Թերևս չէր խանգարի նախ և առաջ հիշեցնել մեծ Լաո-Ցզիի խոսքը. «Մեղմն ու ճկունը հաղթում են կոշտին ու զորեղին»։ Հին ժամանակների իմաստասերների պատգամած այս «մեղմ ուժը» հռչակելով որպես արտաքին քաղաքականության գլխավոր գործիք` Չինաստանի ներկա իշխանությունները ոչ միայն սկսել են ակտիվ խաղ խաղալ մոլորակի բառացիորեն բոլոր ծագերում, այլև շատ հաճախ ի չիք դարձնել բազմաթիվ կանխատեսումներ ու քաղաքական ձեռնածություններ։ Այսպես, վերջին ժամանակներս ռուսական հրատարակությունները, հատկապես «վեհապետական» ուղղվածություն ունեցող, գրեթե անսքող ուրախությամբ ի լուր աշխարհի հայտարարեցին, թե Չինաստանն ու ԱՄՆ-ը թևակոխել են եթե ոչ առճակատման, ապա փոխադարձ լուրջ դժգոհության ժամանակաշրջան։ ՈՒ կարծես դրա համար առիթներն ամենալուրջն էին. տարաձայնությունները Սիրիայի խնդրում, հակասություններն Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում, Չինաստանում մարդու իրավունքների խախտումների` ամերիկացիների կողմից չդադարող քննադատությունը և այլն, և այլն։ Հիմա, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Չինաստանը, փաստորեն, վիճարկում է ԱՄՆ-ի գերիշխանությունն աշխարհում, և որևէ գործընկերության մասին արդեն խոսք չկա։ Ավելին, Ռուսաստանի թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ փորձագիտական ընկերակցությունում դեռևս գերիշխում է մի տարօրինակ, բայց կայուն կարծրատիպ` «դե, իհարկե, չինացիները հոգու խորքում չեն սիրում Ամերիկան»։ Բայց, նախ, նկատենք, «սիրելը», միարժեքորեն, քաղաքական կատեգորիա չէ, հատկապես արտքաղաքական կամ տնտեսական փոխհարաբերություններում։ Եվ երկրորդ` պարզվում է, որ նույն Սի Ցզինպինը, որը, ինչպես սպասվում է, եկող տարի կդառնա ՉԺՀ նախագահ, շատ էլ սիրում է ամերիկյան բասկետբոլն ու ամերիկյան ֆիլմերը նախընտրում չինականից։ Նա արդեն խոստացել է «զգալիորեն ավելացնել» Հոլիվուդի արտադրանքի մուտքը չինական կինոշուկա (ներկայումս Չինաստանում գործում է կինոարտադրանքի սահմանային համակարգ, որի պատճառով տարեկան երկիր է մտնում ոչ ավելի, քան 20 օտարերկրյա ֆիլմ, բայց, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, չինական շուկայում ամերիկյան ֆիլմերի քանակը կմեծանա ավելի քան 50 տոկոսով։
Իհարկե, իմաստ չունի ժխտելը, որ վերջին տարիներին Չինաստանն իրոք ԱՄՆ-ի համար վերածվել է արտքաղաքական գլխավոր մարտահրավերի, և որ նյարդայնություն կա նաև մի շարք տնտեսական հարցերում։ Պեկինի հասցեին ուղղված դժգոհությունների շարքում հատկանշական են յուանի փոխարժեքի իջեցումը, «որի հետևանքով ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրում դեֆիցիտ է կուտակում», չինական շուկա մուտքի դիմաց տեխնոլոգիաներ տրամադրելու` օտարերկրյա ընկերություններին ներկայացվող պահանջը, մարդու իրավունքների խախտումները, «բռնատիրական վարչախմբերի» պաշտպանությունը։ Իր հերթին Ամերիկան Ասիայում տեղաբաշխում է իր ամբողջ ռազմական ու դիվանագիտական հզորությունը, ձգտում է կա՛մ իր կողմը հակել, կա՛մ պառակտել Հարավարևելյան Ասիայի երկրների միավորումը (ԱՍԵԱՆ)` Չինաստանի առանցքային գործընկերոջը, ամրապնդում է ռազմական դաշինքը Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ, ռազմական ներկայություն է ստեղծում Ավստրալիայում, այն մեծացնում է Սինգապուրում և Ֆիլիպիններում։ Բացի այդ, համարվում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների ամրությունը կարող է ստուգվել, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները։ Չինաստանից, պահպանողականների կարծիքով, վտանգ է բխում, ինչը Սպիտակ տունը, փաստորեն, անտեսում է, ուստի նրանք Օբամային կոչ են անում կոշտացնել Պեկինի հետ խոսակցության տոնը։ Այսպես, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին տագնապ է արտահայտել այն կապակցությամբ, որ ՉԺՀ-ն ակտիվորեն գնում է ամերիկյան պարտատոմսերը, և հասկանալ է տվել, որ իր ընտրվելու դեպքում Չինաստանը դժվարություններ կունենա այդ հարցում։ Ընդ որում, Վաշինգտոնի ճնշումը չի սահմանափակվի տնտեսությամբ, Չինաստանի ներքին գործերը ևս ուշադրության կառնվեն։ Մասնավորապես, Ռոմնին զայրացած է ծնելիության սահմանափակման առնչությամբ։ Նրա կարծիքով, դա «բարբարոսություն» է, և ԱՄՆ-ը աչք չի փակի այդ հարցի վրա (նա, երևի, տեղյակ է, որ Չինաստանի մի շարք շրջաններում արդեն չեղարկվել է մեկ երեխա ունենալու մասին օրենքը, և շատ հետաքրքիր է, թե ինչ կասի, եթե այդ արգելքը հանվի ամբողջ երկրում)։ Սակայն չինացիները բոլոր հանդիմանությունները սովորաբար լսում են ժպիտով, ի պատասխան նկատելով, թե «խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով, ոչ թե այս կամ այն տեսակետի պարտադրումով»։ Իսկ ընդհանուր առմամբ Չինաստանը շարունակում է գործել ասիական անդրդվելիությամբ և դիմացինին խորհուրդ տալիս չմիջամտել իր ներքին գործերին, ինչպես որ ինքը քիթը չի խոթում ուրիշ երկրների գործերի մեջ։
Սակայն շատ փորձագետներ այն կարծիքին են, որ մեկնաբանությունների կոշտությունն ավելի շուտ ամբոխահաճո խաղ է։ ԱՄՆ-ում ընտրարշավի եռուն շրջան է, որի ընթացքում Չինաստանի հետ հարաբերություններն առանցքային հարցերից են, և քաղգործիչները նախագահի թեկնածուներին չեն կարող թույլ տալ պատշաճ վճռականություն չդրսևորել ազգային շահերի պաշտպանության գործում։ Իսկ իրական քաղաքականությանը, երևի, ավելի շատ համապատասխանում է Թոմաս Գրեմի կարծիքը, որն առաջ «պատասխանատու էր Ռուսաստանի համար»` Բուշի ժամանակվա ազգային անվտանգության խորհրդում, իսկ հիմա աշխատում է «Քիսինջեր Ասոշիեյթս»-ում. «Ամերիկայի նպատակն այն չէ, որ զսպի Չինաստանին, այլ այն, որպեսզի նրա ու մյուսների հետ աշխատի, որ նրա հարաճուն դերը որքան կարելի է քիչ ապակայունացնող լինի։ Եվ հասկանալի է, որ չինական զարգացող տնտեսության պայմաններում հնարավորություն չկա զսպելու Չինաստանին, նա շարունակելու է հրապուրել տնտեսական գործընկերներին։ Ավելին, հաշվի առնելով ամերիկյան և չինական տնտեսական փոխկախվածությունը, Չինաստանը որևէ շահագրգռություն չունի հակաամերիկյան կոալիցիա կազմելու Ռուսաստանի հետ»։
Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ցզինպինի` վերջերս ԱՄՆ կատարած այցը։ Ամենայն հավանականությամբ, այս տարվա աշնանը 58-ամյա ընկեր Սին Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի ներկա առաջնորդ Հու Ցզինտաոյին, իսկ 2013-ի գարնանը նրանից կժառանգի նաև ՉԺՀ նախագահի պաշտոնը։ Դիտորդների կարծիքով, ապագա առաջնորդն Ամերիկա էր այցելել մի շարք երկրներ շրջագայության շրջանակներում, ինչը չինական նոր առաջնորդի համաշխարհային պրեմիերայի գլխավոր փուլն է, իսկ իր հերթին ԱՄՆ-ում ցուցաբերված ընդունելությունը վկայում է, որ Սպիտակ տունը հասկանում է համաշխարհային ասպարեզում Չինաստանի նշանակության փոփոխությունը։ Չէ՞ որ Վաշինգտոնի համար Պեկինը դարձել է և՛ խոշորագույն վարկատու, և՛ գլխավոր առևտրական գործընկեր, և՛ միակ մրցակից համաշխարհային առաջնորդության համար պայքարում։ Ավելին, համարվում է, որ պայքարի վճռորոշ փուլը կծավալվի հենց այն տասը տարում, երբ Չինաստանում կկառավարի ընկեր Սին։ Այնպես որ, բացի Ձվաձև սրահում հանդիպումներից ու ի պատիվ նրա պետքարտուղար Քլինթոնի ու փոխնախագահ Բրայդընի տված ճաշկերույթներից, Սի Ցզինպինը դարձավ պատմության մեջ, կարելի է ասել, առաջին քաղաքացիական անձը, ով, չլինելով պետության ղեկավար, Պենտագոնում արժանացավ պաշտպանության նախարարի և շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի ընդունելությանը։
«Ստուգատեսները», դատելով ըստ ամենայնի, հաջող անցան, և կողմերը, չնայած մի շարք մանր թերություններին, գոհ մնացին իրարից։ Սի Ցզինպինը բանակցություններում առաջարկեց կարգավորել չին-ամերիկյան հարաբերությունները, որոնք փոքր-ինչ խաթարվել էին Դալայ-լամայի` Նահանգներ կատարած այցի, այնուհետև Սիրիայի հարցում Պեկինի դիրքորոշման պատճառով։ «Տարբեր կարգի հակասությունները վերացնելը, բարեկամներ, գործընկերներ դառնալը միակ ճիշտ ընտրությունն է Չինաստանի ու ԱՄՆ-ի համար»,- ասաց Սի Ցզինպինը Բարաք Օբամային, հավելելով, որ Չինաստանը հույս ունի մեծացնելու վստահության աստիճանը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, ճշտելու համաձայնության, համագործակցության ոլորտները, երկխոսության, մտքերի փոխանակության միջոցով վերացնելու հակասություններն ու գժտությունները, առևտրատնտեսական հարաբերություններում չդիմելու հովանավորչության։ «Կարևորագույն միջազգային ու տարածաշրջանային հարցերում կողմերը պետք է ակտիվացնեն գործողությունների համաձայնեցվածությունը և համագործակցությունը, համատեղ կառուցողական, պատասխանատու դեր խաղան աշխարհի առաջընթացի, կայունության ու զարգացման հարցում»,- ընդգծեց ապագա առաջնորդը։ Նրա խոսքերով` չին-ամերիկյան հարաբերությունների հաջող զարգացումը «մեծ օգուտ է բերել երկու երկրների ժողովուրդներին, դրական ազդեցություն գործել ամբողջ աշխարհի վրա»։ Ի հաստատումն այս խոսքերի, նրան ուղեկցող պաշտոնական անձինք տեղեկացրին, որ Պեկինը մտադիր է ԱՄՆ-ից գնելու 4,5 մլրդ դոլարի սոյա։ Այս որոշումը, անշուշտ, ոչ միայն շատ կուրախացնի ամերիկացի ֆերմերներին, այլև զգալիորեն կմեղմացնի «քաղաքական նրբերանգները»։ Ի դեպ, մի հետաքրքիր մանրամասն. Այովայում Սի Ցզինպինն այցելեց մի ֆերմերային ավան, ուր արդեն եղել էր 27 տարի առաջ։ Այնտեղ նա թեյի սեղանի շուրջ մեկ ժամ զրուցեց բնակիչների հետ, հիշեց մանրամասներ իր նախորդ այցելությունից, ճանաչեց մի քանիսին, ում հետ այն ժամանակ առիթ էր ունեցել հանդիպելու և, իհարկե, ընդգծեց իր շահագրգռությունն անձնական կապերի հաստատման հարցում։
Մոտեցումների հիմնական էությունը դարձավ ամերիկյան լրատվամիջոցներին «գահաժառանգ» Սիի տված հարցազրույցը, ուր նա շարադրեց գլխավոր փաստարկները, շեշտելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցնում է 440 մլրդ դոլարից, որ դրան մասնակցում են ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, որ Չինաստանը, փաստորեն, ԱՄՆ-ում ստեղծել է երեք միլիոն աշխատատեղ։ Բացի այդ, ՉԺՀ-ն ԱՄՆ-ի համար այսօրվա դրությամբ թե՛ խոշորագույն վարկատու է` գրեթե 1,6 տրիլիոն դոլարի պետպարտատոմսերի պորտֆելով, թե՛, առավել ևս, չինացիները կենսականորեն շահագրգռված են դոլարի առողջացմամբ, որովհետև այդ արժույթով են պահում իրենց 3,2 մլրդ ռեզերվների 70 տոկոսը։ Եվ պատահական չէ, որ Պեկինը, որը խոսքով, իբր, ձգտում է ազատվել դոլարի թելադրանքից, նույն Ռուսաստանի կոնկրետ առաջարկություններից միշտ հրաժարվում է։ Ինչո՞ւ։ Այս հարցը տարբեր պատասխաններ ունի։ Որոշ փորձագետներ կարծում են, որ այժմ Չինաստանի համար դոլարը յուանով փոխարինելը, որպես հաշվարկի միավոր, ձեռնտու չէ, քանի որ համընդհանուր համաշխարհային տնտեսության պայմաններում յուանը, որպես միջազգային հաշվարկների նոր միավոր, կարող է դառնալ բորսային շահումների գրոհների թիրախ` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Ոմանք էլ կարծում են, որ Չինաստանը զգում է հավանական վտանգներ, քանի որ ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի սպառնալիքը չի անցել, ու նման պայմաններում Պեկինը չի ուզում իր տնտեսությունը ենթարկել լրացուցիչ վտանգների։ Բայց մեկ բանում բոլորը համամիտ են` չինական վիթխարի տնտեսությունը, չնայած հարաճուն շուկայական մրցակցությանը, այդուամենայնիվ, սերտորեն կապված է Ամերիկայի հետ։ ՈՒ դա մեկ օրվա բան չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից