ հարևանների» քաղաքականությանը, նրա գնահատմամբ, բնորոշ են «հանցագործությունները, ինչպես սեփական, այնպես էլ այլ ժողովուրդների նկատմամբ»:

Սակայն սա թողնենք «թուրքական Քիսինջերի» խղճին (որոշ լրատվամիջոցների կողմից թուրք դիվանագետին շնորհված շոյիչ, բայց կասկածելի բնորոշում) և առայժմ կանգ առնենք Անկարայի տարածաշրջանային քաղաքականության մի կոնկրետ ուղղության` վրացականի վրա: Վերջին ժամանակներս շատ է խոսվում Բաքու-Թբիլիսի-Անկարա առանցքի ձևավորման մասին, ուր Թուրքիան մտադիր է գլխավոր դերակատարումն ունենալ: Ընդ որում, եթե թուրքերի համար «կրտսեր եղբայր» Բաքվի հարցում ամեն ինչ վաղուց հայտնի է, ապա Թբիլիսի-Անկարա հարաբերությունները համարվում են իդեալական, վերջին երկու տարում ստորագրված տնտեսական պայմանագրերը վկայում են, որ Թուրքիան Վրաստանի էներգետիկ ոլորտում ներդրել է ավելի քան երկու միլիարդ դոլար, իսկ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա բաղձալի երկաթուղին, ինչպես հավաստիացվում է, շահագործման կհանձնվի 2013-ին: Վաղուց արդեն սովորական բան են դարձել և՛ թուրք պաշտոնյաներին աջուձախ շնորհվող վրացական «Պատվո շքանշանները», և վրացական ավանդական բաժակաճառերը, թե «Թուրքիան Վրաստանի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում»: Իրենց հերթին թուրքերը շարունակ բալասանով են օծում վրացիների հոգին, հայտարարելով. «Վրաստանն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, և մենք մշտապես հանդես ենք գալիս Եվրատլանտյան կառույցներին Վրաստանի միավորման օգտին»: Ընդ որում, «երախտագետ» ներբողներ են ձոնվում «եղբայրների ու հարևանների» հասցեին այն վեհանձնության համար, որ ներկա Թուրքիայի տարածքում «վրացական եկեղեցաշինության մարգարիտների» տասնամյակներ շարունակված հետևողական ավերումից ու մզկիթների վերածումից հետո վրաց հոգևորականներին թույլատրված է տարին յոթ անգամ (պատկերացնո՞ւմ եք, ամբողջ յոթ անգամ) Ստամբուլի տաճարում ուղղափառ ժամերգություն կատարել վրացերեն «հանուն Սուրբ Մարիամ Աստվածածնի»:

Սակայն կարելի՞ է, արդյոք, ասել, թե Վրաստանը, ի վերջո, ընտրել է արտաքին քաղաքականության թուրքամետ ուղղությունը: Եվ որքանո՞վ է այդ հերթական եղբայրությունն անշրջելի: Հասկանալի է, որ նման դաշնությունն աշխարհում շատերին կարող է դուր չգալ, և ոչ միայն անմիջապես միտքդ եկող Մոսկվային ու Թեհրանին, այլև այդ գործընթացից ավելի մեկուսացած մերձավորարևելյան ու եվրոպական դերակատարներին: Ավելին, Թբիլիսիում հնչող ճոռոմ բաժակաճառերի ու մեծարանքների տողատակում գրեթե մշտապես երևում են հակասություններ, որոնք վաղ, թե ուշ կարող են լուրջ միջադեպերի առիթ դառնալ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական ուղղությամբ: Այսպես, վերջերս «Վրաստանի թուրքերի համադաշնության» նախագահը հանդիպում է ունեցել ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների հետ, գանգատվել իրենց «չար բախտից», քննարկել «կրոնի, լուսավորության, հողի ու մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի թուրքերի հիմնական խնդիրները» և առաջարկել է այդ հարցերը բարձրացնել ադրբեջանական խորհրդարանում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ու եվրոպական կառույցներում: Բացի այդ, վերջին ամիսներին միանգամից այլ խնդիրներ էլ ջրի երես ելան: Դա Բաթումում «Ազիզիե» մզկիթի վերականգնման հարցն է (19-րդ դարի 60-ականներին կառուցել են Օսմանյան Թուրքիայի իշխանությունները, 20-րդ դարում ավերվել է խորհրդային իշխանությունների օրոք), Ճորոխի, ինչպես նաև Կուր գետի ամբարտակների կառուցման, Թուրքիայում Վրաստանի քաղաքացիների կեցությունը երեք ամսով սահմանափակելու հարցերը և այլն:

Վրաց հանրության շրջանում մեծանում է տագնապը նաև Աջարիայում տիրող իրադրության առնչությամբ. Ինքնավար Հանրապետությունում խորացել է թուրքական կապիտալի գերիշխանությունը: Բաթումի նորակառույց շենքերի մեծ մասը կառուցել են թուրք ներդրողները, թուրքերը գնել են բազմաթիվ խանութներ և այլ հաստատություններ: Ասում են, թե Աջարիայի մայրաքաղաքում մշտապես բնակվող Թուրքիայի քաղաքացիների թիվը, որոշ տվյալներով, կազմում է մի քանի տասնյակ հազար: Հիշեցնենք, Աջարիայի կարգավիճակը կանոնակարգված է Կարսի պայմանագրով, համաձայն որի, Ռուսաստանն ու Թուրքիան իրենց իրավունք են վերապահել զորքեր մտցնելու ինքնավար տարածք` վերջինիս վրա այլ պետությունների հարձակման պարագայում: Պատահական չէ, որ թուրքերն այդ մասին հիշեցին 2008-ի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ և հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանին ահազանգեցին, որ Աջարիան գտնվում է իրենց ոչ բացահայտ պաշտպանության ներքո:

Օդից կախված է նաև մսխեթցի թուրքերի` Վրաստան վերադառնալու հարցը, թեև կուլիսներում բանակցություններ ընթանում են: Հիշեցնենք, երբ Վրաստանը մտավ Եվրախորհուրդ, պարտավորություն ստանձնեց հանրապետություն վերադարձնելու մսխեթցի թուրքերին, որոնք տեղահանվել էին Ստալինի օրոք: Վերադարձնելու 12-ամյա ժամկետ էր սահմանվել, և այն մոտենում է: Հիմա արդեն փոխվել է նույնիսկ տերմինաբանությունը, և «մսխեթցիները» դարձել են «Ախըսքայի թուրքեր»: Ախըսքան Վրաստանի հարավի թուրքական անվանումն է, որը 16-րդ դարում միացվել էր Օսմանյան կայսրությանը, իսկ 19-րդ դարում մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Ինչպես հայտնի է, հիմա «Ախըսքայի թուրքերն» իրենց տարածքն են համարում նաև Սամցխե-Ջավախեթիի ամբողջ հայաբնակ շրջանը, իսկ Թուրքիայում հրատարակվում են գրքեր, որոնցում «Ախըսքայի» քարտեզները ներկայացվում են հենց այդ ուրվագծով: Նկատենք` Անկարան արդեն չի էլ թաքցնում, որ կարևոր նշանակություն է տալիս «հայրենադարձությանը» Վրաստանի հենց հարավային շրջաններ (Թբիլիսին առաջարկում է բնակեցում երկրի ամբողջ տարածքում): Ընդ որում Թուրքիայում ստեղծվել է հատուկ համակարգման կոմիտե, իսկ կառավարությունը եռանդուն պատրաստվում է թուրքերի վերադարձին աջակցելուն: Այդ նպատակով նախատեսված է Աբխազիայում բացել հատուկ գրասենյակ, որն զբաղվելու է «հայրենադարձների» տեղավորման հարցերով: Վերջերս «սփյուռքի» այդ պատվիրակությանն ընդունեց նախագահ Գյուլը և մեկ անգամ ևս խոստացավ, որ թուրքական պետությունը համակողմանի աջակցություն կցուցաբերի նրանց:

Թուրքական նվաճողամտությունից չի հաջողվում զերծ պահել նաև Աբխազիան, ու թեև դա, կարծես, ռուսների «գլխացավանքն» է, վրացիները, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ: «Թուրքիան Կովկասի ժողովուրդներին նայում է որպես մեկ տանիքի տակ ապրող նույն տան բնակիչների, մենք ուզում ենք, որ վրացիներն ու աբխազներն այդ տանն ապրեն փոխադարձ հարգանքի պայմաններում»,- իր դիրքորոշումն է պարզաբանում թուրքական արտգործնախարարությունը։ Այդուամենայնիվ, Թբիլիսիում շատերն են իրենց թույլ տալիս կասկածելու այս «անշահախնդիր բարեգործությանը»: Առավել ևս, որ թուրքական լրատվամիջոցներում կասկածելի կանոնավորությամբ ի հայտ են գալիս վարկածներ, համաձայն որոնց, առաջիկայում բացառված չէ, որ Թուրքիան կճանաչի Աբխազիայի անկախությունը` Աբխազիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նույնպիսի ճանաչման դիմաց: Այսօր սա աներևակայելի է թվում, բայց Անկարայի բարձրագույն իշխանությունները վաղուց արդեն «ջրի ճամփա են դարձրել» Սուխումը` շրջանցելով Մոսկվան ու, առավել ևս, Թբիլիսին:

Բացի այդ, Թուրքիայում «մահաջիների» ստվարաթիվ աբխազական սփյուռք է ապրում (այստեղ ավելացնենք նաև ադըղեա-չերքեզական սփյուռքը, որը լեզվամշակութային առումով մոտ է աբխազականին): Որոշ տվյալների համաձայն, նրանց թիվը կազմում է մոտ կես միլիոն, այսինքն, շատ ավելի, քան բուն Աբխազիայում: Հարկ է նկատել, որ սփյուռքի այդ գործոնն Անկարան մշտապես հաշվի է առել իր արտքաղաքական գերակայությունները մշակելիս, և Սուխումը միշտ ունեցել է իր փոքրիկ պատուհանը: Դեռ 1991 թ. աբխազական շարժման առաջնորդ Վլադիսլավ Արձինբան, այցելելով Թուրքիա, ընդունելության էր արժանացել մի շարք նշանավոր քաղգործիչների կողմից: Մի քանի տարի առաջ էլ թուրքաբնակ աբխազները կառուցեցին Սուխումի կենտրոնի «Յասեմին» հյուրանոցը: Հենց նրանք էլ վաղուց արդեն ապահովում են հանրապետության վառելիքաքսանյութերի մատակարարումը, կարգավորում են «քարածխի» ու «անտառափայտի» բիզնեսը (Աբխազիայից ածխի ու անտառափայտի արտահանումը, փաստորեն, լիովին ապահովում են Թուրքիայի հայրենադարձ աբխազները): 1994-ից բացվել է թուրքական «Բաշարան-քոլեջը» (գործունեությունը նախատեսված է 36 տարի), որը Աբխազիայի ամենահարգի ուսումնական հաստատությունն է: Սփյուռքը հանդես է եկել Տրապիզոն-Սուխում լաստանավային ուղու և թուրք-աբխազական անմիջական առևտրի վերականգնման օգտին, ինչն արժանացել է թուրքական կառավարության հավանությանը: Այնպես որ, թեև այսօրվա դրությամբ «մեծ վերադարձը» տեղի չի ունեցել, բայց փողը Թուրքիայից հոսում է:

Այս ամենը, կարծես, վկայում է, որ թուրք դիվանագետները, պաշտոնապես հանդես գալով Վրաստանի ամբողջականության օգտին, հստակորեն հասկացնում են, որ իրենք, դուր գա, թե ոչ, իրենց առանձնակի հարաբերությունները կունենան Բաթումի ու Սուխումի հետ: Հնարավոր է` հետագայում նաև Ցխինվալի և անգամ Ջավախեթիայի հետ: Հասկանալի է, որ Թուրքիան և Վրաստանը աշխարհաքաղաքական տարբեր կարգավիճակ, տնտեսական տարբեր հնարավորություններ ունեցող և, ընդհանուր առմամբ, չափերով անհամազոր երկրներ են: Համապատասխանաբար, Վրաստանը բավականին կախյալ կողմ է և, թվում է, ընդունակ չէ «կտրուկ շարժումների»: Սակայն հարկ է արձանագրել, որ ճոռոմ կարգախոսների ու բարեկամության երդումների ցուցանակի հետևում, այնուամենայնիվ, կուտակված է չլուծված և, ամենայն հավանականությամբ, անլուծելի խնդիրների մի մեծ շեղջ, որոնք դեռ զգալ կտան իրենց: Իսկ ահա կփորձի՞, արդյոք, Թբիլիսին որևէ բան հակադրել հարավային հարևանի ճնշմանը, պարզ չէ: Մինչ այժմ վրաց-թուրքական հարաբերությունները զարգացել են թուրքական կողմի նկատելի առավելությամբ, որը, որպես կանոն, ձգտել է հասնել Անկարայի առաջադրած նպատակների իրագործմանը:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ