ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Յուրաքանչյուրը պետք Է հնարավորն անի Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարում է Դավուդօղլուն

«Յուրաքանչյուրը պետք Է հնարավորն անի Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարում է Դավուդօղլուն
09.06.2009 | 00:00

ԳՅՈՒՏԵՐ, ԳՅՈՒՏԵՐ, ԳՅՈՒՏԵՐ
Աստծո անցած 7 օրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ունեցավ ավագանի և քաղաքապետ, ու ամբողջ շաբաթ քաղաքը խոսում էր ոչ թե այդ մասին, այլ իր կատարած ընտրության` ըստ ձևի, քանակի ու բովանդակության:
Այս ընտրությունները շատ հայկական էին, ավանդական ու ...սովորական: Այդպիսին էին նաև հետընտրական գործընթացները: Ոչ ոք առանձնապես չէր էլ կասկածում, որ այդպես է լինելու: Ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ից պահանջեց անվավեր ճանաչել ընտրությունները` ներկայացնելով ընտրակեղծիքները հաստատող փաթեթ: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն էլ ասաց, թե դիմում-բողոքների նյութերն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ դրանք հետապնդում են մեկ նպատակ` մեծածավալ թղթակցություն ստեղծել ու ԿԸՀ դիմումների քննարկման գործընթացն անհիմն ծանրաբեռնել: Ինչպես և ակնկալվում էր, ի վերջո, Գարեգին Ազարյանը համարեց, որ ներկայացված փաստաթղթերը չեն կարող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ: Այնուհանդերձ, օրինականությունը խստիվ պահպանվեց. 8/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը ձերբակալվեց` կասկածվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածը խախտելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազությունը ևս երկու գործ հարուցեց` 7/7, 7/9 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ: Քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր ու` վերջ: Ընտրությունների վերաբերյալ դարակազմիկ գյուտ արեց «Ժառանգությունը». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ քնից արթնացավ և հայտարարեց, որ ցանկացած ընտրությունում հնարավոր է հաղթել, եթե ցուցակը և քարոզչությունը կառուցված են լրջագույն փաստարկների և օբյեկտիվ գնահատականների վրա: Դա, իսկապես, դարակազմիկ գյուտ էր, բայց սպասելի: «Ժառանգությունը» շարունակում է հավատալ իր հնարած առասպելին, որ կա մի մեծ ու հստակ ընտրազանգված, որը չի ընտրում իշխանությանը, չի ընտրում Լևոն Տեր-Պետրոսյանին և ձայնը կտա մի ուրիշ ուժի, որը ո՛չ մի կողմին է պատկանում, ո՛չ էլ մյուսին: Արմեն Մարտիրոսյանը, իհարկե, նկատի ուներ «Ժառանգությանը», բայց նա այդ գյուտը պետք է աներ ու հիմնավորեր զգալիորեն ավելի շուտ, երբ ավագանու ընտրություններում քաղաքական ուժերը մասնակցության հայտ էին ներկայացնում: Կարող էին ներկայացնել: Արմեն Մարտիրոսյանն այն ժամանակ էլ գիտեր, որ «Գոյություն ունի վերահսկելի և վախեցած մի զանգված, որը կատարում է այն, ինչ հրահանգում են», նրա կուսակիցներն էլ գիտեին: Նրանք ընտրեցին չպարտվելու տարբերակը: Խելամիտ` իրենց դեպքում: Հիանալի հիմնավորում էլ գտան` չեն ուզում խանգարել ՀԱԿ-ին: Իսկ թե ինչու ընտրությունից հետո որոշեցին, որ սխալվել են, հասկանալի չէ, նվազագույնն անհեթեթ է, առավել ևս, երբ հայտարարում են, որ եղել են լցոնումներ, կրկնակի քվեարկություններ ու թվանկարչություն, որ պաշտոնապես հրապարակված 53,4 տոկոսի փոխարեն բնակչության 40 տոկոսն է ընտրությանը մասնակցել, որ այդ 40 տոկոսից ընտրակաշառքով մասնակցածներին ու վարչական ռեսուրսով բերվածներին հանելու դեպքում քաղաքացիական հասարակության շատ քիչ տոկոսն է ընտրությանը մասնակցել: Այսքանից հետո Զարուհի Փոստանջյանն ընդունում է, որ ընտրությունները կեղծվել են, սակայն կարծում է, որ ընդդիմությունը չկարողացավ տեր կանգնել իր ձայներին: Ակներևաբար` «Ժառանգությունն» արդեն իշխանություն է դարձել և հանգիստ կարող է ընդդիմությանը մեղադրել: Այս համատեքստում արդեն ընկալելի է դառնում Զարուհի Փոստանջյանի ևս մի գյուտը` ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ չէ: Սքանչելի է: Պետք էր սպասել, որ «Ոչ իշխանություն, ոչ ՀԱԿ, բայց ընդդիմություն» տեղը թափուր չի կարող մնալ` ՀՅԴ-ն այդ տեղին ավելի քան հավակնում է և ավելի քան մրցակից է «Ժառանգությանը», թերևս այդ պատճառով էլ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ կարծում է, որ, «որպես ազգային ու պայքարող ուժ», ՀՅԴ-ն պետք է առաջարկի ավելի համակարգային գործողությունների ամբողջություն, որը հնարավորություն կտա իրականացնել ավելի վստահելի ընտրություններ։ Այսինքն` գյուտ գյուտի վրա: Բոլորը գիտեն` ինչ, ոչ ոք չգիտի` ինչպես: Արծվիկ Մինասյանը ևս մի գյուտ է արել` «Ցավոք, ազգային ընդդիմության դաշտը շատ բաց է, և այստեղ մենք, լինելով դերակատար, կարծում ենք, որ կկարողանանք այնպիսի համախմբում իրականացնել, որպեսզի ազգային ընդդիմությունը կարողանա իր լուրջ խոսքն ասել»: ՈՒ-ռա՜` Հայաստանում ստեղծվում է ազգային ընդդիմություն: Բնական է, չէ՞, որ այդ ազգային հողի վրա Արծվիկ Մինասյանն ուղղակի չէր կարող «Ժառանգությանը» չքննադատել. նա այն կարծիքին է, թե ընտրության վրա ազդեցություն ունեցավ նաև «Ժառանգության»` ընտրությանը չմասնակցելու որոշմամբ պայմանավորված` իր ընտրազանգվածի համար անորոշ վիճակ ստեղծելու մոտեցումը: Եվ հիշում ու հիշեցնում է, որ «Ժառանգության»` ընտրություններին չմասնակցելու մեջ մեղքի իր բաժինն ունի ՀԱԿ-ը: ՈՒ ոչ թե հիասթափված, այլ մարտական տրամադրված` նա պնդում է, որ պայքարը պետք է շարունակել ու հասարակությանը նախապատրաստել իշխանափոխության և ուրախանում է, որ «Հաղթող ուժերի մոտ չկա այդ հաղթանակի տրամադրությունը»: Մինչդեռ հաղթող ուժը համոզված է, որ Հայաստանում վերջապես ընտրական մշակույթ է ձևավորվել. ահա ևս մի դարակազմիկ գյուտ: Ընտրություններ չեն, այլ հայտնություններ:
Հարավային Իոլոտան գազի հանքավայրը շահագործելու համար, որն իր պաշարներով աշխարհում 5-րդն է, Թուրքմենստանը 3 միլիարդ դոլարի վարկ կստանա Չինաստանից: Մարդիկ գիտեն ինչպես ծախսել իրենց փողերը, թե չէ Հայաստանին տան` հակաճգնաժամային, մարդասիրական քայլ անեն: Ինչո՞ւ, ինչո՞վ է Հայաստանը փոխհատուցելու, ի՞նչ է արտահանելու... Իր գործազուրկների՞ն...
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հունիսի 9-ին կլինի Հայաստանում, հետո` Վրաստանում ու Ադրբեջանում: Հիշո՞ւմ եք Դենիել Ֆրիդին: Ֆիլիպ Գորդոնն այդ պաշտոնում փոխարինել է Ֆրիդին և առաջին անգամ է լինելու Հայաստանում: Հայաստանից հեռանալուց հետո հանրապետական Ֆրիդը միշտ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շատ հետաքրքիր մտքեր էր ունենում, հետաքրքիր է` դեմոկրատ Գորդոնն ի՞նչ կմտածի:
«Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար մենք ցանկանում ենք նորմալացնել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,-Վաշինգտոնում հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում ասել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԴՕՂԼՈՒՆ: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ Է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնախնդիրները: «Յուրաքանչյուրը պետք Է հնարավորն անի Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,-հավելել Է Թուրքիայի արտգործնախարարը: Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆՆ էլ հավատում է, որ կարճ ժամանակամիջոցում շատ բան է արվել հակամարտության լուծման ուղղությամբ: Ասուլիսի ձևաչափը հնարավորություն չի տվել պարզաբանել` այդ «կարճ ժամանակամիջոցը» քանի՞ տարի է` 88-ի՞ց, թե՞ 2009-ից սկսած, երբ պետքարտուղար է դարձել տիկին Հիլարին, որ նաև հավատարմություն է տեսնում հակամարտության լուծման գործընթացին: Բնականաբար, անդրադարձ է եղել և հայ-թուրքական հարաբերություններին: Տիկին Քլինթոնը ողջունել է առաջընթացը և ապահովագրել իրեն. «Մենք հասկանում ենք, որ հարաբերությունների նորմալացման գործընթացն այդքան էլ հեշտ չէ, համբերություն ու համառություն է պահանջում»: Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարը չի մոռացել հիշեցնել` «Հայաստանի և Թուրքիայի կառավարություններն ու հասարակությունը պետք է հասկանան, որ հարաբերությունների բարելավումը մեծ ճանապարհներ է բացում, մեծ օգուտներ կբերի տարածաշրջանին»: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն նույնիսկ լավատեսություն է հայտնել. «Մենք ուզում ենք ունենալ խաղաղ բարգավաճող Կովկաս և այդ պատճառով էլ ամբողջությամբ տրամադրված ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները նորմալացնելուն ու պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ` հասնելու հակամարտության լուծմանը»:
Այսինքն` Դավուդօղլուն առիթը բաց չի թողել ԼՂ հակամարտության հաղթահարման հարցում Թուրքիայի ավելի գործուն ներկայության պատրաստակամությունն ամրագրելու... Դիվանագիտությունն էլ գիտություն է, երբ գործդ գիտես:
Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստն է գումարվել, մոնիտորինգի տակ գտնվող 11 երկրների մասին զեկույցներ են ներկայացվել Եվրախորհրդի պահանջների կատարման, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ: Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն գրավոր զեկույց են ներկայացրել Հայաստանի մասին, նիստում Հայաստանին վերաբերող բանաձևի նախագիծ չի ընդունվել: Հունիսի 15-18-ը համազեկուցողները կգան Հայաստան, և քննարկումների ամփոփումն ու բանաձևի նախագծի ընդունումը կհաջորդի այցին, որից հետո հարցը կընդգրկվի ԵԽԽՎ հունիսի 24-ին մեկնարկելիք ամառային լիագումար նիստի օրակարգում: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը հաղորդում է, որ անդրադարձ է եղել «Երթերի, ժողովների, ցույցերի ու հանրահավաքների մասին» օրենքի վերանայման անհրաժեշտությանը, խոսվել է մարտի 1-ի դեպքերի անկախ ու վստահելի քննության մասին, ընդգծվել է ԵԽ նախորդ բանաձևերում նույնպես տեղ գտած պահանջը` ազատ արձակել նրանց, ովքեր ուղղակիորեն չեն առնչվել մարտի 1-ին տեղի ունեցած անկարգություններին:
Իսկ փաստահավաք խումբը, ակներևաբար, ռուսական առածի պես, հանձնարարեց երկար ապրել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հույս ունի, որ խումբը դեյուրե գործում է, բայց դեֆակտո՞... Նա ստացել է խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանի զեկույցը, որին հանձնաժողովը կանդրադառնա իր զեկույցում, նրանք երկար աշխատել են, և նրանց հավաքած փաստերն ու փաստաթղթերն օգտակար կլինեն հանձնաժողովին: Ահա այսպես` փակ էին աշխատում, հանձնաժողովի հետ նույնիսկ չէին համագործակցում, իսկ հիմա նյութերը հանձնեցին ու վերջ: Իսկ խումբը ստեղծվել էր նախագահի հրամանագրով, և հրամանագրով էլ պիտի արձանագրվի նրա գործունեության դադարը կամ ավարտը: Դա է պահանջում նախագահի հրամանագրի նկատմամբ տարրական հարգանքը:
Հունիսի 4-ին 2008 թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արձագանքեց ՀՀ նախագահի` համաներում անցկացնելու կոչին: Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է դիմել նախագահին` ընդհանուր համաներում հայտարարելու միջնորդությամբ, նաև առաջարկվում է համաներումը չտարածել մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքներում ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրվողների նկատմամբ:
Իսկ ամառը շարունակվում է, և վերջին զանգից հետո շրջանավարտները հասցրել են հանձնել առաջին քննությունները:
Սանկտ Պետերբուրգում 16-րդ անգամ հանդիպեցին ՀՀ և ՌԴ նախագահները. անկախ պետությունների պարագայում Գինեսի գրքում գրանցվելիք ռեկորդ: Եվ, ինչպես համարյա բոլոր նախորդ հանդիպումներում, ՀՀ նախագահը խոսքը սկսեց ՌԴ նախագահին շնորհակալությունից` այս անգամ 500 միլիոն դոլար վարկի համար: Հանդիպմանը, ինչպես միշտ, համագործակցությանը, տարածաշրջանին ու միմյանց վերաբերող հարցեր քննարկվեցին:
Վերջին մեկ տարում հինգերորդ անգամ Սերժ Սարգսյանը հանդիպեց Իլհամ Ալիևին: Հանդիպումից հետո արձանագրվեց, որ բեկում չարձանագրվեց, թեպետ կառուցողական էր մթնոլորտը, ու պայմանավորվել են` բանակցելով առաջ շարժվել:
Լոնդոնի մերձակայքի հանգստյան տանը վախճանվեց 1912 թ. ջրասույզ եղած «Տիտանիկ» նավից փրկված վերջին ուղևորը: Նավաբեկության ժամանակ նա երկու ամսական էր, մայրը կարողացել էր փրկել երեխաներին, զոհվել էր հայրը: Նա, իհարկե, ոչինչ չէր հիշում, բայց վստահ էր, որ «Տիտանիկը» ամենակարևոր դերն է ունեցել իր ճակատագրում:
Իսկ շաբաթվա գյուտը մատուցեց Հայ առաքելական եկեղեցին. Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մայր տաճարում և Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի ժամանակ հավատացյալներին ... աղանդավորական գրքույկներ են բաժանել: Մայր աթոռի լրատվական ծառայությունը դեպքի առիթով հայտնեց իր զայրույթը: Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են: Բայց մեծ մի մխիթարություն կա` աղանդավորական գրականությունն առայժմ բաժանել են իրենք` աղանդավորները, կարող էր, չէ՞, այնպես պատահել, որ այդ գործն էլ եկեղեցականներն անեին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ