Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՆԱ ՄՆԱՑ «ՈՒՍԱՆՈՂ» ԳՈՐԾՉԻ ԴԵՐՈՒՄ

ՆԱ ՄՆԱՑ «ՈՒՍԱՆՈՂ» ԳՈՐԾՉԻ ԴԵՐՈՒՄ
30.03.2012 | 00:00

Հայաստանի նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, անչափ հավակնոտ մի անձնավորություն, երկար ժամանակ նույն թիմում է աշխատել ներկա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում, միշտ լինելով փաստական կամ ոչ պաշտոնական առաջատար ինչպես Լեռնային Ղարաբաղում աշխատելու տարիներին, այնպես էլ Երևանում։ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև վաղուց են կոռեկտ և բարեկամական հարաբերություններ ձևավորվել, որոնք գրեթե երբեք կասկածի տակ չեն առնվել ո՛չ հակառակորդների կողմից, ո՛չ էլ բարեկամների։ Հայաստանում 2008-ի նախագահական ընտրությունների շրջանում Ռ. Քոչարյանն իր ուսերին առավ իրադարձությունների ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը, ամենից առաջ ուժային բախումներն ընդդիմության հետ, և դրանով իսկ ինչ-որ չափով Ս. Սարգսյանին և նրա որոշ մարդկանց զերծ պահեց բազմաթիվ մեղադրանքներից ու տհաճություններից։ Դրա հետ մեկտեղ, Ռ. Քոչարյանի այդ նախաձեռնությունները, որոնց պատճառով 11 մարդ զոհվեց հանրահավաքների և այլ իրադարձությունների ժամանակ, առիթ դարձան զրկելու Ռ. Քոչարյանին որևէ պաշտոնի հավակնելու հնարավորությունից։ Չնայած 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ Արևմտյան ընկերակցության դժգոհություններին, կասկած չկա, որ Ռ. Քոչարյանը վստահ էր, որ Ս. Սարգսյանն իրեն կառաջարկի վարչապետի պաշտոնը, այսինքն` տեղափոխություն կարվի Ռուսաստանի նման։ Առավել լարված պահին, երբ Ս. Սարգսյանը կառավարություն էր կազմում, Ռ. Քոչարյանը մեծ ջանքեր չգործադրեց վարչապետի պաշտոնում «իր նշանակման» համար, և դա համահունչ էր այն տրամադրություններին, որոնք գերիշխում էին վարչակազմում, խորհրդարանում և կոալիցիայի կառավարող կուսակցություններում։ Փաստորեն, այդ տագնապալի պահին Ռ. Քոչարյանին ոչ ոք չէր սատարում, և, առաջին հերթին, Ս. Սարգսյանն իրեն նրանից հեռու պահելու դիրք բռնեց։ Ս. Սարգսյանը հույս ուներ, թե աստիճանաբար կբարձրանա երկրի ու նաև իր անձնական վարկանիշը, եթե մի այնպիսի անցանկալի անձնավորություն, ինչպիսին Ռ. Քոչարյանն է, հեռացվի իշխանությունից։ Տեղեկություններ կան, որ ընտրությունների նախօրեին Ռ. Քոչարյանն արդեն կազմել էր նոր կառավարության «փաթեթը» և վստահ էր, որ այդ մտադրությունները հաջողություն կունենան։ ՈՒստի Ռ. Քոչարյանը նեղացածի կեցվածք է ընդունել, և վերջին տարիներին, լինելով իշխանական ոլորտից դուրս, ջանում է բոլորին ցույց տալ, որ ինքը լավ դիրքեր ունի թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ, մի բան, որ իրականում չկա։ Դրա հետ մեկտեղ, Ռ. Քոչարյանի ներկա վիճակի պատճառը ոչ միայն Ս. Սարգսյանի և նրա զինակիցների, այլև «Հանրապետական» կուսակցության հետ հարաբերություններում նրա թույլ տված որոշակի սխալներն են։ Նա իր գլխավոր սխալը, կարելի է ասել, թույլ էր տվել ավելի շուտ։ Խոսքն այն մասին է, որ նա հոգ չէր տարել իր շուրջն այնպիսի քաղաքական գործչի լուսապսակ ստեղծելու մասին, որը հարաբերվում է հասարակության հետ։ Քաղաքականության այդ երակը, որ կոպտորեն ու մեծամտորեն արհամարհվել էր Ռ. Քոչարյանի կողմից, զուգորդվում էր այն բանին, որ նա փորձում էր «ռևիզիայի» ենթարկել նախորդ իշխանությունների գործունեությունը, ուստի «հնձեց» հենց իր «ցանածը»։ Մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչու նա չօգտվեց մի այնքան անվիճելիորեն շահեկան քայլից` դրական վարկանիշ և հեղինակություն ձեռք բերելու համար, ինչպիսին դաշնակցական կուսակցության գործիչների ազատ արձակումն էր։ Նա աջակցեց դաշնակցությանը` նախորդ իշխանությունների գլխավոր հակառակորդին, բայց քննադատություն չծավալվեց նրա արտաքին քաղաքականության հասցեին, դրանով իսկ կասկածի տակ դնելով իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, ինչը նրան ամենամեծ վնասը պատճառեց։ Ավելին, Ռ. Քոչարյանը պայմաններ չստեղծեց մի այնպիսի խնդրի կապակցությամբ տարածվող կարծիքների դեմն առնելու համար, ինչպիսին «տարածքային զիջումներն» էին։ Ռ. Քոչարյանը երկար ժամանակ, ամեն տեսակի այլ տպավորությունների կողքին, մնում էր «ուսանող» քաղաքական գործչի դերում, որը հարկադրված էր գործել փորձել-սխալվելու մեթոդով։ Դա հետևանք էր այն բանի, որ նա չկարողացավ ստեղծել արտաքին քաղաքականության և անվտանգության (լայն առումով) բավականաչափ պատրաստված թիմ։
Ռ. Քոչարյանի բախտը, սակայն, մասամբ բերեց, քանի որ նրա նախագահության շրջանը համընկավ տնտեսական նպաստավոր իրադրության ժամանակաշրջանին, սակայն Հայաստանում արդյունաբերության մրցունակ ճյուղերի ու ձեռնարկությունների ստեղծմանը միտված տնտեսական քաղաքականություն չէր վարվում։ Չափազանց շատ էր շեշտադրվում մասնավոր բիզնեսի հարմարվողական, դրական վարքագիծը, որն ընդունակ չէր և հիմա էլ ոչ մի հիմք չունի զարգացնելու արդյունաբերությունը։ Այդ մոտեցումներն այսօր էլ տեղ ունեն և մնում են որպես տնտեսական քաղաքականության հիմք։
Ռ. Քոչարյանը բավական պատկառելի բիզնես ունի շինարարության, գինու-օղու, հեռահաղորդակցության, բանկային ոլորտներում։ Նրա հիմնական գործընկերները ճանաչված բարձրաստիճան պաշտոնյաներ են, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որոնք, Ռ. Քոչարյանի հետ մեկտեղ, շատ հարուստ անձինք են, տարբեր երկրներում ունեն բավականաչափ բազմազանեցված (դիվերսիֆիկացված) կապիտալ։ Սակայն, անգամ բիզնեսում ունեցած նման դիրքի պայմաններում, Ռ. Քոչարյանը մնում է որպես «շարքային օլիգարխ» և պատշաճ ազդեցություն չի գործում ո՛չ ձեռնարկատիրության, ո՛չ քաղաքականության վրա։ Նա կարծում էր, թե իրեն բարձր պաշտոն կառաջարկվի Ռուսաստանի առաջատար ընկերություններից մեկում, ենթադրաբար` «Գազարդ»-ում, բայց դա չստացվեց, և նա դարձավ ռուսական շարքային ընկերություններից մեկի համատնօրենը։ Երևի հենց այս հանգամանքն էլ դարձավ Ռ. Քոչարյանի կողմից իր դրության նոր իմաստավորման սկիզբ, և սկսեցին նրա քաղաքականություն վերադառնալու ծրագրեր հյուսվել։
Ռ. Քոչարյանի նոր տրամադրությունները համընկան Հայաստանում քաղաքական ու տնտեսական ճգնաժամի խորացմանը, ինչը մեծապես պայմանավորված էր համաշխարհային ճգնաժամով։ Լուրեր են պտտվում, թե Ռ. Քոչարյանը խիստ մերժողաբար, կամ, համենայն դեպս, քննադատաբար է վերաբերվում Ս. Սարգսյանի արտաքին քաղաքականությանը, գոնե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան թեմաներով։ Բայց դա այդպես էլ որևէ հաստատում չգտավ, և Ռ. Քոչարյանի դիրքորոշումը ներկա արտաքին քաղաքականության առնչությամբ մնում է դեռևս չպարզված։ Նույն կերպ այդ հարցերի առնչությամբ չպարզված է մնում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։ Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանը համընկել է նաև այն բանի վերջնական ըմբռնմանը, որ ավելի վաղ Քոչարյանի ստեղծած քաղաքական կուսակցությունը, այսինքն, «Բարգավաճ Հայաստանը», որի ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, այդպես էլ չկարողացավ առանցքային տեղ գրավել հայկական քաղաքականության մեջ և լուրջ հենարան չդարձավ Ռ. Քոչարյանի հետագա կարիերայի համար. այդ կուսակցությունը չի կարող կարևոր տեղ գրավել քաղաքականության մեջ առանց քաղաքականությանը Ռ. Քոչարյանի անմիջական մասնակցության։
Քոչարյանի առջև իշխանություն վերադառնալու խնդիր է ծառացած` նախագահ Ս. Սարգսյանի հետ գործընկերության ձևաչափով։ Այսինքն, խոսքը դարձյալ վարչապետի պաշտոնի մասին է։ Ներկայումս անհերքելի տեղեկություններ կան այն մասին, որ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև քննարկվում է այդ հեռանկարը, և հնարավոր է, որ այդ հարցերը քննարկված լինեն գործընկեր-մրցակից ձևաչափով։ Եվ հիմա Քոչարյանի իշխանություն վերադառնալու հարցը դարձել է երկրում քննարկվող օրախնդիր թեմաներից մեկը։
Հարկ է նշել, որ ներկայումս Ռ. Քոչարյանը բավականաչափ քաղաքական ռեսուրսներ չունի վարչապետի պաշտոնում իր անձը «խցկելու» համար։ Նախ, դեռևս պարզ չեն նախագահ Ս. Սարգսյանի մտադրություններն ու պատրաստակամությունը` ընդունելու Ռ. Քոչարյանի առաջարկությունն «իր նշանակման» վերաբերյալ։ Ս. Սարգսյանը դեռևս անհրաժեշտ խորհրդակցություններ չի անցկացրել իր թիմակիցների, այդ թվում` կառավարող «Հանրապետական» կուսակցության ղեկավարների հետ։ Միանգամայն պարզ է, որ «Հանրապետական» կուսակցությունը Ռ. Քոչարյանին համարում է «թշնամի», որը հենվում է ոչ թե հանրապետականների, այլ իր գրպանային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա։ Նախկինում` Ռ. Քոչարյանի նախագահության օրոք, «Հանրապետական» կուսակցությունը հնարավորինս ցուցադրում էր իր բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ։ Հաշվի առնելով «Հանրապետական» կուսակցության պարագլուխների ու գործիչների նպատակը` իրենց համար հուսալի տեղ ապահովելու տնտեսական ու վարչական ոլորտում, պահպանելու եկամուտներն ու արտոնյալ դիրքը, ինչը, փաստորեն, հնարավորություն էր ընձեռում անվերահսկելիորեն կառավարելու և որոշումներ ընդունելու, հատկապես առավել եկամտաբեր ոլորտներում, Ռ. Քոչարյանը, որն արտահայտում է իր թիմի շահերը և միշտ աշխատում էր նեղացնել և նվազագույնի հասցնել «Հանրապետական» կուսակցության ազդեցությունը, դարձավ այդ կուսակցության պարագլուխների հակառակորդը։ Բացի այդ, «Հանրապետական» կուսակցությանը մոտ կանգնած որոշակի քաղգործիչներ Ռ. Քոչարյանին մեղադրում էին 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի շենքում խոշոր ահաբեկչական ակտի իրագործման մեջ։ Այդ խնդիրը շարունակում է մնալ, և ժամանակ առ ժամանակ ինչպես ընդդիմության, այնպես էլ «Հանրապետական» կուսակցության որոշ անդամների կողմից օգտագործվում է ընդդեմ Ռ. Քոչարյանի։ Ներկայումս Ռ. Քոչարյանը կատարում է նույն սխալը, ինչ 90-ականների վերջին, այսինքն, խուսափում է Լ. Տեր-Պետրոսյանի համախոհների հետ դիմակայությունից, հնարավորություն տալով Հայ ազգային կոնգրեսին շարունակելու հարձակումներն իր հասցեին։ Դա, անկասկած, դեռ լուրջ տհաճություններ է ստեղծելու Քոչարյանի համար։
«Բարգավաճ Հայաստան» քաղաքական կուսակցությունը, որն ստեղծել ու ղեկավարել է Ռ. Քոչարյանը, երկար ժամանակ չէր դիտվում որպես քաղաքական լուրջ ռեսուրս և մի որոշակի ժամանակահատված ասես «ավելորդ բեռ» լիներ հենց Քոչարյանի համար։ Առաջ թվում էր, թե այդ կուսակցությունը ոչ մի կերպ չի կարողանում էապես աջակցել նրան և ինչ-որ արդյունավետ նախաձեռնություններ առաջարկել ի նպաստ իր առաջնորդի։ Սակայն այդ կուսակցության գործունեության նոր տակտիկան և նրա առջև դրված նոր նպատակները հանգեցրին այն բանին, որ այն հիմա առավել մեծ ժողովրդականություն է վայելում և ընդունելի է բնակչության սակավաթիվ խմբերի` գյուղաբնակիչների, քաղաքաբնակների մի մասի, զգալի թվով ձեռնարկատերերի համար։ «Բարգավաճ Հայաստանը» բացահայտ առաջատար չի դարձել, բայց անհամեմատ ավելի լավ դիրքեր ունի, քան գործող, արմատական ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, չնայած վերջինիս անցած ուղուն և վայելած համակրանքին։
Ռ. Քոչարյանն աշխատում է Ս. Սարգսյանին առաջարկել որոշ քաղաքական ռեսուրսներ, որոնք կարող էին շահեկան լինել նրա համար այս ոչ հասարակ իրավիճակում։ Նա ջանում է խորհրդակցել որոշ փորձագետների ու քաղգործիչների, ինչպես նաև ձեռնարկատերերի հետ` այդպիսի ռեսուրսներ հայտնաբերելու նպատակով, բայց առայժմ նման ռեսուրսները շատ չեն։ Ռ. Քոչարյանի ռուսամետ դիրքորոշումն այնքան էլ մեծ ռեսուրս չէ Ս. Սարգսյանի համար, քանի որ նա ինքն էլ սերտորեն կապված է Մոսկվայի հետ և հետևողականորեն շարունակում է Ռուսաստանի հետ մերձեցման ու համագործակցության քաղաքականությունը ՀԱՊԿ-ի, ռուս-հայկական «մեծ պայմանագրի» շրջանակներում և եվրասիական տնտեսական գործընկերության ձևաչափով։ Այս իրավիճակում Ռ. Քոչարյանին հազիվ թե հաջողվի Ս. Սարգսյանի ընդհանուր ռեսուրսների պաշարին որևէ էական ու հետաքրքրական բան ավելացնել։
Որոշակի ռեսուրսներ կան Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտում, երկիր, որը Ժակ Շիրակի ժամանակներից ի վեր Ռ. Քոչարյանին համարում է ընդունելի քաղգործիչ, և Ֆրանսիայի ներկա նախագահը, ըստ լուրերի, չի մոռանում Հայաստանի նախկին նախագահին, ուշադրության առնելով նրա ունեցած խնդիրները։ Միգուցե Քոչարյանին աջակցելու հարցում որոշակի դեր կխաղա Իրանը, որը նրան, որպես պատվավոր ու բարձրաստիճան հյուրի, հրավիրելով Թեհրան, Ս. Սարգսյանին ցույց տվեց, որ Իրանի շահերն ավելի շուտ կապված են Ռ. Քոչարյանի քաղաքականության ու ոճի հետ, քան Հայաստանի ներկա նախագահի։ Ռ. Քոչարյանը տասը տարի վարում էր Իրանի հետ բազմակողմանի մերձեցման ու համագործակցության քաղաքականություն, քիչ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, ինչը չեն մոռացել Թեհրանում։ Դրա հետ մեկտեղ նշաններ կան, որ բրիտանացիներն ինչ-որ չափով անհանգստացած են այն հեռանկարից, որ Քոչարյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն կամ էլ նշանակալի տեղ գրավել այնտեղ։ Նա անմոռանալի հետք է թողել բրիտանացիների հիշողության մեջ, երբ նրա որոշ գնահատականներ այս կամ այն պատճառով հրապարակայնություն են ստացել։
Անհասկանալի է մնում, թե ինչ է նշանակում Ռ. Քոչարյանին աջակցելը Ռուսաստանի կողմից։ Հազիվ թե Ռուսաստանը, ինչպես ցանկացած այլ պետություն, կարողանա կարևոր դեր խաղալ Հայաստանի խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշելու գործում։ Երևի միակ բանը, ինչ ռուսները կարող էին անել Ռ. Քոչարյանի համար, այն է, որ Ս. Սարգսյանին համոզեն նախապատվություն տալ Ռ. Քոչարյանին որպես իր սկզբունքային քաղաքական գործընկերոջ։
ԱՄՆ-ը մինչև այս պահը միանգամայն ակնհայտորեն Ս. Սարգսյանին աջակցելու դիրք է բռնել, քանի որ ամերիկացիները տարածաշրջանում այլևս բարդ, նրբահյուս խաղեր չեն տալիս և նախընտրում են Հայաստանի ներկա նախագահին դիտարկել որպես գործընկերոջ, որը կարող է կատարել մի շարք բարդ առաջադրանքներ և գլխավորը` վարել ԱՄՆ-ի դիրքորոշմանը սատարող քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը նշանակում է Հայաստանին հաղորդակից դարձնել Թուրքիային զսպելու դիրքորոշմանը և ՆԱՏՕ-ի հետ մերձեցնելու կուրս վերցնել։ Կարո՞ղ էր արդյոք Ռ. Քոչարյանն ա՛յդ հարցերում դառնալ ԱՄՆ-ի փոխարինող գործընկեր։ Չէր կարող։ Քոչարյանը շատ անհարմար գործընկեր է ԱՄՆ-ի համար, և պատճառը ոչ թե մարտի 1-ի դեպքերն են, այլ աշխարհաքաղաքական խնդիրները։ Միաժամանակ, եթե արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի ներկա քաղաքական ոճը պահպանվի տեսանելի հեռանկարում, և Ռ. Քոչարյանն էլ նորից դառնա հրապարակային քաղաքական գործիչ, նրա հարաբերություններն ամերիկացիների հետ կարող են միանգամայն այլ տեսք ունենալ։
Իշխանության կազմավորման գլխավոր խնդիրը կլինի արտաքին քաղաքականությունը, այսինքն, այն խնդիրը, որն առայժմ գերակա չէ իշխանության ներսում և դրանից դուրս տեղի ունեցող երկխոսությունում։ Հայաստանի առջև ծառացած է նոր արտաքին քաղաքականության կառուցման խնդիրը, ինչը նշանակում է նոր հարաբերություններ ձևավորել Արևմուտքի հետ` Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի հետ պահպանելով հիմնարար հարաբերություններ։ Մասնավորապես, հարց կդրվի, թե ինչպիսին պետք է լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կուրսն ԱՄՆ-ի ու Եվրամիության առաջատար պետությունների հետ հարաբերությունների զարգացման պայմաններում։ Ամենայն հավանականությամբ, Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միջև արդեն «փոխադարձ բացատրություններ» կան թուրքական ու ղարաբաղյան թեմաներով, բայց հազիվ թե որևէ արդյունավետ պայմանավորվածություն լինի։
Երկուսն էլ հասկանում են, որ Արևմտյան ընկերակցությունը Թուրքիայի հանդեպ վարում է «զսպման» քաղաքականություն, ինչը Հայաստանի քաղաքական խավի կողմից ընկալվել է որպես շատ թե քիչ բարենպաստ միջավայր, որտեղ կարելի է ազգային շահերի բարեհաջող պաշտպանության հույսեր ունենալ։ Հայաստանն աշխատում է պահպանել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ և ընդունել Թուրքիայի զսպման ամերիկյան ռազմավարությունը։ Դա շատ վտանգավոր դիրքորոշում է, և Հայաստանում բոլորն են դա հասկանում, սակայն ուրիշ ելք չկա։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ