Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»

«ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»
17.09.2010 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ «Իրատես de facto» ակումբում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, վերլուծելով Հայաստանի ներկա վիճակը, հանրությանը հուզող հարցերը բաժանեց երեք խմբի։ Ղարաբաղյան հիմնահարց, որը, ըստ ակումբի հյուրի, հեշտությամբ լուծվողներից չէ ու պահանջում է լարված աշխատանք։ Թովմասյանի դիտարկմամբ, քաղաքական աշնանը ևս ղարաբաղյան հիմնախնդիրը «ծեծվելու» է։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման Հայաստանի առաջարկին, կոմկուսի առաջնորդն այն դեռ վաղաժամ համարեց։
Հաջորդը, Ռուբեն Թովմասյանի որակմամբ, «անմարսելի» հայ-թուրքական հարաբերություններն են, որոնք փորձում են «թարմացնել», ինչը գլխավորապես պայմանավորված է Վանի Սուրբ խաչ եկեղեցում առաջիկայում նախատեսվող պատարագով։ «Այդ շոուին չպետք է մասնակցել»,- եզրափակեց կոմկուսի աթեիստ առաջնորդը։
Ասուլիսի հիմնական մեխը Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջերս կնքված պայմանագիրն էր։ «Վերջին քսան տարիներին այս պայմանագիրն իշխանությունների ամենահաջող քայլն էր։ Ավետիք Իսահակյանը ժամանակին ասել է. «Ըստ իս, Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են միայն ապրել Ռուսաստանի հետ կամ բնավ չեն կարող ապրել։ Մնացածը հիմարությունից վեր մի բան է»։ ՀԿԿ-ն ողջունում է այս պայմանագիրը, համոզված եմ, որ մենք պետք է հավերժ Ռուսաստանի հետ լինենք։ Հայ ժողովրդի փրկությունը կախված է ռուս ժողովրդի բարեկամությունից»,- վստահեցրեց ՀԿԿ-ի ղեկավարը` համոզված, որ պայմանագիրը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունը։ Ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն մտածում է նաև իր շահի մասին, բանախոսը հավելեց. «Այս պահին ես ավելի ռազմավարական գործընկեր չեմ տեսնում, քան Ռուսաստանն է, որը երբեք ու երբեք Հայաստանին չի լքել ծանր պայմաններում։ Այս պայմանագրով երկու երկրներն էլ շահած են դուրս գալիս։ Հայաստանը Ռուսաստանի հետ երբեք իր շահերը չի կորցնի, հակառակը` կամրապնդի»։
Լրագրողի այն նկատառմանը, թե արդյոք այս պայմանագրի երկարաձգումը չի՞ վտանգում մեր երկրի անկախությունը, Հայաստանի կոմկուսի առաջնորդը հակադարձեց. «Իսկ ի՞նչ է տվել անկախությունը մեզ։ Ժողովուրդը կորցրեց խաղաղությունը, աշխատանքի, անվճար կրթվելու, բուժվելու, ճամփորդելու իրավունքը։ «Շահեցինք» գործազրկություն, պատերազմ, արտագաղթ, խայտառակ գներ...»։
«Փաստորեն, նորի՞ց Ռուսաստանի հետ վերամիավորման անհրաժեշտություն» ռեպլիկը Թովմասյանը, բնականաբար, ողջունեց. «Եթե կայացավ ռուս-բելառուսական միությունը, Հայաստանը պետք է անպայման անդամակցի դրան։ Ի՞նչ է, Սովետական Հայաստանն անկախ չէ՞ր։ Ի՞նչ է անկախությունը, այսինքն, երբ մտնում ես քո շապիկի մեջ ու ասում` անկա՞խ ենք։ Ամերիկան անկա՞խ է»։
Կոմկուսի ծանր հրետանին Անկախության օրվա նախօրեին խորհուրդ տվեց անկախությունը գնահատելիս նժարի վրա դնել ինչ ունենք հիմա և առաջ։
Անդրադառնալով ներքաղաքական սպասվող իրադարձություններին, Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ քաղաքական դաշտի ողջ հիմքը լինելու է քաղաքական ուժերի նախընտրական պատրաստությունը։ Իսկ ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքի առնչությամբ էլ նշեց. «ՀԱԿ-ն իր գործունեությամբ վախեցրեց հայ ժողովրդին։ Մարտի 1-ը լուրջ հետք է թողել մեր ժողովրդի ակտիվության, վճռականության հարցում»։
Ի դեպ, կոմկուսի առաջնորդը վճռականորեն հաստատեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԿԿ-ն մասնակցելու է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ