Ինքնուրույն քաղաքական գոյության տարիներին Ադրբեջանում ձևավորվել է մի նոր քաղաքական դասակարգ և վարչական գործիչների մի նշանակալի խավ, ովքեր կրթություն են ստացել Եվրոպայում և ԱՄՆ-ում և տարբերվում են «տեղական մտավորականների» ավանդական տեսակից: Սակայն պաշտոնատար անձանց այդ նոր տեսակին են պատկանում նաև նրանք, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում: Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչ և քաղաքական գործիչ Ռաուֆ Թալիշինսկու բնորոշմամբ` այդ սերունդն աչքի չի ընկնում ո՛չ ազգայնական, ո՛չ հայրենասիրական զգացումներով, «շատ էլ տարբերություն չի դնում, թե որտեղ և ում օգտին է աշխատում», «նպատակ է հետապնդում ունենալու փող և հաջողություն, բայց անպայման և՛ մեկը, և՛ մյուսը` միանգամից»: Նոր աշխատակազմի ձևավորման մտահղացումը Հեյդար Ալիևինն էր` նրա քաղաքական գործունեության ամենավերջին շրջանում, բայց ամենաընդհանուր գծերով: Այդ մտահղացումը սկսեց իրագործել նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհտիևը` խստիվ պահպանելով կլանային ու ազգակցական առաջնայնությունները: Գործադիր իշխանությունում սերնդափոխության ընթացքում էլ, որ 2003 թ. նախագահական ընտրություններից հետո իրականացնում էին Իլհամ Ալիևն ու Ռ. Մեհտիևը, տեղի ունեցան վարչական աշխատակազմի նշանավոր փոփոխությունները: Խնդիրն անգամ այն չէր, որ պիտի կատարվեր կադրային շրջափոխություն, այլ աշխատակազմում արդեն աշխատող նոր, ավելի երիտասարդ մարդկանց առաջքաշումը: Վերջին երեք-չորս տարում այդ նոր սերունդը, ըստ էության, առաջնային տեղ է գրավել քաղաքական նախագծման ու վերլուծության ասպարեզում, հրապարակային և ոչ հրապարակային քաղաքական բանավեճերում: Պետք է պատշաճը մատուցել նախագահ Ի. Ալիևին` նոր մասնագետների այդ առաջխաղացումն իրագործելու համար: Աշխատակազմում «նոր մարդկանց» ոգեշնչում են քաղաքական ղեկավարության աջակցությունը, հետաքրքիր կրթական ծրագրերի առկայությունը, համեմատաբար արագ պաշտոնեական առաջխաղացումը, մտահղացումների ու նախագծերի իրացման հնարավորությունն ու վստահությունը: Իհարկե, «նոր մարդկանց» ոգեշնչում են նաև ակնկալվող նավթաեկամուտները, որոնց հետ է ադրբեջանական հասարակությունը կապում իր բոլոր խնդիրների լուծումը: Այդ հանգամանքը շատ կարևոր է թվում Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության նպատակներն ու խնդիրներն ըմբռնելու համար:
2006 թ. հանդես գալով անվտանգության խորհրդի և կառավարության համատեղ ընդլայնված նիստում, Ի. Ալիևը ներկայացրեց մի քանի «հրահանգային» նախադրյալներ, որոնք հետագայում դարձան Ադրբեջանի քաղաքականության հիմքը: Ահա դրանք.
-Ադրբեջանի քաղաքականության մեջ հապաղման շրջանն անցել է, ժամանակն է վարելու ակտիվ արտաքին քաղաքականություն, հատկապես` տարածաշրջանային, հանդես գալու լայնընդգրկուն նախաձեռնություններով, նպատակ հետապնդելով Ադրբեջանը դարձնել տարածաշրջանի առանցքային պետություն, տարբեր տերությունների ռազմավարական գործընկեր, մասնակցել քաղաքական ու տնտեսական խոշոր դաշինքների:
-Ադրբեջանը չի կարող մնալ սոսկ Հարավային Կովկասի հավասարազոր երկրներից մեկի կարգավիճակում և պետք է ձեռք բերի ավելի բարձր կարգավիճակ` հենվելով աշխարհաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմական առավելությունների վրա։
-Ադրբեջանի դերի մասին պատկերացումները` որպես Եվրամիության, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերոջ, պետք է ընդլայնվեն` համագործակցության և որոշակի գործառույթների ընդգրկմանը զուգահեռ, և նավթի ու գազի մատակարարումները, քաղաքական ու պաշտպանական գործառույթների հետ մեկտեղ, պետք է լինեն սոսկ այդ գործառույթներից մեկը:
-Այդ հավակնությունները կապված են կոնկրետ խնդիրների հետ, որոնք պետք է լուծել երկրի անվտանգության ապահովման, նրա տնտեսական ու պաշտպանական հզորության մեծացման համար` դրանք համապատասխանեցնելով հասարակության պահանջմունքներին, որը ձգտում է Ադրբեջանը տեսնել որպես տնտեսապես առավել զարգացած ու բարեկեցիկ պետությունների «ակումբի» իրավահավասար անդամ:
-Ադրբեջանը պատրաստ է սկսելու պետության ու հասարակության վերափոխման մի բարդ աշխատանք, որպեսզի դառնա էներգապաշարների արտադրության և բաշխման համաշխարհային կենտրոններից մեկը, դրանց ռացիոնալ և արդյունավետ վերամշակման, տնտեսության և արդյունաբերության տարակերպման օրինակ, ինչպես նաև քիմիայում, մետալուրգիայում, նոր նյութերի ստեղծման գործում բարձր տեխնոլոգիաների զարգացման, արդիական տեխնիկայի արտադրության, գիտական խոր հետազոտությունների երկիր, հիմքեր կան Ադրբեջանը վերածելու տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի:
-Ադրբեջանը պետք է բոլոր հնարավորություններն ունենա ցանկացած ագրեսիա հետ մղելու` օժտված լինի պաշտպանական ու քաղաքական հզորությամբ` ղարաբաղյան հարցի, հարևան պետությունների, այդ թվում` Իրանի, Վրաստանի, Թուրքմենստանի և Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների լուծման համար, և դրա հետ մեկտեղ կարողանա կանխել լարվածությունն արտաքին հարաբերություններում:
-Անհրաժեշտ է Հայաստանին ստիպել ընդունելու հայկական պետության ու հասարակության ագրեսիվ և ապակառուցողական էությունը, հրաժարվելու ադրբեջանական տարածքի օկուպացումից ու նրա նկատմամբ ոտնձգությունից, լիովին հրաժարվելու Ադրբեջանի մշակույթի հանդեպ հավակնություններից, անհրաժեշտ է առկա հնարավորությունները գործադրել Հայաստանի քաղաքական և տնտեսական շրջափակման համար, թույլ չտալ, որ Հայաստանը զարգանա, և ամրապնդվի նրա ռազմական հզորությունը, հարկավոր է Հայաստանին համոզիչ կերպով ցուցադրել նրա հավակնությունների անհեռանկարայնությունն ու ռազմական պարտության անխուսափելիությունը:
-Ադրբեջանը խնդիր ունի ավելի ակտիվորեն համագործակցելու Թուրքիայի, թյուրքական եղբայր պետությունների հետ, ավելի պարզորոշ և սկզբունքային դիրքորոշում հայտնելու միջազգային իսլամական կազմակերպություններում: Կարևոր խնդիր է Իրանի հետ հարաբերությունների կարգավորումն ու բարելավումը:
-ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ սերտ համագործակցությունն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր կողմնորոշիչն է, քանի որ նա իրեն համարում է Եվրատլանտյան տարածության մաս, ինչը հիմնված է հեռանկարի իրատես գնահատման, ազգային գերակա խնդիրների լուծման վրա, ընդ որում, հաջող արտաքին քաղաքականության կարևոր պայմանը և՛ Արևմուտք, և՛ Արևելք ուղղությամբ աշխատելն է:
-Սրանք պետության սոցիալական ուղղվածությունն ու աշխարհիկ բնույթը կասկածի չենթարկող սկզբունքներ են, և միայն այս պայմանով Ադրբեջանը կարող է բարեկեցիկ ապագայի ու իր խնդիրների լուծման հույս ունենալ:
-Ադրբեջանի քաղաքականության սույն ուղղությունները մշակվել են նախագահ Հեյդար Ալիևի կողմից և արժանացել ադրբեջանցի ժողովրդի հավանությանը:
Այս տեղեկությունը քաղված է «Բրիթիշ Պետրոլեում» ընկերության նյութերից, տեքստը ազատ թարգմանությամբ է ներկայացված, բայց բավականին համարժեք է: Ներկայումս կան մի շարք հրահանգային նշանակության կառավարական փաստաթղթեր, որոնք սահմանում են Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները: 2006 թ., ամրապնդելով իր արտքաղաքական դիրքերը, ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման շնորհիվ, ինչպես նաև հենվելով Թուրքիայի աջակցության վրա, Ադրբեջանը հասկացավ, որ առանց տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման չի կարող հասնել այն նպատակների իրագործմանը, որոնք ազգային շահերի տեսակետից համարվում են առաջնային: Տեղի է ունենում նաև ազգային գերակայությունների ու արտաքին քաղաքականության իմաստավորում, առավել ևս, որ այս կամ այն նախագիծն իրականացնելու տնտեսական հնարավորություններ են առաջացել:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ