ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

«ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՐԴՈՒՄ ՉԷ»

«ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ  ԵՐԴՈՒՄ ՉԷ»
17.02.2012 | 00:00

«Պարզ դարձավ, որ կոնսենսուս-1 գոյություն չունի, քանի որ շատ ուժեր ևս ՀՀԿ-ի դիրքորոշման հետ համակարծիք էին: Ասել, որ լիովին համամասնական ընտրակարգին անցնելով` ընտրական արատներից 100 տոկոսով զերծ կմնանք, այդպես չէ, կամ որ համամասնական պատգամավորներն ավելի ակտիվ են, քան մեծամասնական, ևս թյուրըմբռնում է: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե, նշելով թերությունները, դա վերագրվեր ողջ ընտրական համակարգին»,- 100 տոկոս համամասնական ընտրակարգին առնչվող խորհրդարանական լսումներին անդրադառնալով` երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ՝ միաժամանակ կարևորելով այդ քննարկմանը ՀԱԿ-ի ներկայացուցիչների ներկայությունը: Չնայած ելույթները, ըստ բանախոսի, շատ հաճախ բուն թեմայից շեղվել են, սակայն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ելույթները բավականին ուշագրավ են եղել: Հանրապետական պատգամավորի դիտարկմամբ, հիշյալ հարցից զատ, այսօր ընտրակարգին առնչվող շատ ավելի կարևոր խնդիրներ կան, մասնավորապես պատգամավորների թվի ավելացումը, որի պարագայում ԱԺ-ում կհայտնվեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ավելին, 40 հազար ընտրող ունեցող տարածքից ոչ թե մեկ, այլ երկու պատգամավոր ներկայացված կլինի և այլն:
Անդրադառնալով նախօրեի «ամենաթեժ» հարցին՝ Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ացմանը, Արտակ Դավթյանն ընդգծեց. «Շնորհավորում եմ Օսկանյանին հարազատ կուսակցությանն անդամագրվելու համար: Թե որքանով է դա պայմանավորված երկրորդ նախագահի գործոնով, ժամանակը ցույց կտա»: Չնայած կոալիցիոն վերջին հայտարարությանը, «արդյոք ՀՀԿ-ն վստա՞հ է, որ ԲՀԿ-ն իրեն հերթական անակնկալը չի մատուցի» հարցին ի պատասխան պատգամավորը նկատեց. «Մենք մեզ վրա ենք վստահ: Այն, ինչ ասում ենք, նաև գործով ենք ապացուցում: Իսկ ամենատարբեր հարցերի շուրջ կոալիցիոն ուժերի տարբեր դիրքորոշումները բնական են, քանի որ առանձին կուսակցություններ են և կարող են նաև քայլեր կատարել, որոնք ամենևին էլ պարտադիր չէ, որ կոալիցիոն ուժերի հետ համաձայնեցվեն: Քաղաքական կյանքը բազմազան է, ու այս շրջանակում պիտի տեսնել շատ հարցերի պատասխանը»:
Ինչ վերաբերում է մեծամասնական տեղերի բաշխմանը, այս հարցում ևս ակումբի հյուրը կողմնակից է քաղաքակիրթ ընտրապայքարին: «Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ընտրություններ` առանց մրցակցության: Կոալիցիան ամուսնական հավատարմության երդում չէ, դրանում ընդգրկված կուսակցությունները նաև մեկը մյուսին մրցակից ուժեր են: Այլապես լճացում կլինի, ինչն անթույլատրելի է»,- ասաց Արտակ Դավթյանը, չբացառելով, որ առաջիկայում ևս կոալիցիոն ուժերի կարծիքների բախում կարող է լինել: Այսուհանդերձ, նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտություն ՀՀԿ-ական պատգամավորը չի տեսնում:
«Ես դեռևս երկու տարի առաջ եմ ասել, որ այսպիսի մարտավարությամբ քաղաքական դաշտն ամայացնելով` ՀԱԿ-ը «կցամաքի»: Միշտ ասում էին, թե օր առաջ այս իշխանություններից պիտի ազատվել և այլն, և այլն: Համակիրներն էլ տեսնում էին, որ մի բան ասում են, անում են բոլորովին այլ բան, և ՀԱԿ-ի ձայներն ու վարկանիշն էլ գնալով նվազում էին: Այս պարագայում ասել, որ ԱԺ-ում ՀԱԿ-ը մեծամասնություն կլինի, դժվար է պատկերացնել»,- շեշտեց բանախոսը` հանրությանը թողնելով խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի ընտրությունը: «Մենք միշտ ազնիվ ենք մեր ընտրողների ու քաղաքացիների առջև: Չի եղել մի դեպք, երբ ստենք մեր քաղաքացիներին: Ի տարբերություն այլոց, մեր քայլերը տեսանելի են և վերահսկվում են հենց ԶԼՄ-ների կողմից: Չպիտի երկնային մանանա խոստանալ քաղաքացիներին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ