ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՄԱՆ Է ՄԻԹԵՎԱՆԻ ԴԻՆՈԶԱՎՐԻ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՄԱՆ Է ՄԻԹԵՎԱՆԻ ԴԻՆՈԶԱՎՐԻ»
27.01.2012 | 00:00

«Որքան մոտենում են ընտրությունները, քաղաքական կյանքի արատներն այնքան խորանում են: Խոսքով չէ, որ ազատ ընտրություններ պիտի ապահովել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ հընթացս հայտարարելով, որ արդեն քսան տարի հասարակությունն ընտրական գործընթացների մասնակցից վերածվել է հանդիսատեսի, սակայն նույնիսկ «պարտերից» են փորձում դուրս մղել նրան: «Հասարակությունը հայտնվել է լուսանցքում: Հայաստանը հետընթաց է ապրում, և չեն երևում այն քայլերը, որոնք կկանգնեցնեն այդ անկումը»,- նշեց տիկին Հակոբյանը։ Անդրադառնալով այն մտքին, թե գործարարները պիտի լինեն խորհրդարանում, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն, բանախոսը նախ հիշեց հայտնի փիլիսոփա, անգլիական պառլամենտի անդամ Էդմունդ Բուրտի խոսքը. «ԱԺ պատգամավորը ոչ թե պետք է ներկայացնի որևէ շերտի, այլ հասարակության համընդհանուր շահերը»: «Այսինքն, մենք, չիմանալով անգամ քաղաքական այդ այբուբենը, ընտրությունների ենք գնում: Ըստ այս տրամաբանության, ԱԺ-ում պիտի լինեն նաև կոշկակարներ` այս արհեստի տեր մարդկանց շահերը պաշտպանելու համար: Այնինչ պատգամավորը պիտի լինի ազնիվ, սկզբունքային, հայրենասեր, մեծ գիտելիքների տեր և լայնախոհ, որպեսզի չունենանք այսօրվա պատկերը, երբ ամեն մեկն իր վրա է քաշում «վերմակը»: Եթե նախագահը հայտարարում է, որ գործարարները չպիտի լինեն ԱԺ-ում, իսկ սրան հետևում է այն, որ ԲՀԿ-ն, որի գերակշիռ հատվածը ներկայացնում է գործարար հատվածը, կուսակցության ղեկավարն էլ քաղաքական գործիչ չէ, այլ բիզնեսմեն, նրանց հայտը ԿԸՀ-ն չպետք է ընդունի»,- շեշտեց ակումբի հյուրը՝ հավելելով, որ այսպես չի կարող շարունակվել, առաջիկայում մեծ փոփոխությունների, քաղաքացիական ակտիվության մեծ վերելքի ականատեսն ենք լինելու: Ըստ նրա` քաղաքական ոչ մի ուժ չի կարող հաջողել առանց հասարակության ակտիվ աջակցության: «Հայաստանի քաղաքական համակարգը նման է միթևանի դինոզավրի, քանի որ ժողովրդավարական պետության կայացման կարևոր գործոնը՝ ընդդիմություն-իշխանություն համամասնություն, խախտված է»,- փաստեց ընդդիմադիր գործիչը:
Անդրադառնալով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության նախաձեռնությանը, Կարինե Հակոբյանը, չբացառելով 41 մեծամասնական ընտրատարածքներում սեփական թեկնածուներ առաջադրելու հանգամանքը, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ իշխանական ուժերը խելամիտ կգտնվեն ու կընդունեն ընտրակարգի այս փոփոխությունը: Բանախոսը տեղեկացրեց, որ իրենց նախընտրական ցուցակի շուրջ քննարկումներ դեռևս չեն եղել, սակայն ինքն իրեն տեսնում է այնտեղ: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձևաչափին, սա ևս հայտնի կդառնա մեկ ամիս հետո: Անդրադառնալով այն տեսակետին, թե հաջորդ խորհրդարանում «Ժառանգությունը» հնարավոր է չլինի, Կարինե Հակոբյանը հավաստիացրեց. «Ժառանգությունը» քաղաքական անկախ ուժ է, ինչն իշխանություններին դուր չի գալիս: Ի՞նչ է, կարծում եք, այս տարիների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը չէ՞ր կարող «Ժառանգությունը» դարձնել ամենահարուստ կուսակցություններից մեկը: Կարող էր, եթե դեմ գնար իր սկզբունքներին: Մենք ավելի բարձր ենք դասում մեր անկախությունը»։ Չկենտրոնանալով արտահերթ կամ հերթական ընտրությունների անցկացման հանգամանքի վրա, Կարինե Հակոբյանն առավել կարևորեց ընտրությունների արդար անցկացումը, ինչն ընդդիմադիր ուժերը պետք է պարտադրեն իշխանություններին, որովհետև «իշխանությունները սովոր են անել այն, ինչը գայթակղիչ է, իսկ իշխանություն պահելը շատ է գայթակղիչ»:
Բացառելով երբևէ մարտի 1-ի կրկնությունը, տիկին Հակոբյանը վստահեցրեց, որ այսօր մեր հասարակությունը պատրաստ է ընդվզման, ու չպետք է վախենալ անարյուն հեղափոխությունից, չնայած անձամբ նախընտրում է անցնցում զարգացումների ճանապարհը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ