Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում ուժեղացել է իշխանության բյուրոկրատական համակարգը, իսկ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը վերածվել է, ըստ էության, վարչարարների ու հզոր օլիգարխական խմբերի կորպորացիայի։ Վերջին տարիներին իշխանությունները բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծել օլիգարխական խմբերի համար, ինչի շնորհիվ առաջացել են իշխանության հետ այս կամ այն կերպ կապված նոր օլիգարխներ ու ձեռնարկատերերի նոր խմբեր։ Եղավ մի պահ, երբ իշխանությունների քաղաքականությունն ուղղված էր օլիգարխական տարբեր խմբերի շահերի դեմ, որոնք ֆինանսավորում էին ընդդիմությանը և իրենք էլ ընդդիմադիր էին։ Դա որոշակի չափով կարելի էր բացատրել երկրի ազգային անվտանգության ապահովման խնդիրներով, և այդ ուղղությամբ իշխանությունները շատ բանի հասան։ Ներկայումս խոշոր ձեռնարկատերերի բոլոր խմբերը սերտորեն համագործակցում են ռուսական իշխանությունների հետ, և դժվար է պատկերացնել նրանց կողմից այլընտրանքային քաղաքական կարծիքի որևէ բացահայտ արտահայտում։ Դա չէր կարող ազդեցություն չգործել Ռուսաստանի սոցիալ-քաղաքական իրադրության վրա։ Իշխանական կառույցները դարձել են ավելի պատասխանատու և կազմակերպված, կարգուկանոնը երկրում մեծացել է, բայց դրա հետ մեկտեղ, երկիրը դժվարությամբ է զարգանում և տնտեսական ու սոցիալական լճացման վտանգ կա։ Չնայած առանձին ճյուղերում մեծանում է աշխատանքի արտադրողականությունը և նոր տեխնիկա է արմատավորվում, ընդհանուր առմամբ Ռուսաստանը շարունակում է թույլ զարգանալ և հարկադրված է արդյունահանել նոր հանքահումքային պաշարներ, ինչն ավելի ու ավելի ծախսատար է դառնում։ Ռուսաստանը մոտեցել է այնպիսի դրության, երբ ի վիճակի չէ ինքնուրույն նոր հանքավայրեր շահագործելու։ Ենթակառուցվածքն այն վիճակում է, որ Ռուսաստանի ընկերությունների համար ավելի ձեռնտու է ներմուծել ալյումինի և մետալուրգիական արտադրության հումքը, քան սեփականը արդյունահանել։ Երկիրը չի կարողանում ճեղքում կատարել և անհրաժեշտ հաջողություններ ձեռք բերել մեքենաշինական, այդ թվում` ավիացիոն, ավտոմոբիլային, հաստոցաշինական, էլեկտրատեխնիկական արդյունաբերության, ինչպես նաև ծանր ու տրանսպորտային մեքենաշինության զարգացման գործում։ Ռուսաստանը շարունակում է կախյալ վիճակում լինել պարենամթերքի հարցում, քանի որ ավանդական գյուղատնտեսական շատ շրջաններ սնանկացել են։ Զինված ուժերը, չնայած նշանակալի ծախսերին, չեն հաղթահարել դժվարությունները։ Վարչապետ Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանում հմուտ բանվորական մասնագետների խիստ պակաս է զգացվում, ինչը նշանակում է, որ երկիրը «մի նոր» ինդուստրացման կարիք ունի։
Նման պայմաններում Ռուսաստանի կառավարող կուսակցությունը ձգտում է վարել տեխնոլոգիական նոր քաղաքականություն, ինչը ենթադրում է սոցիալական գաղափարախոսության լիակատար բացառում։ Իր հերթին դա բացառում է հասարակական ակտիվությունը, քաղաքական հասարակության ձևավորումը, սահմանափակ մակարդակով հասարակական նոր հարաբերությունների կայացումը։ Իշխանությունները տեղական մակարդակով վարչարարության զարգացում թույլ չեն տալիս և իշխանական լծակները լիովին կենտրոնացրել են ուղղաձիգ կարգով։ Այդուամենայնիվ, բնակչության լայն խավերը շարունակում են հույսեր կապել իշխանությունների հետ, քանի որ որոշակի խմբեր կարողացել են ձեռք բերել սոցիալական նոր կարգավիճակ, զգալիորեն ընդլայնվել է միջին խավի թվակազմը, ընդ որում` այդ խավի բոլոր հատվածների։ Հասարակության մեջ նոր դիրքեր է ձեռք բերել երիտասարդ սերունդը։ Բայց այդ բոլոր տեղաշարժերը բնավ չեն առնչվում հասարակության մեծ մասին և հիմնվում են բնական պաշարների անխնա շահագործման վրա։ Այս հեռանկարը 15-20 տարուց ավելի ձգվել չի կարող, եթե նկատի ունենանք բնական պաշարների շահագործման ներկա տեմպերը։ Ինչ է սպասում Ռուսաստանին մոտ ապագայում, եթե մինչ այդ չհաջողվի հաղթահարել տնտեսության հումքային բնույթը։
Հարկ է նշել, որ քաղաքական առումով էլ Ռուսաստանը լավատեսություն ներշնչող հեռանկար չունի։ Ռուսաստանի ներկա ընդդիմադիր խմբերը խիստ կախման մեջ են Արևմտյան ընկերակցության քաղաքական կենտրոններից։ Այդ խմբերն աղետալիորեն հեռու են ժողովրդական զանգվածներից և որևէ պատկերացում չունեն ո՛չ ժողովրդի, ո՛չ Ռուսաստանի ազգային շահերի մասին։ Ընդդիմադիր խմբերի պարագլուխները սովորել են լավ կյանքի, ֆիզիկապես և իրավաբանորեն պաշտպանված լինելուն, ու երբեք չեն անցնի սահմանված չափը։ Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդների անձնական հատկանիշներին, ապա նրանց նպատակը ոչ թե Ռուսաստանի ներկա իշխանությունների վերացումն է կամ երկրի սոցիալական նորացումը, այլ սեփական դիրքերը պահպանելն ու արտերկրից ֆինանսական և քաղաքական աջակցություն ստանալը։ Ըստ էության, ընդդիմության բոլոր ղեկավարները ժամանակին իշխանության մեջ են եղել և այդ ընթացքում խոշոր ունեցվածքի տեր են դարձել։ Արևմուտքի նրանց գործընկերներին, առաջվա նման, ամենևին պետք չէ ռուսական պետության բարեփոխումը, նրանք շահագրգռված են ներկա իշխանությունների վրա ճնշման ներքին լծակների գործադրմամբ։
Կարևորն այն է, թե ինչ է Ռուսաստանին սպասում արտաքին քաղաքականության մեջ, և այդ հարցն անմիջականորեն առնչվում է հարևաններին։ Պուտինի, այսպես կոչված, վերադարձը, այսպես թե այնպես, կուղեկցվի մի շարք տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Բալկաններում Ռուսաստանի դիրքն ու ազդեցությունն ուժեղացնելու նոր փորձերով։ Մոսկվան կաշխատի շարունակել Չինաստանի, Մերձավոր Արևելքի պետությունների, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Գերակա ուղղություններ կմնան Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու ԱՄՆ-ի հետ ավելի կանխատեսելի ու երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու փորձերը։ Միաժամանակ անորոշ են մնում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, և արտաքին քաղաքականության զարգացման յուրաքանչյուր նոր փուլում Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականությունը լուրջ խնդիր է դառնում Ռուսաստանի համար։ Վերջինս ռազմավարական այդ ուղղություններում դեռևս չի կարողացել լուծել որևէ հարց և իրեն չի կարող թույլ տալ առանց պատշաճ լուծման թողնել այդ հարցերը։ Անցած տարիներին Մոսկվայում հասկացել են, որ Չինաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ հարաբերությունները քաղաքական ռազմավարության այնպիսի բնույթ չեն կրում, որ կարելի լիներ հենվել նրանց վրա։ Կարծիք կա, որ «նոր» Պուտինն ավելի իրատես կլինի, բայց սրանք, ավելի շուտ, սոսկ խոսքեր են, քանի որ նա միշտ էլ աչքի է ընկել ոչ միայն իրատեսությամբ, այլև չափավորությամբ։ Այստեղ սկզբունքորեն նոր բան չկա և չի կարող լինել, ավելի շուտ հին գերակայությունները կպահպանվեն` հաշվի առնելով արդեն եղած փորձը։
Փորձենք դիտարկել տեսանելի ապագայում ռուսական արտաքին քաղաքականության բնույթը կարևոր ուղղություններով։ Նախ և առաջ, պետք է նշել, որ Ռուսաստանի կարևորագույն խնդիրն արտքաղաքական գործունեության հաջողության ու արդյունավետության ապահովումն է լինելու։ Դա նշանակում է արտքաղաքական նպատակները որոշ չափով ստորադասել տնտեսական շահերին, ինչը բնորոշ է դարձել մի շարք խոշոր պետությունների համար։ Դա վերաբերում է նաև էներգետիկ հաղորդուղիների կառուցման խնդիրներին ու ռուսական տեխնոլոգիաների արտահանությանը։
Մոսկվայում դարձյալ հույսեր են կապում Օբամայի հետ, և աշխատում բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, չնայած հակահրթիռային պաշտպանության ոլորտում և մի շարք տարածաշրջաններում առկա վեճերին։ Հավանաբար, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մոտ ապագայում կմիջարկվեն Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խնդիրներով։ Կարելի է սպասել, որ տարածաշրջանային քաղաքականության առումով ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են լինել ավելի կշռադատված ու հավասարակշիռ։ Ռուսաստանը, առաջվա նման, գերակա ուղղություն չի լինի ամերիկյան տնտեսության համար։ Անտարակույս, ռուս քաղաքագետները կպաշտպանեն Օբամային առաջիկա նախագահական ընտրություններում, չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղ գտած ձախողումներին։
Մոսկվան խիստ երկյուղում է Չինաստանի հետ ունեցած ներկա հարաբերությունները կորցնելուց, ինչպես նաև այն բանից, որ Կենտրոնական Ասիայում չինական քաղաքականությունը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար, ուստի կարելի է սպասել Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլի։ Սակայն հարց է ծագում` Ռուսաստանին ու Չինաստանին որքանո՞վ կհաջողվի միավորել ջանքերը Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խնդիրների առնչությամբ։ Եվ եթե այստեղ դրական արդյունքներ չգրանցվեն, ապա, հնարավոր է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքերի որոշ մերձեցում Կենտրոնական Ասիայի խնդիրների հարցում։
Ռուսաստանը շատ բարդ կացության մեջ է Եվրոպայում, քանի որ չնայած ավելի սերտ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ հաստատելու Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի փորձերին, եվրոպացիներն այդպես էլ չշարունակեցին հարաբերություններն այդ ուղղությամբ զարգացնելը։ Ռուսաստանն աշխատելու է ցամաքային Եվրոպայի առաջատար պետությունների հետ վարել այնպիսի քաղաքականություն, որը պայմանավորված չի լինի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խնդրով։ Մոսկվան կաշխատի եվրոպացիների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ոլորտում։ Հազիվ թե Ռուսաստանին հաջողվի իր տարածաշրջանային քաղաքականությունը, հատկապես Մերձավոր Արևելքում ու Բալկաններում, համաձայնեցնել Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ։ Հազիվ թե բարելավվեն հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, որը բավարարված է Ռուսաստանում ունեցած տնտեսական դիրքերով և չի փորձում այդ հաջողությունները տարածել քաղաքական ոլորտի վրա։
Ռուսաստանը բարդ կացության մեջ է նաև Մերձավոր Արևելքում, փաստորեն, չկորցնելով իր հիմնական գործընկերներին, Մոսկվան ձգտում է պահպանել դիրքերը Սիրիայում և առաջին անգամ սկսել է հարաբերություններ հաստատել Լիբանանի ու Սիրիայի, հնարավոր է նաև այլ երկրների քրիստոնեական համայնքների հետ։ Նա հույս ունի վերադարձնելու իր դիրքերն Իրաքում, ինչպես նաև Լիբիայում` գլխավորապես նավթի արդյունահանման ոլորտում։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքականությունը կուռ ու ամբողջական չէ, այն, ավելի շուտ, վազում է իրադարձությունների հետևից և աշխատում ընթանալ քաղաքական հին «երթուղիներով»։ Դրա հետ մեկտեղ, Կրեմլը հասկանում է, որ ներկա իրավիճակում հարկ կլինի մեղմելու որոշ գաղափարախոսական հանգամանքներ տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Հնարավոր է, կաշխատի վերականգնել հարաբերությունները Եգիպտոսի հետ։
Ռուսաստանը «կվերադառնա» Իրանի հետ հարաբերությունների նոր փուլի, հասկանալով, որ իր երկարաժամկետ շահերը պահանջում են Արևմուտքի հետ լիովին համահունչ գործել Իրանի խնդիրների կապակցությամբ։ Անկասկած, Ռուսաստանն ու Իրանը կթևակոխեն ռազմավարական գործընկերության ձևավորման նոր փուլ, կհամաձայնեցնեն իրենց գործողություններն ու կարծիքներ կփոխանակեն շատ հարցերում։ Ռուսաստանն Իրանում ունի տեխնոլոգիաների, նյութերի ու սպասարկումների իր համար շատ կարևոր շուկաների ձեռքբերման հեռանկարներ, նկատի ունենալով, որ Իրանը գտնվում է տնտեսական կոշտ շրջափակման ու մեկուսացման մեջ։ Հնարավոր է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հատուկ պայմանավորվածություններ ձեռք բերվեն Իրանի վերաբերյալ։ Կարելի է նաև ակնկալել Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմավարական առանցքի ստեղծում, որի մասին վերջին տարիներս մոռացել են։ Իրանի հետ համագործակցությունը կարող է Ռուսաստանին հնարավորություն ընձեռել նոր դիրքեր ստանալու ոչ միայն Իրաքում, այլև Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, թեև այդ թեման դեռևս մշակված չէ ռուսաստանյան քաղաքականության մեջ։
Ռուսաստանը կշարունակի Թուրքիայի հետ մերձենալու և նրա հետ ավելի վստահելի հարաբերությունների մեջ մտնելու փորձերը։ Դրան նպաստում են Թուրքիայի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում առկա անորոշությունը, ինչպես նաև եվրոպական պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը։ Չնայած ԱՄՆ-ի և Թուրքիայի փոխհարաբերություններում ծագած խնդիրները հաղթահարելու փորձերին և այդ ուղղությամբ ձեռք բերված նկատելի հաջողություններին, նրանց հարաբերությունները չի կարելի համարել լիովին վստահելի ու հաշտ։ Ռուսաստանը, ինչ խոսք, ունի լուրջ ակնկալիքներ Թուրքիայի հետ հարաբերություններում շատ հարցերի լուծման առումով։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանա հաստատել ալյանսի փոխհարաբերություններ, բայց շատ հարցերում կլուծվեն շատ կարևոր քաղաքական ու տնտեսական խնդիրներ։
Ռուսաստանի և ՈՒկրաինայի հարաբերությունները բավականին խնդրահարույց են և, ավելի շուտ, առաջիկայում ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացումը կընթանա առանց Արևմտյան ընկերակցության ուժգին միջամտության և ազդեցության։ Արևմուտքում այն կարծիքին են, որ երկու պետություններն էլ բավականաչափ ուժ ունեն առճակատման հարաբերությունների համար և այդ ուղղությամբ զգալի քաղաքական ռեսուրսներ չեն ծախսի։ Այդուամենայնիվ, այդ երկրները շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը կորցրել է ՈՒկրաինայի վրա ճնշում գործադրելու քաղաքական կարևոր լծակները, ու նրան շատ ժամանակ ու լուրջ ջանքեր են պետք նման լծակներ ստեղծելու համար։
Հարավային Կովկասի ուղղությամբ Ռուսաստանի դիրքերն այնքան էլ հուսադրող չեն։ Վրաստանի հետ հարաբերություններն առճակատումային են, ինչպես որ էի՛ն, և այդ երկիրն ավելի ու ավելի է դառնում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու «հենահրապարակ»։ Դրա հետ մեկտեղ, չկան ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարներ։ Ադրբեջանը դառնում է ռուսական սպառազինությունների կարևոր գնորդ և առհասարակ Ռուսաստանի տնտեսական գործընկեր, բայց դա չի հանգեցնում միաժամանակ նաև քաղաքական հարաբերությունների զարգացմանը։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում առաջացել է իրատեսության և կողմերի քաղաքական հնարավորությունների ըմբռնման ու շահերի վրա հիմնված ինչ-որ ձևաչափ։ Իհարկե, ռուս-թրքական հարաբերություններն ազդեցություն կգործեն նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա, բայց ամենևին էլ դա չի որոշելու այդ հարաբերությունների մակարդակը։ Ռուսաստանի հետ Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա որոշ ազդեցություն կգործի ԱՄՆ-ը, որն այդ երկրների անկախության ու անվտանգության միակ երաշխավորն է։
Ռուսաստանի մի շարք արտքաղաքական քայլեր, առաջին հերթին նրա հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և զինամատակարարումներն Ադրբեջանին, հանգեցրել են հայ-ռուսական հարաբերությունների որոշակի փոփոխման։ Հայաստանը մի քանի քայլ արեց արևմտյան պետությունների, ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքականության այդ ձեռնարկն ընդունվեց Արևմտյան գործընկերների կողմից, սակայն Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների ոլորտում Հայաստանի հարաբերությունները կմնան նույնը։
Ներկայումս Մոսկվայում փորձեր են արվում ձևակերպելու արտաքին քաղաքականության նոր մոտեցումներ, ինչը, առաջին հերթին, կարող է նշանակել տարածաշրջաններում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում։ Ռուսաստանը նախընթաց տարիներին բացահայտորեն տանուլ է տվել տարածաշրջանային ուղղություններում, բայց պետք է ուշադրության առնել, որ տարածաշրջանային խաղերը տանուլ են տվել, մեծ մասամբ, նաև ԱՄՆ-ն ու նրա գործընկերները։ Տարածաշրջաններում ազդեցության համար պայքարը ցանկացած երկրի արտաքին քաղաքականության առավել ծախսատար ու բարդ ուղղություններից մեկն է։ Հազիվ թե մոտ ապագայում Ռուսաստանին հաջողվի նշանակալի հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության այդ ոլորտում։ Բայց, այսպես թե այնպես, Ռուսաստանն այժմ չի կարող ընտրել արտքաղաքական մեկուսության ուղին, և նա ստիպված է նոր քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Հարավարևելյան Ասիայում, հնարավոր է նաև ավելի հեռավոր շրջաններում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Միանգամայն հնարավոր է, որ փորձեր լինեն բորբոքելու հակամարտություններն այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ