ԵԿՄ-ում այս օրերին քաոսային իրավիճակ է. հեռանում են անդամներ՝ իրենց քայլը համարելով միության ղեկավարի հետ անհամաձայնության հետևանք: Իրականում, ասում են, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ԵԿՄ-ն հայտարարեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Երկրապահների տրամադրությունը ՙշոշափելու՚ համար դիմեցինք միությանը վերջերս անդամակցած քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ:
-Լինելով ԵԿՄ շարքային անդամ, ինձ շատ է անհանգստացնում առկա վիճակը,- ասաց Սուրենյանցը:- Պատճառը շատ ավելի խորքային է, քան այն վերլուծությունները, որ մամուլում են տեղ գտնում: Ցավոք, ԵԿՄ-ն դարձել է մի ՙթխվածք՚, որի համար անզիջում պայքար են ծավալում թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը: Փնովում են՝ առանց երկրապահին հարցնելու: Ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուներն են ընդդիմությունն ու իշխանությունը: Մյուս կողմից էլ, կա օբյեկտիվ իրականություն. գեներալ Մանվելն ու ԵԿՄ-ի այսօրվա ղեկավարությունն այնքան խարիզմատիկ չեն, որքան սպարապետ Վազգեն Սարգսյանն էր, որովհետև նրա օրոք ԵԿՄ-ում այսպիսի զարգացումներ պարզապես չէին լինի:
-Այս զարգացումները ՙծիլեր՚ չտվեցի՞ն այն ժամանակ, երբ ԵԿՄ-ն որոշեց ՙքաղաքականացվել՚՝ նախընտրական շրջանում քաղաքական հստակ հայտարարություններ անելով:
-Իհարկե, ԵԿՄ-ն չպիտի քաղաքականացվեր: Բացարձակապես չեմ արդարացնում այն մոտեցումը, որը վերջին համագումարում դրսևորվեց` կոնկրետ թեկնածուի սատարելու մասով: Բայց չպետք է անտեսել երկու հանգամանք. առաջին՝ ստեղծման օրից ԵԿՄ-ն միշտ եղել է օրվա իշխանության կողքին, երկրորդ՝ չորս-հինգ տարի առաջ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ ԵԿՄ-ին ու գեներալ Մանվելին տեսներ հարթակում կանգնած, այսինքն, էլի քաղաքականացնել: Այնպես չէ, որ այսօր միայն իշխանություններն են այդ դերը ստանձնել:
-Այսօր ՙԵրկրապահը՚ պառակտման, ինչպես մամուլն է գրում, քանդման եզրին է: Ի վերջո, ինչո՞վ կավարտվի այս գործընթացը:
-Անկախ այսօրվա վայրիվերումներից, Վազգեն Սարգսյանի կառուցած տունը չի կարող քանդվել:
-ՀՀԿ համամասնական ցուցակում Մանվել Գրիգորյանի ընդգրկվելը լրացուցիչ բացասական հետևանք չունեցա՞վ ողջ կառույցի համար:
-Երկրորդեմ. լավ կլիներ, որ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացներում ձեռնպահ լիներ: Սակայն դժբախտություն չէ, որ Մանվել Գրիգորյանն ընդգրկվել է ՀՀԿ-ի ցուցակում: ԵԿՄ անդամները ևս ժամանակին ընդգրկված են եղել այլ քաղաքական ուժերի ցուցակում. Արա Կետիկյանը՝ ՙՀանրապետության՚ ցուցակում, Արթուր Աղաբեկյանը՝ ՀՅԴ-ի: Այսինքն, պետք չէ ամեն ինչին սևի ու սպիտակի պրիզմայով նայել:
-Այս թնջուկի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:
-ԵԿՄ-ի շուրջ միշտ էլ նման բաներ եղել են, սակայն կառույցը պահել է իր միասնականությունը: Այստեղ կան քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնց միավորում են ավելի կարևոր արժեքներ, քան այսօր Սերժին կամ Լևոնին պաշտպանելն է: ՈՒղղակի չէի ուզենա, որ ԵԿՄ-ի խնդրին մամուլն անդրադառնար զուտ ընտրարշավի համատեքստում, ինչը կվնասի և՜ միությանը, և՜ նրա առաքելությանը: Կողմնակից չլինելով Սերժ Սարգսյանին սատարող հայտարարությանը` չեմ պատրաստվում լքելու ԵԿՄ-ն, որովհետև ինձ այստեղ է բերել ոչ թե Սերժի, Լևոնի կամ Մանվելի գործոնը, այլ շատ ավելի կարևոր բան՝ իրականություն դարձնել Սպարապետի անավարտ առաքելությունը:
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ